Արցախում թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված երեխաները կաթնամթերք էին օգտագործել. ոլորտի պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել
Սննդային թունավորմամբ Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում է ընդունվել ընդհանուր առմամբ 26 երեխա, որոնց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Արևիկ» բուժմիավորման մանկաբույժ Էռնեստ Լալայանը: «Հիմնական մասը դիմել է «Արևիկ» բուժմիավորման ընդունարան՝ ժամը 13:00-ից հետո: Բոլորի գանգատները նույնն էին՝ փսխումներ, որոշների մոտ նաև փորլուծություն և ջերմություն: Հիմնականում նախադպրոցական տարիքի երեխաներ են եղել՝ սկսած 1 տարեկանից, որոնք բոլորն էլ կաթնամթերք են օգտագործել:
Նրանց վիճակը կլինիկորեն միջին ծանրության էր: Ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն, և մոտ 2 ժամից բոլոր երեխաների վիճակը բավարար էր»,-մանրամասնեց մանկաբույժը՝ հավելելով, որ առավոտյան ևս նրանց մոտ գանգատներ չեն եղել:
Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի խոսքով՝ օպերատիվ հետազոտություններ են իրականացվել ինչպես Ստեփանակերտի համար 7 դպրոցում, այնպես էլ կաթնամթերք արտադրող համապատասխան ընկերության արտադրամասում: Ուսումնասիրվել են աշխատակիցների սանիտարական գրքույկները, իսկ արտադրության ավելի քան 2 տասնյակ աշխատակից հետազոտության համար նմուշներ է հանձնել: «Սուր գաստրիտ համախտանիշով «Արևիկ» բուժմիավորում են ընդունվել 1-5 տարեկան երեխաներ: Հետազոտությունների արդյունքում պարզել ենք, որ երեխաները կաթնամթերք են օգտագործել: Ճշտել ենք նաև, թե ինչ ամսաթվով է արտադրանքը, և հանձնարարվել է խանութներից դուրս բերել այն և թթվասերի ու կաթնաշոռի նմուշներ վերցնել: Թթվասերի արտադրանքը դեռևս դադարեցված է, քանի որ սանիտարահիգիենիկ ստուգումներ պետք է իրականացնել, որից հետո պատասխանները պարզ կլինեն»,- պարզաբանեց ոլորտի պատասխանատուն՝ հայտնելով, որ, չնայած բողոքներ դեռևս չեն արձանագրվել, ստուգումներ են սկսվել նաև Արցախի շրջանների բնակավայրերում:
Ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ «Արևիկ» բուժմիավորում ընդունված ընդհանուր առմամբ 26 երեխայից, ժամը 10:30 դրությամբ շարունակում է բուժում ստանալ ընդամենը 2 -ը: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար: Գերատեսչության հավաստմամբ՝ համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ: