«Փաշինյանն ի՞նչ գաղտնի նամակներ է փոխանցել Ալիևին, այդ նամակներում ի՞նչ էր գրում. փաստացի նախկին իշխանությունները մինչև 2018թ. պահել են Արցախը». Թևան Պողոսյան

Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ հրապարակված փաստաթղթերում  որևէ նորություն չի եղել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի համար:

«Ինքս ոչ միայն հետևել ու ուսումնասիրել եմ ամբողջ բանակցային գործընթացը, այլև եղել եմ Արցախի առաջին ներկայացուցիչը Միացյալ Նահանգներում, ինչը նշանակում է՝ Արցախի ԱԳ աշխատակից եմ եղել։ Գիտեմ, որ աշխարհում ցանկացած հարց, որը լուծում է դիվանագիտությունը, ունենում է հազարավոր փաստաթղթեր, սակայն կյանքի, իրականության «փաստաթղթերն» այլ բան է»,- 168.amի հետ զրույցում նշեց Թևան Պողոսյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին և ՀՀ օրվա իշխանության և իշխանամերձ շրջանակների քննադատություններին, Թևան Պողոսյանը նկատեց՝ ցանկացած նամակագրություն երկրների ղեկավարների միջև դիվանագիտական գործիք է։

«Նամակ գրելը հանցագործություն չէ, այլ դիվանագիտական գործիք։ Կան նամակներ, որոնք ունենում են արդյունք, կան նաև նամակագրություններ, որոնք արդյունք չեն ունենում։ Իսկ Փաշինյանն ի՞նչ գաղտնի նամակներ է փոխանցել Ալիևին, դրանք օգնե՞լ են Ալիևին, պատերազմ չի՞ եղել, դրանից  հետո պարտություն չի՞ եղել, դրանից հետո նոր պարտություններ ու կապիտուլյացիա չի՞ եղել։ Բա ինքն այդ նամակներում ի՞նչ էր գրում, ամեն մարդ թող ինքն իր նամակի համար պատասխան տա։

Կարդացեք նաև

Եթե նախկինում եղել են գրված նամակներ, և դրանց արդյունքում ստացել ենք ինչ-որ դրական երևույթներ, ուրեմն՝ շատ լավ է եղել, որ նամակներ են գրվել։ Փաստացի նախկին իշխանությունները մինչև 2018 թվականը պահել են Արցախը»,- հավելեց Թևան Պողոսյանը։

Նա շեշտում է՝ նամակ գրելուց պետք է ոչ թե վախենան կամ նամակ գրելը քննադատեն, այլ հասկանան՝ այդ նամակը որևէ կերպ նպաստե՞լ է սեփական երկրի շահերին։

«Երբ ԱԺ պատգամավոր էի, մի քանի անգամ հայտարարել եմ, որ ո՞վ է ասել, որ Արցախի հարցի լուծումն ինչ-որ լուծում գտնելու մեջ է՝ հայկական լուծում։ Մեկ անգամ չեմ ասել, որ ամեն իշխանություն պետք է պահի, ամրապնդի ու փոխանցի հաջորդ իշխանությանը կամ հաջորդ սերունդներին, մինչև կգա այն պահը, երբ եղած միջազգային գործիքակազմերով կամրագրենք մեր երազանքը։ Իսկ մինչ դա այդ երազանքը պետք է պահել ու տարբեր գործիքներով առաջ տանել, ոչ թե քանդուքարափ անել»,- շեշտեց Թևան Պողոսյանը։

Հարցին՝ այս շրջանում այդ թղթերի հրապարակումը Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրական քարոզչության մա՞ս է կազմում, Թևան Պողոսյանը պատասխանեց՝ ցանկացած բան, որն անում է ոչ լեգիտիմ իշխանությունը, դրանք հնարքներ են՝ սեփական իշխանությունը մեկ օր ավելի պահելու համար։

«Եթե թուղթ են հրապարակում, պետք է լինի ամբողջական՝ սկսած 1991 թվականից եղած թղթերը, ուղարկված նամակները, բոլոր պատասխանները, արդյո՞ք բոլորն են հրապարակել։ Եթե մեկ բան ամբողջական չէ, ուրեմն՝ մանիպուլյատիվ է, ինչ-որ մեկի շահերից է բխում, չէ՞, որևէ փաստաթուղթ հանրայնացնելը։

Մեկ բան հաստատ գիտեմ, եթե մի բան ամբողջական չէ, ուրեմն՝ ինչ-որ մեկի շահերից է բխել՝ մի բան հրապարակել, մի բան՝ ոչ»,- ընդգծեց Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Կառավարության կայքում հրապարակվեցին Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերաբերյալ թղթեր, որոնք բանակցային գործընթացից լավատեղյակ քաղաքական գործիչների պնդմամբ՝ ամբողջական չեն, ավելին՝ հրապարակված թղթերում որևէ նորություն չկա։

Տեսանյութեր

Լրահոս