Հայաստանյան ընդդիմությունը, սփյուռքը՝ Բրայզայի, Չավուշօղլուի, Էրդողանի, Ալիևի, Փաշինյանի, ՔՊ-ի թիրախում

Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրից, մասնավորապես, նշել է.

«Խաղաղության պայմանագրի կնքման հիմնական խնդիրը հայաստանյան ընդդիմության և Սփյուռքի դիմադրությունն է»:

Այնուհետև ԱՄՆ ՄԽ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան նույն Բրայզան շարունակել է՝ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի կոտրել այս դիմադրությունը, ապա դրանից Հայաստանը շատ բան կշահի՝ խաղաղություն, տնտեսական աճ, անվտանգություն, հարստություն, աշխատատեղեր և այլն:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի «ուսերին» կարևոր խնդիր է դրված այս առումով.

Կարդացեք նաև

«Ես կարծում եմ, որ Վաշինգտոնի միջնորդությամբ այս գործընթացը հնարավոր է: Մոսկվան չի կարող նման դեր ստանձնել, քանի որ զբաղված է Ուկրաինայի ոչնչացմամբ, իսկ Ֆրանսիան Հայաստանի կողմն է բռնել: Հույս ունեմ, որ Վաշինգտոնը կպահպանի ակտիվությունը տարվա ընթացքում և կդրսևորի իրական հետաքրքրություն խաղաղության պայմանագրի կնքման հարցում»,- հայտարարել է Բրայզան:

Հետաքրքրականն այն է, որ և՛ Ալիևը, և՛ Էրդողանը, և՛ Չավուշօղլուն դեմ են Հայաստանում իշխանափոխությանը։ Նրանք բոլորն էլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին՝ հայաստանյան ընդդիմությանը, գեներալիտետին, Արցախն ադրբեջանական չհամարողներին, խաղաղության կեղծ պայմանագրի կնքման դեմ հանդես եկողներին անվանում են ռևանշիստներ։ Ընդ որում, նույն ձևակերպումն են կատարում հայաստանյան ընդդիմադիրների մասին նաև Փաշինյանը և ՔՊ-ականները: Պատահականությո՞ւն է: Իհարկե ոչ:

Նշենք, որ 2022թ. օգոստոսի 5-ին ադրբեջանական CBC TV-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան գրեթե նույն պնդումն էր արել՝ ասելով, թե վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, այսպես ասած, ընդհանուր լեզու գտնել Ադրբեջանի հետ, բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն Հայաստանի քաղաքական ընդդիմությունը խնդիրներ է ստեղծում:

«Արդյոք բավարար համարձակություն կունենա՞ Փաշինյանը, երբ իրենց «տանը» քաղաքական այդքան դիմադրություն կա, ես չեմ կարող կանխագուշակել»,- ասել էր Բրայզան և անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան, նշել էր՝ Նիկոլ Փաշինյանը լավ գիտակցում է, որ ապաշրջափակմանը վերաբերող եռակողմ հայտարարություն է ստորագրել 2020թ. նոյեմբերի 10-ին:

«Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել, և այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե նա որքան թույլ է: Նա չի կարողանում վերահսկել իր թիմի անդամների հայտարարությունները (նկատի ունի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի արձագանքը, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն՝ այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ): Շատ բարդ իրավիճակ է, ես խոսել եմ Բաքվի բարձրաստիճան պաշտոնյա իմ ընկերների հետ, դա նրանց նյարդայնացնում է, որովհետև եթե երկրի ղեկավարը խոսք է տալիս, նա պետք է կատարի բոլոր պայմանները և խոստումները: Եթե Փաշինյանն ի վիճակի չէ դա անել, մեծ խնդիր է»,- հավելել էր ամերիկացի ադրբեջանամետ դիվանագետը:

Ո՞վ է Մեթյու Բրայզան և ի՞նչ խնդիր է նա լուծում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի կինն ազգությամբ թուրք Զեյնո Բարանն է: 2011թ. Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան Բաքվում հանդիպելով լրագրողների հետ, ներկայացրել էր ազգությամբ թուրք իր կնոջը` Զեյնո Բարանին: Վերջինս, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ ակտիվ մասնակցություն կունենա ամուսնու հասարակական գործունեությանը, և հայտարարել, որ «Ադրբեջանին վերաբերվում է՝ որպես իր երկրորդ հայրենիքի»: «Մեր երկրները շատ բանով նման են` լեզուն, մշակույթը, խոհանոցը: Ես այստեղ ինձ օտար չեմ զգում»,- ասել էր Զ.Բարանը:

Նա նշել էր նաև, որ հանդիսանում է Ստամբուլի համալսարաններից մեկի` միջազգային հարաբերությունների գծով փորձագետը, իսլամական երկրների քաղաքականության վերաբերյալ երկու գրքերի հեղինակ է և աշխատում է երրորդ գրքի վրա:

Ըստ մամուլի՝ Զեյնո Բարանը ԱՄՆ Հադսոնի ինստիտուտում՝ ամերիկյան ուղեղային կենտրոնում է աշխատել՝ ղեկավարելով այդ կառույցի եվրասիական ծրագրերը, մասնագիտացած է Կովկասի ու, հատկապես, հենց էներգետիկական քաղաքականության խնդիրներում: Որոշ տեղեկություներով՝ այդ ինստիտուտը կապված է «էներգետիկ» լոբբիի հետ: Ի դեպ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու հարցը Բրայզային հեշտ չի տրվել. 2010 թվականին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ սենատոր Բարբարա Բոքսերի նախաձեռնությամբ, որոշ ժամանակով հետաձգել էր այդ պաշտոնում Բրայզայի թեկնածությունը հաստատելու քվեարկությունը: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, այդ տարվա հուլիսին Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումների ժամանակ, սենատորներ Ջին Շահինը, Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսն առանցքային քաղաքական հարցեր էին բարձրացրել: Նրանք Բրայզային խնդրել էին պատասխանել մի քանի կարևոր հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա ունեցած սերտ կապերի մասին: Բրայզան պատասխանել էր, թե ինքը պրոֆեսիոնալ հարաբերություններ է պահպանում ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի ու Ղարաբաղի պաշտոնյաների հետ: Նաև հավաստիացրել էր, թե Ստամբուլում կայացած իր հարսանիքը չի ֆինանսավորվել դրսից: Իսկ այդ օրերին լուրջ քննարկվում էր նաև այդ հարցը:

Մինչ այդ, 2009թ. մայիսին, Բրայզայի կինը՝ Զեյնո Բարանը, «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանի բացումը լիովին համապատասխանում է Արևմուտքի շահերին, Հայաստանի՝ Ռուսաստանից և Իրանից ունեցած կախվածության նվազմանը, ինչին երկար տարիներ չէր կարողանում հասնել ԱՄՆ-ը՝ չնայած այդ երկրին հսկայական օգնություն տրամադրելով:

«Հայ-թուրքական սահմանի նախանշված բացումը կմոտեցնի Հայաստանին Արևմուտքին, թույլ կտա այլընտրանքային գործընկեր ունենալ՝ Ռուսաստանի և Իրանի փոխարեն: Դա թույլ կտա հայերին և թուրքերին միասին դիմել սեփական անցյալին և փորձել բարելավել համատեղ ապագան»,- հայտարարել էր Բրայզայի կինը՝ Զ. Բարանը:

«Ես գիտակցում եմ Ադրբեջանի անհանգստությունը, ինչը հասկանալի է նաև շատերի համար Թուրքիայում: Սակայն չեմ հավատում, որ Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ կանի: Դա ոչ միայն ռազմավարական հարաբերությունների և Թուրքիայի տարածքով Ադրբեջանի էներգառեսուրսների աճող տարանցման պատճառով, այլև երկու ժողովուրդների կապվածության»,- նշել էր նա՝ հայտարարություններ անելով նաև ղարաբաղյան կարգավորման բանակցությունների մասին:

Ի դեպ, Բրայզան և նրա ազգությամբ թուրք կինը՝ հայտնի ստամբուլցի վերլուծաբան Զեյնո Բարանը, 2012թ. ծավալուն հարցազույց էին տվել Hurriyet-ին` խոսելով իրենց անելիքների մասին:

«Ես դարձա հայկական Սփյուռքի զոհը, այն չկարողացավ ներել ինձ` թուրք կնոջ հետ ամուսնության համար,- ասել էր Բրայզան` նշելով,- Երբ նախագահ Օբաման 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն չանվանեց, հայկական Սփյուռքը` ի դեմս Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, որոշեց ինձ դարձնել հարձակումների հիմնական թիրախ»:

Այնպես որ, Բրայզայի կինը համարում է, որ հայկական սփյուռքը խոչընդոտել է իր ամուսնու փայլուն մեկնարկած դիվանագիտական կարիերայի ոչ այնքան բարենպաստ վախճանի հարցում:

Բրայզայի խոսքով` հայերը համոզված են, թե ինքը տարածաշրջանային խնդիրներում անաչառ չէ:

«Հիմա էլ ինձ կսկսեն մեղադրել թուրքասիրության մեջ: Այո, ես սիրում եմ Թուրքիան, բայց դրա հետ մեկտեղ՝ արդյոք ես չե՞մ կարող սիրել նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Եվ արդյոք պետք չէ՞ սիրել այդ բոլոր երկրները, որպեսզի կարողանաս գտնել ղարաբաղյան խնդրի լուծման բանալին: Թե՞ հարկավոր է որևէ քայլի չդիմել և շարունակել մնալ հնարավորինս աննկատ հայ ղեկավարների համար, որպեսզի նրանք քեզ անաչառ միջնորդ համարեն»,- գանգատվել էր Բրայզան:

Այդ ժամանակ, ի դեպ, Բրայզան, ըստ «Թուրան» գործակալության, արդեն իսկ աշխատանքի էր անցել թուրքական բանկերից մեկում:

Հիշեցնենք նաև, որ 2014թ. ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ժամանակ Բաքվում Մեթյու Բրայզայի ելույթը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առաջացրել էր ադրբեջանցիների դժգոհությունը: Թեպետ իր խոսքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահը և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը փորձել էր չեզոք գնահատականներ տալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կապակցությամբ, այդուհանդերձ, Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Հուդրաթ Հասանգուլիևը կտրուկ հայտարարություններ էր արել Բրայզայի ելույթի հետ կապված: «Պարոն Բրայզա, հայերը Ձեզ թույլ չտվեցին մնալ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այն բանի համար, որ Դուք ամուսնացած եք թրքուհու հետ: Այժմ դուք նրանցից արդարությո՞ւն եք սպասում»,- հայտարարել էր նա:

Ընդ որում, եթե 2018-2019թթ. կեսերը ԵԱՀԿ Մինսկի նախկին համանախագահ Բրայզան ակնհայտորեն պաշտպանում և գովասանքի էր արժանացնում Փաշինյանին իր ելույթներում («Եթե Փաշինյանն արմատական բարեփոխումներ սկսի, աջակցության կարիք է ունենալու, և Թուրքիան կարող է այդ աջակցությունը ցուցաբերել», «Փաշինյանը ունենալով ժողովրդի բարոյական աջակցությունը՝ Հայաստանի քաղաքականություն մեջ մեծ բարեփոխումներ կանի», և այլն), ապա 2019թ. սեպտեմբերին նույնիսկ նա արձանագրեց, որ Փաշինյանը «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ մոտեցնում է պատերազմը. «Այն, ինչ ասաց Փաշինյանը, կանգնեցրեց բանակցային ողջ գործընթացը: Նման հայտարարությունների դեպքում չի կարելի բանակցություններ վարել»: Հատկապես ԼՂ կարգավորման Մադրիդյան սկզբունքների դեմ Փաշինյանի կողմից արված անգրագետ հայտարարություններից հետո Բրայզան 168.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ «Խորապես հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, Փաշինյանը ցանկանում է քաղաքականապես «գոյատևել»»: Ինչ-ինչ, Բրայզան լավագույնս տեղյակ էր բանակցային փաթեթներից.

«Խորապես հիասթափված եմ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից, քանի որ, նրա խոսքով, կամ դա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ են իրենցից ներկայացնում Մադրիդյան սկզբունքները, կամ նա տեղյակ է, սակայն որոշել է ոչնչացնել այդ ողջ գործընթացը»,- հայտարարել էր Բրայզան:

Բրայզայի գործունեությունից հիշեցնենք նաև, վերջերս հայտնի դարձավ, որ 2019թ. դեկտեմբերին ադրբեջանական Bakcell բջջային օպերատորը «ՄՏՍ» ՓԲԸ-ից գնել է հեռահաղորդակցության բիզնես Ուկրաինայում։

Ռուսական ընկերությունն այն ժամանակ Bakcell կառույցի՝ Telco Solutions and Investments-ի հետ պաշտոնապես ստորագրել էր ուկրաինական հեռահաղորդակցական բիզնեսի վաճառքի իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր։ 

Ադրբեջանցի գնորդին ձեռքբերումն արժեցել է 734 մլն դոլար։ Իր հերթին՝ Bakcell ընկերությունը հանդիսանում է NEQSOL Holding International Group Of Companies (ադրբեջանական մասնակցությամբ) միջազգային խոշոր կազմակերպության մաս, որի կազմում են նաև Nobel energy, Nobel upstream (նավթավերամշակման գործարաններ), Vodafone Ukraine (բջջային հաղորդակցություն), NORM (ցեմենտի արտադրության խոշորագույն գործարան) ընկերությունները: Կորպորացիայի հիմնադիրն ու սեփականատերը Նասիբ Հասանովն է, որին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գաղտնի «նավթային բարոն» են անվանել:

NEQSOL Holding-ը հիմնադրվել է 1990-ականներին։ Բացի հեռահաղորդակցական բիզնեսից, այն ունի շինարարական ակտիվներ և նավթի և գազի արդյունահանման ձեռնարկություններ, որոնք գրանցված են Մեծ Բրիտանիայում, բայց հիմնականում գործում են Կասպյան տարածաշրջանում:

NEQSOL-ը պետական նավթային SOCAR («հովանոցային» ընկերություն-SOCAR AQS) ընկերության գործընկերն է։

Իսկ Մեթյու Բրայզան, ըստ հրապարակված տեղեկությունների, Nobel upstream և NEQSOL ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է:

Վերադառնալով հայաստանյան ընդդիմությունից ադրբեջանական և Ադրբեջանի շահերը սպասարկող տարբեր գործիչների անհանգստություններին, կարելի է ենթադրել, որ, ամեն դեպքում, չերևացող որոշակի զսպող կամ ճնշող բան կա, որը թույլ չի տալիս Փաշինյանին ավելի համարձակ լինել Ադրբեջանի հետ կեղծ խաղաղության գնալու ցանկություններն իրականացնելու հարցում:

Հավելենք, որ ապրիլի 23-ին Հայաստան-Արցախ սահմանագծին ադրբեջանական անցակետի տեղադրման խայտառակ հանգրվանի ու հայկական դիվանագիտության աննախադեպ պարտության ֆոնին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում է, որտեղ նախատեսված են նրա բանակցություններն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Ըստ «Թուրան» գործակալության ամերիկյան աղբյուրների՝ Վաշինգտոնը պատրաստվում է հասնել Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունների հաղթահարմանն ու խաղաղության «ճանապարհային քարտեզի» մշակմանը։ Հաղորդվում է նաև, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը կարող է տևել «մի քանի օր»։

«Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա Եվրոպան «գործը կավարտի»՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը»,- գրել է «Թուրանը»։

Տեսանյութեր

Լրահոս