Ո՞ր դեպքում կաջակցեն Հայաստանին. Զելենսկին չէր ստանա աջակցություն Արևմուտքից, եթե հանձներ Օդեսան, Դոնբասը. Ալեքսանդր Իսկանդարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
- Եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, պատկերը մեր տարածաշրջանում և հատկապես՝ Հայաստանում բոլորովին այլ կլիներ: Պետք է վերլուծությունը սկսել այդ հակամարտությունից, որովհետև դրանից է այսօր շատ բան կախված:
- Ուկրաինայում ամեն տան համար մարտեր են ընթանում, այնպես, ինչպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հիմա նոր պատերազմի նախապատրաստական գործողություններ են ընթանում, իսկ նման բնույթի մարտերն ընդամենը ջլատում են երկու կողմին՝ մարդկանց մեծաթիվ կորուստ և ռազմական մեծաքանակ տեխնիկայի կիրառում: Արդյունքը դեռևս չի երևում: Հնարավոր է՝ ամռանը ռազմադաշտում լուրջ ռազմական գործողություններ ծավալվեն:
- Ուկրաինան ռազմական օգնություն է ստանում Արևմուտքից, բայց սահմանափակ են մարդկային ռեսուրսները: Խորհրդային Միության փլուզումից հետո 50 միլիոնանոց Ուկրաինայի բնակչության թիվը կտրուկ նվազել է, հասել է մոտավորապես 20-30 միլիոնի: Կան մեծ կորուստներ, տղամարդկանց արգելված է դուրս գալ երկրից, բայց հատկապես Եվրոպա, Ռուսաստան, բայց նաև այլ երկրներ գնացել են հիմնականում կանայք, երեխաները և ծերերը:
- Ռուսաստանը կռվում է դեռևս առանց համընդհանուր մոբիլիզացիայի:
- Երկու կողմում էլ իրավիճակը հավասար է:
- Ըստ տարածված տեղեկությունների՝ մեկ տարի առաջ Ստամբուլի միջնորդությամբ հաշտություն պետք է կնքվեր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, բայց ԱՄՆ-ը խոչընդոտեց: Միացյալ Նահանգներն այս պատերազմով հիմա էլ ստանում է այն, ինչ ակնկալում էր՝ Եվրոպայի կոնսոլիդացիա՝ ընդդեմ Ռուսաստանի, ինչը երբևէ չի եղել՝ Էստոնիայից մինչև Պորտուգալիա նույն բանն են ասում: Հակամարտությունը թեև Ուկրաինայի տարածքում է, բայց Արևմուտքի և Ռուսաստանի միջև է:
- Զուգահեռաբար ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ, կա ապատեղեկատվության լրջագույն հոսք, և հակամարտությունն ազդում է ամբողջ հետխորհրդային տարածքի վրա: Ադրբեջանի բնապահպանները, օրինակ, մինչև ռուս-ուկրաինական պատերազմը չէին անհանգստանում Կաշենի հանքավայրով, Ադրբեջանը մինչ այդ չէր ուզում անցակետ տեղադրել… Այս պատերազմը փոխեց Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում: Հիմա Ռուսաստանը չափազանց կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմի վրա, որը Ռուսաստանի համար ամենագլխավորն է՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով: Եթե Ռուսաստանը մեր տարածաշրջանի նկատմամբ ավելի լուրջ ուշադրություն դարձնի, դա նշանակում է՝ ստիպված պետք է լինի բացել երկրորդ ճակատ: Բացի այդ, Ռուսաստանի համար Ադրբեջանի նշանակությունը, կարևորությունը բարձրացել է: Դեպի Եվրոպա փակվել են Ռուսաստանի համար բոլոր ճանապարհները, միակ ելքը դեպի Եվրոպա մնացել է Հարավային Կովկասից՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ աշխարհագրական առումով:
- Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններն էլ այնքան են խորացել, որ երբ ասում են Թուրքիա՝ նկատի ունեն Ադրբեջան, և՝ հակառակը, և դա նույնպես ազդում է տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության վրա: Տարածաշրջանում մեծացել է Թուրքիայի դերակատարությունը: Ստեղծված իրավիճակում՝ Լաչինի միջանցք, շրջափակված Արցախ, Ռուսաստանի համար թիվ մեկ խնդիրը չէ:
- Չինաստանն այսօր ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդն է, բայց հաջորդ տասնամյակում Չինաստանը կարող է դառնալ Երկիր մոլորակի գլխավոր վեկտորը: Չինաստանը ևս օգուտ է ստանում ռուս-ուկրաինական պատերազմից:
- Ղարաբաղյան պատերազմն այլևս դարձել է հայ-ադրբեջանական պատերազմ: Այն ոչ միան Արցախի, արցախցիների ինքնորոշման, այլ նաև Հայաստանի սահմանների ճշգրտման հարց է դարձել:
- Ադրբեջանն արագացնում է խնդրի հանգուցալուծումը, ոչ թե նրա համար, որ իրեն խաղաղության պայմանագիր է պետք, այլ՝ որովհետև հայտնի չէ, թե Թուրքիայում՝ Էրդողանից հետո, Ռուսաստանում՝ Պուտինից հետո, իսկ Իրանում՝ հնարավոր փոփոխություններից հետո ի՞նչ իրավիճակ կստեղծվի: Պաշտոնական Բաքուն օգտվելով ստեղծված հնարավորություններից՝ փորձում է թուլացնել Ռուսաստանին՝ տարաբնույթ ճնշումներ գործադրելով: Ադրբեջանը շտապում է, որովհետև հասկանում է, որ կարող է ինչ-որ բան փոխվել նաև Թուրքիայի ընտրություններից հետո:
- Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, որովհետև ոչ Հայաստանից, և ոչ էլ Արցախից վտանգներ չի տեսնում, ունի երաշխիք, որ Հայաստանի կողմից հարձակում չի լինի: Հայաստանը հակառակ կարծիքի է: ՀՀ իշխանությունների կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը կարող է երաշխիք դառնալ, որ Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրի վրա հարձակում չլինի (այդ 29.800 քկմ-ն էլ այլևս չկա, նվազել է): Թեև դրանում էլ վստահություն չկա, որովհետև որևէ ստորագրված փաստաթուղթ չի կարող երաշխիք դառնալ: Բայց Ադրբեջանի համար խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Արցախի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոց է: Պայմանագիրը ճանապարհ է Արցախը նվաճելու համար: Ադրբեջանն ուզում է հիմա և այստեղ, Հայաստանը, հակառակը՝ ձգձգում է և ունի խնդիրներ՝ բանակ, լավ չկահավորված սահմաններ, այսօրվա իմիջը, իսկ դրանք վերականգնելու համար երկար ժամանակ է պահանջվում:
- Ադրբեջանը խաղաղության պայմանագրով էլ կարող է հարձակվել Հայաստանի վրա:
- Ի՞նչ է ուզում Հայաստանը: Հայաստանի իշխանությունները փորձում են ստեղծել Ադրբեջանի նկատմամբ գործադրվող կոնսոլիդացված ճնշում՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի միջոցով: Հայաստանը փորձում է այնպես անել, որ դրսից աջակցության հնարավորություն ստանա, բայց դա կարող է լինել միայն այն ժամանակ, երբ բարձրանա Հայաստանի սուբյեկտայնությունը: Հայտնի խոսք կա՝ աջակցում են նրան, ով ինքն իրեն օգնում է: Զելենսկին չէր ստանա այս աջակցությունն ԱՄՆ-ից և Եվրոպայից, եթե հանձներ Օդեսան, Դոնբասը:
- ԱՄՆ-ի համար կարևոր է, որ այդ պայմանագիրը ստորագրվի ոչ թե՝ Մոսկվայում, այլ՝ Վաշինգտոնում:
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ շատ թուրք փորձագետներ մասնավոր զրույցներում պնդում են նույն ձևակերպումը, որ դրանց շուրջ բանակցությունները Թուրքիան վարում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի հետ:
- Մինսկի խումբ ձևականորեն չկա, բայց իրականում կա, որովհետև բանակցություններն ընթանում են Վաշինգտոնում, Մոսկվայում և Բրյուսելում:
- Մինչև 2020 թվականը Պուտինը մեկ զանգով կարողանում էր դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ հիմա Ալիևի սեղանին դրված է երկու հեռախոս՝ Ստամբուլի և Մոսկվայի հետ կապի համար: Բնականաբար, այսօր Ստամբուլից զանգերն ավելի ազդեցիկ են և որոշիչ:
- Հնարավո՞ր է բանակցողին փոխելով՝ Հայաստանում իրավիճակ փոխել: 2020 թվականի պատերազմից հետո չափազանց ծանր է, շատ գործընթացների նկատմամբ չկա կառավարում և հսկողություն:
- Այդ առումով արժեր, որ ընդդիմությունը գործընթաց սկսեր և այնպես աներ, որպեսզի, երբ ՀՀ տարածք մտնող թշնամուն ոչ թե հովիվը կամ գյուղապետը դիմավորի, այլ գոնե սահմանապահը: Պետք է այնպես անել, որպեսզի տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքները նպատակաուղղված լինեն: Իշխանություններն աշխատում են տարբեր երկրների հետ, բայց արդյունք չի տալիս, որովհետև նպատակաուղղված աշխատանք չեն տանում, անհրաժեշտ է նուրբ, ճկուն և նպատակաուղղված դիվանագիտական աշխատանք, որը չի հաջողվում:
- Հիմա իրավիճակ է փոխվել, Թուրքիան մտել է տարածաշրջան: Հայաստանի սուբյեկտայնությունն իջել է, տարածաշրջանում իջել է նաև Ռուսաստանի սուբյեկտայնությունը:
- Պետք է ամրապնդել պետական ինստիտուտները: Միայն մարդկանց փոխելով՝ խնդիրը չի լուծվում, դա գունավոր հեղափոխությունների սխալն է: Խնդիրը պետական ինստիտուտների կառուցման մեջ է: Որևէ երկրում իշխանությունները ոչ թե պատճառ են, այլ հետևանք: