 
                        Բաքվի դատարանում հիշել են հուլիսյան մարտերի մասնակիցներին Սարդարապատում պարգևատրելու մասին
 
                                    Հոկտեմբերի 30-ին Բաքվի «դատական» նիստին անդրադարձ է կատարվել 2020թ․ օգոստոսի 28-ին Սարդարապատում հուլիսյան մարտերի մասնակիցների պարգևատրման արարողությանը, որին մասնակցել են նաև Արցախի իշխանությունները, մասնավորապես, Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ադրբեջանական մեղադրողը հարց է տվել նրան՝ «պարգևատրվողները ՀՀ զինված ուժերի զինծառայողներ են, ի՞նչ կարգավիճակով և ի՞նչ նպատակով եք հրավիրվել այդ միջոցառմանը, հատկապես, երբ դատաքննության ժամանակ հայտարարել եք, որ հուլիսյան մարտերի հետ Ղարաբաղը որևէ առնչություն չի ունեցել»:

Պետական մեղադրողն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից նաև հետաքրքրվել է՝ 2020 թվականի հունիսի 19-ին Երևանում կայացել է Արցախի և ՀՀ-ի ԱԽ համատեղ նիստը, «ի՞նչ նպատակով եք մասնակցել այդ նիստին, ի՞նչ հարցեր են քննարկվել, ինչի՞ համար է այդ համատեղ նիստը հրավիրվել»:
Այս հարցադրումներին Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ Արցախի պետական կառույցները մշտապես հրավիրվել են Հայաստանում կազմակերպված նմանօրինակ միջոցառումներին, իսկ նշված ԱԽ համատեղ նիստում «քննարկվել են Հայաստանի անվտանգության հարցերը, բանակի մարտական վիճակը և պատերազմական հնարավոր սցենարները»:
Հավելենք, որ 2020 թվականի հունիսի 19-ի Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ալիևի՝ փոխզիջման չգնալու փաստին, մասնավորապես, հայտարարել էր.
«Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում: Սա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին: Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա: Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով»:
Միաժամանակ Փաշինյանը նկատել էր. «Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «Արևմտյան Ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու, այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում»:
ԱԽ այս նիստում Արցախի նախագահի կարգավիճակում Արայիկ Հարությունյանն էլ հավելել էր. «Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ գոյաբանական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի ողջ բնակչության նկատմամբ: Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի»:
Իսկ հոկտեմբերի 30-ի Բաքվի «դատավարության» ժամանակ հերթական անգամ քննարկման առարկա է դարձվել ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի 2017 թվականի հարցազրույցը, որտեղ, ադրբեջանական քարոզչամեքենայի փոխանցմամբ, խոսվել է ադրբեջանական «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի կորուստներից Ապրիլյան պատերազմի ժամանակ:

Սրանից հետո Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին առնչվող նյութեր են հրապարակվել՝ թվագրված 2020թ. դեկտեմբերի 1:

Հնարավոր է՝ խոսքն Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի նամակ-արձագանքի մասին է, հատկապես, երբ, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են փոխանցել, «դատարանում ցուցադրվել է նյութ, որը ներկայացրել է Բակո Սահակյանի պաշտպանը, խոսքը 2020 թվականի դեկտեմբերի 1-ին ինտերնետում հրապարակված հոդվածի մասին է և վերաբերում է Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի գործունեությանը Հայրենական պատերազմի ժամանակ (44-օրյա պատերազմ։- Մ.Պ.)»:
Ավելի ուշ Բաքվի դատարանում փորձել են ապացուցել, թե հայկական կողմն առաջին պատերազմի ժամանակահատվածում, 1990-ականների սկզբին ադրբեջանցի գերիների է սպանել, ընդ որում՝ միաժամանակ 8 պատանդի և գերու:
Հոկտեմբերի 30-ի դատավարությունը շարունակվել է այսօր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        