Գրիգոր Մինասյան-Անդրանիկ Քոչարյան բախման պատճառները. ՔԿԾ պետի պաշտոնի համար Ռոմանոս Պետրոսյանը մրցակից ունի

Հայաստանում կառավարող ուժի՝ ՔՊ-ի տարբեր թևերի միջև բախումը երբեմն վերածվում է ազդեցության գոտիների բաշխման համար պատանեկան գզվռտոցի:

Նման մի բանի հանրությունն ականատես եղավ այս տարվա մարտի 26-ին՝ Ազգային ժողովի (ԱԺ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերածեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի անձի կամ, ավելի ճիշտ, այդ պաշտոնը ձեռք գցելու փորձի շուրջ բացահայտ առճակատման արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:

Անդրանիկ Քոչարյանը հատկապես կենտրոնացել էր ՔԿԾ պետի նշանակման, նրա մինչհեղափոխական աշխատանքային կենսագրության ու դրա առանձին դրվագների վրա: Բանն այն է, որ ՔԿԾ պետը Մարտի 1-ի գործով քննիչներից է եղել, և դա Անդրանիկ Քոչարյանի համար, փաստորեն, անհաղթահարելի խոչընդոտ է նրա հետագա պաշտոնավարման համար այս կամ այն պաշտոնում:

«Մարտի 1-ի էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է… Այդ դեպքում բոլոր քննիչները, որոնք այս գործերով մասնակցություն ունեցել են, մանրամասն պետք է ուսումնասիրվեն նշանակումից առաջ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Կարդացեք նաև

 Այն, որ Անդրանիկ Քոչարյանն ակնհայտ սևեռվածություն ուներ Ամբակում Գրիգորյանի վրա, ակնհայտ էր գոնե նրանից, որ ըստ նրա՝ դատախազական մոտեցումներով (ենթադրաբար՝ նաև քննչական) համակարգ չես բարեփոխի, կարծես թե մինչգրիգորյանական պետերը՝ Սերգեյ Ատոմյանը կամ Արթուր Գոյունյանը, ծնվել ու մեծացել էին ՔԿԾ համակարգում:

Քրեակատարողական ծառայությունում, իհարկե, փոփոխություններ չկան ու չեն լինելու: 2018թ. իշխանազավթումից հետո արդարադատության յուրաքանչյուր նախարար կամ ՔԿԾ պետ գեղարվեստական տեքստերից այն կողմ չի անցնում, և դա օրինաչափ է. չի կարող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրում երևէ պետական գերատեսչություն դրական արդյունքներ արձանագրել, որքան էլ համակարգը ղեկավարողը պրոֆեսիոնալ լինի: Եթե մի համակարգում պարտադրում են, որ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ նիստերի դահլիճի դիմացի պատին Արագած սարը նկարեն, ասելու շատ բան չկա:

Բայց բերենք մի օրինակ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իշխանությունը զավթելու օրվանից սկսած, խոսում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու մասին: Հայաստանի որ հատվածում ասես, որ չպլանավորեցին, հիմա էլ որոշել են «Աբովյան» ՔԿՀ-ի հարակից տարածքում կառուցել, ինչպես ասում են, մնաց հասցնեն։ 6 տարի է անցել, իսկ նոր ՔԿՀ-ի անգամ հիմքը գցված չէ: Ամեն դեպքում հուսով ենք՝ ՔԿՀ-ն կկառուցվի, իրենց ծրագրածով կլինի, եվրոպական չափանիշներին կհամապատասխանի, ի՞նչ իմանաս՝ ինչ կլինի, կյանքն այնքան անկանխատեսելի է։

Կամ, մոտ 2 տարի է՝ խոսում են ՔԿ ծառայողների աշխատավարձերի բարձրացումից. իբր ովքեր հաղթահարեն ատեստացիան, նրանց աշխատավարձերը զգալի կբարձրանան, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Վստահաբար ՔԿ ծառայողների աշխատանքն ավելի դյուրին ու պակաս վտանգավոր չէ, քան, օրինակ, ոստիկաններինն ու պարեկներինը: 168.am-ի՝ համակարգին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մեկ տարուց ավել, եթե ոչ երկու տարի, նույն բանն է ասում, սակայն ոչ մի գործնական քայլ այդ ուղղությամբ չի կատարվում: ՔԿ ծառայողները կասկած ունեն՝ ատեստացիան հատուկ են ձգձգում, որ աշխատավարձ չբարձրացնեն:

Ի՞նչ արդյունքների մասին կարող է խոսք լինել, եթե մարդիկ վստահություն չունեն իրենց վաղվա օրվա վերաբերյալ. այսօր 10 ՔԿՀ-ներից հինգում պետերը ժամանակավոր պաշտոնակատար են կամ պարտականությունների կատարող։

Վերադառնանք Գրիգոր Մինասյան-Անդրանիկ Քոչարյան լեզվակռվին:

Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի բոցաշունչ ելույթի՝ Գրիգոր Մինասյանը նախ զարմանալիորեն ադեկվատ փաստարկ բերեց՝ «2018թ.-ից առաջ չաշխատած պագոնավոր մարդ չեք գտնի», ապա «թողեք-աշխատեն» ոճի մեջ հավելեց՝ «թողեք, թող Ամբակում Գրիգորյանն աշխատի իր թիմով»: Իբր հազիվ թիմ է հավաքել: Հետաքրքիր է՝ Գրիգոր Մինասյանը ո՞ր թիմից է խոսում, նրանից, որը չկա՞, այն թիմից, որտեղ ոչ մեկը մյուսին որպես թիմի անդամ չի՞ ճանաչում: Օրինակ՝ ՔԿԾ պետի տեղակալները ո՞ր թիմից են, հաստատ՝ ոչ նույն։ Հիշեցնենք, որ Թադևոս Նալբանդյանին նշանակել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, տեղակալներից մյուսը՝ Վարդգես Ծաղիկյանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանի բարեկամն է, առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանին էլ այդ պաշտոնում նշանակել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, իսկ ՔԿԾ պետի մյուս տեղակալի հաստիքն այդպես էլ չի համալրվում. ասում են՝ արդարադատության նախարարությունում հակված են կրճատել այդ հաստիքը։

Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանի կադրերը, ովքեր տարբեր պաշտոններ են զբաղեցնում համակարգում, այսքանով չեն սահմանափակվում ՔԿԾ-ում:

Ռոմանոս Պետրոսյանի կադրն է, օրինակ, «Սևան» ՔԿՀ պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը, որը «Աբովյան» ՔԿՀ պետի տեղակալն էր, սակայն, ըստ տեղեկությունների, ազատազրկված անձանց հետ որոշակի խնդիրների պատճառով նրան տեղափոխեցին «Սևան» ՔԿՀ, կամ «Վանաձոր» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Թադևոսյանը, ով, ըստ մեր աղբյուրի` Ռոմանոս Պետրոսյանի ազգականն է։

 Ինչևէ, նախարար Գրիգոր Մինասյանը, պատասխանելով Անդրանիկ Քոչարյանի հարցաքննությանը, ամեն կերպ պաշտպանում էր իր նշանակումը՝ փորձելով փակագծեր չբացել մինչև այն պահը, երբ ստիպված եղավ Անդրանիկ Քոչարյանին ակնարկել, որ վերջինիս խանդավառ խոսքը նիստի ժամանակ ու ՔԿԾ պետին թիրախավորումը միգուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս իր թեկնածուն ունի: Քոչարյանը նեղացավ և «Ձեզ սխալ են հուշում» ասելով՝ հեռացավ դահլիճից։

Բնականաբար, Անդրանիկ Քոչարյանն իր թեկնածուն ուներ և, թերևս, ունի ՔԿԾ պետի պաշտոնի համար: Չի բացառվում՝ դա իր ղեկավարած հանձնաժողովի փորձագետ Արտակ Հարությունյանն է, ով ՔԿԾ պետի առաջին տեղակալն էր Արթուր Գոյունյանի ժամանակ։

168.am-ը ժամանակին գրել էր Արտակ Հարությունյանի ինքնատիպ աշխատաոճի մասին, այն մասին, որ Արտակ Հարությունյանը Ծառայությունում տառացիորեն բնակվում էր՝ դրանից բխող կենցաղային բոլոր հարմարություններով, ՔԿԾ շենքում «մայկա-տապըչկաներով» վոյաժներով, այն մասին, որ ՔԿԾ պետի առաջին տեղակալը հարբած գիշերային այց է կատարել, օրինակ՝ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ, հայհոյախառն արտահայտություններով դիմել աշխատողներին, արթնացրել դատապարտյալներին, նրանց հետ ևս կոպիտ խոսել և սկսել է խուզարկել նրանց ու խցերը, կամ ինչպես է Ամանորի գիշերը սպորտային համազգեստով, սպորտային կոշիկներով, հարբած այցելել «Աբովյան» ՔԿՀ՝ շնորհավորելու կին դատապարտյալներին, ասմունքել նրանց համար։

Բնականաբար, Անդրանիկ Քոչարյանը շատ լավ ինֆորմացված է ՔԿԾ ներքին շարժից, ու նրա ինֆորմացիայի աղբյուրն առավել քան ակնհայտ է, ու պարզ է, որ Քոչարյանը բոլորովին էլ դեմ չի լինի իր մարդն ունենալ ՔԿԾ պետի պաշտոնում: Ճիշտ է, նա լուրջ մրցակից ունի այս առումով՝ ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, ով ձգտում է իր մարդուն՝ ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանին դարձնել Ծառայության պետ:

Անդրանիկ Քոչարյանն էլի թեկնածու ունի, ըստ մեր աղբյուրի, ում շատ վաղուց է ճանաչում, աշխատել են միասին և լավ հարաբերություններ ունեն մինչ այսօր:

ՔՊ-ական պատգամավորը, ի դեպ, ասում են, շատ է նեղվել նաև «Երևան կենտրոն» ՔԿՀ պետ Արման Մելքոնյանի՝ աշխատանքից ազատման համար։ Արման Մելքոնյանի հայրը ՔՊ-ական մեկ այլ ադրբեջանամետ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, ում հետ Անդրանիկ Քոչարյանը վաղեմի ընկերական հարաբերություններ ունի, ու բնական է, որ Արման Մելքոնյանի ազատման համար Գրիգոր Մինասյանը կրկնակի պրեսինգի պետք է ենթարկվեր: Եվ չնայած նույն այդ նիստում արդարադատության նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ Դավիթ Տոնոյանի հետ կապված միջադեպի «մեղավորներն» իր կողմից նշանակված քննության արդյունքում ազատվել են պաշտոնից, և նրանց թվում էր նաև ՔԿԾ նախկին պետ Ատոմյանը, այս թեմայի մեջ մութ հարցերը շատ են:

Հիշեցնենք, որ նախարարն այդ թեմային հպարտությամբ անդրադարձել էր նաև «Արագածի փեշերին» անցկացված ՔԿԾ հաշվետության ժամանակ այն Նիկոլ Փաշինյանին ներկայացնելիս։ Թեմային անդրադարձել է նաև Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ դատավորի կողմից եղել է մորը տեսնելու թույլտվություն, այսինքն՝ դատարանն իրեն իրավունք էր վերապահել հանձնաժողովի աշխատանքներից դուրս առնվազն երկու ժամ լինել կարճաժամկետ մեկնման մեջ, ինչն էլ օգտագործելով՝ նախընտրել է հանդիպել մորը։

Այդքանից հետո անհասկանալի է մնում միայն մեկ բան. եթե Տոնոյանի ասածն իրականություն է, ապա նախարարի ծառայողական քննությունն ինչպե՞ս է անցկացվել, և այդ դեպքում ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին Սերգեյ Ատոմյանն ու Արման Մելքոնյանը, ինչն էլ Անդրանիկ Քոչարյանի զայրույթն է հարուցել։

Ուշագրավ է, որ ՔԿԾ որոշակի պաշտոնների նկատմամբ հետաքրքրություններ ունի նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս