 
                        Հայկական կոնյակը՝ պատմական Հայաստանի ու կայսերապաշտական հայրենասիրության մնացուկ
 
                                    ՔՊ-ական վարչախմբի իշխանության գալուց հետո, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գրեթե ամեն տարի անկում է գրանցվել։ Արտադրության ծավալները տարին տարվա վրա նվազել են։ Նվազել է նաև գյուղմթերքների արտահանումը։
Այս տարի արտադրության ծավալների որոշ աճ է արձանագրվել, ավելացել է նաև որոշ գյուղմթերքների արտահանումը։ Դա էլ դեռ հարց է, վերաարտահանման շնորհի՞վ է եղել, թե՞ տեղական արտադրության։ Համարենք, որ տեղական արտադրության արդյունքում է գյուղմթերքների արտահանումն ավելացել։ Բայց ավելացել է նախորդ տարիների նվազումներից հետո։ Ու դա Նիկոլ Փաշինյանը որոշել է շոու սարքել։ Կառավարության նիստում գյուղատնտեսական մթերքների արտահանման թվեր է հրապարակում, աննախադեպ աճերի տպավորություն է ուզում ստեղծել։
«Հիմա եկեք նայենք՝ ինչ ունենք գյուղմթերքի արտահանումով։ Ունենք արտահանման 13.8 տոկոս աճ՝ նախորդ տարվա համեմատությամբ. ծիրանի դեպքում՝ 25.5 տոկոս աճ, սալորի դեպքում՝ 61.1 տոկոս աճ, դեղձի դեպքում՝ 87.1 տոկոս աճ, կեռասի դեպքում՝ 123 տոկոս աճ, տանձի դեպքում՝ 245 տոկոս աճ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց չի ասում, որ այդ աճերը տեղի են ունեցել նախորդ տարիների նվազումների ֆոնին։
Դա էլ դեռ ոչինչ, չի ասում, որ գյուղմթերքի վրա հիմնված բազմաթիվ ապրանքների արտադրությունն ու արտահանումը ոչ պակաս կտրուկ նվազել է։ Այդ ապրանքներից մեկն էլ կոնյակն է, որը որոշել են իզով-թոզով վերացնել։ Կոնյակի արտադրությունն իր ծավալներով միշտ էլ վերամշակող արդյունաբերության մեջ առաջնային դիրք է ունեցել։ Այս տարի արտադրության ծավալները կտրուկ նվազել են։ Նվազել են նաև արտահանման ծավալները։ Թե ինչո՞ւ են նվազել, Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, բայց թաքցնում է։
Վերջերս գտնվելով Թբիլիսիում՝ մի տեսանյութ էր հրապարակել՝ շտապելով հայտնել, որ «արդյունավետ» հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ։ Երբ Ազգային ժողովի պատգամավորներից մեկը հարցրեց, թե ինչ մանրամասներ կարող է հայտնել այդ հանդիպումից, Նիկոլ Փաշինյանն ափերից դուրս եկավ ու, բառիս բուն իմաստով, հողին հավասարացրեց Հայաստանի տնտեսությունը։ Ասում է՝ հայկական ապրանքները որակ չունեն։ Դա էլ քիչ է, հայտարարեց, թե Հայաստանը չի կարող կոնյակ արտադրել։ Եվ ոչ միայն կոնյակ, այլև շամպայն։
«Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, ոնց որ Դիլիջանում չի կարող ջերմուկ արտադրվել։ Հայաստանում չի կարող շամպայն արտադրվել։ Մեր մեծագույն պրոբլեմն էն ա, որ մենք մի պատուհան ունենք ու ամբողջ աշխարհը տենում ենք էդ պատուհանից, ու էդ պատուհանը թափանցիկության հարց ունի»,- հայկական կոնյակի ու շամպայնի արտադրության մահախոսականը կարդաց Նիկոլ Փաշինյանը։
Հավանաբար նման եզրակացության էր եկել վրացի իր գործընկերոջ հետ ունեցած այդքան «արդյունավետ» հանդիպումից հետո։ Հայտնի է, որ այս տարվա սկզբից Վրաստանը խնդիրներ է ստեղծում հայկական կոնյակի արտահանման համար։ Ստանդարտներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ՝ օրերով կանգնեցնում ու ստուգում են կոնյակի որակը, այն պարագայում, երբ դրա իրավունքը բացարձակ չունեն։ Վրաստանը հայկական կոնյակի համար եղել ու այսօր էլ շարունակում է լինել ընդամենը տարանցիկ երկիր, որի միջոցով իրականացվում է՝ ինչպես այլ ապրանքների, այնպես էլ՝ կոնյակի փոխադրումներ այլ երկրներ։ Որակի հետ կապված ստուգումները, եթե նման անհրաժեշտություն կար, կարող էին անել այդ երկրները, բայց ոչ երբեք՝ Վրաստանը։
Սակայն Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկարողացան այդ տարրական բանը բացատրել վրացի իրենց գործընկերներին ու հասան նրան, որ Վրաստանում հայկական կոնյակի որակի ստուգումները դարձան մշտական պրոցես՝ անհարմարություններ ստեղծելով հայկական կոնյակագործների համար։
Այս ամենի նպատակը մեկն էր՝ իրացման հիմնական շուկաներից դուրս մղել հայկական կոնյակը՝ դաշտ բացելով սեփական արտադրության համար։ Եվ ահա վրացիները կարծես հասան իրենց նպատակին։
Փոխարենը Վրաստանում հայկական կոնյակագործների համար ստեղծված արհեստական խոչընդոտները վերացնելու՝ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ վրացիների թելն է թելում՝ պատրաստվում է ինքն էլ արգելել Հայաստանում կոնյակ արտադրելը, հայկական կոնյակը, որը միշտ էլ բարձր համարում ու համբավ է ունեցել ամբողջ աշխարհում։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես են կործանում հայկական կոնյակագործությունը։
Կոնյակի արտադրության ծավալներն այս տարի հասցրել են կտրուկ կրճատվել։ Պաշտոնական տվյալներով, գրեթե 35 տոկոսով ավելի քիչ կոնյակ է արտադրվել։
Նախորդ տարի արտադրվել էր 12.7 մլն լիտր, այս տարի արտադրվել է 8.3 մլն լիտր կոնյակի սպիրտ։
Արտադրության ծավալները 4.4 միլիոնով նվազել են։
Այսպես շարունակվելու դեպքում, երկար ժամանակ պետք չի լինի հայկական կոնյակի արտադրությունը կործանելու ու հարյուրամյակների ընթացքում ձեռք բերված ավանդույթները վերացնելու համար։ Հայաստանն ու հայ ժողովրդին շատ դեպքերում նաև հայկական կոնյակով են ճանաչել աշխարհում։ Նիկոլ Փաշինյանին, որը պատրաստվում է վերացնել այն ամենը, ինչ հայկական է, հավանաբար դա էլ է նյարդայնացրել, ու սկսել է պայքարել հայկական կոնյակի դեմ։
Կտրուկ կրճատվել է ոչ միայն կոնյակի, այլև գինու արտադրությունը։ Այս դեպքում էլ անկումը հասնում է 32 տոկոսի։
1.8 մլն լիտրով ավելի քիչ խաղողի գին է արտադրվել, քան արտադրվել էր անցած տարի։
Այդպես է, որովհետև այս մարդկանց կարծիքով՝ Հայաստանին սեփական տնտեսություն ու արտադրություն պետք չէ, ուզում են այն դարձնել ներմուծող ու առևտրով գոյատևող երկիր։ Այլ երկրներից ապրանքները կբերեն ու կծախեն Հայաստանում։ Դրա համար էլ օր առաջ շտապում են բացել հայ-թուրքական սահմանն ու առևտուր անել ադրբեջանցիների հետ։
Սահմանի բացման հեռանկարները տեսնում են նրանում, որ դա հնարավորություն կտա ավելի էժան ապրանքներ ներմուծել ու վաճառել։ Իսկ թե դրանից հետո ինչ կլինի Հայաստանի տնտեսության, տեղական հատուկենտ ապրանքների արտադրության հետ, թքած ունեն։ Դրա համար էլ սահմանը բացելուց առաջ չեն էլ մտածում գոնե տեղական արտադրության պաշտպանության, մրցակցային հնարավորությունները բարձրացնելու մասին։ Կփակեն տեղական արտադրությունները՝ նախապատվությունը տալով ներմուծմանը։ Իշխանական օլիգարխների աչքը լույս՝ կներմուծեն, թանկ գներով կվաճառեն ու միլիոններ կդիզեն։ Տեղական արտադրողի գլուխն էլ քարը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        