«Փաշինյանը ցանկանում է քաղաքականապես «գոյատևել»». Մեթյու Բրայզա
Մինչ Ժնևում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ, փորձագիտական հանրությունը շարունակում է քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան թեզերը: Օրերս Կապանում տված իր ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, մի շարք ուշագրավ մեկնաբանություններ անելով, անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած «ժառանգությանը» և դրա ընդունելիությանն Արցախի նախագահի բոլոր թեկնածուների համար: Նա մասնավորապես նշեց.
«Սկսել են թեզ շրջանառել, թե Սերժ Սարգսյանի ժառանգությունը, գյոզալ ժառանգությունն էս իշխանությունը կորցրեց»: Ապա վկայակոչեց ԼՂ բանակցային պրոցեսի մասին մամուլի մի հրապարակում, որտեղ նշված է, թե ինչ փուլում է Սերժ Սարգսյանն ընդհատել դրանք։ «ԼՂ 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Ղուբաթլիի, Ջեբրայիլի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։ Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով, ԼՂ վերջնական իրավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին` նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»,- մամուլում հրապարակված փաստաթղթից մեջբերեց Փաշինյանը` շեշտելով, թե այն հրապարակվելուց հետո չի հերքվել նախորդ իշխանության կողմից:
Նա շարունակեց մեջբերել, որ Ադրբեջանի իշխանությունները կմտնեն այդ 7 շրջանները այն բանից հետո, երբ այնտեղ կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժերը և դուրս կհանվեն ներկայումս այնտեղ գտնվող զինված ուժերը։ Մամուլի վերոնշյալ հրապարակման մեջ այս առաջարկները ներկայացված էին՝ որպես Կրակովյան առաջարկներ, որոնք որոշ փորձագետներ որակում են հենց Մադրիդյան սկզբունքներ: Փաշինյանը դիմեց Արցախի նախագահի բոլոր թեկնածուներին. «Արցախի նախագահի բոլոր թեկնածուները պետք է ասեն՝ իրենց այս ժառանգությունը ընդունելի՞ է, թե՞ ոչ: Իրենք մտածում են, որ ՀՀ վարչապետն այսօր սա պետք է վերցնի որպես ժառանգություն և շարունակի՞ այս բանակցությունները, թե՞ ոչ: Ես երաշխավորում եմ, որ այս առումով ոչ մի պրոբլեմ չի լինի, ընդհակառակը»:
Նա նշեց, որ այս պահին սեղանին դրված ոչ մի թուղթ չկա, որևէ թղթի շուրջ չեն բանակցում: «Բանակցում ենք այն ամենի շուրջ, ինչի մասին հայտարարել եմ 2019թ. մարտի 12-ին Ստեփանակերտում»,- ասաց Փաշինյանը: Իսկ 2019 թվականի մարտին նա խոսել էր Մադրիդյան սկզբունքների տարընթերցումները վերացնելու անհրաժեշտության, Մադրիդյան սկզբունքների շուրջ կողմերի ընկալումները համաձայնեցնելու մասին: Սրան զուգահեռ՝ Փաշինյանը նախորդ տարի խոսել էր նաև հակամարտող ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, դիվանագետ Մեթյու Բրայզան նշեց, որ հետևել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր մեկնաբանություններին և խորապես հիասթափված է Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նրա հայտարարությունից, քանի որ, նրա խոսքով, կամ դա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ են իրենցից ներկայացնում Մադրիդյան սկզբունքները, կամ նա տեղյակ է, սակայն որոշել է ոչնչացնել այդ ողջ գործընթացը:
«10-11 տարի առաջ էր, Ցյուրիխում, ես ներկա եմ եղել հանդիպմանը Սարգսյանի և Ալիևի միջև, նրանք, ըստ էության, համաձայնեցին այն հարցի շուրջ, որ այդ առաջարկներն արդար են և կանխորոշում են ԼՂ հակամարտության կարգավորման ամենալավ ուղին: Նախորդ տարին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից արդյունավետ սկսվեց, տեղի ունեցան հանդիպումներ Փաշինյանի և Ալիևի միջև, եղան հայտարարություններ խաղաղությանը նախապատրաստվելու մասին, դրանք ոգևորիչ էին, թվում էր՝ կա առաջընթացի հնարավորություն, սակայն ՀՀ վարչապետը միանգամից փոխեց ուղղությունը և սկսեց այդ գործընթացին հակառակ շարժվել: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ, բայց քայլ առ քայլ, վերջին տասն ամիսների ընթացքում Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները ոչնչացնում են այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել համանախագահների, նախագահների կողմից վերջին 15 կամ ավելի տարիների ընթացքում: Դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ»,- ասաց Մեթյու Բրայզան:
Մեթյու Բրայզան ՀՀ ներկայիս իշխանությունների Ղարաբաղյան ուղղությամբ նախաձեռնվող քայլերում նկատում է ՀՀ նախկին իշխանությունների ազդեցությունը, «ճնշումները»: Նրա կարծիքով՝ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ապագան ինչ-որ առումով կախված է նաև այն հանգամանքից՝ արդյոք Փաշինյանը պատրա՞ստ է դիմակայել այդ ազդեցությանը: «Փաշինյանը որոշել է օգտագործել այն հարմար պահը, երբ միջազգային հանրությունից ունի աջակցություն և դիրքավորվում է՝ որպես ամենահայրենասեր հայ»,- ասաց Մեթյու Բրայզան: Նրա համոզմամբ՝ դա Փաշինյանի տեսանկյունից տրամաբանական է: Բրայզայի խոսքով՝ Փաշինյանը ցանկանում է քաղաքականապես «գոյատևել»: «Բայց վախենամ, որ այդ դիրքորոշումը շատ վատ է հակամարտության կարգավորման համար, քանի որ Մադրիդյան սկզբունքները սկզբունքորեն մահանում են»,- ասաց դիվանագետը:
Գնահատելով Մադրիդյան առաջարկները՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման հիմք, Մեթյու Բրայզան ասաց, որ առաջարկները մշտապես կարելի է փոփոխել, բարելավել սկզբունքները, բայց, վերջիվերջո, հակամարտությունն ունի էություն:
«Կա քաղաքական գործարքի սահման, կոպիտ ասած, և դա հնարավոր չէ փոխել, քանի որ ընդհանուր առմամբ մի քանի տարբերակներ ու կարգավորման մոդելներ են հնարավոր: Բոլոր այդ մոտեցումները հաջողություն չեն ունեցել, և, ի վերջո, կողմերը համաձայնել են, որ բազային գործարքը կարող է լինել հետևյալը, որ տարածքները օրինականորեն վերադարձվում են Ադրբեջանին, Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղի կարգավիճակն ընդունվում է հետևյալ կերպ, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէ և չի կարող մշտապես լինել Ադրբեջանի մաս, որ քվեարկությունն ապագայում սկզբունքորեն կարող է այնպես լինել, որ Ղարաբաղը կարող է և չլինել Ադրբեջանի կազմում: Դա հսկայական կոմպրոմիս է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, և առանց դրա՝ ես գործարքի հնարավորություն չեմ տեսնում:
Հնարավոր չէ գործարք, եթե Հայաստանն ասի, որ երբեք որևէ հող չի վերադարձնելու Ադրբեջանին, այդ պարագայում Բաքվի հետ հնարավոր չէ որևէ խոսակցություն-բանակցություն, քանի որ դա անընդունելի է Բաքվի համար: Նույնը նաև այն պարագայում, երբ Ադրբեջանը հայտարարի, որ չի պատկերացնում այլ կարգավիճակ Ղարաբաղի համար, քան Ադրբեջանի կազմում, այս դեպքում էլ հնարավոր չէ բանակցել Հայաստանի տեսանկյունից: Ես վախենամ, որ մենք ներկայումս գտնվում ենք նմանատիպ փակուղում, և առանց գործարքի ընկալման հնարավոր չէ դրանից դուրս գալ»,- ասաց Բրայզան: Ամփոփելով իր խոսքը՝ Բրայզան ասաց, որ էական ակնկալիքներ հանդիպումներից ու բանակցային գործընթացից այս փուլում չունի: