Ինչո՞ւ է Փաշինյանը հիշել Միքայել Արզումանյանին, կամ՝ ձախողված գերագույն հրամանատարի լեզվական վրիպումները, ինքնախոստովանությունները

Ապրիլի 12-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել գեներալների հասցեին:

Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել է՝ արդյո՞ք 5-րդ շարասյան վերաբերյալ նրա արած հայտարարությունը փաստերի վրա էր հիմնված, ինչին Փաշինյանը պատասխանել է.

«Համընկնումը պատահական է, բայց 2 օր առաջ հեռուստատեսությամբ մի ռեպորտաժ տեսա մի քրեական գործի մասին, որը, ինչքան հասկացա՝ ուղարկվել է կամ պետք է ուղարկվի դատարան, որը հետևյալի մասին է, որ ադրբեջանական կողմը գրոհել և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է և հետ է գրավել բարձունքը:

Հիմա քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է ինչի՞ համար, որ գնացել է, ընդ որում, իր լիազորությունները զանցառելով, ըստ էության գնացել, ասել է՝ հետ իջեք հետ գրաված բարձունքից, թողե՛ք այդ բարձունքը: Սա չի պրոբլեմը, ամենամեծ պրոբլեմն այն է, որ ցանկացած գործողություն պետք է ունենա պատճառաբանություն, պետք է ունենա բացատրություն: Որովհետև ենթադրենք՝ Պաշտպանության բանակը հաջող հակագրոհ է արել և բարձունքը հետ է գրավել, և մեր բարձրաստիճան զինվորականը գնում հրամայում է, ասում է՝ հետ իջեք, թողեք բարձունքը, այսինքն՝ ըստ էության բարձունքը նորից հանձնեք թշնամուն: Ընդ որում, այդ մարդիկ դիմադրում են, բայց ինքը պնդում է՝ չէ որ չէ, բարձունքը հետ է հանձնում: Ու պրոբլմն այն է, որ չկա բացատրությունը, ինչո՞ւ, ինչո՞ւ է հետ հանձնվում: Պայմաններ է ապահովում, որպեսզի հակառակորդն առանց որևէ բարդության՝ գրավի տարածքներ, հետո, երբ փաստերը դրվում են, ինքն ասում է՝ հա, մեղավոր եմ, ընդունում եմ իմ մեղքը, բայց սա ամբողջ պատմությունը չի, բայց ինչի՞ ես արել դա, լավ, ինչի՞ ես արել:

Կարդացեք նաև

Հասկանում եք, ոչ մի հանցագործություն բացահայտված չի, մինչև իր մոտիվացիան չի բացատրվել: Օրինակ՝ եթե ինձնից փորձագիտական կարծիք հարցնեք, որը դե յուրե ոչ մի նշանակություն չունի, ասեք՝ բա ձեր վերսիան ո՞րն է, ինչի՞ են արել, ես կանեմ գուցե ավելի աղմկոտ բացատրություն կամ աղմկոտ հայտարարություն: Օրինակ, ես մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են էդ մարդիկ, հավաքագրվա՛ծ գործակալներ:

Ես, օրինակ՝ էնքան մտածում եմ ինքս իմ մեջ, ես սա չեմ պնդում, անում եմ իմ վերլուծական հետևությունը, որովհետև ես ուզում եմ բացատրություն գտնեմ: Այսինքն՝ կամ ինքը պետք է վերևից հրաման ստացած լինի, ե՞ս պտի տված լինեմ էդ հրամանը, ես գիտեմ, որ ես էդ հրամանը չե՛մ տվել, ուրեմն ինքն ուրիշ տեղ ունի վերև, որտեղից ստացել է հրամաններ և կատարել է, որովհետև, եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ, բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստացած լինելու փաստը խոստովանելու պարագայում ինքն ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք, ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք, որովհետև էն մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի՝ 0 արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է, օրինակ»,- Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Պատերազմի օրերին իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանն այստեղ, ըստ էության, անուղղակի խոսում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի մասին, որը, մոտ 7 ամիս է՝ կալանքի տակ է: Նա մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու: Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ «Արեգա» բարձունքի հետ կապված դրվագը: Իսկ ռեպորտաժը նա դիտել է, թերևս, հանրային հեռուստաընկերությամբ:

Իսկ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի արած վերը նշված հայտարարությունը ստիպում է մի քանի հարցադրումներ անել:

Ինչո՞ւ է Փաշինյանը հիշել Միքայել Արզումանյանին

Առաջին, որքան էլ Միքայել Արզումանյանի անունը չի տրվում, սակայն Անդրանիկ Քոչարյանի հարցին իր պատասխանում Նիկոլ Փաշինյանը նկարագրում է ՊԲ նախկին հրամանատարին առաջադրված մեղադրանքի առաջին դրվագը: Ավելին, գործը նոր է դատարան մտել, բայց Փաշինյանը, ըստ էության, նրան մեղավոր է հռչակում՝ ակնարկելով, որ դեռ մի բան էլ մեղմ են գտնվել, քանի որ Արզումանյանի կատարածը ավելի մեծ «հանցագործություն» է, բայց որոշել են սահմանափակվել ծառայողական անփութության համար մեղադրելով՝ իբր անսալով նրա խնդրանքին: Թե որքանով այստեղ անմեղության կանխավարկածի խախտում կա, թողնենք մասնագետներին, իսկ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, թե իբր Արզումանյանն ընդունել է իր մեղքը («Ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք».- Ն.Փ.), մինչդեռ ՊԲ նախկին հրամանատարի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջադրված մեղադրանքներն անհիմն են:

«Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե իբրև «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված է եղել, սակայն Միքայել Արզումանյանի հրամանով յուրային ուժերը հետ են նահանջել, և թշնամին նորից զբաղեցրել է այն, ապա դա ևս անհիմն մեղադրանք է։ Մասնավորապես, հաստատապես պնդում եմ, որ «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված չի եղել, ինչի վերաբերյալ բազմաթիվ անհերքելի ապացույցներ են առկա քրեական վարույթում, հետևաբար՝ Միքայել Արզումանյանը չէր կարող նման հրաման տալ։ Առավել ևս, որ նա այդպիսի հրաման տալու իրավասություն չի ունեցել»,- շեշտել էր Արզումանյանի պաշտպանը:

Ի դեպ, այս համատեքստում ուշադրություն հրավիրենք մի հանգամանքի վրա. Փաշինյան իր խոսքում ասում է՝ «ենթադրենք՝ Պաշտպանության բանակը հաջող հակագրոհ է արել…»:

Այս բառը, սովորաբար, օգտագործում են, երբ վստահ չեն իրականացվածի մեջ:

Գուցե դրա համա՞ր է Փաշինյանը շեշտադրում ենթադրյալ արարքի մոտիվացիայի վրա:

Բայց ենթադրել կարող ենք մենք, նրանք, որոնք չունեն պաշտոնական լծակներ, իսկ երկրի ղեկավարը և գերագույն հրամանատարը չի կարող ենթադրություններով խոսել, և այն էլ՝ պատերազմից մոտ 2.5 տարի հետո, քանի որ ի պաշտոնե տիրապետում է լուրջ տեղեկությունների:

Երկրորդ, հետաքրքիր է՝ իմանալ, թե ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը՝ որպես գերագույն հրամանատար և ՀՀ ղեկավար, իմացել «Արեգա» բարձունքի շուրջ կատարված գործողությունների մասին, որոնք սկսել են պատերազմի երկրորդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին, և տևել մինչև հոկտեմբերի 5-ը: Եթե ուշ է իմացել, նշանակում է՝ Փաշինյանը ձախողվել է որպես գերագույն հրամանատար, մյուս կողմից, հարց է՝ որքա՞ն ուշ, որովհետև եթե այս մասին իմացել է այն ժամանակ, երբ դեռ ՊԲ հրամանատարը Ջալալ Հարությունյանն էր, ապա ինչպե՞ս է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ՊԲ հրամանատարի պաշտոնում Ջալալ Հարությունյանին փոխարինող ընտրել հենց Միքայել Արզումանյանին, եթե, ինչպես ինքն է ակնարկում՝ «շարքային գործակալ» է, կամ «պետական դավաճանությանը» համազոր արարք է գործած եղել: Արդյո՞ք այս առումով ևս պատասխանատվությունը հենց Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի դաշտում չէ:

Ի դեպ, եթե Ջալալ Հարությունյանի ՊԲ հրամանատար եղած ժամանակ Միքայել Արզումանյանի հրամանը ինչ-որ տեղում, ինչ-որ մարդկանց կողմից կատարվել է, սա էլ իր հերթին նշանակում է՝ Ջալալ Հարությունյանը պատերազմի առաջին իսկ օրերին ձախողվել է որպես հրամանատար, հատկապես, երբ պատերազմական գործողությունների առաջին րոպեներին էլ չի եղել աշխատավայրում, թեպետ առնվազն սեպտեմբերի 25-ից իմացել է՝ պատերազմ է սկսվելու, էլ չասենք սեպտեմբերի 26-ին ՊԲ զորամասերից մեկում խնջույքի կազմակերպման փաստը:

Կարո՞ղ ենք այս ամենում, կադրային այս նշանակումներում ինչ-ինչ նպատակներից ելնելով՝ դիտավորություն տեսնել, թե՞ դա վերագրենք զուտ Փաշինյանի՝ գերագույն հրամանատարի գործառույթներին չտիրապետելուն և պատշաճ չկատարելուն: Իսկ գուցե թողնենք ժամանակի՞ն… երբ իշխանափոխություն տեղի ունենա և այդ ամբողջ ճշմարտությունը կբացահայտվի:

Երրորդ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետևյալ արտահայտությունն է արել. «…Ինքը պետք է վերևից հրաման ստացած լինի, ե՞ս պտի տված լինեմ էդ հրամանը, ես գիտեմ, որ ես էդ հրամանը չեմ տվել…, որովհետև, եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ…»:

Ի՞նչ է նշանակում՝ Փաշինյանը մոդերատոր չէ՞ր (ինքն էր իրեն այդպես անվանել), այսինքն, նա կարո՞ղ էր նման հրաման տալ:

Եվ եթե ինքը հրաման տված լիներ և այդ օպերացիան ձախողվեր, կամ նահանջի հրամանը ծանր հետևանքների բերեր, պիտի ընդունե՞ր իր պատասխանատվությունը:

Այս դեպքում հիշեցնենք, որ պատերազմական երկու դրվագով (առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդ դրվագը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին) մեղադրվող ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը հայտարարել էր, որ Փաշինյանը հաստատել էր Ջալալ Հարությունյանի հակահարձակման անցնելու որոշումը, պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը կրել պատասխանատվություն դրա ծանր հետևանքների համար:

Ի դեպ, նա ավելի ուշ խմբագրել էր այս հայտնի ռազմական օպերացիայի մասին պատերազմի ընթացքում արված գրառումը:

Միքայել Արզումանյանի կադրային տեղաշարժերը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք. ինչ պաշտոն է զբաղեցրել նա պատերազմի առաջին օրերին

Չորրորդ, վերադառնալով Միքայել Արզումանյանին, հավելենք, որ 168.amուսումնասիրել էր Միքայել Արզումանյանի կադրային տեղաշարժերը Նիկոլ Փաշինյանի օրոք: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը շատ լավ վստահել է մի մարդու, ում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տարբեր որակումներ էր տալիս, կասկածներ հայտնում: Եվ այսպես՝

2018, 7 փետրվար- Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Միքայել Արզումանյանն ազատվել էր Արցախի Հանրապետության ՊԲ N19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից։

2018, 27 հունիս- Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Արզումանյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ:

2018, 18 հուլիս- Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Արզումանյանն ազատվել էր գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Այդ ժամանակ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լրագրողներին հայտնել էր, որ 2018-ի հուլիսի 7-ին Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ:

«Լուրեր էին տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ: Ուստի վարչապետը պահանջել է բացատրություններ, և կարող եմ վերահաստատել վարչապետի այն տեսակետն ու դիրքորոշումը, որ զինվորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ինչը նաև օրենքն է ասում, իսկ զբաղվելու դեպքում խստագույնս կպատժվեն»,- նշել էր Եղոյանը:

Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսի 7-ին «Արցախյան զարթոնք» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել Ստեփանակերտում՝ պահանջելով Բակո Սահակյանի հրաժարականը:

Կազմակերպիչները նախքան հավաքի մեկնարկը հայտարարել էին, որ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը ներկա է լինելու հավաքին, քանի որ իրենց համակիրն է, սակայն արդեն ակցիայի ժամանակ պարզվել էր, որ գեներալը չնախատեսված գործնական այցով մեկնել է Երևան:

2019, հունիս 24- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Միքայել Արզումանյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

2020, 21 հունիս- Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Դրանից հետո 168.am-ը տեղեկություն էր ստացել, որ Միքայել Արզումանյանին ՊՆ-ում պաշտոն են տվել՝ հետախուզության վարչությունում: Եվ պատերազմի առաջին օրերին, այդ թվում՝ ՔԿ-ի հիշատակած Արեգասարի դեպքերի օրերին, գեներալը, մեր տեղեկություններով, դեռ այս պաշտոնին է եղել:

Այնուհետ, ինչպես նշեցինք, Միքայել Արզումանյանը 2020-ի հոկտեմբերի 27-ին դարձել էր ՊԲ հրամանատար, հրաժարական էր տվել 2021-ի սեպտեմբերի կեսերին մոտ, այնուհետ նշանակվել էր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական:

Ի՞նչ է եղել Փաշինյանին հողեր ծախելու մեջ մեղադրող սպա Ն.Մ.-ի հետ

Իսկ ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր, թե իր ունեցած տեղեկություններով, էլի ունենք իրավիճակներ, երբ սպան դիրքերը թողնելու հրաման է տվել, և, որ դրանք ևս կարող են ռեպորտաժի նյութ դառնան:

«Օրինակ՝ երբ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում և հանձնարարում է իր ենթակային, ասում է՝ գնա, զորքի մեջ խուճապ տարածի, այնպես արա, թող բոլորը թողնեն այդ դիրքերը, գնան»,- շեշտել է նա:

Հավելենք, որ 168.am-ը գնացել է պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ պնդմամբ մի գրառման հետքերով, ինչը շարունակվելու է:

2020թ. հոկտեմբերի 8-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «մի քանի օր առաջ ահազանգ է ստացել, որ առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

«Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ զինծառայողների շրջանում կեղծ, խուճապ առաջացնող լուրեր տարածողը սպա է: ԱԱԾ-ն նշել էր նաև նրա անվան և ազգանվան սկզբնատառերը` Ն. Մ., և, որ նա ձերբակալվել է:

Վերջերս ԱԱԾ-ից փորձեցինք ճշտել՝ ինչ է եղել այդ անձի հետ, և ինչ փուլում է հարուցված գործը, մեզ հայտնեցին, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: Մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ այս գործի վերաբերյալ նաև ՔԿ-ից:

Իսկ մինչ այդ մեր մեկ այլ հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասացին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ԱԱԾ-ում պետական դավաճանության դեպքով հարուցվել է 1 քրեական գործ, այն էլ՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը տեղի ունեցած փաստով: Այսինքն, Փաշինյանը ստել է մինչ այս հակառակ հայտարարություններ անելով:

Պատերազմի օրերին բարձր կոչումներ ստացածները

Հոդվածի տրամաբանության մեջ հարկ ենք համարում հիշեցնել այն զինվորականներին, որոնց պատերազմի օրերին Փաշինյանը բարձր կոչումների է արժանացրել:

Մասնավորապես՝

-2020 թվականի հոկտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ներկայացրել այդ ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ այդ ժամանակ ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին՝ գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին՝ գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:

2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆեյսբուքի իր էջում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այդ ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին կշնորհվի ՀՀ Ազգային հերոսի կոչում:

-2020 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին։

Պատերազմից հետո այս բարձրաստիճան զինվորականները տարբեր ժամանակահատվածներում պաշտոնանկ արվեցին, դե յուրե և դե ֆակտո մեղադրվեցին տարբեր գործողությունների մեջ, իսկ գեներալ Արայիկ Հարությունյանն այս պահին կալանքի տակ է։ 

Տեսանյութեր

Լրահոս