Փաշինյանի համար հայն ինքն է, իր հայելային պատկերը, ոչ թե սարի գլխին, զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանող հայ տղաները. Նիկոլի շայկան մի օր կգնա, ի՞նչ ենք անելու նորից ոտքի կանգնելու համար. Ռուբեն Մալայան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գեղագիր, Ամերիկյան համալսարանի դասախոս Ռուբեն Մալայանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայ ազգը, ի դեմս Մեսրոպ Մաշտոցի, ծնեց մի մտավորական, որը կարողացավ լեզվին տալ գրական պատկեր։ Բայց Մաշտոցը գեղագիր չէր։ Որպես լեզվաբան՝ նրա առաջ Վռամշապուհ արքայի ու Սահակ Պարթև կաթողիկոսի կողմից առաջադրանք էր դրվել՝ ստեղծել հայոց տառերը։ Այդ ժամանակ արդեն իսկ հայերը, 100 տարի էր՝ ընդունել էին քրիստոնեությունը։ Մաշտոցի աշակերտ Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքում նկարագրվում է տառերի ստեղծման ընթացքը։

Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանն առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների միջև՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի:

Կարդացեք նաև

Պատահական չէ, որ անմիջապես հայոց այբուբենի ստեղծումից հետո սկսվում է հայ գրականության Ոսկեդարը։ Եթե չունենայինք գրավոր հարուստ ժառանգություն, չէր կարող դա լինել։ Մենք դեռևս չունենք ապացույց, բայց մենք նախամաշտոցյան գիր ենք ունեցել, ու Մաշտոցը դա իմացել է։ Նա ստեղծել է տառերը, ապա Հունաստանից հրավիրել գեղագիր Հռոփանոսին՝ տառերին վերջնական տեսք տալու համար։

Հիշեցնենք, որ գրերի գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով հույն գեղագրին՝ ձևավորել իր ստեղծած տառերը։ Եվ հենց այնտեղ էլ Մաշտոցը թարգմանել է «Առակաց գրքից» առաջին հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:   

  • Մաշտոցի և պատմական այդ ժամանակաշրջանում հայերի նամակագրությունը խիստ անհրաժեշտ էր։ Կարևոր էր նաև, որ մենք կարողանայինք նամակ գրել հայերենով, որպեսզի թշնամիները չհասկանային։ Երկաթագրով նամակ գրել հնարավոր չէ։ Մաշտոցը հասկացավ, որ այդ տառերը հարմար չեն գրելու համար, ու ստեղծեց հայոց այբուբենը։

  • 2018թ․ հասարակությունը փոփոխություն էր ուզում, ու այդ էմոցիոնալ դաշտը շատ լավ օգտագործվեց այսօրվա իշխանությունների կողմից։ Այդ պատասխանատվությունը ես էլ եմ կրում, քանի որ ես էլ հավատացի։ 2018թ․ ես նույնիսկ գնացի, մշակեցի մեր արվեստին ու կրթությանը նոր շունչ տալու ծրագիր ու այդ առաջարկը դրեցի ԿԳ նախարարի սեղանին․․․ Մտածեցի՝ իսկապես ազնիվ նպատակներով են եկել իշխանության… Ո՞ւ․․․ Ոչի՛նչ։ Նա հետո անգամ զանգերիս չէր պատասխանում։ Ներկայացրածս տրամաբանական, մուլտիդիսցիպլինար ծրագիր էր, ու երբ դա նրանց ուշադրությանը չարժանացավ, ես սկսեցի մտածել։ Իմ ծրագրի մեջ ես ազգային ինքնության հարցեր էի բարձրացրել, ասել, որ արվեստի կրթությունը ստրատեգիկ նշանակություն ունի մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Երբ քո ինքնությանն անդադար հարվածներ են հասցնում, այդ մառախուղի մեջ դու ո՞ւր պիտի նայես։ Քո հենարանը քո ազգային ինքնությունն ու մշակույթն է։ Բայց դա այս իշխանություններին, փաստորեն, պետք չէր։ Մի տարի առաջ նույն արդիականացված ծրագրով գնացի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մոտ, էլի ոչինչ չեղավ, ու վերջնականապես պարզ էր, որ չէր էլ լինելու։
  • Եթե մենք ապրում ենք ուտելու համար, իսկ ըստ Փաշինյանի արտահայտության՝ կարևորը դա է, ես այլևս ասելիք չունեմ։
  • Մարդիկ չեն խոսում, որովհետև ակնհայտ ռեպրեսիաների հնարավորություն կա։ Մարդիկ վախենում են։ Մյուս կողմից՝ մտավորականության թույլ կողմերից մեկը սկզբունքային լինելն է։ Սկզբունքային լինել նշանակում է՝ ունենալ արժեհամակարգ, որը չի քննարկվում։ Այդ սկզբունքի համար պետք է պատրաստ լինել վճարել ծանր գին։ Քիչ մարդիկ կան, ովքեր պատրաստ են ասել ճշմարտությունն առանց վախենալու։ Այդ կոնֆորմիզմը, հարմարվելու մշակույթն էր, որ տապալեց ամեն ինչ։ Պետությունն էլ է սկզբունք։ Իսրայելի համար մեկ է՝ իրենց մասին ինչ կասի աշխարհը, որովհետև վտանգված է իրենց պետությունը։ Արդյո՞ք մենք ունենք նման իշխանություն, որ կանի ամեն ինչ, որ մեր քաղաքացիներն իրենց անվտանգ զգան։
  • Հիմա մենք ունենք հայեր, գերիներ, որոնք գուցե սովամահ են լինում Բաքվի բանտում… ոչինչ չգիտենք նրանց իրական վիճակի մասին: Իսրայելն էլ ունի գերիներ, բայց ի տարբերություն Հայաստանի՝ իրենց մոտ բոլորին ճանաչում են դեմքերով, անուններով, որովհետև նրանց մասին լրատվամիջոցները, հասարակությունն ամեն օր խոսում է։ Իսրայելում ամբողջ հասարակությունն է կոնսոլիդացվել գերիներին վերադարձնելու օրակարգի շուրջ։ Իսկ ի՞նչ է անում գերիներին վերադարձնելու ուղղությամբ մեր երկրի ղեկավարը։ Եթե այդ մարդիկ օրենք են խախտել, հանցանք են գործել, բերե՛ք Հայաստան, քննե՛ք, դատե՛ք այստեղ, բայց ո՛չ Բաքվում։
  • Մենք թույլ չենք, մեզ համոզել են, իբր մենք թույլ ենք։ 
  • Պատմության ընթացքում դավաճանության միջոցով են ընկել աշխարհի ամենախոշոր քաղաքները։ Հերիք էր մի դավաճան ունենալ, և տարիներով չնվաճվող քաղաքներն ընկել են։
  • Երբ դու չես կարողանում ոչինչ անել, կգան ուրիշները ու կանեն քո փոխարեն։ Դա ձախողված պետության մոդելն է. երբ սկսում ես հրաժարվել պետականության գաղափարից, քեզ կղեկավարի քեզանից հզորը, քեզանից հզոր մի արտաքին ուժ։
  • Փաշինյանը համոզված է, որ հայը չի կռվելու։ Սուտ է. պարզապես Փաշինյանն իր անհատականությունը, իր տեսակը պրոյեկտում է ողջ ժողովրդի վրա։ Նրա համար հայն ինքն է։ Ինքը չի պատկերացնում, որ կան հայ տղաներ, որոնք հենց հիմա սարի գլխին, զենքը ձեռքին՝ պաշտպանում են մեր երեխաներին։ Իր համար հայը դա չէ։ Իր համար հայն իր հայելային պատկերն է։

  • Ի՞նչ է նշանակում՝ քաղաքականությամբ չենք զբաղվում: Կյանքում ամեն ինչն է քաղաքականություն, ու միշտ այդպես է եղել։ Մշակույթը, լրագրությունը, մեր կյանքն է քաղաքականություն։ Մենք բոլորս հիմա պոստտրավմատիկ փուլում ենք։ Մեր հասարակությունը խորը ճգնաժամի մեջ է։ Ի՞նչ ենք անելու նորից ոտքի կանգնելու համար, որովհետև վերջին այս 6 տարին ուղղակի սարսափ է։
  • Ես միշտ հավատացել եմ, որ սիմվոլիկ քայլերը կարևոր քայլեր են։ Եթե հիշում եք, 2018թ․ԱԺ-ի դարպասները մի պահ բացեցին։ Իրականում պետք էր պարիսպը հանել՝ ցույց տալու, որ դու քո ժողովրդի հետ ես, չես պաշտպանվում նրանից։ Մինչդեռ այն չհանեցին, ավելին, հիմա նույնիսկ զոդել են։ Երբ դու քո մշակութային խորհրդանիշի՝ Ազգային պատկերասրահի, Օպերայի շենքի տանիքին դնում ես 7 հատ անտենա, ես չգիտեմ՝ դրան ինչ անուն տալ։ Եթե Փարիզի Լուվրի գլխին դրանցից մեկը դնեին՝ հեղափոխություն կլիներ, մարդիկ չէին հանդուժի: Հովհաննես Թումանյանի թանգարանի գլխի անտենան շենքի չափ է։ Դրանով դու արժեզրկում ես քո մշակութային արժեքները։
  • Գիտե՞ք՝ որքան ջանք է թափվել Օպերային թատրոնի շենքը կառուցելու համար։ Հետպատերազմյան շրջանում մարդիկ պատրաստ էին սոված մնալ, բայց Օպերայի շենքը կառուցել։ Իբր փարաջանովյան մոտիվներով Օպերայի շենքի աղճատումն ինձ համար մանկապարտեզային գաղափար է։ Գրքերը գետնին լցնելը վերաբերմունք է գրքի նկատմամբ։ Գիրքը հատակին չեն դնում, ու հարցը գրքի բովանդակությունը չէ։ Փարաջանովը նույնիսկ իր ֆիլմում գիրքը գորգի վրա է դնում, ոչ թե ասֆալտի… Որովհետև գիրքը գիտելիք է, հզորություն։ Ինչի՞ համար է սա արվել, Ինստագրամում գեղեցիկ սթորի դնելո՞ւ համար… Հետո ի՞նչ եք անելու այդ գրքերը, մակուլատուրա եք հանձնելո՞ւ, վերամշակելո՞ւ եք։ Խալիներ բերեիք, գրքերը շարեիք վրան, բայց սե՞նց։ Փարաջանովին այդ պրիմիտիվությանը հասցնելը՝ ուղղակի ինչ-որ պատկեր ստանալու համար, չգիտեմ՝ ինչ է։

  • Քըրք Քըրքորյանի դեֆորմացված, բոլգարկայով քանդակած այլանդակ արձանը դրել են, Փաշինյանն էլ գնում, ծաղիկ է դնում։ Սարսափելի վատ արձան է՝ լուցկու տուփի վրա դրված հսկայական տձև գլուխ։ Չեմ ասի՝ հեղինակն ով է, բայց ի՞նչ եք սովորեցնում երեխաներին (Թեպետ Ռուբեն Մալայանը անուն չտվեց, բայց Սաթիկ Սեյրանյանը կռահեց, որ արձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է)։
  • Իմ տան կողքը մի այլանդակ ցուցանակ էին փակցրել։ Գրառում կատարեցի, որ ցուցանակը միայն մակերեսային մասն է, ու կան քաղաքի վիզուալիզացիայի բազմաթիվ տարրեր, որ դրանց մեջ ցուցանակը մի օղակ է։ Ինձ Երևանի քաղաքապետարանից հրավիրեցին հանդիպման։ Գնացի, 3 ժամ բացատրեցի դա։ Ավարտին ինձ հետ հանդիպող փոխքաղաքապետն ասաց՝ Ռուբե՛ն ջան, փողի խնդիր չունենք, քեզ ինչքա՞ն փող ա պետք, որ դու էդ հարցը լուծես։ Ապշել էի։ Այսինքն՝ իրենց սկզբունքն է՝ փող տանք, պրծնենք։
  • Երևանում տասնյակ տարիներ ով ինչ ուզել, արել է։ Վիզուալ աղբը շատ է։ Աշխարհում ռեգուլյացիան ընդունված է։ Այստեղ էլ են փորձել իբր նույնն անել։ Հիմա բիզնեսի առաջ գովազդի նոր պայմաններ դնելու գաղափարը լավն է, բայց կատարումը՝ վատ։ Բիզնեսի տարբեր տեսակների համար գովազդային տառատեսակը նույնը չպետք է լինի։ Մարդը չպիտի քաղաքի ռեգուլյացիայի ծախսերն իր գրպանից վճարի։ Երբ դու լավ բանն անգրագետ ես անում, դա արժեզրկում է լավ բան անելու ողջ գաղափարը։
  • Համամիտ եմ, որ Մերգելյանի այգին շատ վատ վիճակում էր։ Նախագիծ մշակեցին, բոլորը ծափահարեցին, սկսեցին աշխատել։ Այգին մի տարի փակեցին, ոչինչ չէր երևում, հետո պարիսպները հանեցին, ու տեսանք, որ այգու մի մուտքը մեջտեղից է, մյուսը՝ հետևից, մյուսը՝ ընդհանրապես չկա։ Ու որպեսզի դու այգի մտնես, 50 մետր պիտի քայլես, նոր մտնես։ Պարզ է, որ մարդիկ ալարելու են քայլել ու այգի են մտնելու գազոնի վրայով։ Տույա ծառեր են տնկել, որոնք, բնականաբար, չեն աճելու։ Միակ լավ բանը, որ արեցին, Դվին հյուրանոցի կողքի անտեր մնացած արձանն այդտեղ տեղադրելն էր։ Մանկական զոնան առհասարակ այդ այգու կառուցապատման նախագծի պրիորիտետների մեջ չկար։ Երեխաները խաղալու տեղ չունեն։ Այնտեղ այգի չկա, ես չգիտեմ՝ կա՞ այնպիսի տերմին, որը կբնութագրի՝ դա ինչ է։ Այգին այն զոնան է, ուր դու կարող ես քաղաքի սթրեսից, խոտի վրա նստելով՝ հանգստանալ, ոչ թե բետոն արած ինչ-որ բան։

  • Երբ առաջին անգամ եղա Շուշիում, այնպիսի զգացողություն ունեի, որ տուն եմ եկել… Ես գենետիկ կապվածություն ունեմ Արցախի հետ: Մեր ուղեղը չի կարող համակերպվել Արցախի կորստի հետ։ Տրավման այն աստիճանի խորն ու ցավոտ է, որ կորստի մասշտաբն ընկալող մարդիկ համ ուժասպառ են եղել, համ հուսահատվել։ Այլևս այդ հողի վրա հայերեն չի հնչում… Եվ դա սարսափելի է պատկերացնել: Բայց զավթված հայրենիքը չի դադարում հայրենիք լինել, իսկ այն մարդիկ, ում համար սա տարածք է, անհայրենիք են։ Ես միշտ խոսում եմ, պատմում եմ Արցախի մասին… Իմ երեխան չի եղել Արցախում, բայց Աստծո կամքով մի օր կլինի։ Ինքը գիտի, որ իր հայրիկի մեծ տատիկը Շուշիից է։
  • Երբ ադրբեջանցիները ձեռք են տալիս Արցախի գերեզմաններին, դա խոսում է նրանց ատելության աստիճանի մասին։ Դու այն ժամանակ ես գերեզման քանդում, երբ որևէ կամուրջ չունես կապող, երբ կա տոտալ ատելություն։ Սա է Ադրբեջանի քաղաքականությունը։
  • Երբ կորցրեցինք Արցախը, գլխիս մեջ այն հարցն էր՝ հաջորդը ո՞րն է լինելու, ե՞րբ են ադրբեջանցիները հասնելու Սևան ու Սյունիք… Վտանգը շատ մեծ է: Հույսս այն է, որ կան հայ տղաներ ու աղջիկներ, ովքեր սիրում են այս հողը, ու նրանք չեն հանձնվելու։ Պատերազմից վատ բան չկա աշխարհում, բայց, Աստված չանի, եթե գա այդ օրը, ես էլ եմ գնալու։ Հայրենիքն ու արժանապատվությունը չեն վաճառվում։
  • Ո՞նց կարելի է «նացիոնալիզմ» հասկացությունից վատ բան սարքել։ Եթե մարդը չի ուզում ամեոբա լինել, ասում է՝ ունի պատմություն, լեզու, մշակույթ, և ազգայինը դա է։ Եթե այս ԿԳՄՍ նախարարն ասում է՝ հրաժարվենք դրանից, նա այդպիսով մարդկանց կոչ է անում ամեոբա լինել։ Ամեն անգամ ես նորից ու նորից համոզվում եմ, որ պետության գլխին կանգնած են անհայրենասեր ու անհայրենիք մարդիկ։ 

Հիշեցնենք, որ Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2012 թվականին հայտարարել էր. «Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է… իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետև հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»։ 

Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից օրեր անց՝ ապրիլի 29-ին, սահմռկեցուցիչ դեպք տեղի ունեցավ. ուսապարկով մի մարդ, բարձրանալով Մայր տաճարի վրա, փորձել էր տաճարի խաչը սղոցել՝ խաչի փոխարեն երկաթյա վարդ տեղադրելու նպատակով:

  • Ես ալերգիա ունեմ այդ մարդուց։ Ես ո՛չ Նիկոլի ձայնը կարող եմ լսել, ո՛չ պատկերը տեսնել։ Դա նևրոզի բույն է։ Երբ քո երկրի ղեկավարն այս աստիճանի անսկզբունքային մարդ է, չունի ողնաշար, ես ամաչում եմ, ու ես միակը չեմ։ Գնա՛, էլի, Նիկո՛լ, լավով գնա՛։ 
  • Երբ դու արմատական կերպով քանդում ես բոլոր ազգային, պետական ինստիտուտները, ու ամեն ինչ կախված է անձերից, քեզանից հետո եկողը ոչինչ չի կարողանալու անել։
  • Նավը ծակ է, քիչ է, էլի են վրան ծակեր անում, որ ավելի արագ ու վերջնական խորտակվի… Ես երբևիցե չէի մտածի, որ կգա մի օր, որ կմտածեմ այստեղից գնալու մասին։ Բայց, միևնույն է, այդ մտքի հետ ես չեմ կարող համակերպվել։ Պետք է ամեն ինչ անել դա կանխելու համար։ Ես այստեղ եմ ու մնալու եմ, ինչքան որ կարողանամ մնալ։ Բայց եթե եկավ մի պահ, որ իմ 3 տարեկան անմեղ երեխայի կյանքը վտանգված լինի, գուցե կնոջս ասեմ՝ վերցրու երեխային ու գնա։

  • Նիկոլի շայկան մի օր կգնա։ Պետք է կրթել սերունդը։ Ես հիմա դա եմ անում։
  • Ճշմարտությունը միակ զենքն է ստի դեմ։ Սուտը մեզ տապալեց։ Ես ինքս գնացել, Շուշիում եկեղեցու պատին գրել եմ՝ հաղթելու ենք։ Երկու օր հետո Շուշին հանձնվեց։ 
  • Մենք պարտվել ենք մի ճակատամարտում, բայց ոչ պատերազմում։ Պատերազմը չի ավարտվել։ Արցախի կորուստը ճակատամարտ էր, որում մենք պարտվեցինք դավաճանության պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս