Բաժիններ՝

Ավելի լավ քուն, ավելի լավ կյանք, ավելի լավ մոլորակ

Քնի և դրա խանգարումների մասին ներկայացնում է «Սոմնուս» նյարդաբանական (Քնի և շարժողական խանգարումների) կլինիկայի ղեկավար, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Սամսոն Խաչատրյանը:

Քնի հիգիենա

Չափահասների համար նորմա է համարվում առնվազն յոթ ժամյա քունը, և այս ժամանակահատվածը հենց այնպես չէ տրված: Քնի հորմոնը՝ մելատոնինը, արտադրվում է հստակ ժամերի՝ 23:00-01:00:

Իհարկե, սա բոլորին չի վերաբերում. ամեն անհատ ունի իր ժամերը, որոնք ժառանգականորեն են պայմանավորված:

Կարդացեք նաև

Մելատոնինը սկիզբ է տալիս քնի ամբողջ գործընթացին, սակայն կան մարդիկ, որոնք ուշ քնող ուշ արթնացող են, օրինակ՝ բու տիպի մարդիկ, և կան «արտույտներ», որոնք վաղ քնող վաղ արթնացող մարդիկ են, այդ իսկ պատճառով քնելու ժամերը տարբեր մարդկանց մոտ տարբեր կարող են լինել: Սա չի կարելի նորմայից շեղում համարվել, սակայն շեղում է այնքանով, որ խանգարում է սոցիումում:

Այսինքն, այն մարդը, որն իր ցիրկադային տիպով բու է, շատ դժվարությամբ կկարողանա առավոտյան արթնանալ եւ գնալ աշխատանքի կամ դասի, կամ շուտ քնող, շուտ արթնացողը զրկված կլինի երեկոյան ինչ-որ հետաքրքիր տեղ գնալուց և այլն:

Անկախ ամեն ինչից, բնությամբ նախատեսված քնի գիշերային հատվածն ամենակարևորն է, սակայն եթե ինչ-ինչ պատճառներով այդ քունը կրճատվել է, պետք է փորձել լրացնել այն:

Վեց ժամից քիչ քնողների շրջանում հիվանդությունների ռիսկը մեծանում է: Որո՞նք են այդ հիվանդությունները.

  • սիրտ-անոթային հիվանդություններ
  • հոգեհուզական դաշտի խնդիրներ (դեպրեսիվ, տագնապային խնդիրներ)
  • եղած հոգեկան և սոմատիկ խնդիրների բարդացում
  • հիշողության և մտավոր ունակությունների վատացում
  • մետաբոլիկ շեղումներ
  • ճարպակալման ռիսկ
  • շաքարային դիաբետ և այլն:

Ցավոք, այս ամենը կատարվում է դանդաղ և աննկատ, և մարդիկ քնի խանգարումներին լուրջ չեն վերաբերվում, քունը համարում են կորցրած հատված կյանքից, ինչը շատ ծիծաղելի է, քանի որ եթե անգամ քունը կրճատելով ինչ-որ լրացուցիչ բաներ են հասցնում անել, ապա դա կատարվում է նախ առողջության հաշվին՝ հետագայում ավելի վատ առողջություն ունենալու բարձր հավանականությամբ, մյուս կողմից այն, ինչ արվում է, արվում է քիչ արդյունավետությամբ, որովհետեւ չքնած ուղեղի մտավոր ակտիվությունն իջած է:

Քնի ժամանակ ուղեղն, այսպես ասած, իր ներքին պրոֆիլակտիկան է կատարում՝ միջբջջային կապերը բարելավելու համար, հիշողությունն ամրապնդելու համար, տարբեր թունավոր նյութերի դուրս բերման համար, որոնք առաջանում են նյութափոխանակության ժամանակ: Այսինքն, եթե մենք քիչ ժամանակ ենք տալիս օրգանիզմին դրա համար, նպաստում ենք դիսֆունկցիայի առաջացման:

Քնի խանգարումներից կարելի է խուսափել՝ պահպանելով քնի հիգիենայի կանոնները: Դա առաջին հերթին ինքնակարգապահության հարց է: Պետք է գիտակցաբար կարողանաս զրկել քեզ ինչ-որ բանից, քանի որ գիտես, որ դա վնաս է:

Իսկ որո՞նք են քնի հիգիենայի կանոնները.

  • ուշ ժամերին կոֆեին չօգտագործել (թեյ, սուրճ, կոլա, էներգետիկ ըմպելիքներ)
  • մեծ քանակի սնունդ չընդունել քնելուց առաջ, բայց և քաղցած չպառկել
  • շատ ակտիվ ֆիզիկական աշխատանք չանել քնելուց առաջ
  • անկողինն օգտագործել քնելու նպատակով, այլ ոչ թե գիրք կարդալու կամ ֆիլմ դիտելու համար (էկրանի լույսն ընկճում է նոր սկսվող քնի գործընթացը)
  • անկողնում երկար արթուն չմնալ:

Քնի խանգարումներ

Բարդացած խռմփոց և քնի ապնոէ (շնչադադար)

Քնի ապնոէն շատ տարածված խնդիր է և շատ լուրջ ազդեցություն ունի մարդու առողջության վրա: Այն հատկապես ազդում է սիրտ-անոթային համակարգի վրա, կարող է բարձր զարկերակային ճնշման ձևավորման պատճառ դառնալ, առաջացնել առիթմիաներ, նույնիսկ կարելի է քնի մեջ հանկարծամահության դեպքերը կապել քնի ապնոէի հետ, բացի այդ, մեծանում է շաքարային դիաբետի ռիսկը, ճարպակալումը և այլն:

Ընդ որում, ճարպակալման դեպքում կապը երկկողմանի է. ապնոէն առավել շատ առաջանում է ճարպակալումից, սակայն այն իր հերթին նպաստում է ճարպակալմանը: Հետևաբար, այստեղ արատավոր շրջան ունենք. պացիենտները շատ հաճախ նշում են, որ ամեն կերպ փորձում են նիհարել, սակայն ոչինչ չի ստացվում կամ շատ քիչ են սնվում, բայց գիրանում են: Այդ  դեպքերում մենք իրավունք ունենք կասկածել, որ առկա է ապնոէ:

Քնի ապնոէ ունեցող մարդիկ նշում են, որ ցերեկային ժամերին արտահայտված քնկոտություն ունեն: Դա առաջանում է այն պատճառով, որ գիշերը քունը ընդհատված է, և օրգանիզմն, այլ կերպ ասած, փորձում է ետ բերել պարտքը:

Քնկոտությունը այս դեպքում վտանգավոր է, քանի որ այդ մարդիկ կարող են, օրինակ, վարորդ լինել և ղեկին քնել կամ քնել կարևոր ժողովների, հանդիպումների ժամանակ: Սա բավականին լուրջ սոցիալական անհարմարություն է ստեղծվում, քանի որ այս հիվանդները խուսափում են սոցիալական ակտիվություն ցուցաբերելուց, առաջանում են բարդույթներ:

30-ն անց տղամարդկանց 10-15 տոկոսի մոտ կարելի է գտնել այս խնդիրը, ինչը շատ մեծ թիվ է: Քնի ապնոէն հաճախ ազդում է նաև սեռական ակտիվության վրա, կարող է նկատվել գիշերային անմիզապահություն, առավոտյան գլխացավեր, բերանի չորություն:

Անմիզապահության դեպքում այդ հիվանդներն առաջինը դիմում են ուրոլոգի, կարծելով, թե այլ խնդիրներ ունեն, բայց  իրականում դա հենց ապնոէի ազդեցությունն է, երբ փակ կոկորդով սկսում է շնչառական ակտը, բացասական ճնշում է ստեղծվում, և դա սեղմում է ներքին օրգաններին, մասնավորապես՝ միզապարկը կարող է գրգռվել և արթնացնել մարդուն: Ապնոէի հետևանքով առաջանում են նաև հոգեբանական խնդիրներ՝ դեպրեսիա, տագնապայնություն, հիշողության թուլացում և այլն:

Լուսնոտություն

Ես հաճախ փորձում եմ խուսափել լուսնոտություն տերմինից, քանի որ այն կարծես իր մեջ խտրականության տարր է պարունակում, հատկապես այն ժամանակ, երբ մարդուն պիտակավորում են որպես «լուսնոտ»:

Անգլերենում այդ երևույթը նկարագրելու համար հատուկ տերմին կա՝ sleepwalking, այսինքն, եթե բառացի թարգմանենք, ապա կլինի քնաքայլություն: Այս տերմինը շատ լավ է արտահայտում խնդրի էությունը, երբ մարդ քնի մեջ, չգիտակցելով, թե ինչ է անում, կարող է վեր կենալ անկողնուց  և քայլել, գնալ սենյակից սենյակ, նույնիսկ՝ տնից դուրս գալ, բավականին բարդ գործողություններ իրականացնել և հետո չհիշել դրանց մասին:

Լուսնոտությունն, իհարկե, չունի որևէ ուղղակի ազդեցություն առողջության վրա, սակայն կա վտանգ, որ այդ ընթացքում մարդ կարող է ինքն իրեն կամ մեկ այլ մարդու վնասել, վտանգավոր իրավիճակ ստեղծել:

Այս խնդիրը հաճախ հանդիպում է մանկական տարիքում, բայց կարող է նաև պահպանվել չափահասության ժամանակ և այստեղ խնդիրն այն է, որ քնաքայլություն ունեցող չափահաս մարդիկ խուսափում են այդ մասին խոսել, քանի որ գիտեն՝ հասարակության վերաբերմունքն ինչպիսին է:

Մարդիկ պետք է հասկանան, որ դա պարզապես քնի մեջ առաջացող վարքային խանգարում է և բացատրվում է արթնացման գործընթացի թերություններով և որևէ միստիկ երևույթ այստեղ չկա:

Նույնիսկ ժամանակին իրականացվել են հատուկ գիտական հետազոտություններ, որոնք  ցույց են տվել, որ այս խնդիրը լուսնի փուլերի հետ ոչ մի կապ չունի: Բարեբախտաբար, այս խնդրի լուծումներ կան և անպայման պետք է դիմել բժշկի:

Doctors.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31