Թող լավ լինի քեռին, դուք սրիկայաբար ամեն ինչ այստեղ շահարկում եք. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին

«Խորհրդանշական է, որ Հայաստանի Ազգային ժողովում (ԱԺ) Թուրքիայում հետազոտական կասկածելի հանգամանքներով և ֆինանսավորմամբ ծրագրի դրամաշնորհի շահառու է ոչ միայն Ազգային ժողովի նախագահը, այլև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Եվ սա միակ բանը չէ, որ կապում է Ռուբեն Ռուբինյանին և Սարգիս Խանդանյանին։ Նրանք երկուսն էլ խտրական վերաբերմունք են ցուցաբերել իրենց կողմից հայտարարված քաղաքացիների ընդունելության ժամանակ, և պարոն Խանդանյանի հիմնավոր, իր ենթադրյալ հանցանքի փաստով նույնպես դատարանի որոշմամբ նախաձեռնված է հանրային քրեական վարույթ, և ես սպասում եմ գլխավոր դատախազի միջնորդությանը նաև այդ գործով»,- Ազգային ժողովում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Սարգիս Խանդանյանի թեկնածության քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

«Պատգամավորներից մեկն այս դահլիճում ասաց՝ արդյո՞ք Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է դատվի, եթե նրա մեքենան անցնի կարմիր լույսի տակով։ Կարմիր լույսի տակով անցնելը վարչական իրավախախտում է, և ոչ ոք դրա համար չի դատվում, իսկ եթե վարչական պատասխանատվություն է կիրառվում, ապա ոչ թե ուղևորի, այլ վարորդի նկատմամբ։ Ես դեռ չեմ լսել, որ Վեհափառ Հայրապետի վարորդը նման հարցով վարչական պատասխանատվության ենթարկվի, բայց լսել եմ, որ կարմիր լույսի տակով անցնող վարչապետի ավտոշարասյունը սպանել է հղի կնոջը, և դրա համար ոչ վարչապետը, ոչ նրա անվտանգության պատասխանատուները, ոչ էլ այդ հրահանգը ստացած ոստիկանության ծառայողն իրենց արարքին համապատասխան պատժի և պատասխանատվության չեն արժանացել։

Միգուցե, եթե այդ վարորդը ոստիկանության մայոր լինելու փոխարեն՝ լիներ Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս, անմիջապես կենթարկվեր քրեական պատասխանատվության, այն դեպքում, երբ մեր եպիսկոպոսներն առանց որևէ իրական հանցավոր արարքի են ենթարկվում պատասխանատվության»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Վերջինս հիշեցրեց՝ իսկ ի՞նչ է ասել այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2013 թվականի հունիսի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Մեջբերում՝

Կարդացեք նաև

«Այդպիսի մի արտահայտություն կա, չէ՞, որ եթե դու մի մարդ ես սպանում, մարդասպան ես, իսկ եթե հազարավորների ես սպանում, դու դառնում ես ականավոր զորավար»։

Մեջբերման ավարտը։ Հիմա հասկանանք, թե ինչպես ժամանակին իշխանական գործիչների հետ ստվերային պայմանավորվածություններով մի լրագրող դարձավ «ականավոր զորավար»։

«2018 թվականի մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո, երբ մայիսին գնաց Ստեփանակերտ, հանդես եկավ մի հայտարարությամբ, որ ինքն այլևս չի պատրաստվում բանակցել Արցախի անունից, ինքը լիազորված է բանակցելու միայն Հայաստանի անունից։ Այդ թեզը նա երբեք չի ասել, երբ եղել է վարչապետի թեկնածու մայիսի 2-ին կամ մայիսի 8-ին. այդ թեզն առաջ է քաշվել միայն վարչապետ ընտրվելուց հետո, և դրանից հետո նա այդ թեզը կրկնել է նաև Ազգային ժողովում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ, և 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում՝ պաշտոնավարման 100-րդ օրը։ Մեջբերում.

«Ուզում եմ ասել հետևյալը՝ ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեքորեն Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը»։

Ի՞նչ էր սա նշանակում։ Սա նշանակում էր, որ միջազգայնորեն ընդունված բանակցային ձևաչափից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն էր, հայկական կողմի պաշտոնական բանակցողը պաշտոնապես, միակողմանիորեն դուրս եկավ բանակցային գործընթացից՝ առանց այդ մասին խորհրդակցելու բանակցային մյուս հիմնական կողմի՝ Ադրբեջանի նախագահի հետ, և ամենակարևորը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող պետությունների ղեկավարների հետ։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ կա կոնֆլիկտ, իսկ բանակցողը դուրս է գալիս բանակցությունից՝ թողնելով կոնֆլիկտը զարգացման կամ լճացման փուլում։ Դա հանգեցնում է պատերազմի։ Իսկ ե՞րբ եղավ պատերազմը (խոսքը 44-օրյայի մասին է.- Է.Ղ.)՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 2.5-րդ տարում։ 2.5 տարին Ազգային ժողովի լիազորությունների, հետևաբար՝ կառավարության պաշտոնավարման մաքսիմում ժամկետի կեսն է։ Այդ 2.5 տարին նա հնարավորություն ուներ բանակցելու և հայկական կողմի համար ընդունելի թեզերը (եթե կար Ալմաթայի հռչակագիրը, որ եղել է 1991 թվականին, կամ այլ թեզեր.- Է.Ղ.) ներկայացնելու որպես բանակցային կողմ, բայց նա դա չարեց»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նաև հիշեցրեց, որ պաշտոնավարման ողջ շրջանում՝ 2018 թվականից մինչև 44-օրյա պատերազմը, Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ ունեցել է ընդամենը մեկ պաշտոնական բանակցություն՝ ընդամենը մեկ։ Դա տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և հանդիպումը կազմակերպվել է նրանց ջանքերով։

«Այդ հանդիպումից առաջ և հետո նա բազմաթիվ անգամներ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ. հիշե՛ք Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ, Բիշքեկում, Մյունխենում՝ անվտանգության համաժողովի ժամանակ, տարբեր տնտեսական ֆորումների ժամանակ։ Դրանցից ոչ մեկը չի եղել պաշտոնական բանակցություն։

Իսկ ի՞նչ է եղել պաշտոնական բանակցությունների փոխարեն։ Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների կասկածելի հանդիպումներ երրորդ երկրներում, այդ թվում՝ Դուբայում։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը խոստովանել է, որ ինքը առնվազն ամիսը մեկ անգամ, մշտական պարբերականությամբ, երրորդ երկրներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հետ։ Բնականաբար, այդ հանդիպողներից ոչ ոք բանակցելու իրավունք չուներ, քանի որ նրանք դիվանագետներ կամ արտգործնախարարներ չէին, այդ հանդիպումներից ոչ մեկին ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից որևէ մեկը ներկա չի եղել, և այդ հանդիպումների ժամանակ փոխանակվել են պետությունների ղեկավարների միմյանց հասցեագրված փակ ծրարներ, որոնց բովանդակության մասին մեզանից ոչ ոք մինչ օրս որևէ տեղեկություն չունի։

Եվ ահա այս գաղտնի պայմանավորվածությունները՝ շրջանցելով միջազգային այն ձևաչափը, որը լուծարվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ի թիվս այլ փաստաթղթերի (այդ թվում՝ «խաղաղություն» կոչված փաստաթղթի նախաստորագրման.- Է.Ղ.), ուրեմն՝ շրջանցելով այդ ձևաչափը՝ «մեծ զորավարը» գնաց պատերազմի։ Գնաց պատերազմի՝ մեր ժողովրդին պատճառելով անդառնալի մարդկային կորուստներ, հազարավոր երիտասարդների կյանքեր, մեր պետությանը՝ միայն Պաշտպանության բանակին, այդ 44 օրերի ընթացքում պատճառելով շուրջ 5 միլիարդ դոլարի նյութական վնաս։ Արցախի քաղաքացիական օբյեկտների ընդհանուր վնասը, ամենամոտավոր հաշվարկներով, գնահատվում է մոտ 100 միլիարդ դոլար»,- նշեց Էդգար Ղազարյանը:

Նա հռետորական հարց ուղղեց՝ և դրա դիմաց ի՞նչ են ստացել այս ամենի հեղինակները։ Պարգևավճարներ… պարգևատրել են իրենք իրենց օրենքով չնախատեսված ֆինանսավորումից, ձեռք են բերել տներ, առանձնատներ՝ տնավեր դարձնելով հարյուր-հազարավոր մարդկանց։

«Իսկ ի՞նչ են արել այդ պատերազմի արդյունքներից հետո։ Կապիտուլյացիա, նորից 2021 թվականի պատերազմ, նոր կապիտուլյացիա, բոլոր բանակցային ձևաչափերի խախտում, կասկածելի գործընթացներ, որոնք հասցրեցին մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը, որին նախորդել էր Ջերմուկի պատերազմը, դրանից հետո նորից պատերազմ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին, նոր կապիտուլյացիա, Տավուշի հանձնում։ Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ։

Իսկ երբ հարցնում են պատգամավորին, թե քեռին ո՞նց է, նա ուրախությամբ պատասխանում է, որ փառք Աստծո, լավ է քեռին։ Թող լավ լինի քեռին, բայց իմ քեռին չի կարող լավ լինել, որտեղ նրա անվանակից թոռնիկը՝ Աղաջան Ջանոյանը (որի մկրտության կնքահայրն եմ ես), Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող, զոհվել է այդ պատերազմում։ Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել, երբեք չենք կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»,- ելույթն ավարտեց Էդգար Ղազարյանը, ինչից հետո իրավիճակը լարվեց:

«Պարոն Ղազարյան, Ձեզ կոռեկտ պահեք, Դուք ստանում եք նախազգուշացում Ձեր ոչ կոռեկտ և ամբարտավան պահվածքի պատճառով։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի՛ գործընկերներ, լռություն պահպանեք։ Եվ ես Ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե Դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից ու Ազգային ժողովի շենքից»,- դիմելով Էդգար Ղազարյանին՝ ասաց նիստը նախագահող Հայկ Կոնջորյանը:

Իրավիճակին միջամտեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Պարոն Կարապետյան, հիմա չեք կարող խոսել, ես Ձեզ առաջարկում եմ, որ կարգի հրավիրեք ձեր պատգամավորին և չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող չափերից դուրս գալ։ Հիմա չեք կարող, հիմա խնդրում եմ…»,- այս խոսքերից հետո Հայկ Կոնջորյանը նկատեց, որ ՔՊ-ական պատգամավորները լքում են ԱԺ լիագումար նիստերի դահլիճը:

Դիմելով սեփական խմբակցության պատգամավորներին՝ նա ասաց՝ «Հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, հե՛տ վերադարձեք դահլիճ։ Հարգելի՛ գործընկերներ, պարոն Լևոնյան, ո՞ւր եք գնում, զբաղեցրեք ձեր տեղերը, զբաղեցրեք ձեր տեղերը, նիստը շարունակվում է։ Վերադարձեք դահլիճ, զբաղեցրեք ձեր տեղերը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31