«Պարոն Աբազյան և Բադասյան, ապահովեք ադրբեջանցիների մուտքը ՀՀ սահմանով Նախիջևան». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի Հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակի մասին՝ ասաց, որ թեպետ այս պահին այնտեղ  մարտական գործողություններ չեն ընթանում,  Արցախի իշխանությունների գնահատմամբ՝ իրադրությունը շարունակում է  մնալ ծայրահեղ լարված։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման։

Հայաստանի պարտավորությունների մասին խոսելիս՝ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապն ապահովել, այո, այս ընթացքում մենք ամեն օր էլ պատրաստ ենք ապահովել այդ կապը, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։ Մենք այսօր էլ ասում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք հատեք ՀՀ սահմանը և գնացեք Նախիջևան։ Մենք դեռևս նախորդ տարվանից ունենք կետ, որտեղ կա ՀՀ մաքսային ծառայության ու սահմանապահ ծառայության կետ, ասել ենք Ադրբեջանին, որ ՀՀ սահմանադրությամբ կարող են ցանկացած պահի այդ կետերը հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ։

Պաշտոնապես ասում եմ, որ այսօր Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան-գնան Նախիջևան, մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Նախիջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, նաև Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներում, որտեղ մենք մաքսային ծառայության հսկողություն ունենք, և այս ընթացքում Ադրբեջանը որևէ անգամ չի օգտվել դրանից»,- Կառավարության նիստում ի լուր բոլորի՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Այնուհետև գործադիրի ղեկավարը դիմեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հանձնարարելով  ապահովել ադրբեջանցիների երթևեկությունը՝ ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։

«Պարոն Աբազյան և պարոն Բադասյան, ևս մեկ անգամ այս հրապարակային հայտարարությունն անում եմ և ես ձեզ հանձնարարում եմ՝ ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հնարավորությունը, նաև Իջևանի, Նոյեմբերյանի հատվածում, թող ադրբեջանցիներն ասեն, թե որտեղով են ուզում հատել, և իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձնագրային, մաքսային հսկողություն,  և, իհարկե, անվտանգության ապահովում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս