Ո՞վ է եղել պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանի հրամանատարը, որտե՞ղ է եղել, ե՞րբ է վերադարձել
2023 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսում անդրադառնալով Գայանե Հակոբյանի հետ կապված միջադեպին՝ որդու առևանգման թեմային, մասնավորապես, հայտարարել էր.
«Երբ ես նրա հետ զրուցեցի, նա ասաց․ «Արդյո՞ք նպատակն այն չէ, որ երկրում բոլոր հարցերը լուծվեն իրավական ճանապարհով։ Եվ ինչպե՞ս արձագանքեմ այս փաստին: Ես էլ իմ ընկերներին կամ ջոկատի անդամներին կանչեմ ու պատասխան քայլեր ձեռնարկե՞մ, թե՞ անհարգալից վերաբերմունքին պատասխանեմ անհարգալից վերաբերմունքով, սպառնալիքին՝ սպառնալիքով, առևանգմանը՝ առևանգմամբ»։
Իհարկե, տվյալ պարագայում ջոկատ ասվածը, ըստ էության, տեղին չէ, քանի որ Աշոտ Փաշինյանը զորակոչվել է զորահավաքի ժամանակ և ընդգրկվել ձևավորված ստորաբաժանման կազմում:
Պատերազմի օրերին Աշոտ Փաշինյանը չի վիրավորվել. եղել է Ջրականում (Ջաբրայիլ) և Որոտանում (Կուբաթլի)
Մայիսի 23-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, և այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունն ուղարկել է պատասխանները.
168.am – Ո՞ր կամ ի՞նչ ջոկատի կազմում է Աշոտ Փաշինյանը՝ որպես կամավորական, մասնակցել 44-օրյա պատերազմին, ո՞վ է եղել ջոկատի հրամանատարը, ո՞ր հատվածներում կամ որտե՞ղ է նա մասնակցել մարտական գործողությունների, արդյո՞ք Ջրականում, ինչպես պատերազմի օրերին հայտարարել էին իշխանության ներկայացուցիչները, թե՞ նաև այլ տեղերում:
Պատասխան- Աշոտ Փաշինյանը կամավոր ներկայացել է ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն զորակոչվել զորահավաքային զինվորական ծառայության՝ նշանակվելով ռազմական դրության ժամանակ ձևավորված N զորամասի (հրամանատար՝ գնդապետ Ա. Սմբատյան) 1-ին հգմ-ի 1-ին վաշտի 1-ին դասակում՝ ջոկի հրամանատարի պաշտոնում: Նշված զորամասն իր ողջ կազմով մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում, իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում:
168.am- Ե՞րբ է Աշոտ Փաշինյանը վիրավորվել, ե՞րբ է պատերազմից վերադարձել:
Պատասխան- Աշոտ Փաշինյանը 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների և այլ անձանց անվանացուցակներով չի անցնում: Համաձայն ՀՀ Կառավարության 10.12.2020թ. N 2003-Ն որոշման պահանջների՝ 2020թ. դեկտեմբերի 17-ին Աշոտ Փաշինյանը սահմանված կարգով արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:
168.am- Աշոտ Փաշինյանի ջոկատը, այսպես ասած, քանի՞ զոհ է տվել 44-օրյա պատերազմում:
Պատասխան- 2020թ. 44-օրյա ռազմական գործողությունների մասնակցության ընթացքում տվյալ զորամասի զինծառայողներից զոհվել է 21 անձ:
Հրապարակված փաստեր՝ պատերազմի օրերին և դրանից հետո
2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն, նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:
2020 թվականի հուլիսին զորացրված Աշոտ Փաշինյանն անմիջապես հետևել էր հոր կոչին և նույն օրը հավաքակայանից լուսանկար հրապարակել։
Հոկտեմբերի 7-ին Աննա Հակոբյանը «Երեք փխրուն աղջիկները» վերտառությամբ լուսանկար էր հրապարակել՝ թվագրված և նշված 5.10.2020թ., Ստեփանակերտ, որտեղ երևում է նաև Աշոտ Փաշինյանը:
Ավելին, 44-օրյա պատերազմի օրերին կամավորական Միքայել Միքայելյանը, ով 2020 թվականի հոկտեմբերի 29-ին հրավիրվել էր բրիֆինգի, նման մի գրառում էր կատարել.
«Կյանքումս չեմ մոռանա, երբ հոկտեմբերի մեկին Ջաբրայիլում գոռում էի, աղաչում էի, որ մի փախեք, մեզ մենակ մի թողեք, երբ որ Կուբաթլույում Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում էր, որ խրամատը մի թողեք փախեք։ Կյանքում չեմ մոռանա ոչ մի դասալիքի»:
Սա այն դեպքում, երբ Աշոտ Փաշինյանը հավաքակայանից նկար էր հրապարակել հոկտեմբերի 5-ին:
Ի դեպ, տարբեր տեղեկությունների համաձայն, Միքայել Միքայելյանը ԱԺ-ում է աշխատում, 2021-ին նույնիսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել է։
Իսկ սեպտեմբերի 30-ին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշել էր, որ այդ պահին իր որդուն չեն տարել դեռ:
Հոկտեմբերի 2-ին էլ «Հայկական ժամանակը» տեսանյութ էր հրապարակել՝ «Աննա Հակոբյանն այցելել է Շուշիի ապաստարաններ և զրուցել բնակիչների հետ», որտեղ երևում է նաև Աշոտ Փաշինյանը:
Իսկ 2020-ի հոկտեմբերի 8-ին տարածվել էր «Զինուժի» ռեպորտաժը Աշոտ Փաշինյանի՝ կամավոր պատերազմ մեկնելու մասին: Ըստ էության, «Զինուժի» տեսանյութն ավելի վաղ էր պատրաստվել, պարզապես այդ օրը շրջանառեցին:
Նշենք, որ և՛ «Զինուժի» ռեպորտաժում, և՛ Աշոտ Փաշինյանի պատերազմական հրապարակված լուսանկարներում երևում է փոխգնդապետ Աշոտ Չոբանյանը, ով զոհվել է 44-օրյա պատերազում՝ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին:
Մամուլում շրջանառվել է հոկտեմբերի 14, 15, սակայն ընտանիքը հայտնել էր, որ հրամանատար Աշոտ Չոբանյանի զոհվելու օրը հոկտեմբերի 13-ն է: Ենթադրելի է, որ նա ռազմական դրության ժամանակ ձևավորված N զորամասի շրջանակում որևէ դիրք է զբաղեցրել, այսպես ասած:
Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 13-ին Աննա Հակոբյանն այսպիսի մի գրառում էր կատարել.
«Երբ ամեն զանգից վեր ես թռչում, սրտիդ աշխատանքն արագանում է, ծնկներդ ծալվում են, աչքերիդ առաջ մթնում է, ուսերիդ ծանրությունից ողնաշարդ չես կարողանում ուղիղ պահել, ուզում ես ավելի շուտ հողի տակ անցնել, բայց հանկարծ այդ զանգը քեզ քո զինվոր որդու մասին վատ լուր չբերի կամ ասում ես՝ Աստված իմ գոնե վիրավորված լինի…»։
Իսկ դրանից մեկ օր առաջ՝ 2020 հոկտեմբերի 12-ին, իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը գրառում էր կատարել, թե իբր կամավորական բժշկից նամակ է ստացել, որում նշվում էր.
«Ես հիմա Գորիսի հիվանդանոցում եմ, Ջաբրայիլից զինվոր են բերել ազդրի հրազենային կոտրվածքով: Ասի, հերոս ջան, ասեց՝ հերոսը Փաշինյանի տղեն ա, գրադը խփեց, սաղ փախան, մի քանի հոգի մնացին ու Աշոտը»:
Նույնատիպ տեքստով գրառումներ ֆեյսբուքյան իրենց էջերին անմիջապես տեղադրեցին նաև իմքայլական այլ պատգամավորներ, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը:
Ավելի ուշ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ազգությամբ եզդի կամավորական Արմեն Հասանյանը վստահեցրել էր, թե իբր Աշոտ Փաշինյանն իր հետ Ջաբրայիլում է եղել, և առաջին հարվածն էլ ընդունել է նրա ջոկը, ցավոք, զոհեր են ունեցել:
«Ինչքանով ես եմ տեղեկացված եղել՝ նրա առաջադրանքը եղել է հետախուզական աշխատանքներ իրականացնելը: Եվ երբ նրանց ուղարկել էին դիտակետ հետախուզական աշխատանքներ իրականացնելու, այդ ժամանակ հակառակորդը սկսեց իր հրթիռահրետանային զարկերն իրականացնել»,- շարունակել էր Հասանյանը և հավելել՝ Աշոտ Փաշինյանի հետ Երևանից մեկնած նույն ավտոբուսով սկզբում եղել են Կուբաթլիում, զորավարժանքներ են եղել, այնուհետ՝ Ջաբրայիլում:
Ի դեպ, 2021 թվականի մայիսի 3-ին ԱԺ-ում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ իր որդու եղած վայրում ամենաշատ զոհերն ենք տվել:
«Այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում՝ այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք կողքի, իրար մարմիններով կպած մարդ է եղել, զոհվել է: Որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը, ոչ թե …: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է: Այո, մենք կռիվ ենք տվել: Եվ ասում եմ՝ իմ ընտանիքն այդ կռվի մեջ է եղել: Որևէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու անվտանգության համար 1 մմ ավել բան եմ արել, քան մյուս տասնյակ հազարավոր երեխաների համար: Որևէ մեկը չի կարող այդպիսի բան ասել: Նույն խրամաբջիջի մեջ գտնվող տղան՝ իմ որդու ընկերը, որ իր նման կամավոր է մեկնել, որովհետև մեր օրենքում այդպիսի անհասկանալի բան կա, որ մի տարի զորացրվածներին չենք մոբիլիզացնում: Մեր ամենամարտունակ հատվածին չենք մոբիլիզացնում: Նույն խրամաբջիջի մեջ, ականանետի պայթյունից, կողք կողքի իրար կպած են եղել, այդ տղան զոհվել է, իմ որդին՝ ոչ: Ո՞վ է որոշել դա»:
Նախախնամության հարց է, թերևս, որ Աշոտ Փաշինյանը նման պայմաններում նույնիսկ վիրավորում չի ստացել: Գուցե նրա ստացած «վերքերը» հոգեբանական են:
Աննա Հակոբյանի ջոկատը պատերազմի օրերին Արցախում որևէ մարտական գործողության չի մասնակցել
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն մայիսի 23-ին մեր ուղարկած հարցման միջոցով փորձել էր որոշ պարզաբանումներ ստանալ նաև 44-օրյա պատերազմին Աննա Հակոբյանի և նրա «Էռատո» ջոկատի մասնակցության մասին:
168.am– Աննա Հակոբյանը և նրա «Էռատո» ջոկատը ո՞ր հատվածում են մասնակցել պատերազմական գործողություններին, երբ միայն 2020թ. նոյեմբերի 6-ին են պատրաստ եղել մարտական առաջադրանքի, ե՞րբ են վերադարձել պատերազմից: Եվ նոյեմբերի 10-ին, երբ արդեն ստորագրված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտե՞ղ է եղել Աննա Հակոբյանը և իր ջոկատը, ո՞ր դիրքերից նրանք չէին ցանկանում իջնել, ինչպես նա գրել էր իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
Պատասխան- Ձեր հարցման մեջ նշված ջոկատը, ինչպես մյուս կամավորական ջոկատները, ներառվել են Զինված ուժերում նոր կազմավորված զորամասերի (ստորաբաժանումների) կազմում, 2020թ. հոկտեմբերի 25-ին հանդերձավորվել և անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթակայության տակ: Ջոկատը նախ տեղակայվել է Հարթաշեն գյուղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում:
Հավելենք, որ 2021 թվականի հունիսին Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Էռատո» ջոկատի «մարտական» գործողություններին, հայտարարել էր.
«Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում: Ի՞նչն է այստեղ վատ, դավաճանությո՞ւն ա: Պետք է գնային սալոններում լինեին, որ ճիշտ լինե՞ր»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ տարբեր տեղեկություններով՝ նախ Աննա Հակոբյանի և «Էռատո» ջոկատի անվտանգության ապահովման համար Գորիսում բունկեր և խրամատ էր փորվել:
Ավելի ուշ 2-րդ, 3-րդ գծում մի փոքր փոս են փորել, երբ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 17-19-ին գնացել է այնտեղ, բայց սա դասական իմաստով խրամատ չի եղել:
Ինչ վերաբերում է այդ օրերին սոցցանցերում տարածված «Էռատո» ջոկատի և Աննա Հակոբյանի «ռազմական» նկարներին, ապա դրանք արվել են Կոռնիձոր-Խնձորեսկ հատվածում գտնվող մի տան նկուղում, որտեղ Աննա Հակոբյանը բուշլատով ծածկված է:
Այսինքն, Աննա Հակոբյանի ջոկատը Արցախում որևէ դիրք չի պահել, մարտական գործողության չի մասնակցել: Իսկ թե ինչու է միայն հոկտեմբերի 25-26-ին որոշել մարտական պատրաստություն անցնել և պահել Կոռնիձորի կամ Գորիսի դիրքերը, հայտնի չէ: