Իշխանական Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից ընդդիմությանը ռևանշիստ որակեց
Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Արտակ Մանուկյանի հարցը, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը բուն թեմայից շեղվելով՝ նախ ցանկություն հայտնեց խոսելու խոսքի արժեքի մասին, բայց կարծես այս թեման էլ սահուն շրջանցելով՝ ընդդիմադիրներին անվանեց «ռևանշիստական ուժեր»:
«Անդադար մենք նույն ցիկլի միջով ենք կարծես թե անցնում: Գալիս են այստեղ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը, բայց իմ խորին գնահատմամբ՝ ռևանշիստական ուժերը, խոսում են, օրինակ, բովանդակային հարցերից, խոսում են՝ «որ եկեք կարծիքներ հայտնենք, իրար չանվանարկենք և այլն», բայց նույն բանը…»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Իշխանական պատգամավորի այս հայտարարությանը տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
«Ի՞նչ է նշանակում՝ ռևանշիստ»,- հայտարարեց Օհանյանը:
Ու մինչ նիստը վարող, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հորդորում էր ԱԺ պատգամավորներին, որոնց միջև արդեն վեճ էր սկսվել, տեղից ելույթներ չունենալ, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը լայն բացած ձեռքերով փորձում էր զսպել դահլիճից միջամտող պատգամավորներին, որ իր ելույթ ունենալու իրավունքն է քաղաքական թիվ 1 ամբիոնից, ու հորդորում էր պատգամավորներին հարգել այդ ամբիոնը: Ու մինչ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանգիստ տոնով հանգստության կոչեր էր անում, ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը բարձր և ամբիցիոզ տոնով լռության կոչեր էր անում.
«Լռեք, երբ որ ես ելույթ եմ ունենում… Ո՞նց, հլը դուրս արի»,- ԱԺ ամբիոնից ասաց Արթուր Հովհաննիսյանը, ապա մոտ մեկ րոպե ամբիոնի մոտ կանգնած ժպտում էր, մինչև Հակոբ Արշակյանը «հանգիստ, հանգիստ» ասելով՝ կհաջողեր խորհրդարանականներին հանդարտեցնել, որպեսզի շարունակեն ԱԺ հերթական քառօրյան:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում