ՊՆ-ն՝ «Արեգա» բարձունքը հետ գրավել-չգրավելու և Փաշինյանի մարտակոչի արդյունքների մասին
Հոկտեմբերի 6-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ մի շարք հարցադրումներով:
Մոտ մեկ տարի անազատության մեջ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար, գործը դատարանում է:
Իսկ «Արեգա» բարձունքը կորցնելու օրերին Միքայել Արզումանյանը ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալն էր: «Արեգա» բարձունքի հետ գրավել-չգրավելու շուրջ հակասական պնդումներ կան: Օրինակ, ՀՀ քննչական կոմիտեն, մասնավորապես, պնդել էր.
«Սեպտեմբերի 29-ին առավոտյան ժամը 07:00-ից յուրային ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել է հակագրոհի օպերացիա, և արդեն իսկ ժամը 09։50-10:00-ի սահմաններում մեր ստորաբաժանումներին հաջողվել է տվյալ ուղղությամբ ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկան՝ շուրջ 10-ը, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է 2 զրահափոխադրիչ: Եվ «Արեգա» բարձունքը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ»:
ՔԿ-ից ստացված տեղեկության համաձայն, 2020թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին, չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:
Իսկ Արզումանյանի պաշտպանական թիմը հայտարարել էր, որ «Արեգա» բարձունքը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց հետո հետ չի վերցվել:
Հուլիսի 6-ին Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես տրամաբանական հետևյալ հարցերն էր առաջ քաշել.
«Եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից, և եթե սեպտեմբերի 29-ին ես հրամայել եմ հանձնել այդ գրավված բարձունքը, ապա ինչո՞ւ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվել,
– եթե ես նման հանցավոր արարք եմ կատարել, ապա դրանից 1 ամիս անց ինչո՞ւ եմ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նշանակվել պաշտպանության բանակի հրամանատար,
– Արեգասարի բարձունքը հանձնելու հրաման տված անձն ինչպե՞ս կարող էր նման վստահություն վայելել զինված ուժերի հրամանատարության և գերագույն գլխավոր հրամանատարի մոտ։
Որպեսզի հանկարծ ավելորդ մեկնաբանություններ չլինեն, թե իբև այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը և գերագույն գլխավոր հրամանատարն այն ժամանակ չեն իմացել, ցանկանում եմ նշել, որ զինվորական գործի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող ցանկացած անձ կհաստատի, որ չի կարող նման կարևորության բարձունքը հակագրոհով գրավելու օպերացիա մշակվի, գրավվի այն, և այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը չիմանա։
Նույն կերպ հնարավոր չէ, որ զինված ուժերի հրամանատարությունը չիմանա, թե ինչպես գրավված բարձունքը նորից անցավ թշնամուն: Ամեն քայլը սահմանված կարգով զեկուցվում է՝ ըստ ենթակայության։
Իսկ մեկ ամիսը շատ լուրջ ժամկետ է, որ զինված ուժերի հրամանատարությունը և ազգային անվտանգության ծառայությունը չիմանային դրա մասին, իսկ իմանալով հանդերձ էլ՝ ես նշանակվեի ՊԲ հրամանատար»:
Պաշտպանության նախարարությունը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է «Արեգա» բարձունքը հետ վերցնելու փաստը
Ըստ այդմ՝ մենք հոկտեմբերի 6-ին Պաշտպանության նախարարություն ուղարկած մեր հարցման միջոցով փորձել էինք պարզել՝ «ՀՀ ԶՈՒ-ն զեկույց ստացե՞լ է, կամ նրան զեկուցե՞լ են, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերին «Արեգա» բարձունքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո հետ է վերցվել»:
Նոյեմբերի 3-ին իր պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս հարցին ի պատասխան՝ նշել է, որ այն առնչվում է մարտական գործողությունների վարման ընթացքին, հետևաբար՝ պարունակում է պետական և ռազմական գաղտնիք, և ենթակա չէ հրապարակման: Ընդունենք Պաշտպանության նախարարության պատասխանը: Մյուս կողմից, չենք կարող չհիշել, որ, օրինակ, 2023 թվականի ապրիլի 12-ին ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հարցին՝ արդյո՞ք 5-րդ շարասյան վերաբերյալ նրա արած հայտարարությունը փաստերի վրա էր հիմնված, Փաշինյանը պատասխանել էր.
«Համընկնումը պատահական է, բայց 2 օր առաջ հեռուստատեսությամբ մի ռեպորտաժ տեսա մի քրեական գործի մասին, որը, ինչքան հասկացա՝ ուղարկվել է կամ պետք է ուղարկվի դատարան, որը հետևյալի մասին է, որ ադրբեջանական կողմը գրոհել և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է և հետ է գրավել բարձունքը:
Հիմա քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է ինչի՞ համար, որ գնացել է, ընդ որում, իր լիազորությունները զանցառելով, ըստ էության գնացել, ասել է՝ հետ իջեք հետ գրաված բարձունքից, թողե՛ք այդ բարձունքը: Սա չի պրոբլեմը, ամենամեծ պրոբլեմն այն է, որ ցանկացած գործողություն պետք է ունենա պատճառաբանություն, պետք է ունենա բացատրություն: Որովհետև ենթադրենք՝ Պաշտպանության բանակը հաջող հակագրոհ է արել և բարձունքը հետ է գրավել, և մեր բարձրաստիճան զինվորականը գնում հրամայում է, ասում է՝ հետ իջեք, թողեք բարձունքը, այսինքն՝ ըստ էության բարձունքը նորից հանձնեք թշնամուն: Ընդ որում, այդ մարդիկ դիմադրում են, բայց ինքը պնդում է՝ չէ որ չէ, բարձունքը հետ է հանձնում: Ու պրոբլեմն այն է, որ չկա բացատրությունը, ինչո՞ւ, ինչո՞ւ է հետ հանձնվում: Պայմաններ է ապահովում, որպեսզի հակառակորդն առանց որևէ բարդության՝ գրավի տարածքներ, հետո, երբ փաստերը դրվում են, ինքն ասում է՝ հա, մեղավոր եմ, ընդունում եմ իմ մեղքը…»:
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը Միքայել Արզումանյանի մասին նման հայտարարություն է անում այն դեպքում, երբ գործը դեռ նախաքննության փուլում էր: Այսինքն, ՀՀ վարչապետը հստակ պնդում է՝ «Արեգա» բարձունքը հետ է գրավվել, ՊՆ-ն այս առնչությամբ տեղեկությունը համարում է պետական գաղտնիք:
Չմոռանանք, որ հունիսին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը գաղտնազերծել էր նաև, թե երբ է Շուշին կորցնելու մասին իրեն զեկուցել Օնիկ Գասպարյանը, որ նա պահանջել է բերդաքաղաքը հետ վերցնել, ինչը փորձել են անել: Այս բոլոր հիշատակված փաստերում կա՞ն արդյոք պետական և ռազմական գաղտնիքի խախտումներ, թողնենք Պաշտպանության նախարարության գնահատմանը:
ՀՀ տարածքային կորուստների մասին պաշտոնական ո՞ր հայտարարությունն է ճիշտ
Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը հասցեագրած մեր հարցման միջոցով փորձել էինք պարզել՝ այսօրվա դրությամբ ՀՀ ինքնիշխան տարածքից քանի՞ քառակուսի կմ է օկուպացված Ադրբեջանի կողմից, 150 քառակուսի կիլոմե՞տր, ինչպես շրջանառվում է:
Մոտ մեկ ամիս հետո՝ նոյեմբերի 3-ին, իր պատասխան գրության մեջ Պաշտպանության նախարարությունը նշել էր, թե պետք է հիմք ընդունել պաշտոնական հայտարարությունները:
Բանն այն է, որ մեր այս հարցումն ուղարկելուց ամիսներ առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն օկուպացրել է 150 քկմ տարածք: Նույնը թիվը նշել էր նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Իսկ նոյեմբերի 3-ին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ դեռևս 1990-ականներից ունենք Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Հայաստանի Հանրապետության տարածք, և կան թարմ օրինակներ, և, որ իրեն հայտնի է նման շուրջ 200 քկմ Հայաստանի տարածք, որ հիմա գտնվում է ադրբեջանական ուժերի ներքո:
Բացի այս, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ 2021-2022 թվականներին «թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է ընդամենը 139.24 քկմ տարածք»:
Հիմա պաշտոնական ո՞ր հայտարարությունը հիմք ընդունենք:
Ի դեպ, նախքան 2021 թվականը, Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ զորքը հետ է քաշվել Սյունիքից, Ադրբեջանին է հանձնվել Գորիս-Կապան ճանապարհը: Սա կարծես թե պաշտոնական որևէ ընդհանրական տվյալում չի արտացոլվում:
Պաշտպանության նախարարությունը չի հաշվառել՝ Նիկոլ Փաշինյանի 2020-ի հոկտեմբերի 5-ի մարտակոչին քանի հոգի է հետևել
2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն, նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:
«Նրանք զորահավաքային, մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում, որովհետև օրենքը նրանց չի նախատեսել, բայց ես այսօր նրանց խնդրում եմ որպես կամավորական զինվորագրվել: Իմիջիայլոց, այդպիսի 10 հազար տղա կա Հայաստանում, և եթե այդ 10 հազարից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»:
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել էր ճշտել՝ վերջին մեկ տարվա զորացրվածներին ուղղված Նիկոլ Փաշինյանի այս մարտակոչից հետո քանի՞ հոգի է մեկնել պատերազմ: Պաշտպանության նախարարությունից մեզ հայտնել են, որ իրենք նման հաշվառում չեն իրականացնում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը նույն օրը տեսանյութ էր տարածել, որ տղաներն արձանգանքել են մարտակոչին: Ի դեպ, Աշոտ Փաշինյանը ևս հետևել էր հոր մարտակոչին:
168.am-ը գրել էր, թե ո՞վ է եղել պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանի հրամանատարը, որտե՞ղ է եղել, ե՞րբ է վերադարձել:
ՊՆ-ին ուղղված մեր վերջին հարցը վերաբերում էր ֆրանսիական զենքի ձեռքբերմանը, քանի որ, երբ հարցումն ուղարկում էինք, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ Ֆրանսիա չէր մեկնել, և պաշտոնական տեղեկություններով հայտնի չէր, թե ինչ է Հայաստանին մատակարարելու Ֆրանսիան:
Ինչպես հայտնել է ֆրանսիական կողմը՝ Հայաստանին պատրաստվում են մատակարարել ՀՕՊ համակարգեր, խոսքը, մասնավորապես, Thales-ի արտադրության GM 200 ռադարների և Mistral փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի մասին է: Պաշտպանության նախարարությունը նշել է, որ պետք է հիմք ընդունել պաշտոնական հայտարարությունները:
Այս դեպքում փաստորեն պետք է ընդունենք Ֆրանսիայի ՊՆ հայտարարությունը։