1 օրում 2 դրամաշնորհ՝ ֆավորիտ մատակարարին. ԿԳՄՍՆ-ն շուրջ 150 միլիոն դրամով պատրաստվում է դպրոցականների՝ վոլեյբոլի և «Վարչապետի գավաթի»՝ լողի մրցաշարերին

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը 1 օրում 2 դրամաշնորհ է հատկացրել ֆավորիտ մատակարարին՝ «Դպրոցականների վոլեյբոլի լիգա մարզական խաղերի և եզրափակիչ փուլ»-ի կազմակերպման, ապա նաև՝ «ՀՀ վարչապետի գավաթ դպրոցականների լողի մրցաշար»-ի անցկացման համար։ Պայմանագրերը կնքվել են հոկտեմբերի 8-ին, «Գևորգիան կոնցեռն» ՍՊԸ-ի հետ։

Վոլեյբոլի մրցաշարի համար կնքված պայմանագրի գինը կազմել է 86 միլիոն 400 հազար 800 դրամ․ ըստ պայմանագրի տեխնիակական բնութագրի՝ այս գումարը բաշխվելու է երեք փուլերի վրա։

Այսպիսով, 16 միլիոն 286.000 դրամ նախատեսվել է մրցաշարի նախապատրաստաման ու առաջին, երկրորդ փուլերի անցկացման համար։ Այս միջոցառման անցկացման վերջնաժամկետ է նշվել դեկտեմբերի 10-ը։

Մյուս փուլի՝ եզրափակիչ մրցույթի անցկացման համար, որի վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է, կծախսվի 28 միլիոն 572.200 դրամ։

Կարդացեք նաև

Եվս 41 միլիոն 146.600 դրամ էլ կկազմի արդեն 2026 թվականի փետրվարին հաղթողներին պարգևատրելու ֆոնդը։

Մյուս միջոցառումը, որի համար ԿԳՄՍ նախարարությունը դարձյալ դրամաշնորհ է հատկացրել նույն կազմակերպությանը, «Վարչապետի գավաթ լողի մրցաշար»-ն է․ այս անգամ դրամաշնորհի չափը կազմել է 60 միլիոն 645.000 դրամ։

Նախապատրաստական և առաջին, երկրորդ փուլերի անցկացման համար այս գումարից կհատկացվի 9 միլիոն 934.000 դրամ, վերջնաժամկետը, ըստ պայմանագրի, հոկտեմբերի 30-ն է։

Եզրափակիչ փուլի անցկացումը, որը նախատեսված է ոչ ուշ, քան նոյեմբերի 23-ը, կարժենա 17 միլիոն 466.000 դրամ, իսկ պարգևատրման ֆոնդն այս մրցաշարի դեպքում կկազմի 33 միլիոն 245.000 դրամ։

Ի դեպ, 168am-ն այս մատակարարի՝ «Գևորգիան կոնցեռն»-ի մասին բազմաթիվ հրապարակումներ է արել։

Օրինակ, գրել էինք, որ 2025թ. փետրվարին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական դրամաշնորհն է տրամադրել այս ՍՊԸ-ին․ Նախարարությունից ստացած դրամաշնորհով «Գևորգիան կոնցեռն» ՍՊԸ-ն 9 միլիոն 159.000 դրամով կապահովի «Ապարանը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի իրականացումը։ Նախորդ տարի հոկտեմբերին 438 միլիոն 627.600 դրամ էր հատկացվել այս կոնցեռնին՝ Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության անցկացման համար։

Նշել էինք նաև, որ ոչ մրցակցային ընթացակարգով տարբեր գերատեսչությունների հետ բազմաթիվ պայմանագրեր կնքած «Գևորգիան կոնցեռնն» իր հետ աֆիլացվող «Կոնցեպտ իվենթս», «Պեցցո», «Լոռե» կազմակերպություններով հանդիսանում է պետական գերատեսչությունների սրտի մատակարարը։

Տեսանյութեր

Լրահոս