Միքայել Արզումանյանի գործի նախաքննությունն ավարտվել է. նրա կալանքն ուղղակի քաղաքական իշխանության ուղղորդումն է
Արդեն մոտ 7 ամիս է՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանքի տակ է: Նա մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու:
Դրվագ առաջին. ՊԲ հրամանատար չհանդիսացող Միքայել Արզումանյանը հրամայել է թողնել «Արեգա» բարձունքը
Ըստ մեղադրանքի, 2020թ. սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի հյուսիսարևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։
Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։
2020թ. սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ:
«Սեպտեմբերի 29-ին առավոտյան ժամը 07.00-ից յուրային ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել է հակագրոհի օպերացիա, և արդեն իսկ ժամը 09։50-10:00-ի սահմաններում մեր ստորաբաժանումներին հաջողվել է տվյալ ուղղությամբ ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկան՝ շուրջ 10-ը, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է 2 զրահափոխադրիչ: Եվ «Արեգա» բարձունքը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ»,- 168.am-ին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից:
ՔԿ-ից ստացված տեղեկության համաձայն, 2020թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին, չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:
«Անձնակազմը հրաժարվել է կատարել հրամանը՝ պատճառաբանելով, որ չկա հիմք, և իրենք իրենց վերադասից չեն ստացել նահանջ կազմակերպելու և իրականացնելու հանձնարարություն, որից հետո նույն հրամանը տրվել է զորամիավորման հրամանատարին: Բարձրաստիճան սպան, օգտագործելով զորամիավորման հրամանատարի, այսինքն՝ գրոհն իրականացրած ստորաբաժանման վերադաս-հրամանատարի՝ նախկինում անմիջական պետ լինելու հանգամանքը, ինչպես նաև՝ զինվորականի իր հեղինակությունը, պահանջել և պնդել է անհապաղ կատարել իր հրամանը՝ նշելով, որ ինքն իրավիճակին ավելի լավ է տիրապետում, չի կարող ռադիոկապով մանրամասներ հայտնել, այլ տվյալներ բացահայտել: Սակայն անհրաժեշտ է, որ անձնակազմը թողնի բարձունքը և նահանջ իրականացնի: Սրանից հետո գրոհն իրականացրած ստորաբաժանման վերադաս-հրամանատարն անձնակազմին նահանջի հրաման է տվել: Եվ հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը»,- ասացին մեզ ՔԿ-ից:
2020թ. հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումներն ունեցել են զոհեր և վիրավորներ:
Միքայել Արզումանյանը մեղադրանքը չի ընդունում: Ի դեպ, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ այս դրվագի հետ կապված Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ցուցմունքի հիման վրա:
MediaHub.am-ի հետ զրույցում նա հերքել էր այս տեղեկությունը:
Հարցին, որ ՔԿ հաղորդագրության համաձայն՝ Մ. Արզումանյանն «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել, Ջալավյանը պատասխանել էր. «Իր մեղադրականում «Արեգայի» մասին խոսք չկա։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ, ծանոթ չեմ ՔԿ հաղորդագրությանը», հետո ավելացրել է, որ Միքայել Արզումանյանը նահանջի հրաման տվող մարդ չէ:
ՔԿ-ից, սակայն, մեզ փոխանցեցին, որ նահանջի հրաման տալու վերաբերյալ տվյալը հաստատվել է մի շարք անձանց ցուցմունքներով, և, որ հարցաքննվել է օպերացիայում ներգրավված անձնակազմի հիմնական մասը, կատարվել են առերեսումներ:
Ջալալ Հարությունյանը՝ որպես ՊԲ հրամանատար, ձախողվել է պատերազմին նախորդող օրերին
Եթե ընդունենք, որ պատերազմի առաջին օրերին և նշված գործողությունների ժամանակ Միքայել Արզումանյանը չի հանդիսացել ՊԲ հրամանատար, ավելին, պաշտոն է զբաղեցրել ՀՀ զինված ուժերում, իսկ ՊԲ հրամանատարն այդ ժամանակ եղել է Ջալալ Հարությունյանը, ապա սա վկայում է պատերազմի առաջին իսկ օրերից ՊԲ-ում, առաջնագծում եղած անկազմակերպ վիճակի և Ջալալ Հարությունյանի՝ առնվազն ՊԲ հրամանատարի պարտականությունները, մեղմ ասած, պատշաճ չկատարելու, ես կասեի՝ իր տեղում չլինելու մասին:
Վերջին մտքի համատեքստում հարկ է հիշել, որ 2020թ. սեպտեմբերի 26-ին Արցախի ՊԲ N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Սևակ Աբրահամյանը ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում ՊԲ N զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք: Թեպետ այդ պայմաններում վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։
Ավելին, 2020թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում Աբրահամյանը շարունակել է դրսևորել անգործություն, չի ընդունել որոշում զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար:
Այդ պայմաններում 2020թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և առաջիկա ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով՝ ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն։ Զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է՝ կրելով զոհեր և վիրավորներ, հայկական կողմը կորցրել է նաև գերիշխող բարձունքներ, հրամանատարական դիտակետեր, Թալիշը և Մատաղիսը: Բայց արի ու տես, որ Աբրահամյանը շարունակել է նշված զորամասի հրամանատարի պաշտոնում մնալ մինչև հոկտեմբերի 4-ը, էլ չասենք, որ հետո պաշտոնի բարձրացում է ունեցել: Արդյո՞ք պատերազմից մեկ օր առաջ խնջույքի կազմակերպման համար կարևոր հատվածում չի ենթադրում նաև Ջալալ Հարությունյանի պատասխանատվությունը, և որևէ կապ չունի՝ տեղյա՞կ էր, թե՞ ոչ: Երկու դեպքն էլ խոսում է ՊԲ հրամանատարի պարտականությունները պատշաճ չկատարելու մասին:
Ի դեպ, Ջալալ Հարությունյանն ինքը պատերազմի առավոտն աշխատավայրում չի եղել, պատերազմը սկսելուց հետո է շտապել այնտեղ: Այսինքն, պատերազմի սկսվելուց տեղում չի եղել: Ինչո՞ւ է շարունակել պաշտոնավարել մոտ 30 օր, կարող ենք միայն ենթադրություններ անել:
Նշենք, որ 2020թ. հոկտեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ մարտական խնդիր կատարելու ժամանակ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու փաստով պայմանավորված՝ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում Արցախի Հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Նրան միաժամանակ շնորհվել էր գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Շուշիի կորուստ. Մ. Արզումանյանի դեմ մեղադրանքի 2-րդ դրվագ
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին փոխանցեցին, որ արդեն հոկտեմբերի 27-ին բարձրաստիճան սպան գրավոր արձանագրել է՝ հակառակորդի նպատակը Շուշի հասնելն է, որից հետո կարգադրել է Քարինտակի ուղղությամբ պաշտպանական բնագիծ զբաղեցնել, որի ճակատը պետք է լիներ 3.5-4 կմ, սակայն, երբ ստորաբաժանումը գնացել է բնագիծ զբաղեցնելու, պարզվել է, որ դրա մի մասն արդեն անցել է հակառակորդին: Սրանից հետո, ըստ ՔԿ-ի փոխանցած տվյալների, պաշտպանական բնագիծը կրկնակի կրճատվել է:
«Այդ մասին կրկին զեկուցվել է բարձրաստիճան սպային՝ Արզումանյանին, նշվել է, որ աջ կողմում, ետևում ստորաբաժանումներ չկան, ինչը նշանակում է, որ հակառակորդն այդ ուղղություններով կարող է զարգացնել իր առաջխաղացումը և հեշտությամբ մոտենալ Շուշի-Լիսագոր ավտոճանապարհին: Բայց նրա կողմից որևէ ստորաբաժանման չի հանձնարարվել, որ գնա և պաշտպանություն զբաղեցնի աջակողմյան հատվածում»,- հայտնեցին մեզ ՔԿ-ից:
Ըստ մեղադրանքի, 2020թ. նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թևից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն:
Սրանից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերում հակառակորդի ստորաբաժանումները հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք, այնուհետև շրջանցել են Շուշի-Քարինտակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին:
Նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից հակառակորդը ներթափանցել է Շուշի քաղաք, նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետևանքով, տվել են զոհեր և վիրավորներ:
«Բարձրաստիճան սպայի տրամադրության տակ դեռևս հոկտեմբերի 30-ից եղել են ստորաբաժանումներ, որոնք կարող էին կիրառվել տվյալ ուղղությամբ: Խոսքը 4 ստորաբաժանման մասին է՝ 550 զինծառայողից բաղկացած»,- նշեցին ՔԿ-ից և հավելեցին, որ երբ «նոյեմբերի 5-ին հակառակորդին հաջողվել էր մտնել Շուշի քաղաք, Միքայել Արզումանյանը վերադաս ղեկավարությանը զեկուցել է՝ իրադրությունը վերահսկելի է, թեպետ բարդ իրավիճակ է»:
Նշենք, որ Սամվել Բաբայանը 2022թ. հոկտեմբերին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Շուշիի օպերացիայի ընթացքում իր ասածով չեն արել և 3 օրում 500 զոհ տվեցին՝ նշելով, որ թշնամին Շուշի մտել է նոյեմբերի 5-ին:
Պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղարի պարտականությունները կատարած Սամվել Բաբայանը ծիծաղելի էր նաև համարել խոսակցությունները, թե ՊԲ նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանից և Միքայել Արզումանյանից հետո հաջորդ մեղադրվողը 44-օրյա պատերազմի համատեքստում ինքն է լինելու: Ըստ նրա՝ իր բոլոր ասածները քննության առարկա են:
«Բոլոր մասնակիցները գնում են ցուցմունքներ գրելու, և՛ Քյանդ-Հորադիզի ուղղությամբ կատարվածը, և՛ Շուշիի օպերացիան, և՛ դրա թիկունքը փակելը։ Ես գիտեմ, որ նրանք, ովքեր գնում են, շատ վատ կարգավիճակում են։ Ինձ հարցրել են, ես նկարագրել եմ, թե ոնց է եղել։ Հետո այդ անձերին են կանչել, և ստացվել է, որ իմ ասածն է իրականությունը։ Իրենց ասածն իրականության հետ չի բռնում։ Վկայի կարգավիճակ ունեմ։ Մենք 1000 տոկոսով ճիշտ ենք։ Այստեղ մարդիկ կան, որոնք լրատվականներով ասում են, թե հես ա հերթն իմն է․․․ ժողովուրդ, մի ծիծաղեցրեք։ Խայտառակ վիճակ է եղել»,– շեշտել էր նա:
ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործի նախաքննությունն ավարտվել է, դատախազի հաստատումից հետո կուղարկվի դատարան:
Ավելի ուշ գեներալի փաստաբան Երեմ Սարգսյանը պարզաբանել էր.
«Նախաքննությունը չի ավարտվել այն պատճառով, որ քրեական վարույթով լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ապացուցողական և քննչական գործողություններն ավարտվել են, այլև՝ որ այդպես հարմար է գտել մեղադրանքի կողմը։ Իսկ իրականում, որքան այս քրեական վարույթով քննությունը խորանում էր, այնքան առավել ակնհայտ էր դառնում, որ Միքայել Արզումանյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն են։ Դա առավել քան ակնհայտ էր դառնում Միքայել Արզումանյանի մասնակցությամբ կատարված առերեսումների ժամանակ, որոնց ընթացքում մեր կողմից տրված հարցերին հնչում էին այնպիսի պատասխաններ, որոնց առկայության դեպքում անհնար էր այս քրեական վարույթով Միքայել Արզումանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմել և գործ ուղարկել դատարան»:
Գեղամ Մանուկյանին արգելել են տեսակցել Միքայել Արզումանյանին
168.am-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղեկացրել է, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին տեսակցելու համար դիմում էր ներկայացրել նրա գործը քննող քննիչին և գրությունով տեղեկացրել, որ ցանկանում է հանդիպել:
«Բացի այս, պարտավորություն էի վերցրել, որ եթե այդ զրույցի ընթացքում ինձ ակամա որևէ տվյալ հայտնի դառնա, պարտավոր եմ չհրապարակել դրանք և չվնասել նախաքննության ընթացքին, նաև ունեմ գաղտնի տեղեկությանը տիրապետելու արտոնություն: Սակայն քննիչը մի քանի օրվա դադարից հետո պատասխանեց, որ նպատակահարմար չի համարում տեսակցությունը՝ չհիմնավորելով, թե ի՞նչ պատճառով»,- նշեց Մանուկյանը՝ հիշեցնելով, որ քաղաքական հետապնդման ենթարկված գործիչների, զինվորականների, համայնքի ղեկավարների հետ ևս տեսակցելու ցանկություն հայտնել են, երբեմն եղել է այդ հնարավորությունը:
Ըստ նրա, բարձրաստիճան սպաներին տեսակցելու հնարավորությունը նախաքննական մարմինը ի սկզբանե արգելում է:
«Միքայել Արզումանյանին պարզապես ուզում էի տեսակցել, որ Արցախյան ազատամարտով անցած հերոսական զինվորականը հասկանա՝ ինքը թշնամական, ադրբեջանական բանտում նստած չի, և ոչ բոլորն են այս երկրում նիկոլական, ծառայամիտ, հատկապես որ, հոգեբանական անհավատալի դժվար պայմաններում է գեներալ Արզումանյանը նստած, որովհետև նրա կալանքը ուղղակի քաղաքական իշխանությունը ուղղորդում է և պատրվակ է դարձնում նրա կալանքը՝ մեր հերոսական բանակի, զինված ուժերի վրա ցեխ շպրտելու համար»,- եզրափակեց Մանուկյանը: