Բաժիններ՝

Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռով հարվածել է Ուկրաինային. փոխադարձ հարվածները շարունակվում են

Լույս մայիսի 24-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 600 անօդաչու թռչող սարք և 90 հրթիռ, այդ թվում՝ «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, շուրջ 100-ը՝ վիրավորվել։ Կիևի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքում զոհվել է 2 մարդ, 87-ը վիրավորվել է։ Վնասվել են բազմաթիվ մշակութային և պատմական օբյեկտներ, բնակելի տներ և կառավարական շենքեր։ Ըստ մայրաքաղաքի իշխանությունների՝ կիրակի գիշերը հասցված հարվածը վնասված շրջանների թվով ամենաուժգինն է եղել 2022 թվականին հակամարտության մեկնարկից ի վեր։

Առնվազն մեկ միջին հեռահարության «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռ արձակվել է Կիևից ոչ հեռու գտնվող Բելայա Ցերկով քաղաքին վրա։ Չնայած «Օրեշնիկ»-ը միջին հեռահարության հրթիռ է, սակայն դրա ենթադրյալ հեռահարությունը կազմում է 5500 կմ, ինչը մոտ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հեռահարության։ Այս հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկներ կրել։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան կոչ է արել ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ մարմինների շտապ նիստ անցկացնել՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա Ռուսաստանի հասցրած զանգվածային հարվածին արձագանքելու համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X հարթակում գրառմամբ դատապարտել է ռուսական հարձակումները և դրանց ընթացքում «Օրեշնիկ» հրթիռի օգտագործումը։ Նա վերահաստատել է, որ Ուկրաինային աջակցությունը կշարունակվի, և ամեն բան կարվի արդար և տևական խաղաղության հասնելու համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածը հասցվել է՝ ի պատասխան ՌԴ տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա Կիևի հարձակման։

Իսկ լույս մայիսի 25-ի գիշերը ռուսական հարվածներից Զապորոժիեում 3 մարդ է վիրավորվել։

Ուկրաինան էլ գիշերը հրթիռակոծել է ՌԴ Բելգորոդի մարզը։ Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Էլեկտրամատակարարման և ջրամատակարարման խափանումներ են գրանցվել։ Տեղի իշխանությունները հայտնել են 1 զոհի մասին։ Եվս մեկ մարդ զոհվել է Բրյանսկի մարզում։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, տասից ավելի մասնավոր տներ, սոցիալական, վարչական շենքեր։

Անօդաչուների զանգվածային հարվածների է ենթարկվել Յարոսլավլը։ Մեկ կին տուժել է։ Ժամանակավորապես դադարեցվել է Յարոսլավլից դեպի Մոսկվա ուղղությամբ երթևեկությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031