Պալատական ինտրիգների զոհը. ինչո՞ւ իրականում պաշտոնանկ արվեց ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը. իջևանյան խնջույքի երևանյան արձագանքները 

Այս տարվա օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Սերգեյ Ատոմյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Այս որոշումը անակնկալ եղավ ինչպես հենց իր՝ Սերգեյ Ատոմյանի, այնպես էլ՝ ՔԿԾ ծառայողների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի գերակշիռ մասի համար։ Ատոմյանը համարվում էր Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկներից», և հենց այդ պատճառով էր նրան ներվում ամեն ինչ, ներառյալ՝ ՔԿԾ-ում տիրող տոտալ բարդակը:

168.am-ը ժամանակին գրել էր, թե ինչպես և ինչու իր ծննդյան 36-րդ տարեդարձին Սերգեյ Ատոմյանը Փաշինյանից շքեղ նվեր ստացավ՝ գեներալական ուսադիրների տեսքով, կապիտանից միանգամից դառնալով գեներալ-մայոր ու մինչև իր պաշտոնավարման ավարտը Ծառայության աշխատակիցների շրջանում վաստակելով «կապիտան գեներալ» մականունը:

Սերգեյ Ատոմյանին ներվեց նաև համակարգը արտաշատցի, համակարգի հետ որևէ աղերս չունեցող յուրայիններով լցնելը, հիվանդությամբ չպայմանավորված մահերի քանակը, քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) քրեական ենթամշակույթի ծաղկումն ու հովանավորումը, մոլեխաղերի ու թմրաշրջանառության ծավալների ահռելի աճը, միջոցների մսխումը հարատև շինարարության վրա: Ավելին, նման մի առեղծվածային մահվան դեպքից հետո նա անգամ պարգևատրվեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից:

Սերգեյ Ատոմյանին աշխատանքից ազատելու որոշումից ընդամենը ամիսներ առաջ, ավելի կոնկրետ՝ մարտի 7-ին Փաշինյանն այցելել էր ՔԿԾ և ծանոթացել Ծառայության 2022թ. հաշվետվությանը, որը հավուր պատշաճի, ինչպես ընդունված է Նիկոլ Փաշինյանի կառավարած երկրում, գեղեցիկ, ճոխ բառերով ներկայացվեց նրան՝ հերթական շոուն կազմակերպելով։ Իսկ թե իրականում ինչ իրավիճակ էր ՔԿԾ-ում նորաթուխ գեներալ-մայոր Ատոմյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, 168.am-ը բազմիցս է անդրադարձել, սակայն, ինչպես ասում են, եթե այդ ամենը ձեռք էր տալիս Փաշինյանին, ուրեմն ամեն ինչ լավ է։

Կարդացեք նաև

Այս ֆոնին առավել հետաքրքիր է՝ իրականում ինչ պատահեց, որ Փաշինյանն իր երբեմնի սիրելի գեներալ-մայորին ազատեց զբաղեցրած պաշտոնից:

Ճակատագրական խնջույքը

Օգոստոսի 1-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ՔԿ ծառայողները տեղափոխել էին Ազգային ժողով (ԱԺ)՝ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, սակայն ճանապարհին Դավիթ Տոնոյանը ՔԿ ծառայողներին խնդրել էր, որ թույլ տան՝ կարճ ժամանակով մտնի տուն և տեսակցի մորը, և ըստ մամուլի հրապարակումների՝ Սերգեյ Ատոմյանը թույլատրել էր՝ հուսալով, որ դրա մասին ոչ ոք չի իմանա։ Սակայն 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ իրականությունը լրիվ այլ է, և Սերգեյ Ատոմյանն իրականում ներպալատական ինտրիգների դասական զոհ է, ու ինչպես բնորոշ է Փաշինյանին, չխորանալով իրերի դրության մեջ ու չփորձելով պարզել՝ ինչը իրականում ինչպես է եղել, նա վճռում է Ատոմյանի ճակատագիրը Իջևանում մի խնջույքի թեժ պահին:

Այդ օրը ՔՊ վերնախավի «ազգընտիրները» Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջևան քաղաքում  մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանի հարսանիքին, ու հենց այդ օրը որոշ պաշտոնյաներ՝ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ, հավանաբար մի քանի կենացից հետո սկսում են տարբեր քննարկումներ, հիշում են Դավիթ Տոնոյանի՝ տուն գնալը ու սկսում Փաշինյանի մոտ ամեն կերպ ամենը բարդել Սերգեյ Ատոմյանի վրա՝ նրան մեղադրելով ապօրինի գործողությունների մեջ։ Միայն այդ դրվագով չբավարարվելով՝ ասելիքն ավելի համոզիչ են դարձրել ինչպես ՔԿԾ-ում, այնպես էլ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակների մասին դրվագային պատմություններով` Փաշինյանին համոզելով, որ ընդամենն ամիսներ առաջ ՔԿԾ- ում ներկայացված 2022 թ. հաշվետվությունը հիմնականում գեղեցիկ տեքստ է եղել կամ հեքիաթ։

Թե էլ ինչ և ինչեր են ներկայացրել, թերևս մի քիչ էլ գինովցած Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս հրամայում է՝ մինչև առավոտ Ատոմյանի հրաժարականը լինի իր սեղանին, մնում է ենթադրել: «Աչքալույսը» Ատոմյանը սպասում է Բաթումում արձակուրդը վայելելու փորձի ժամանակ:

Արգիշտի Քյարամյանի անունը՝ որպես Սերգեյ Ատոմյանի հարցերը լուծելու նախաձեռնող, վերևում պատահական չնշվեց: Վերջինիս ջրերը դեռ ավելի վաղ էին սկսել մի առվով չհոսել Ատոմյանի հետ՝ կապված Քյարամյանի համար ոչ ցանկալի անձանցից մեկի հեռախոսազանգին պատասխանելու թույլտվություն տալու հետ։ Չբացենք փակագծերը, բայց Քյարամյանը վստահաբար լավ գիտի՝ խոսքն ինչի մասին է։

Հաջորդ քայլը Սերգեյ Ատոմյանին արձակուրդից հետ կանչելն է լինում։ Վերջինս, երբ դեռ նոր էր հասել հյուրանոց, ստիպված է լինում առավոտյան վերադառնալ՝  չմոռանալով սակայն մինչև իր հետ գալն ուղարկել իր հրաժարականի դիմումը, որովհետև, ինչպես փոխանցել էին, Փաշինյանը շատ էր զայրացել։

Փաստորեն որոշ պաշտոնյաներ հարմար առիթն օգտագործեցին իրենց համար ոչ ցանկալի մարդուց ազատվելու համար։ Ակնհայտ է, որ իշխանությունում կան մարդիկ, որոնց հետ թարսվելը նշանակում է պաշտոնից ազատում, առավել ևս, եթե տվյալ անձը վստահելի է Փաշինյանի համար և կարողանում է խոսքը տեղ հասցնել` իրեն ցանկալի սցենարով։

Դավիթ Տոնոյանի դեպքի հետ կապված՝ հետագայում Արդարադատության նախարարությունում նախարար Գրիգոր Մինասյանի հանձնարարականով նշանակվեց ծառայողական քննություն՝ ճշմարտությունը պարզելու համար։

Ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից պատասխանեցին, որ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արման  Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

Այսինքն՝ եթե Դավիթ Տոնոյանին մորը տեսակցել թույլ էին տվել Ատոմյանի հրամանով, ապա ի՞նչ կապ ունի Արման Մելքոնյանը, իսկ եթե դա արվել է Արման Մելքոնյանի գիտությամբ, և ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ Ատոմյանը տեղյակ չի եղել նրա այդ որոշումից, ապա ո՞րն էր վերջինիս պաշտոնից ազատման պատճառը։

Իսկ թե ինչո՞ւ բավարարվեցին Արման Մելքոնյանին խիստ նկատողություն հայտարարելով, դա էլ ինքը կիմանա, կամ Նիկոլ Փաշինյանի մոտ գնացած նրա բանագնաց-բարեխոսները կամ պատվիրակը։ Սակայն թող Արման Մելքոնյանը լավ հիշի, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ամեն ինչ իր գինն ունի՝ նվազագույնը որոշակի ծառայություն մատուցելու պայման։ Իհարկե, նրա հայրը ծառայությունը 24-ժամյա ռեժիմով է մատուցում՝ իր տարբեր հայտարարություններով, հընթացս հերթական առանձնատունը կառուցելով և օգտվելով իշխանական այլ բարիքներից: Հիշեցնենք, որ Արման Մելքոնյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է:

Եվ վերջում: Երկու ամսից ավելի է արդեն՝ Քրեակատարողական ծառայությունը պետ չունի. Փաշինյանը չի շտապում։ Մամուլում պարբերաբար թեկնածուների անուններ են հայտնվում, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Իսկ թե ինչ անկառավարելի, բարձիթողի իրավիճակ է այժմ ՔԿ համակարգում, առաջիկայում կանդրադառնանք։

Տեսանյութեր

Լրահոս