Մենք թևակոխում ենք կարճատև դադարներով ուղեկցվող պերմանենտ սահմանային լարվածության ժամանակաշրջան
ՀՀ Զինված ուժերի հենակետի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկված վերջին գրոհը է՛լ ավելի վատթարացրեց իրենց վիճակը։ Այն հուսահատ քայլ էր։ Ըստ էության, հակառակորդի անձնակազմի շրջանում գործում է օրինաչափությունն առ այն, երբ նախորդ ձախողումը կանխորոշում է հաջորդ մարտական խնդրի ձախողումը։ Համոզված եմ՝ եթե ոչ հիմա, ապա արդեն շատ շուտով հակառակորդին դադար է պահանջվելու։
Այսպիսով արձանագրենք՝ ՀՀ ԶՈՒ երրորդ զորամիավորումը փայլում է իր մարտական պատրաստվածությամբ։ Շնորհակալություն ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին, ով երկար տարիներ ղեկավարել է զորամիավորումը, զորամիավորման ներկայիս հրամանատար՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, իր անձնակազմին։ Երկար տարիների հետևողական աշխատանքը արդյունք է տալիս։
Հայոց դիվանագիտությունն այժմ պետք է բանակցային օրակարգ բերի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Հակառակորդն իր նախահարձակ ագրեսիվ գործողություններով ակտուալ է դարձրել Ադրբեջանի հետ՝ ինչպես ՀՀ, այնպես էլ՝ Արցախի պետական սահմաններին միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Բովանդակային բանակցություններին վերադառնալու միջնորդների կոչն անընդունելի է։ Այն բովանդակությունը, որն առկա է այս պահին բովանդակային բանակցությունների օրակարգում, մեզ համար անընդունելի է։ Հայաստանն այսօր բանակցային գործընթացում ուժի դիրքերից հանդես գալու հնարավորությունը պետք է օգտագործի լիարժեք։ Այժմ պետք է բանակցել միայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների տրամաբանության շրջանակներում՝ կայուն և վերահսկելի սահմաններ ունենալու շուրջ։
Հաջորդը՝ իրավիճակը պետական սահմանին առաջիկայում կհանդարտվի, սակայն պետք է իրատես լինենք․ ապակայունացման հաջորդ փուլն իրեն երկար սպասեցնել չի տա։ Մենք թևակոխում ենք կարճատև դադարներով ուղեկցվող պերմանենտ սահմանային լարվածության ժամանակաշրջան։ Մեր հանրությունը պետք է պատրաստ լինի այդ հեռանկարին։ Այս իրավիճակում, որքան հուժկու և անհամաչափ լինի բանակի պատասխանը, այնքան ավելի ուշ վրա կհասնի լարվածության հաջորդ փուլը։ Այդ է հուշում նախորդ տարիների փորձը։ Ավելին՝ թե ՀՀ Զինված ուժերը, թե՛ Արցախի Պաշտպանության բանակն իրենց գործողություններում ոչնչով չպետք է կաշկանդված լինեն, և պետք է ունենան հայոց երկու պետությունների հանրությունների անվերապահ և լիակատար աջակցությունը։
Եվ վերջին: Այո՛ ստեղծված իրավիճակում հանրության համախմբումն օրվա հրամայականն է։ Հստակորեն ընդգծենք՝ հակառակորդին զսպելու, նրան խաղաղություն պարտադրելուն ուղղված հայոց երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարությունների վճռական գործողություններն այլընտրանք չունեն։ Այս հարցում բոլորս պետք է լինենք միակամ։ Միևնույն ժամանակ՝ հանրությանը համախմբելու նախաձեռնողը, նախևառաջ, պետք է լինի գործող իշխանությունը։ Մինչդեռ հենց իշխանական թևից է հնչում պառակտչական հռետորաբանություն։ «Հաղթանակը բոլորինս է»․ ահա այս թեզը պետք է առաջ մղվի թե՛ իշխանության և նրա համակիրների, թե՛ մյուս քաղաքական ուժերի կողմից։ Այս ամենի հետ մեկտեղ՝ սահմանային լարվածության պերմանենտ լինելու հանգամանքը չպետք է վերածվի ամեն տեսակ ապազգային նորամուծություններ առաջ մղելու, քաղաքացիական ազատությունները հանիրավի սահմանափակելու միջոցի։
Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ