ՔԿԾ պետի առաջին տեղակալի հեռուն գնացող նպատակները. ինչո՞ւ է Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալը գործուղվել ՔԿԾ

2024թ. հունվարի 4-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով՝ Սահակ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի առաջին տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը։ Սահակ Գրիգորյանը 2003-2013 թվականներին աշխատել է դատախազության տարբեր ստորաբաժանումներում, եղել է քննիչ, դատախազի օգնական և դատախազ։

2014թ. տեղափոխվել է Քննչական կոմիտե (ՔԿ), զբաղեցրել տարբեր պաշտոններ։ 2020-2021թթ. զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը։

Ըստ նրա կենսագրական տվյալների՝ 2020թ. Սահակ Գրիգորյանը, երբ Կոտայքի մարզային քննչական վարչության պետն էր, մասնակցել է սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմին։

2021թ., սակայն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հատուկ «շնորհակալ» լինելով ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանին, հեռանում է Քննչական կոմիտեից` կենսաթոշակի տարիքը դեռ չլրացած։

Կարդացեք նաև

2021թ. Սահակ Գրիգորյանի զբաղեցրած հաջորդ պաշտոնը դառնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդականի պաշտոնը, և երբ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղափոխվում և նշանակվում է ՊՎԾ ղեկավարի պաշտոնում, Սահակ Գրիգորյանը նշանակվում է ՊՎԾ ղեկավարի խորհրդականի պաշտոնում ու պաշտոնավարում 3 տարի, մինչ ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնին նշանակվելը։

Անզեն աչքով նկատելի է, որ վերջին տարիներին Սահակ Գրիգորյանի պաշտոնեական շարժերը սերտորեն կապված են ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի զբաղեցրած պաշտոնների ու տարբեր գերատեսչություններում դիրքավորումների հետ: Ուրեմն ինչո՞ւ 3 տարի ՊՎԾ-ում անշառ նստած Սահակ Գրիգորյանը որոշեց, որ իրեն ավելի հոգեհարազատ է քրեակատարողական ոլորտը, այն էլ՝ պետի առաջին տեղակալի պաշտոնում: Այս մասին՝ քիչ անց:

Պարզվում է, որ Սահակ Գրիգորյանը, բացի պետական տարբեր պաշտոններ զբաղեցնելուց, նաև, թերևս, հաջողակ գործարար է: Բնականաբար, իրավապահ համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցնելու երկարամյա փորձ ունեցող Սահակ Գրիգորյանը լավ գիտի պաշտոնեական դիրքի ու բիզնեսով զբաղվելու անհամատեղելիության մասին, ու հոգացել է, որ համենայն դեպս «թղթով» խնդիր չլինի, սակայն փաստ է, որ ողջ կյանքում պետական համակարգում աշխատած այս պաշտոնյան հասցրել է զգալի կարողություն դիզել, ինչը դժվար թե պետական աշխատավարձով հնարավոր լիներ։

Սահակ Գրիգորյանը 2023թ. մայիսի 31-ին ներկայացրել է 2022թ. տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ նա ունի միանձնյա սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում, որը 2006թ. նվիրատվություն է ստացել։ Հայտարարագրել է նաև երկու «Մերսեդես» մակնիշի մեքենա, որից մեկը՝ 2005թ. արտադրության, ձեռք է բերել 2013 թ., իսկ մյուսը՝ 1976թ. արտադրության՝ 2018թ.։

Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է 26.600.000 դրամ և 47.300 ԱՄՆ դոլար։ Սահակ Գրիգորյանի անունը կապվում է նաև «Կոնցեռն-Էներգիա» ՓԲԸ-ի հետ, որից վարձակալության դիմաց ստացել է 2 միլիոն 160 000 դրամ եկամուտ:

Հետաքրքիր է, որ Սահակ Գրիգորյանի կինը ևս եկամուտ է հայտարարագրել՝ ստացած «Կոնցեռն-Էներգիայից», նույն այն «Կոնցեռն-Էներգիայից», որն իր ամուսինը տվել էր վարձակալության, ինչպես նաև «Նոր ջրաղաց» ՍՊԸ-ից, ուր և աշխատում է։ «Նոր Ջրաղացը» ռեստորան է, ուր Սահակ Գրիգորյանի կինն աշխատում է՝ որպես տնօրեն:

Նա նաև 2020թ. հունվարին ձեռք է բերում բավականին թանկարժեք մեքենա, և նույն տարում` 2020թ.-ի օգոստոսին, երբ դեռ ամուսինը չէր մեկնել պատերազմ, իր համեստ եկամուտներով մեկ օրում ձեռք է բերում միանգամից երեք հողակտոր Աշտարակում։ Հիշեցնենք, որ 2020թ. Սահակ Գրիգորյանը Կոտայքի մարզային քննչական վարչության պետն էր, որտեղից և տեղափոխվեց Ռոմանոս Պետրոսյանի հովանու ներքո։

ՔԿԾ-ում շատերը կատակում են, որ առաջին տեղակալն օլիգարխ է, ու թե ի՞նչ է կորցրել այստեղ, առավել ևս, որ համակարգից հեռու է, դժվար է հասկանալ, որքան էլ որ վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության արդյունքում տարատեսակ ոչ մասնագետներ են հայտնվում տարբեր պաշտոններում։

ՔԿԾ-ում նաև կատակում են, որ թեև արդարադատության նախարարը Գրիգոր Մինասյանն է, բայց ՔԿԾ-ում պետի առաջին տեղակալ է նշանակում ՊՎԾ ղեկավար, Փաշինյանի մտերիմ թիմակից Ռոմանոս Պետրոսյանը։ Չնայած արդեն մեկուկես ամիս է՝ Սահակ Գրիգորյանը նշանակվել է ՔԿԾ պետի տեղակալ, բայց ավելի շատ ՊՎԾ գործառույթներ է իրականացնում, ձեռքի հետ էլ ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանի հետ մի քանի անգամ այցելել է քրեակատարողական հիմնարկներ:

Ավելի շատ, ինչպես պնդում են ՔԿԾ-ում, Սահակ Գրիգորյանը դարձել է Ռոմանոս Պետրոսյանի աչքերն ու ականջները ՔԿԾ-ում, թեպետ մինչև Սահակ Գրիգորյանի նշանակումն էլ Ռոմանոս Պետրոսյանը ՔԿԾ համակարգում ունեցել է իր «ժուչոկները», և ինֆորմացիան ՔԿԾ-ից առաջին ձեռքից է հասել վերջինիս։

Այս իրավիճակը կարող է ձեռնտու լինել ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին. միգուցե այսպես թե՛ նա, թե՛ նաև արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը փորձում են իրենց ապահովագրել ՊՎԾ անցանկալի ստուգումներից: Առավել ևս, որ ցանկացած պետական գերատեսչությունում ցանկացած պահի կարող են քրեական գործեր հարուցել, հատկապես, երբ վարույթի հիմքերը դրվում են Պետական վերահսկողական ծառայությունում` Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարությամբ։

Ի դեպ, ՊՎԾ-ն ստուգումներ իրականացրել է նաև ՔԿԾ-ում, և այսօր Ռոմանոս Պետրոսյանի ձեռքի տակ բավականին հետաքրքրիր նյութեր կան, ու դրանք անհրաժեշտության դեպքում Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ կարող են ջրի երես դուրս գալ։ Իսկ քանի դեռ Սահակ Գրիգորյանն այստեղ է, դժվար թե որևէ լուրջ խախտում արձանագրվի, ասենք՝ գնումների կամ ՔԿ հիմնարկների վերանորոգումների հետ կապված, էլ չենք խոսում, որ նոր քրեակատարողական հիմնարկ են ցանկանում կառուցել։

Ինչևէ, Սահակ Գրիգորյանը հիմա ՔԿԾ պետի առաջին տեղակալն է: Ըստ վերջինիս մոտ կանգնած աղբյուրի՝ Սահակ Գրիգորյանը նեղ շրջապատում ասել է, որ և՛ անձամբ, և՛ միջնորդավորված շատ լավ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, և երկար չի պատրաստվում մնալ՝ որպես ՔԿԾ պետի առաջին տեղակալ, և, որ համակարգի գործունեությանը ծանոթանալուց հետո նա նշանակվելու է ՔԿԾ պետ:

 

Տեսանյութեր

Լրահոս