ՔԿԾ պետի տեղակալի գիշերային այցերը ՔԿՀ-ներ, «զոն նայողների» տիրապետություն, ընկերական տենդերներ ու ներսի գզվռտոցներ. ՔԿԾ ուրախ կյանքը
Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ), համակարգի հնաբնակների խոսքով, իր ֆունկցիոնալությունը պահպանում է իներցիայով. այնտեղ աջ ձեռքը տեղյակ չէ, թե ինչ է անում ձախ ձեռքը։
ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը գնալով էլ ավելի է տանջամահ անում ծառայությունը՝ ուղղակի ոչինչ չանելով, երևի թե ինքն էլ հասկանալով, որ ինքն այդտեղ հարց լուծող չէ: Մեծ հաշվով, նաև աշխատելու ցանկությունն է ըստ էության բացակայում, եթե, իհարկե, հարցը սեփական շահութաբերությանը չի վերաբերում: Ինչպես Ծառայությունում են ասում, միայն աշխատանքի գալով և պետի սենյակում նստելով չեն սահմանափակվում ՔԿԾ պետի պարտականությունները։
Հատկանշական է, որ 168.am-ի տեղեկություններով՝ նրա աշխատանքից սկսել են դժգոհել «վերևները». արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրինակ, բավական հետաքրքիր միջավայրում բազմիցս սրտնեղել է, թե Գոյունյանը այն չէ, ինքը, փաստորեն, սխալվել է նրան այդ պաշտոնում նշանակելով, որովհետև համակարգում այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ անտանելի է: Ասել է, որ ուղղակի չի կարողանում աշխատանքից ազատել Գոյունյանին, քանի որ, այսպես ասած, իր մարդն է, ինքն է նշանակել։
Ավելին, Արթուր Գոյունյանի ժամանակ նշանակված քրեակատարողական հիմնարկների որոշ պետեր էլ նեղ շրջապատում արտահայտվել են, որ համակարգը անտերության է մատնվել. Գոյունյանը չի տիրապետում իրավիճակին։
Բայց, ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում, և փոխարենը դե ֆակտո ինչ- որ բաներ է փորձում անել, կամ ցույց տալ, որ անում է՝ նրա առաջին տեղակալը՝ Արտակ Հարությունյանը, համենայն դեպս, թղթեր սևացնելով և Ծառայությունում իրեն ամենագետի տեղ դնելով: Նրան չի հակառակվում նույնիսկ Գոյունյանը, որպեսզի համարժեք պատասխան չստանա իր առաջին տեղակալից։
Համակարգում անեկդոտ է դարձել աշխատանքային փաստաթղթերի հետ այս անձի աշխատելու կերպը: Սակայն Արտակ Հարությունյանի աշխատանքն ամենևին փաստաթղթային ուղղումներ կատարելով չի սահմանափակվում։ Կան բազմաթիվ գործառույթներ՝ կապված ՔԿՀ-ների գործունեության հետ, որոնց այս պաշտոնյան կամ չի տիրապետում, կամ անտեսում է:
Ամենաթող վիճակ է նաև ՔԿ հիմնարկներում: Հիմնարկներ կան, որտեղ պետերը ևս չեն տիրապետում իրավիճակին, օրինակ՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետը, և միգուցե դրա համա՞ր է առաջին տեղակալը շուրջ մեկ ամիս առաջ գիշերը, հարբած վիճակում, մի քանի հոգով անակնկալ այցելել «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ, հայհոյախառն արտահայտություններով դիմել աշխատողներին, արթնացրել դատապարտյալներին, նրանց հետ ևս կոպիտ խոսել և սկսել է խուզարկել նրանց ու խցերը։ Դատապարտյալներին դա շատ է զայրացրել։ Բանն այն է, որ «Վարդաշենը» սպեցիֆիկ հիմնարկ է, բոլոր դատապարտյալներն ու կալանավորված անձինք իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ են:
«Եթե մեր բախտը չի բերել, ասենք, կաշառք վերցնելիս, կամ չենք հասցրել գեներալ դառնալ, ոնց որ դառնում են ոմանք, այդ թվում՝ մեր գիշերվա հարբած հյուրը, չի նշանակում, որ մենք օրենք չգիտենք,- ասաց 168.am-ի հետ կապ հաստատած դատապարտյալը,- կամ ի՞նչ էր ուզում գտնել սույն անձը՝ արգելված իրե՞ր՝ հեռախո՞ս… Ինքն էլ լավ գիտի, որ բոլոր հիմնարկներում լիքը հեռախոս կա, լավ գիտի, թե դրանք ինչ գնով են հայտնվում, ինչքան պետք է վճարեն այն պահելու համար, և ընդհանրապես` բավականին բարձրացել են արգելված իրերի հիմնարկ մտցնելու գներն իրենց օրոք»:
Մեզ հետ զրույցում դատապարտյալը տարակուսեց՝ «Կարող է մի օր էլ մի տեղ խմի, ու ի՞նչ… Ընկերներին հավաքելու ա ու գիշերը գնա հիմնարկնե՞ր»:
Արդարադատության նախարարությունը շարունակ նոր օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. սոցցանցերում հայհոյելու, վիրավորելու համար տուգանվելու գները բարձրացնում են, իսկ այս դեպքում, հետաքրքիր է, Բադասյանը ինչպես՞ է պատժելու Արտակ Հարությունյանին՝ իր բավականին ակտիվ գիշերային արկածների համար։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ՝ այս պաշտոնյայի, մեղմ ասած, խնդրահարույց վարքագծի վերաբերյալ: Մեզ ասացին, որ սույն առաջին տեղակալն Ամանորի գիշերը, սպորտային համազգեստով, սպորտային կոշիկներով, հարբած այցելել է նաև «Աբովյան» ՔԿԾ՝ շնորհավորելու կին դատապարտյալներին, ասմունքել նրանց համար։
Եվ առհասարակ 168.am-ը գրել էր, որ Արտակ Հարությունյանը Ծառայությունում տառացիորեն բնակվում է՝ դրանից բխող կենցաղային բոլոր հարմարություններով, այդ թվում նաև՝ արտաքին տեսքի, հագուստի՝ իր համար կոմֆորտային լինելու նկատառումներով:
Բավականին ուշագրավ է այս անձնավորության՝ ՔԿԾ-ում հայտնվելու պատմությունը:
Երբ նախարար Բադասյանի սիրելի սկզբունքով, այն է՝ խնամի-ծանոթ-բարեկամ, համակուրսեցու հայր կամ աներ, սանիկ, քավոր, Գոյունյանը նշանակվում է ծառայության պետ, վերջինս էլ նույն սկզբունքով իր կադրերին է բերում համակարգ։ Ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանը, երբ դեռ իր աշխատասենյակում աշխատում էր, հանկարծ մի գեղեցիկ օր դեռևս ոչ մի պաշտոն չզբաղեցնող Արտակ Հարությունյանը հայտնվում է Ծառայությունում ու սկսում է բոլորի առաջ իր պահանջները դնել, սովորեցնել՝ ով ինչպես պետք է աշխատի, մինչև որ նշանակվում է Ծառայության պետի առաջին տեղակալ:
Հետաքրքիր է, սակայն, թե բավականին լուրջ առողջական խնդիրների պատճառով ոստիկանության համակարգից զորացրված, իրավապահ համակարգում հայտնի տերմինով՝ «ակտիրովկա» եղած ու թոշակի գնացած մարդն ինչպե՞ս է կրկին ռազմաբժշկական հանձնաժողովի պայմաններին բավարարում, որ կրկին թույլ են տալիս ծառայության անցնել: Միգուցե սա՞ է պատճառը, որ որոշակի ժամանակ պահանջվեց նրան նշանակելու համար:
Առողջություն ենք մաղթում Արտակ Հարությունյանին, սակայն կարծում ենք՝ համակարգի աշխատակիցները պարտավոր չեն ամենօրյա ռեժիմով դիմանալ նրա բռնկուն բնավորության տարօրինակ դրսևորումներին:
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել նաև ՔԿ հիմնարկներում քրեական ենթամշակույթի հետ կապված, առավել ևս, օրենքի ընդունելուց հետո, ինչին շատ ակտիվ լծվել էր նաև Նիկոլ Փաշինյանը, էլ չենք խոսում այն մասին, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակ՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այն գրեթե դարի ձեռքբերում էր համարում:
Սակայն ոչ «զոն նայողների ինստիտուտին» ներսից քաջատեղյակ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ոչ Բադասյանը, ոչ էլ, առավել ևս, ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը՝ իր կադրերով, քրեակատարողական հիմնարկներում ոչինչ չկարողացան ու չեն կարողանալու անել, և Նիկոլ Փաշինյանի «վարդագույն երազանքն» իրականություն չի դառնա, հատկապես, որ նրա կադրերն անհրաժեշտության դեպքում լավ էլ համագործակցում են քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ, եթե դա իրենց ձեռնտու է։
Այս ոլորտը վերահսկող օպերատիվ բլոկը, հուսով ենք, լավ էլ գիտի, որ ոչինչ չի փոխվել, խոսքը ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի և ոլորտը վերահսկող Գոյունյանի խորհրդական Հարություն Հարությունյանի մասին է։ Վերջիններս թեպետ պնդում են, որ պայքարում են, ու «զոն նայողներ» չկան, և միգուցե նախարարին էլ դրանում համոզած լինեն, բայց իրականում ոչինչ չի փոխվել։
Նույնիսկ Երևանից հյուսիս գտնվող երկու քրեակատարողական հիմնարկներում հիմնարկի պետերը, ինչպես աշխատակիցներն են ասում, «զոն նայողների» մոտ հիմնարկի պետ են աշխատում։
Մեր տեղեկություններով՝ նույնիսկ դրսից «զոներում զոն նայողներ» են նշանակվում, վերջիններս էլ լիարժեք տիրապետում են հիմնարկի անցուդարձին:
Բանը հասել է այնտեղ, որ, ըստ այդ հիմնարկների մեր աղբյուրների, առավոտյան ստուգատեսին ծառայողները կամաց են անցնում «զոն նայողների» խցի մոտով, որ նրանք չարթնանան: Նրանց խցերում տեխնիկական զննություն չի իրականացվում, նույնիսկ կողքի խցերում չեն իրականացնում առավոտյան, որ աղմուկը չխանգարի «զոն նայողին»։
168.am-ը լիարժեքորեն տիրապետում է այն ինֆորմացիային, թե որ քրեակատարողական հիմնարկում ով կամ ովքեր են «զոն նայողները», ինչ գործառույթներ են իրականացնում, և ինչ համագործակցություն կա նրանց ու ՔԿՀ-ների վարչակազմերի միջև, սակայն այս պահին դեռ ձեռնպահ կմնանք անուններ հրապարակելուց:
Նկատենք, որ քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ն մեծ հիմնարկն է, այնտեղ կան նաև «կորպուսներ նայողներ», ի դեպ, հանրության շրջանում բավականին հանրահայտ:
Պարզ է, որ օպերատիվ ոլորտը վերահսկող պաշտոնյաները լիարժեք տիրապետում են իրավիճակին, ուղղակի ոչինչ չեն կարող անել, իրենց մոտ թղթաբանությամբ ու «դատախազական» զեկույցներով ամեն ինչ կարգին է։
Իսկ «զոն նայողների» հետ էլ հիմնարկի պետերն ու Ծառայության ղեկավար կազմը շատ լավ էլ համագործակցում են, և մեր հաջորդ հրապարակմամբ մենք կանդրադառնանք այդ հետաքրքիր և անակնկալներով լի համագործակցությանը ու, թերևս, ահրաժեշտության դեպքում միգուցե նաև անուններ հրապարակենք: Օպերատիվ բլոկի պատասխանատուները հաստատ կիմանան, թե ինչ համագործակցության մասին է խոսքը։
Ի դեպ, «Արմավիրի» մասին:
Մեր նախորդ հրապարակման մեջ խոսել էինք «Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխման համակարգի տենդերի մասին, փաստաթուղթ հրապարակել, նշել, որ հաղթող կազմակերպության կապերը հասնում են մինչև ՔԿԾ: Մենք պարզեցինք, որ հայտարարված տենդերին մասնակցել են մի քանի ընկերություններ, հաղթել է «Արտաշատի ՀՑՇ» ՍՊԸ-ն՝ Արտաշատում գրանցված ընկերություն, որի Սեյրան անունով սեփականատերն ընկերական մտերիմ կապեր ունի թե՛ ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանի, և թե՛ նրա տեղակալներից մեկի հետ: Հենց այդ մարդն է նշված տեղակալի ազատումը կանխել, երբ Արթուր Գոյունյանը ցանկացել է ազատվել նրանից:
Այս մարդն է նաև շահել «Աբովյան» ՔԿՀ-ում աշխատանքներ կատարելու տենդերը, սակայն հետո, գումար չլինելու պատճառով՝ պայմանագիրը լուծվել է:
ՔԿԾ-ում տիրող բարոյահոգեբանական վիճակի ցցուն արտահայտություն է նաև հենց ղեկավարության շրջանում տիրող իրավիճակը, երբ տեղակալները չեն շփվում միմյանց հետ, ոմանք սուր կոնֆլիկտ ունեն պետի և Արտակ Հարությունյանի հետ, ոմանք հայտնվել են լուսանցքից դուրս:
«Ինչպիսի բարդակ որ Ծառայության շենքում է, նույնն էլ հիմնարկներում է. արտառոց ոչինչ չկա»,- ասացին մեզ: