Արդարադատության փոխնախարարը ԱՄՆ-ում մասնակցում է անդրազգային հանցավորության դեմ պայքարի ծրագրին
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ԱՄՆ կառավարության հրավերով, Եվրոպայի 18 երկրների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում է International Visitor Leadership Program (Միջազգային այցելուների առաջնորդության ծրագիր) «Տարածաշրջանային համագործակցություն անդրազգային հանցավորության դեմ պայքարում II» խորագրով ուսումնական-ճանաչողական ծրագրին։
Ծրագրի նպատակն է զարգացնել մասնակիցների մասնագիտական կարողությունները, ընդլայնել նրանց գիտելիքները, փորձը և միջազգային գործընկերային կապերը։ Մասնակիցները հնարավորություն ունեն հանդիպելու իրենց միջազգային գործընկերների հետ, ծանոթանալու մասնագիտական ոլորտներում ԱՄՆ-ում իրականացվող քաղաքականություններին, ժամանակակից մոտեցումներին և լավագույն փորձին։
Ծրագրի շրջանակում մասնակիցներն ԱՄՆ-ում ճանաչողական այցեր են իրականացրել ԱՄՆ ֆեդերալ և նահանգային կառավարման և իրավապահ կառույցներ, որտեղ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ գործընկերների հետ և ծանոթացել անդրազգային հանցավորության դեմ պայքարի մեխանիզմներին, ինչպես նաև ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին:

