Վատիկանի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանի միջև հասունացող «նոր ունիան (միությունը)» կարող է վերջնականապես պառակտել համաշխարհային ուղղափառությունը. Fondsk
Նոյեմբերի 27-ին մեկնարկած Հռոմի պապ Լեո XIV-ի Թուրքիա այցի կենտրոնական իրադարձությունը Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի և մի շարք այլ եկեղեցիների ղեկավարների հետ նրա մասնակցությունն էր Նիկիայում (այժմ՝ թուրքական Իզնիկ) քրիստոնյաների առաջին Տիեզերական Ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը:
Արևմտյան պարբերականներն այն արդեն անվանել են պատմական։ Ակնկալվում է՝ կամրապնդվեն և առաջ կմղվեն վերջին ժամանակների միտումները, համաձայն որոնց՝ էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոսը փորձում է իրեն ներկայացնել որպես մի տեսակ Արևելյան պապ և աշխարհի բոլոր ուղղափառների առաջնորդ:

Մինչդեռ, Բարդուղիմեոսը, իր Կոստանդնուպոլսի եկեղեցու հոգևորականների հետ միասին, որոնց միայն պատվավոր տեղն է հիշատակվում ուղղափառ եկեղեցիներում, բայց ոչ իշխանությամբ, նրանց մղում է դեպի «համաքրիստոնեական միասնություն» կաթոլիկների հետ։ Իհարկե, ամեն ինչ խոսում է այն բանի մասին, որ նման «նոր ունիայում» առաջինին վերապահված է հետևորդի դերակատարություն։
Փոխարենը՝ Բարդուղիմեոսն իրեն կզգա ամբողջ քրիստոնեական աշխարհի երկու առաջնորդներից մեկը։ Նա մի անգամ արտահայտվել է․ «Եթե մենք, Աստծո օգնությամբ, համաձայնության գանք կաթոլիկ եկեղեցու հետ «առաջնայնություն» եզրույթի իմաստի շուրջ, ինչպիսին այն եղել է առաջին հազարամյակում, ապա Տիեզերական Պատրիարքի համար դժվար չի լինի ճանաչել Հռոմեական աթոռի առաջնորդությունը և զբաղեցնել երկրորդ տեղը, որը նա զբաղեցնում էր մինչև պառակտումը»:
Մի՞թե դա հեղինակավոր չէ, հատկապես, եթե նկատի ունենանք Բարդուղիմեոսի իրական վիճակի մասին Ստամբուլի Ֆանար թաղամասում, որտեղ գտնվում է նրա պատրիարքարանը, և որտեղ նույնիսկ պատարագն անցկացվում է թուրքական իշխանությունների թույլտվությամբ և ոչ ամեն կիրակի, էլ չասած՝ առօրյայի մասին, իսկ տեղի ծխականները հաշվվում են մի քանի տասնյակ։ Ստամբուլում հույներ արդեն վաղուց գրեթե չեն մնացել։

Պատահական չէ, որ Ֆանարը, որի անունը AI-ն, առանց կիբեռնետիկ հեգնանքի, հունարենից թարգմանում է՝ որպես «լուսացույց», այնքան հակված է արտաքին էքսպանսիայի՝ օրինակ, ոչ միայն Ուկրաինայում, այլև հավակնում է գերակայություն ունենալ և այլ ուղղափառ երկրների և սփյուռքի բոլոր ծխերի նկատմամբ։ Նա վաղուց և անհույս թաղված է քաղքականության մեջ՝ գլխավոր հենարան ունենալով նույնիսկ ոչ թե Հունաստանում, այլ իր ամերիկյան թեմերում։
Իր հերթին, ծնունդով ԱՄՆ-ից Հռոմի պապ Լեո XIV-ը (Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ), արտաքին զսպվածությամբ, իր դիրքով, որպես Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավար, որը նախկինի պես դավանապես ուղղված է քրիստոնեական աշխարհում գերակայությանը, նույնպես ենթակա է էկումենիզմի և դավանափոխության գաղափարներին:

Նրա առաջին արտասահմանյան հովվական այցը ոչ թե եղբայրական կաթոլիկ երկրներ, այլ հենց Թուրքիա՝ մուսուլմանական երկիր, չհաշված մի բուռ ստամբուլյան ֆանարիոտների, ի սկզբանե մի փոքր տարօրինակ տպավորություն է թողնում։ Նման բան Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ նույնպես երբեք չի եղել։
Ի վերջո, նա կարող էր, օրինակ, այցելել կրոնական Լեհաստան կամ մեկ այլ նմանատիպ երկիր՝ նախքան Նիկիայի տոնակատարությունը։ Նշանակում է՝ այստեղ էլ քաղաքական հաշվարկները գերիշխում են հավատքի հարցերին։

Միայն նրա դիմավորումը թուրքական օդանավակայանում՝ զինված պատվո պահակախմբով, ամեն ինչ արժե։ Այո, նա Վատիկանի պետության ղեկավարն է, բայց առաջին հերթին, այնուամենայնիվ, իր իսկ պատկերացմամբ, «Աստծո փոխարքա» և, հետևաբար՝ սիրո և խաղաղության սուրհանդակ: Այդ դեպքում հանդիպմանը ինչո՞ւ են մարդիկ ավտոմատներով։
Կրկին քաղաքականություն. Ի դեպ, իր ելույթներում պոնտիֆիկոսը բոլորին նախազգուշացրել է երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին։ Բայց ոչ մի խոսք, օրինակ, Ստամբուլում ամենակարևոր քրիստոնեական սրբավայրերից մեկի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։ Փոխարենը՝ նա ծրագրել էր այցելել Սուլթան Ահմեդի պատմական մզկիթ (Երկնագույն): Էրդողանն էլ հայտարարել է. «Մենք Վատիկանի հետ միասին կաշխատենք Արևելյան Երուսաղեմի սրբազան կարգավիճակի ցանկացած խախտման դեմ»: Սուրբ Սոֆիայի կարգավիճակը, ըստ երևույթին, հաշվի չի առնվում։

Առաջին բանակցություններն էլ տեղի են ունեցել ոչ այլ մեկի հետ, քան Թուրքիայի «չափավոր» իսլամիստ նախագահ Էրդողանի, որը պաշտոնապես Բարդուղիմեոսին ոչ մի «Տիեզերական պատրիարք» էլ չի համարում, այլ միայն տեղի կրոնական համայնքներից մեկի առաջնորդ։ Նա, կարծես, չի էլ պատրաստվում փոխել իր դիրքորոշումը։ Արտաքին ուղեծրում է Բարդուղիմեոսը «հսկա», իսկ Թուրքիայի ներսում, չնայած նախկինում երկրի ռազմական հետախուզության սպա լինելուն, առանձնապես հեղինակություն ու դիրք չի վայելում։ Թող նա նույնիսկ անվերջ հավատարմություն երդումներ տա իշխանություններին՝ հայտարարելով, օրինակ.
«Կյանքը մուսուլմանական երկրում հիմնականում թաքնված օրհնություն է, քանի որ այն աջակցում և ամրապնդում է Տիեզերական պատրիարքության ամենակարևոր առանձնահատկությունը՝ բաց և ազնիվ երկխոսություն բոլոր մարդկանց հետ բոլոր տեղերում, անկախ ռասայից և կրոնից»:

Համաշխարհային Ուղղափառության պառակտումը Բարդուղիմեոս պատրիարքի խառնաշփոթ գործունեության արդյունքում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: «Նիկիայի նորագույն ժողովին» քրիստոնեական տարբեր դավանանքների և հոսանքների հնարավորինս շատ ներկայացուցիչների մասնակցության ապահովման գործում ներգրավված էին հզոր քաղաքական ուժեր, միայն թե հրավիրված չէր ռուս ուղղափառ եկեղեցին։
Այնուամենայնիվ, շատ հոգևորականներ, հատկապես ուղղափառների շրջանակում, մասնակցություն չեն բերել՝ համարելով այն «ամբարիշտների հավաք»: Չորս հնագույն «Ուղղափառության սյուներից» Բարդուղիմեոսին միացավ միայն Ալեքսանդրիայի պատրիարքը։ Անտիոքի և Երուսաղեմի պատրիարքներն անտեսեցին բոլոր հորդորները։
Այս կապակցությամբ Ֆանարի մարմինը դժգոհում է, որ իրենց մասնակցությունը, եթե տեղի ունենար, կարող էր բարձրացնել ժողովի հեղինակությունը, քանի որ նրանք գործում և քարոզում են Ավետյաց երկրի սրտում:

Աչքի էր զարնում նաև շատ այլ ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցիների առաջնորդների բացակայությունը, որոնք մտահոգված էին՝ ինչպես Բարդուղիմեոսի «պապական» հակումներով, այնպես էլ, կարծես, Ֆլորենցիայի միության նոր վերածնված ոգով, որը սավառնում էր այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում: Փոխարենը՝ տոնակատարություններին ներկա է եղել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մայքլ Ռիգան, որը պատասխանատու է Վաշինգտոնի արտաքին քաղաքական շահերի համար կրոնի օգտագործման համար, կարծես ցույց տալով, թե իրականում որտեղից է փչում քամին:

Միևնույն ժամանակ, համաշխարհային քրիստոնեության մեջ առաջնորդության վերջնական նպատակին հասնելու համար, Լեո XIV-ը հայտարարում է՝ պատրաստ է զիջել 1054 թվականին Ուղղափառության և կաթոլիկության պառակտման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը՝ ֆիլիոկվեի ներմուծումը Հավատո Հանգանակում:
Հռոմի պապը Նիկիայի առաջին Տիեզերական Ժողովի 1700-ամյակին նվիրված փաստաթղթում հայտարարել է՝ կաթոլիկ եկեղեցին ճանաչում է Նիկիայի դավանանքն իր սկզբնական տեսքով, որը ձևակերպվել է 325 և 381 թվականներին, այսինքն՝ առանց լատինական Filioque ներդիրի («և Որդուց»), որը ավելացվել է Արևմտյան եկեղեցուն հետագա դարերում: Նրա խոսքով՝ միասնության ճանապարհն «ապագայի էկումենիզմն է», որը հիմնված է հաշտեցման, երկխոսության, պարգևների փոխանակման և քրիստոնեական տարբեր ավանդույթների հոգևոր ժառանգության վրա:

Պետք է ասել՝ դարերի ընթացքում երկու դավանանքների անհամաձայնության այս երբեմնի հիմնաքարը վաղուց կորցրել է իր սկզբնական նշանակությունը։ Բազմաթիվ այլ անհամապատասխան կետեր են կուտակվել, որոնցից առավել նշանակալիցը Վատիկանի պնդումներն են անսխալականության և երկրային իշխանության վերաբերյալ, այսինքն՝ տխրահռչակ պապակեսարիզմը։
Բայց ՀԿԵ-ի պատրաստակամությունը ֆիլիոկվեի վերանայման համար արդեն ընկալվել է որպես եկեղեցիների միավորման իբր սկզբունքային քայլ։ Այսպես, Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ամերիկյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Էլպիդոֆորը (Լամբրինիադիս), որը հայտնի է նաև որպես «Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների էկզարխ», և շատերի կողմից դիտարկվում է՝ որպես տարեց պատրիարք Բարդուղիմեոսի տեղի ամենահավանական հավակնորդ, այս քայլը համարում է լիովին բավարար նման միավորման համար:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ եթե Բարդուղիմեոսն ավարտին չհասցնի միության գործը, ապա Էլպիդոֆորը եռանդով կշարունակի այն։ Ըստ արտասահմանյան փորձագետների՝ դա պարտադիր չէ, որ ունիա լինի անցյալի օրինակով՝ Լիոնի կամ Ֆլորենցիայի ունիաների նմանակով։ Ունիայի պայմաններն ուրվագծող ոչ մի կոնկրետ փաստաթուղթ, ամենայն հավանականությամբ, չի ստորագրվի։ Փոխարենը՝ նոր «ունիան» կիրականացվի «բացահայտ կարգով»՝ կաթոլիկների հետ հաղորդության մեջ մտնելով, այլ կերպ ասած՝ առանց աստվածաբանական խնդիրների վերջնական լուծման և տեղական եկեղեցիների համաձայնության։

Բարդուղիմեոս պատրիարքի և նրա հետ ամբողջ Կոստանդնուպոլսի եկեղեցու վերափոխումն արևմտյան քաղաքականության կոնյունկտուրային գործիքի՝ իր հակառակորդներին թուլացնելու և պառակտելու միանգամայն երկրային ուտիլիտար նպատակներին հասնելու համար, բավականին ցավալի է։ Ի վերջո, նրանք իրենց դիրքով պարտական են քույր ուղղափառ եկեղեցիների կողմից հավաքական պատմական հիշողությանը և հարգանքին։
Բայց երբ նրանք իրենց միջավայրում սերմանում են շարունակական տարաձայնություն՝ անհեթեթ պահանջներ ներկայացնելով նրանց մեջ գրեթե Վատիկանի նման կարգավիճակի համար և հանուն դրա գնում բացահայտ դավաճանության, ապա հարգանքը կորչում է, և մարում են հիշողության վերջին արտացոլումները նախորդաց ժամանակների մասին:
ԴՄԻՏՐԻ ՄԻՆԻՆ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
