Ի՞նչ իրավունքով եք իմ գույքը շահագործում, ամեն ինչ՝ սկսած օդափոխության համակարգից, մեր գույքն է. Ոչ ոք մինչև օրս որևէ պատասխան չի տվել. «Մուլտի Ուելնես»-ի տնօրեն
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելուն զուգահեռ փակված «Մուլտի Ուելնես» մարզաառողջարարական կենտրոնը վերաբացվել է՝ «Երևան Ուելնես» անվամբ, սակայն հին գույքով։ Մինչ այս պահը ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ քննչականը չեն պարզաբանել, թե ում որոշմամբ, թույլտվությամբ է «Մուլտի Ուելնես» ընկերության սեփական գույքը տրվել օգտագործման «Երևան Ուելնես»-ին։
Ի դեպ, հին գույքով, բայց նոր անունով բացված կենտրոնը ղեկավարում է կենտրոնի հին մարզիչներից մեկը, որը, ըստ տեղի աշխատակիցների, մարզել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին։
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Մուլտի Ուելնես Կենտրոնի» գլխավոր տնօրեն Արման Փիրոյանն է, որի հետ անդրադարձել ենք իրադարձությունների այս շղթային։

Զրույցի ընթացքում Արման Փիրոյանի կողմից հնչեցրած մի քանի թեզեր՝ դիպաշարով․
- Ես տարբեր կողմերից զանգեր ստանում եմ, 300-ից ավելի մարդիկ իրենց դիրքորոշումն են հայտնել, որ մենք չենք ուզում մարզվել, մենք «Մուլտի Ուելնես»-ում ենք ուզում մարզվել․ ինչ էլ փակեն, ջնջեն, փորձեն անունը թաքցնել, չեն կարող «Մուլտի Ուելնես»-ը ջնջել։
- Առանց հիմքի, առանց իրավաբանական ինչ-որ մի փաստաթղթի իմ գույքը ոչ ոք իրավունք չուներ օգտագործելու, բացարձակ։ Ո՛չ մեկը մինչև օրս որևէ պատասխան չի տվել, ու ես էլի եմ հնչեցնում հարցս՝ երբ դուք բացել եք ձեր ստեղծած «Երևան Ուելնես»-ը, ի՞նչ իրավունքով եք իմ գույքը շահագործում։ Հիմա էլ եմ ասում՝ լավ, որովհետև էդ գույքը ոչ մի պարագայում իրենք չէին կարող շահագործել։ Ամեն ինչը՝ բռնած, չգիտեմ, օդափոխության համակարգից, վերջացրած էն ամենավերջին գրիչով․․․ մեր գույքն է։
- «Մուլտի Ուելնես»-ը բավականին բարձր ստատուս ունեցող կենտրոն է եղել․ Վահագն Ալեքսանյանից բացի, շատ այլ ՔՊ-ական պատգամավորներ են եղել, որ մարզվել են։ Մեր մարզիչները բոլորին էլ մարզել են, բոլոր հաճախորդներին՝ անկախ քաղաքական հայացքներից։
Բայց ստացվեց այնպես, որ, երևի, մեր մարզիչներից գտան թույլ օղակի, որն իրենց հետ սկսեց համագործակցել, բայց մենք այդ ամենն իմանալուց հետո էլ չենք փորձել իրեն հեռացնել, ոչ մի բառ չենք ասել այդ մասին։ Բայց ինքը համաձայնեց նորաստեղծ և ապօրինի կառույցում դառնալ տնօրեն։
Նշան Մալխասյանն ինձ հետ կապի դուրս չի եկել․ հավատացնում եմ, ես ընդհանրապես ցանկություն չունեմ։ Ի դեպ, նա մարզումների ժամանակ գալիս էր աշխատանքի, այնտեղից գնում էր՝ քարոզարշավների էր մասնակցում։ Ես այդ ամեն ինչն իմացել եմ։
- Ինձ ասել էին՝ Տիգրան Ավինյանն ուզում է մարզվել, եկել էին փաթեթ գնելու։ Ես հարգելով էդ ինստիտուտը, որպես քաղաքային իշխանություն, պարոն Ծառուկյանին էլ եմ տեղյակ պահել, որ, մի խոսքով, քաղաքապետն ուզում է մարզվել, ու որոշեցինք՝ մենք մեր կողմից մեր քայլն անել, փաթեթը նվիրել քաղաքապետին, բայց առանց հետին մտքի։ Ինքը գալիս էր, մարզվում էր, շնորհակալություն էր հայտնում լավ սպասարկման համար, բայց որ տարիներով հիմնված կազմակերպությունը վերջին մեկ ամսում, ընտրությունների նախորդող շրջանից սկսեցին մեղադրել ինչ-որ խնդիրներում, դա արդեն ծիծաղելի էր։

- Իմ կարծիքով, միջազգային ոչ մի ներդրող, էս պահի դրությամբ տեսնելով էս ամեն ինչը, ոչ մեկն էստեղ ներդրում չի անի։ Չի անի, որովհետև պարզ օրինակ՝ պարոն Ծառուկյանը. փորձեցին բոլոր բիզնեսները ենթարկել կոլապսի։ Էսօր 70-ից ավելի ընկերություն` իր աշխատակիցներով, անորոշ վիճակի մեջ են: Պաշտպանված չի բիզնեսը․ կարող են քո ձեռքից վերցնել, ասել՝ էսօրվանից մենք ենք աշխատեցնում քո բիզնեսը․ շնորհակալություն՝ ներդրում ես արել, ապրես, հաջողություն քեզ, մենք աշխատեցնում ենք:
- Շատ բարձր եմ գնահատում պարոն Ծառուկյանի ավանդը սպորտում․ ես ինքս ականատես եմ եղել ու ապրել եմ երկար տարիներ սպորտի մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում

