Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում
Օգոստոսի 13-ին բանակում դարձյալ մահվան դեպք է արձանագրվել:
Եվ վերջին շրջանում, ինչպես գրել ենք, ՀՀ պաշտպանության նախարարությունը նման դեպքերում հաղորդագրություն չտարածելու «որոշում էր կայացրել» (խոսքը սպեցիֆիկ դեպքերի մասին չէ, կամ մահացած զինվորի, սպայի հարազատն է խնդրել.- Մ.Պ.): Ավելին, այս օրերին տարբեր լրատվամիջոցների տված իր հարցազրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հիմնավորել է, թե Քննչական կոմիտեն ևս պետական մարմին է, նրա կազմում գործում է Զինվորական քննչական գլխավոր վարչությունը, և որևէ խնդիր չկա, եթե լինի միայն ՔԿ հաղորդագրություն:
Սրա հետ, իհարկե, բազմիցս արտահայտել ենք մեր անհամաձայնությունը: Եվ երեկ ՊՆ խոսնակի հարցազրույցներից շատ չանցած օգոստոսի 13-ին արձանագրված ողբերգական դեպքի մասին առաջինը հայտնել է հենց ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Հոդվածը գրելու պահին կոմիտեն դեռ չէր նշել, թե ինչ հոդվածով է հարուցվել վարույթը, չնայած որ մամուլում ինքնասպանություն գործելու նախնական վարկածներ են առաջ քաշվել:
Իսկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ իր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ օգոստոսի 13-ին առավոտյան բանակում իրադրությունը քննարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
«Առաջիկայում կլինեն կադրային որոշակի լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար: Ես որոշում եմ կայացրել, որ փոփոխություն կունենանք Ռազմական ոստիկանությունում, ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում: Եվ մանրամասն կվերլուծենք՝ ինչո՞ւ այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունք չեն տալիս, և հետևությունների կգանք: Այո՛, անհատական պատասխանատվություն պետք է լինի: Բայց իմ գնահատականն այն չէ, որ այս իրադրությունում ԳՇ պետը և Պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար»,- մանրամասնել է նա: Հիշենք, որ նման իրավիճակ եղավ 2020 թ. փետրվարին, երբ Փաշինյանը բանակում տեղի ունեցած մահերի համատեքստում որոշեց, որ Կարեն Աբրահամյանին պետք է ազատել ՊԲ հրամանատարի պաշտոնից, և նրան պիտի փոխարինի Ջալալ Հարությունյանը, կադրային փոփոխություններ եղան նաև ՀՀ Զինված ուժերում. պաշտոնանկ արվեցին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության և Ռազմական ոստիկանության պետերը:
Իսկ այն, որ ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին պետք էր վաղուց պաշտոնանկ անել, որն այս պաշտոնին 2020 թվականի օգոստոսի 6-ից էր, դա չի քննարկվում: Բայց դա չի նշանակում, որ այդ պաշտոնի թեկնածու պիտի դիտարկվի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Այս նշանակումը, ըստ էության, ցուցիչ է լինելու՝ արդյո՞ք ցանկանում են բանակում իրավիճակ փոխվի՝ հաշվի առնելով, թե որքանով է Արամ Հովհաննիսյանը կարողացել նվազեցնել հանցագործության ցուցանիշը բանակից դուրս, դեռ չենք խոսում բարեվարքության այլ կանոնների մասին:
Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանին, որը 2022 թվականի փետրվարին էր նշանակվել այս պաշտոնին, ապա նախքան գնդերեցների հետ կապված զարգացումները, նրա անունը դրական կոնտեքստում է հիշատակվել, սակայն այս թեմայի առաջ գալուց հետո նրա անունը ևս կապվեց դրա հետ, քանի որ մասնակցել է ՊՆ-ում համապատասխան հանդիպումներին: Բացի այս, հունվարի 30-ին տարածված Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանում, որով ուժը կորցրած համարվեց 2000թ. հուլիսի ՀՀ պաշտպանության նախարարի N 728 հրամանը, նշվում է, որ 2026 թ. փետրվարի 1-ից դադարեցվելու է ՀՀ ԶՈւ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանական համակարգում: Սրանից հետո ԳՇ պետին հանձնարարվում է, որ մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից հոգևոր ծառայության իրականացումը պիտի լինի ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ:
Ի դեպ, այս համատեքստում հարկ է նկատել, որ գնդերեցների դուրսմղումը բանակից իր որոշակի բացասական ազդեցությունն ունեցել է, հատկապես որ, հոգեբան-սպաներ ոչ բոլոր զորամասերում կան:
Նշենք, որ հոգեբան-սպաների ինստիտուտը ներդրվել է 2013 թվականին, ինչը, իհարկե, կատարելագործման կարիք ունի: Այսինքն, որքան էլ այս կամ այն մարդու պաշտոնանկությունը հարցի լուծում դիտարկվի, դա չի կարող երբեք վերացնել խորքային խնդիրները բանակում, եթե անհրաժեշտ այլ քայլեր չարվեն: Իսկ եթե նոր նշանակումներն էլ սխալ եղան, լավատեսության առիթ գրեթե չի մնում: Ի դեպ, շատ կարևոր դեր ունեն հրամանատարական ճիշտ նշանակումները կորպուսներում, զորամասերում, զորքում: Արդյո՞ք այսօր զինվորն ի դեմս հրամանատարի՝ լավ օրինակ ունի բոլոր տեղերում, արդյո՞ք, երբ որոշում ենք կայացրել հեռացումների, առաջնային զինվորի շահի մասին ենք մտածել, թե՞ սեփական քաղաքական: Ավելին, եկեք տեսնենք, թե ովքեր այսօր ազատ մուտք ունեն զորամասեր, այսինքն, անհասկանալի տիկտոկերները զինվորների համար պիտի լավ օրինակ ծառայե՞ն: Կազմակերպո՞ւմ ենք մենք նախկին ճիշտ զինվորականների, հերոսների հետ հանդիպում, որոնք զինվորի լեզուն լավ են հասկանում:
Իսկ բանակում կան խնդիրներ, որոնք հանգեցնում են ինքնասպանությունների, սպանությունների, և դրանք իրենց խորքային այլ պատճառներն ունեն, օրինակ, դիրքում քնելը, ինչի մասին բազմիցս ենք խոսել: Օրինակ, բանակի ղեկավարությունը քննե՞լ է, թե հատկապես ժամկետային ծառայության ժամկետի կրճատումից հետո ո՞ր բանակային կորպուսում կամ զորամիավորումում են դիրքում քնելու պատճառով դեպքեր հաճախակի լինում, մարտական հերթապահությունն այստեղ ի՞նչ լարվածությամբ է անցնում՝ հակառակորդի դիրքերի մոտ լինելու կամ հաճախակի թիրախավորման պատճառով, մարդկային ռեսուրսի խնդիրը որքանո՞վ է սուր: Այսինքն, զինվորը քանի՞ ժամ է քնում, քանի՞ ժամը մեկ է տեղի ունենում հերթափոխը, արդյո՞ք մարդկային ռեսուրսի խնդիր կա, և դրանից կախված՝ պակաս քնի խնդիր կա. եթե նման հարց չկա, ապա զինվորի չդիմանալը կարող է այլ բաներով պայմանավորված լինել: Մյուս կողմից, դիրքում քնած զինվորը, որին վերադասը նկատողություն է անում, տվյալ պահին պետք է հաշվի առնի անվտանգային մի շարք ռիսկեր և փորձի մտածել՝ սպան գուցե այդ պահին էմոցիոնալ դիտողություն է անում իրեն՝ իր իսկ անվտանգության մասին մտածելով: Իր հերթին՝ անկախ ամեն ինչից, սպան կամ ծառայակիցը պետք է դիրքում ավելի զգուշավոր լինեն մեկ այլ զինծառայողի դիտողություն անելիս, այդ դիտողությունը չպետք է լինի վիրավորական և նվաստացնող: Ամեն ինչ շատ ճկուն և ճիշտ ձևով բացատրվի:
Այստեղ մի պատմություն պատմենք:
Շատ տարիներ առաջ Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերներից պատմել էին, որ մի անգամ նա քնած զինվոր է տեսել, նրան արթնացրել է, և ինքն է փոխարինել է նրան, իսկ Ազդալդյանի ջոկատում խիստ կարգապահություն էր, արգելվում էր ծխելն ու խմելը: Արդյո՞ք որևէ հրամանատար այսօր դիմել է նման քայլի, ավելին, արդյո՞ք հաջորդ անգամ զինվորը կքնի, եթե իմանա, որ իր փոխարեն արթուն է մնալու հրամանատարը: Ավելին, քանի՞ զինվոր այսօր իր հրամանատարի համար իր կյանքը կվտանգի: Իսկ նման դեպքեր եղել են, ընդ որում, ոչ միայն պատերազմի ժամանակ: Սա լուրջ, երկար և առարկայական քննարկման նյութ է:
Վերադառնանք կադրային հարցերին և Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպմանը, որ անհատական պատասխանատվություն պիտի լինի: Հիմա, եթե պատասխանատու է համարվում ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը, ապա չպիտի՞ «սպռոս անել», օրինակ, նաև ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմ Հրայր Հովակիմյանից, ով այդ պատասխանատու պաշտոնին է մոտ երկու տարի, մինչ այդ եղել է ՊՆ օգնական:
Իսկ ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի խնդիրներից է համարվում, մասնավորապես, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ տարբեր ստորաբաժանումներում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման գործընթացի համակարգումն ու համադրումը, լիազորությունների թիրախներն էլ սրանք են՝
■ ՊՆ «Թեժ գծի» գործունեության ապահովում և վերլուծությունների իրականացում,
■ ՀՀ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի վերաբերյալ համալիր ուսումնասիրությունների (հետազոտությունների) իրականացում (այդ թվում՝ ըստ ստորաբաժանումների) և դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակում,
■ Պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի օպերատիվ գնահատման կամ կոնկրետ թիրախային խնդիրների ուսումնասիրության նպատակով այցերի կազմակերպում ստորաբաժանումներ և այլն:
Իհարկե, մենք հասկանում ենք, որ բանակում հնարավոր չէ լիովին բացառել ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով ցավալի դեպքերը, բայց խոսքը նրա մասին է՝ ի՞նչ ենք մենք անում, որ դրանք նվազեն, որքանո՞վ են երկրի և բանակի ղեկավարության ցանկությունների մասին հայտարարությունները համընկնում գործնական քայլերի տրամաբանությանը:
Ի վերջո, հարց է առաջանում՝ ի՞նչ «պատերի» են բախվում նախարար Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, եթե նրանց ջանքերը բավարար են, բայց բանակում շարունակում են արձանագրվել ողբերգական դեպքեր։ Եվ որտե՞ղ է այս իրավիճակում սկսվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը։ Առայժմ մնում է սպասել նոր նշանակումներին, և հնարավոր է՝ կադրային այլ փոփոխությունների։

