Իմ հոր խորհրդով ու դաստիարակությամբ եմ միշտ ապրել, որ իմ «դեմ» որևէ մեկը որևէ բան չդնի. Ղազինյան
Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, դիմելով Տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսությանհարցերով մշտական հանձնաժողովի նախագահիթեկնածու առաջադրված Դավիթ Ղազինյանին, հարցրեց.
«Դատախազը, ինչքան էլ իրավաբանական ֆակուլտետ ավարտած լինի, միևնույն է՝ գալու է ձեր հետևից։ Քանի որ դուք օրենքի ուժով եք դուրս եկել, և քրեական գործը չի կարճվել, նա պարզապես չի կարող չգալ։ Հիմա էդտեղ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։ Եթե նա գա և ձեզ տանի, արդյոք ֆրակցիայում քննարկե՞լ եք այդ հնարավոր սցենարը։ Եվ եթե դժվար չէ, հիշեցրեք Ձեր քրեական գործի մանրամասները, որպեսզի պատկերացնենք, թե ինչում են Ձեզ մեղադրում»։
«Ես բառացի ասել եմ հետևյալը. ցավում եմ, որ օրենքի ուժով եմ դուրս եկել, և նշել եմ, որ ոչ թե գործը պետք է կարճվեր, այլ այս քրեական գործն ընդհանրապես չպետք է լիներ։
Երկրորդ՝ ինչ վերաբերում է հորս խոսքերին, կարծում եմ՝ իմ ընտանիքի անդամներից կամ մեր թիմակիցներից որևէ մեկը երբեք չի ասել, թե Հայաստանում 100 տոկոսով արդարադատություն չկա։
Գլխավոր դատախազի գալու հարցին անդրադառնալով՝ նշեմ, որ այդ դիսկուրսը ծավալվեց ձեր գործընկերոջ հարցից։ Այդ իսկ պատճառով ասեցի, որ հորս տված խորհուրդը ժամանակին չի լսվել։ Դատախազի գալու հետ կապված բացարձակ խնդիր չունեմ։ Բազմաթիվ դատավորներ ու դատախազներ, այդ թվում՝ իմ համակուրսեցիները, այսօր քաղաքական տարբեր դիրքերում են, բայց կարծում եմ, որ բումերանգի օրենքը միշտ գործում է։ Ես ապրել եմ հորս դաստիարակությամբ և այնպես, որ որևէ մեկը չկարողանա իմ դեմ ինչ-որ բան դնել այն բաների համար, ինչը ես եմ քննադատել։ Ես չեմ ասում, թե սուրբ եմ եղել կամ ամբողջ կյանքում անմեղ եմ եղել, բայց…
Ինչևէ, անցնենք իմ քրեական գործին։ Ես եղել եմ «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ և ընտրությունների ժամանակ համակարգել եմ Երևանի աշխատանքները (470 ընտրատեղամաս)։ Քննիչին ասել եմ, որ ժամանակային առումով պարզապես չեմ հասցրել լինել Հայաստանի բոլոր մարզերում։ Երևանի գրասենյակներում էլ եմ եղել շատ հազվադեպ։ Այն գրասենյակում, որտեղ, ըստ քրեական գործի, գաղտնալսում է իրականացվել, ես եղել եմ ընդամենը 3-4 անգամ։
Խնդրել եմ քննիչին՝ քանի որ գաղտնալսվել է տվյալ տարածքը, պարզապես նայեք իմ հեռախոսի տեղորոշումը (բիլինգը), և կտեսնեք, որ երբ այդ խոսակցությունը տեղի է ունեցել, ես հենց այդ շտաբում եմ եղել։ Ես չունեմ հեռախոսն անջատելու և կորելու սովորություն։ Օպերատիվ տվյալներով կարող եք ստուգել այդ ժամանակահատվածը։
Քրեական գործի հետ կապված՝ կարծեմ մաքրուհին մոր հետ խոսելիս ասել էր, թե Դավո Ղազինյանը 400 000 դրամ է բերել-տվել՝ որպես ընտրակաշառքի փող…
Այստեղ խոսքը նախապատրաստման մասին է, եկեք իրավական ճիշտ ձևակերպում տանք։
Ինչ վերաբերում է ֆրակցիային, ապա անկեղծ եմասում՝ չեմ խուսափում դատախազի գալուց, որովհետև բոլորս կլսենք և ամեն ինչ պարզ կդառնա։ Բացի այդ, չեմ էլ մտածում, թե նա չի գալու։ Վստահեմ՝ պարոն Կարապետյանը շատ լավ հասկանում է, որ ում էլ առաջադրեն, այդ վտանգը գլխին կախվածէ մնալու։ Դա կապ չունի այն բանի հետ, որ կարող են, իմ օրինակի նման, ուրիշների՝ երկու հոգու կիսատ-պռատ խոսակցությունը վերցնել ու մեկին «տանել»»։

