Մերձավոր Արևելք. ինչո՞ւ էր Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը ժամանել Սիրիա. Քրդական հարցը և տարածաշրջանը

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ տարածաշրջանային քաղաքականության նշանակալի իրադարձություն էր, որն արտացոլում էր Էրբիլի աճող դերը տարածաշրջանի գործերում:

Al-Monitor պարբերականի կողմից հարցված տարածաշրջանային պաշտոնյաների խոսքով՝ Բարզանիի Դամասկոս կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումը նախաձեռնել է Սիրիայի առաջնորդը: Քրդական մեծ դրոշի լուսանկարները (համեմատած իրաքյան դրոշի հետ) վկայում էին ընդունող կողմի բարեկամական տրամադրվածության մասին, որը տրամադրված էր հաղթահարել վաղեմի ազգամիջյան կռիվը (որքանով դա հաջողվեց, առանձին հարց է): Բարզանիին ուղեկցել են մի խումբ գործարարներ՝ Սիրիայի և Իրաքյան Քրդստանի միջև տնտեսական կապերի զարգացման շուրջ բանակցությունների համար:

Հանդիպումից հետո իր հրապարակային հայտարարություններում աշ-Շարաան ասել է, որ կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները՝ «հանուն կայունության», իսկ Բարզանին կոչ է արել ստեղծել մի Սիրիա, որտեղ «պաշտպանված կլինեն բոլոր էթնիկ և կրոնական համայնքների իրավունքները»։

Նեչիրվան Բարզանին հայտնի քաղաքական գործիչ Մասուդ Բարզանիի զարմիկն է, որը ձգտում է Սիրիայի քրդերին պաշտպանել Սիրիայի արևելքում արաբական ցեղերի հարձակումներից: Էրբիլը ոչ պակաս կարևոր դեր է խաղացել հունվարին Դամասկոսի և Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Աբդիի (Քոբանի) միջև զինադադար կնքելու հարցում Միացյալ Նահանգներին աջակցելու գործում՝ մի քանի շաբաթ տևած ինտենսիվ մարտերից հետո, որոնց ընթացքում Սիրիայի քրդերը կորցրել են իրենց կողմից վերահսկվող «Ռոժավա» տարածքի ավելի քան 80 տոկոսը:

Կարդացեք նաև

Հունվարի 29-ի կրակի դադարեցման մասին համաձայնագիրը լրացվել է մի փաստաթղթով, որը վերանայում է մարտի 10-ի ինտեգրման մասին համաձայնագրի պայմանները, որն աշ-Շարաան և Աբդին ստորագրել էին անցյալ տարի։ Դրա պայմանների համաձայն՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը` ՍԴՈւ-ն, և քրդերի ինքնավար վարչակազմը պետք է լուծարվեն մինչև տարվա վերջ՝ «հետասադական» Սիրիայի իշխանության նոր կառուցվածքում դրանց ինտեգրմանը զուգընթաց։ Օգոստոսի 4-ին այս հարցը Դամասկոսում քննարկել են Ահմեդ աշ-Շարաան և Մազլում Աբդին։ Սիրիական քրդերի մի աղբյուր The National հրատարակությանը հայտնել է, որ Աբդին հասկանում է հեռանկարում ՍԴՈւ-ի լուծարման անհրաժեշտությունը, սակայն չէր ցանկանա համաձայնել դրան, եթե միայն աշխարհազորի հրամանատարները չմնան զինված ուժերում, իսկ Սիրիայի հյուսիս-արևելքի ոստիկանությունն իր մեջ ներառի մեծ թվով քրդերի. «Դամասկոսը, կարծես թե, ցանկանում է զիջել ոստիկանության նկատմամբ վերահսկողության մի մասը։ Բայց գլխավոր տարաձայնությունները բանակում ՍԴՈւ-ի դիրքորոշման (կարգավիճակի) մասին են։ Աշ-Շարաան ցանկանում է տարրալուծել նրա մարտիկներին, իսկ Աբդին՝ ոչ»։ Քրդական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Աբդին պետք է հանդիպեր նաև Բարզանիի հետ, սակայն նրանց հանդիպումը, ըստ ամենայնի, հետագայում չէր պլանավորվել։ Այսպես թե այնպես, դեկորացիաները փոխվում են. «Ալ-Քաիդայի» վերջերս եղած առաջնորդն իր մոտ ընդունում է համաշխարհային առաջնորդներին, այն դեպքում, երբ շուրջ 10 տարի առաջ «Իսլամական պետությանը» հաղթած Սիրիայի դեմոկրատական ուժերի առաջնորդն ակնհայտորեն կորցրել է իր ազդեցությունը և զրկվել արտաքին աջակցությունից։

Դամասկոսում, հրավիրելով Բարզանիին, հստակ ազդանշան են հղել քրդերին և արևմտյան երկրների կառավարություններին՝ ծագած վեճերը կառուցողականորեն լուծելու մտադրության մասին: Ամենայն հավանականությամբ, աշ-Շարաան հավանություն է տալիս Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության դերին Սիրիայում քրդական քաղաքականության մեջ: Անկման մեջ գտնվող ՍԴՈՒ-ին հակադրվում է «Քուրդիստանի Ազգային խորհուրդ» անվանումով կուսակցությունների կոալիցիան, որի մեջ մտնում է նաև տեղական Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը, որը կապված է իրաքյան համանուն կուսակցության հետ, որն ավանդաբար գլխավորում են հենց Բարզանի կլանի ներկայացուցիչները: Վերջերս Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք անտեսվեցին ՍԴՈւ-ի կողմնակիցների կողմից, ինչը, քննադատների կարծիքով, ակնհայտ սխալ էր:

Բացի թիվ 13 նախագահական հրամանագրից, որը ճանաչել է Սիրիայի քրդերին և խոստացել պաշտպանել նրանց մշակութային և լեզվական իրավունքները, մի շարք քայլեր են ձեռնարկվել ՍԴՈւ կառույցները սիրիական պետությանն ինտեգրելու ուղղությամբ: Այդ քայլերը ներառում են Սիրիական ժողովրդավարական ուժերով համալրված մի քանի բրիգադների ձևավորումն ու ուսուցումը, նախարարությունների ցուցակներում քաղաքացիական աշխատակիցների ընդգրկումը և «Ռոժավայի» արդեն նախկին վարչակազմի կողմից տրված միջնակարգ կրթության վկայականների և համալսարանի ավարտական դիպլոմների ճանաչումը: Դամասկոսը նաև սկսել է քաղաքացիություն չունեցող սիրիացի քրդերի հպատակագրման գործընթացը։

«Սակայն տեղերում Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից վերահսկվող շրջանները նախկինի պես հիմնականում ինտեգրված չեն ընդհանուր համակարգին, և (քրդական) ինստիտուտները շարունակում են կառավարել առօրյա կյանքը»,- ասում է դիտորդներից մեկը: Հարցն այն է, թե որքան կտևի դա: Առայժմ խոչընդոտներ են մնում Դամասկոսի իշխանությունների կողմից քրդերենով դասավանդումն անօտարելի իրավունք ճանաչելու և քուրդ կին մարտիկներին սիրիական «նոր» բանակում ինտեգրելու մերժումը: Կառավարությունում առայժմ ամենաբարձրաստիճան քուրդը Սիփան Խեմոն է, որը նախկինում ղեկավարել է «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները», որը մարտից զբաղեցնում է պաշտպանության նախարարի արևելյան տարածաշրջանի տեղակալի պաշտոնը:

Սիրիայում ինտեգրման գործընթացը սերտորեն կապված է Օջալանի և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ Թուրքիայի բանակցությունների հետ: 2025 թվականի մայիսին Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլի լեռներում տեղակայված ապստամբները Աբդուլլահ Օջալանի դիմումից հետո հայտարարեցին թուրքական պետության դեմ զինված պայքարի դադարեցման մասին ։

Բարզանին, որը սերտ անձնական կապեր է պահպանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, կոչ է արել Քոբանիին արագացնել ՍԴՈՒ-ի լուծարումը, քանի որ Թուրքիայում խաղաղ գործընթացը չի կարող շարունակվել առանց հստակ երաշխիքների: Մի քանի ամիս տևած վեճերից հետո, կարծես, բեկում է նկատվում, և ակնկալվում է, որ խաղաղ գործընթացի հետ կապված օրինագիծը կներկայացվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քննարկմանը մինչև արձակուրդ գնալը:

Հաղորդվում է, որ օրենքը նախատեսում է համաներում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մարտիկների համար, որոնք պետության դեմ ծանր հանցագործություններ չեն կատարել, ինչպես նաև ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, դատական համակարգի և Թուրքիայի հետախուզության ներկայացուցիչներից կազմված մարմնի ստեղծում, որը կոչված է վերահսկելու զինաթափումն ու զինաթափման գնացած ՔԱԿ-ի մարտիկների վերադարձը հայրենիք:

Անցյալ շաբաթ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից հրապարակված ուղերձում Օջալանը նշել է, որ թեև օրենքն անկատար է, այն «բանալին» է, որը «դուռը կբացի» ապագա ժողովրդավարական բարեփոխումների համար: Կարելի է ասել, որ Իմրալ կղզու բանտարկյալը հետևում է խաղաղ գործընթացի տրամաբանությանը, որի ընթացքն ու հաջորդականությունը որոշվում է Էրդողանի կառավարության կողմից, որը շահագրգռված է աջակցել քուրդ բնակչությանը հերթական ընտրական շրջափուլի նախաշեմին, որը, չի բացառվում, որ կլինի արտահերթ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐԵՎ

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31