Բայրամովը և Միրզոյանը Վաշինգտոնում «ճանապարհային քարտե՞զ» են մշակելու․ Արևմուտքը նախատեսում է գործն ավարտին հասցնել Քիշնևո՞ւմ

Ապրիլի 23-ին Հայաստան-Արցախ սահմանագծին ադրբեջանական անցակետի տեղադրման խայտառակ հանգրվանի ու հայկական դիվանագիտության աննախադեպ այս պարտության ֆոնին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում է, որտեղ նախատեսված են նրա բանակցություններն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Օրերս՝ հանդիպմանն ընդառաջ, 168am-ը տեղեկացրել էր, որ առաջիկայում կայանալու են նախարարական հանդիպումներ՝ ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ՝ Մոսկվայում։

Սակայն Վաշինգտոնն արդեն տևական ժամանակ և հատկապես ավելի առարկայական կերպով մարտից դիվանագիտական ջանքեր է ներդնում այս հանդիպման կայացման և գործընթացում բեկում մտցնելու նպատակով, որի համար ապրիլի կեսերից Երևան ու Բաքու էին գործուղվել բարձրաստիճան դիվանագետներ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը։ Բացի այդ, հեռավար կարգով պաշտոնական Երևանի ու Բաքվի հետ կապի մեջ էր ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանը, ով Պետքարտուղար Բլինքենի հետ, ըստ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելի, շարունակում է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության փնտրտուքներում։ «Սա մի բան է, որին պետքարտուղար Բլինքենը խորապես նվիրված է»,- նշել էր վերջին բրիֆինգի ժամանակ Պատելը։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ մինչ Վաշինգտոնում կայանալիք նախարարական հանդիպումը Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ՝ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն, Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների կարևորությունը և վերահաստատել ԱՄՆ շարունակական աջակցությունը գործընթացին, Բլինքենը նաև նշել է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են, նա նաև իր երախտագիտությունն է հայտնել խաղաղ գործընթացին Փաշինյանի շարունակական նվիրվածության համար։ Ինչ վերաբերում է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին, ապա այս դեպքում ևս Բլինքենն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների կարևորությունը և վերահաստատել ԱՄՆ շարունակական աջակցությունը գործընթացին։

«Պետքարտուղար Բլինքենը կիսվել է իր համոզմունքով, որ խաղաղություն հնարավոր է: Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և ընդգծել է Լաչինի միջանցքի հնարավորինս արագ վերաբացման կարևորությունն առևտրային և մասնավոր մեքենաների համար»,- ասված է Պետքարտուղարության հաղորդագրությունում։

Ռեգիոնալ լրատվամիջոցներում շատ քիչ տեղեկատվություն կա այն մասին, թե ինչ է սպասվում Վաշինգտոնում կայանալիք նախարարական հանդիպմանը։ Սակայն, ըստ  «Թուրան» գործակալության ամերիկյան աղբյուրների, Վաշինգտոնը պատրաստվում է հասնել Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունների հաղթահարմանն ու խաղաղության «ճանապարհային քարտեզի» մշակմանը։ Հաղորդվում է նաև, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը կարող է տևել «մի քանի օր»։ «Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա Եվրոպան «գործը կավարտի»՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը», – գրել է «Թուրան» գործակալությունը։

Հարկ է հիշեցնել նաև, որ օրերս Երևանում, Թբիլիսիում ու Բաքվում էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան, ով, կարևորելով նախորդ տարի Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքները, ակնարկեց, որ բարձրաստիճան՝ Փաշինյան-Ալիև հանդիպում է նախատեսվում Քիշնևում առաջիկայում։ Ինչպես հայտնի է, հունիսի 1-ին Քիշնևում կրկին հանդիպելու է Եվրոպական համայնքը, և գուցե Արևմուտքը նախատեսում է մինչ այդ ավարտե՞լ Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրի քննարկումներն ու Քիշնևում հասնել առանցքային հանգրվանի։ Այս հարցին, թերևս, ավելի հեշտ կլինի պատասխանել նախարարների վաշինգտոնյան քննարկումներից հետո։ Սակայն բանակցությունների տեսանկյունից անկյունաքարայինն ու հայկական կողմերի համար բացասականն այն է, որ հայկական կողմը Վաշինգտոն է մեկնում դիվանագիտական աննախադեպ թույլ դիրքերով, երբ ադրբեջանական կողմն անցակետ է տեղակայել Հայաստան-Արցախ սահմանագծին, 120 հազարանոց արցախահայությանը գցելով տոտալ բլոկադայի և կախման մեջ, ու տոնում է այդ իրադարձությունը՝ որպես բացառիկ հաղթանակ։

 

Տեսանյութեր

Լրահոս