Ի՞նչ է սպասվում քաղաքացիներին, որոնք չեն ներկայացրել, չեն ներկայացնելու հայտարարագիր․ պարզաբանում

ՀՀ իշխանությունը հայտարարագիրը կիրառելու է որպես տնտեսական բռնության մահակ։ Այս տեսակետը հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այն խնդիրները, որոնք արձանագրել է այս համակարգում։

«Տնտեսական մահակը հետագայում վերածվելու է քաղաքական մահակի` բոլորին մշտապես վերահսկողության տակ պահելով։ Դա նաև հանգեցնելու է արտագաղթի ծավալների մեծացման, բանկային գաղտնիքի տիրապետման, որն ամենավտանգավորն է»,– ընդգծեց նա։
Սարգսյանը մանիպուլյատիվ ձևակերպումներ է գտել հայտարարագրի լրացման փոփոխված տարբերակում։

«Ասում են` ընտանիքի անդամների կողմից ստացվող փոխառությունները չեն հարկվում, մինչդեռ իրավական ձևակերպման մեջ գրված է` ընտանիքի անդամներից ստացվող նվազեցվող եկամուտները չեն հարկվում։ Դա նշանակում է փոխառության, նվիրատվության տրամադրում։ «Քաղաքացիական օրենսգրքով» բոլոր այս դեպքերում պետք է լինեն փաստաթղթային ձևակերպում։ Զավակը ծնողին փոխանցում է 100 հազար դրամ, ստացվում է` նրանք պետք է կնքեն երկկողմանի պայմանագիր։ Եթե նրանք չունեն իրավագիտական կրթություն, ինչպե՞ս են նրանք այդ պայմանագիրը կնքելու կամ ունենալու ընտանեկան հաշվապահություն»,– ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով իշխանությունների կողմից բազմիցս արծարծված 300 հազար դրամ փոխանցումների թեմային` Նաիրի Սարգսյանը վստահեցրեց, որ նրանք ընդամենն ասում են` պետք չէ հայտարարագրել, սակայն դա չի նշանակում, որ այդ գումարը չի հարկվում։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նա նշեց, որ ՔՊ թիմի մաս չկազմող մասնագիտական համայնքն ու պաշտոնյաներն առանց կաշկանդվելու հայտարարում են, որ, այո, 300 հազար դրամ փոխանցումները հարկվելու են, եթե դրանք նվազեցվող չեն։

«Այսինքն` եթե նվիրատվության կամ փոխառության պայմանագիր ունեն, ապա չեն հարկվում, եթե չունեն պայմանագիր, ապա անգամ 3 դրամի համար կհարկվեն։ Ձեր բոլոր փոխանցումները ՊԵԿ–ը կկարողանա տեսնել բանկային քաղվածքների շնորհիվ, իսկ հետո կզանգահարի ձեզ ու ամեն մի փոքր փոխանցման համար ձեզնից հիմնավորում կպահանջի»,– հայտարարեց նա` ընդգծելով, որ այս հարցով հրավիրում է իշխանության ներկայացուցիչներին բանավեճի։

Ինչ վերաբերում է հայտարարագիր լրացնելու արդյունքում սոցիալական վճարների վերադարձի համակարգին, Սարգսյանը նշեց, որ 2026 թ. ՀՀ պետական բյուջեով այս նպատակով արդեն իսկ հատկացվել է ընդամենը 10 մլրդ դրամ։ Դա, ըստ նրա, ենթադրում է, որ սոցիալական վճարի վերադարձի համակարգը վերաբերելու է ընդամենը 100 հազար մարդու։

Նա վստահեցրեց, որ 736 հազար մարդ այս պահին բոյկոտել է հայտարարագրման համակարգը։

«Եթե քաղաքացին մտնի ու էլեկտրոնային ստորագրությամբ հաստատի ՊԵԿ համակարգում ներկայացրած հայտարարագիրը, ապա այդպիսով պատասխանատվության կենթարկվի, իսկ եթե չեք լրացնում, ու ՊԵԿ–ի կողմից օրենքի ուժով դա համարվում է լրացված, ապա դա կհամարվի հարկային և օրենսդրական սկզբունքների խախտումներով փաստաթուղթ»,– ընդգծեց Սարգսյանը։

Նա վստահ է` եթե քաղաքացին անգամ բացի ու կարդա հայտարարագիրը, նա միանձնյա գլուխ չի կարողանալու հանել կամ, օրինակ, բանկային քաղվածքն ինքնուրույն չի կարողանալու վերլուծել։

«Հիշեք` հայտարարագիր լրացնելու համար Նիկոլ Փաշինյանը դիմեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին, փոխվարչապետին, ՊԵԿ–ին։ Հասարակ քաղաքացու համար պատկերացրեք` դա ինչ խնդիր կարող է լինել. նա ուղղակի չի կարողանալու ինքնուրույն լրացնել այն»,– ընդգծեց նա։
Սարգսյանը կոչ արեց իշխանություններին չեղարկել հայտարարագրման համակարգը և նորը ստեղծել։

Տեսանյութեր

Լրահոս