
ՀԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ Է, ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՎՏԱՆԳ ՉԷ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԶԻՆՎԱԾ ՈՒ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ «Ո՛Չ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Շարմ Էլ Շեյխում ընթացող Գազայի հարցով Խաղաղության գագաթնաժողովում, Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն այդ պահին շնորհակալություն էր հայտնում Գազայի հարցով Խաղաղության գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին: Թրամփը խոսքն ընդհատելով՝ Փաշինյանին ասաց, որ մոտ գա, ապա շարունակեց ելույթը:
Սպասելով, որ Թրամփն ավարտի խոսքը, Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացավ ԱՄՆ նախագահին, ապա շնորհակալություն հայտնեց նրան, թերևս, օգոստոսի 8-ի վաշինգտոնյան եռակողմ համաձայնագրի համար:
«Ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն, Աստված օրհնի Ձեզ, և հիմա Դուք …»,– Փաշինյանը՝ Թրամփին հիշեցնելով, թե ով է ինքը։
Երբ շնորհակալական այդ խոսքերից հետո Փաշինյանը փորձեց շարունակել խոսքը, Դոնալդ Թրամփը նրան անտեսելով՝ շարունակեց շփումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Ինդոնեզիայի նախագահ Պրաբոո Սուբիանտոյի հետ՝ կիսատ թողնելով Փաշինյանի հետ զրույցը:
Ապա Թրամփը Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ՝ նկատելով Ադրբեջանի նախագահին, կրկին հպարտացավ, թե ինչպես իրեն հաջողվեց 1 ժամում լուծել ավելի քան 30 տարվա կռիվը.
«Այստեղ է այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը, Ադրբեջան։ Որտե՞ղ է քո հայրենակիցը, իրար հետ հաշտ եք, չէ՞… նրանք կռվել են 32 տարի և մոտավորապես 1 ժամում մենք կարգավորեցինք այն, այդպես է, չէ՞։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են»,- ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ դիմելով Ալիևին։
Ըստ Թրամփի, փաստորեն, Իլհամ Ալիևի հայրենակիցը Նիկոլ Փաշինյանն է:
Սերգեյ Մելքոնյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Թրամփը վստահ է, որ ավելի քան 30 տարվա ընթացքում ոչ ոք չկարողացավ այս տարածաշրջան խաղաղություն բերել, և միայն ինքը դա արեց, որովհետև 2 կողմն էլ համաձայն էին։
- Վաշինգտոնյան հռչակագիրը, պարզ է, երկարաժամկետ խաղաղության մասին չէ։ Կոնֆլիկտի լուծման մասին խոսք անգամ չկա, ընդամենը 2-3-4 տարվա հրադադար է։ Տասնյակ հարցեր կան, որոնց պարզ պատասխանները չկան։
- Իրանում վախեցած են TRIPP օրակարգից, վստահ են, որ այն ընդդեմ Իրանի է, և ամեն ինչ անում են իրենց օրակարգն առաջ մղելու ու գործընթացներն արագացնելու համար։
- Շարմ էլ Շեյխի այդ գագաթնաժողովում իրականում Գազայի հարցով ևս կոնկրետ լուծումներ չեղան, որովհետև այդպես էլ բաց մնացին հետևյալ հարցերը՝ Երուսաղեմի կարգավիճակ, փախստականների հարց, սահմանների ճշգրտում։
- Մենք ունենք առնվազն երկու երկաթգիծ, որ Ադրբեջանը պետք է բացի, և բազմաթիվ ճանապարհներ, այդ թվում՝ Բերձորի և Քարվաճառի ճանապարհները։ Այդ պատրաստի կոմունիկացիաները կան։ Ինչո՞ւ ենք մենք ժամանակ կորցնում, մինչև պայմանավորվեն TRIPP-ի շուրջ։ Բայց ակնհայտ է, որ ամեն բան արվում է նախ Ադրբեջանին բավարարելու համար։ Մենք անխոչընդոտ ճանապարհ չենք ստանալու։ Քննարկվում է ընդամենը՝ արդյո՞ք Ադրբեջանը կբացի նշված ճանապարհները։ Եթե TRIPP-ն իրականացվում է, ու չեն բացվում բոլոր կոմունիկացիաները, նշանակում է՝ Հայաստանի բլոկադայի նոր տիպի հետ գործ ունենք։
- Ես չեմ տեսնում որևէ խնդիր, որ Թուրքիան ու Ադրբեջանը TRIPP-ով զենք չկարողանան տեղափոխել, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին արդեն հայտարարել է։ Ավելին, այդ ճանապարհով վերահսկողության բացակայության դեպքում նաև թմրանյութ կտեղափոխվի։
- Ենթադրենք՝ Ադրբեջանը մեզ համար բացեց Նախիջևանով ճանապարհը, ո՞վ կարող է տալ երաշխիք, որ, օրինակ՝ Արցախում ծառայած ՀՀ քաղաքացին Նախիջևանում չի ձերբակալվի։ Այլ հարց է, եթե այդտեղ լինեն միջազգային խաղաղապահներ։
- Երբ խոսում ենք զենքի տրանսֆերի մասին, մատչելի փոխադրամիջոցը երկաթգիծն է։ Այդ իմաստով «Զանգեզուրի միջանցքն» ադրբեջանցիների համար ամենալավ տարբերակը կլինի։
- Մենք TRIPP-ում ամենափոքր ակտորը՝ դերակատարն ենք․ կա Ռուսաստանի և Իրանի գործոնը։ Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական նպատակն այդտեղ տնտեսական և ռազմական ամենամեծ բևեռներից մեկը ստեղծելն է՝ ինքնության հիմքով, իսկ դա լուրջ սպառնալիք է այդ 2 երկրների համար։
- Ռուսաստանի ԱԳՆ-ի մանտրան է՝ եթե ձեզ մի բան դուր չի գալիս, վերադարձեք Նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Բայց պետք է նկատի ունենալ, որ այլևս հնարավոր չէ վերադառնալ այդ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի պայմանավորվածություններին, որը բազմիցս խախտվել է նաև հենց Ադրբեջանի կողմից:
- Եթե խոսենք Թրամփի անհատական մոտիվացիայի մասին, Վաշինգտոնյան փաստաթուղթը ստորագրվեց Նոբելյան մրցանակը հանձնելուց առաջ, որն ԱՄՆ նախագահը չստացավ։ Իսրայելը մեծ սխալ գործեց, երբ ՀԱՄԱՍ-ին խփեց Քաթարում։ Դա սասանեց ԱՄՆ-ի՝ որպես երաշխավորի հեղինակությունը։ Այդ ժամանակ Թրամփը կանչեց Նեթանյահուին, տվեց թուղթ՝ ներողության տեքստով, ու պարտադրեց զանգել Քաթարի էմիրին ու կարդալ իր գրած ներողության այդ տեքստը։ Դրանից հետո Թրամփը պարտադրեց ՀԱՄԱՍ-ին ու Իսրայելին նստել բանակցության սեղանի շուրջ։ Իսրայելի համար դա ձախողում էր։ ՀԱՄԱՍ-ը ստացավ զենք կրելու հնարավորություն, բայց զիջեց այն հարցում, որ ընդունեց՝ իրենք երբեք իշխանություն չեն լինելու, մի մասն էլ ընդհանրապես դուրս կգա Գազայից։ Նկատենք, սակայն, որ Շարմ էլ Շեյխում չէին Մերձավոր Արևելքի ամենամեծ դերակատարները՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան, և խոսել այդ տարածաշրջանում հարատև խաղաղության մասին, պարզապես անհնար է։ Նեթանյահուն հիմա իշխանություն պահելու և միջազգային քրեական դատարաններից խուսափելու խնդիր ունի։
- Իրանին հարվածելու ԱՄՆ հնարավորությունը մեծանում է։ Դա վկայող մի քանի հանգամանքներ կան, որոնցից մեկն ԱՄՆ-ում Նեթանյահուի հարցազրույցներն էին։
- Իրանի դերը Գազայում գնալով նվազում էր։ Մեզ համար լավ նորությունն այն էր, որ այս օրակարգում Թուրքիան չկարողացավ լինել լիդեր, ու հիմնական դերակատարներն ԱՄՆ-ը ու Եգիպտոսն էին։
- Հայաստանը Իրան-Իսրայել օրակարգում որևէ ձևով չկա, բայց լավ կլիներ, որ Հայաստանը, որպես դրական ժեստ, Գազա հումանիտար օգնություն ուղարկեր։
- Կա մի մեսիջ, որ մենք ստացել ենք մեր իրանցի գործընկերներից։ Այն հետևյալն է՝ ժամանակին Իրանի բոլոր սահմաններից ամենաանվտանգը Իրան-Հայաստան սահմանն էր։ Հիմա, սակայն, Հայաստանից իրենք այդ վստահությունը չունեն, ու հայ-իրանական սահմանն Իրանում արդեն անվտանգ չեն համարում։ Սա խնդիր է։ Եթե Հայաստանի հարավում Իրանի սահմանին լինի ամերիկյան ներկայություն, մեծ խնդիր է։
- Իրանը տեսնում է, որ կոշտ ուժային մեթոդները չեն զսպում ԱՄՆ-ին Արևելք-Արևմուտք ուղղությամբ, ու աշխատում են Հյուսիս-Հարավ կապերը զարգացնելու ուղղությամբ։ Եթե Հնդկաստանը միանա Հյուսիս-Հարավ ճանապարհին, մեզ համար խնդիր կլինի՝ հաշվի առնելով Հայաստան-Պակիստան նոր զարգացող հարաբերությունները։ Դա բալանսավորելու համար Հնդկաստանը պիտի զարգացնի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։
Իհարկե, առանց Ադրբեջանի և Թուրքիայի համաձայնության, Պակիստանի հետ Հայաստանը չէր գնա դիվանագիտական հարաբերությունների կարգավորման:
- Ես չգիտեմ որևէ երկիր, որն այսօր չի ուզում ավելացնել իր ռազմական բյուջեն կամ ստանալ նոր զենքեր։ 1-3 տարվա հրադադար մենք ստացանք՝ գնալով մի շարք միակողմանի զիջումների, բայց 1-3 տարիները շուտ կանցնեն, եթե դու այդ ժամանակը չես օգտագործում ուժային բալանսը վերականգնելու համար։ Հայաստանի իշխանությունը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների գնալու քաղաքականությունը։
- Պարզ է, որ բալանսը տարածաշրջանում փոխվում է․ Իրանի ու Ռուսաստանի դերը նվազում է, Թուրքիայինը՝ աճում։ Հայաստանն էլ որոշել է հետևել Թուրքիային, որպես դաշնակից՝ դիտարկում է Թուրքիային։
- Ալիևը բաց ասել է, որ «Խաղաղության պայմանագրի» բովանդակությունն Ադրբեջանն է տրամադրել, և Հայաստանից ամենաբարձր մակարդակում դա չեն հերքել։
- Թուրքիայի դերը՝ որպես տարածաշրջանում հարց լուծողի, գետնի վրա Միացյալ Նահագների համար աճում է։ Առհասարակ դաշինքների հիմքում դրված է շահերի համընկնումը։ Թուրքիա-ԱՄՆ շահերը հիմա համընկնում են։
- Եթե Ադրբեջանն ասի՝ 50 000 ադրբեջանցի գալու է Սյունիք, Հայաստանն էլ իր հերթին՝ պիտի առաջ մղի արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքի ու հայերի՝ Բաքու, Սումգայիթ ու ադրբեջանական այլ քաղաքներ վերադարձի հարցը։
Հայաստանը պետք է բավականին զինված ու պատրաստ լինի, որ երբ Ադրբեջանը նման հարց առաջ քաշի, մենք ասենք՝ ոչ։ Ես չեմ հիշում՝ 2020թ.-ից սկսած՝ Հայաստանը երբ է Ադրբեջանին ասել՝ ոչ։ «Ոչ» ասելու համար դու պետք է ոչ թե կրճատես, այլ ավելացնես երկրի ռազմական բյուջեն ու ստեղծես դաշինքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։