«Եթե շատ ենք նեղն ընկնում, դիմում ենք կառավարությանը, և առանձին որոշումներ են կայացվում». ԳՇ պետը՝ սպառազինության ձեռքբերման մասին

Ռազմական բյուջեն ավելանում է՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, և որքան էլ լինի՝ զինվորականների համար դա բավարար չէ, որովհետև ավելին են ուզում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն աաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Ընդհանուր առմամբ, իհարկե, աճ կա: Բայց եթե մեր ամբողջ բյուջեն էլ տան, զինվորական առումով էլի չի բավարարի: Բայց մենք ուրիշ ճանապարհով գնացինք. առաջին՝ իրականացրեցինք որոշակի միջոցների բաշխում, և վերաբաշխման արդյունքներով կարողացանք ավելի շատ միջոցներ նպատակաուղղել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնմանը, երկրորդ՝ երկարաժամկետ պայմանագրեր կնքվեցին՝ որոշակի տեխնիկական միջոցների գնման համար: Այսպես ասած՝ վարկերով, դա մասնավորապես վերաբերում է ավտոտրանսպորտային միջոցներին: Մեծ քանակությամբ ենք ձեռք բերել, իսկ գումարը վճարելու ենք մաս-մաս: Իհարկե, նորից մեր բյուջեի հատկացումների հաշվին: Երրորդ ճանապարհը դա խնայողություններն են, ծախսերի օպտիմալացումը»,- մանրամասնեց ԳՇ պետը:

Հարցին, թե նվիրատվություններ չե՞ն եղել, Դավթյանը պատասխանեց, որ նվիրատվություններ չեն լինում:

«Իրականացնում ենք պետական միջոցներով, այն, ինչ հատկացված է մեզ: Եթե շատ ենք նեղն ընկնում, իհարկե, դիմում ենք կառավարությանը, և նա մեզ որոշակի հարցերում աջակցում է, ինչպես, օրինակ, Սու-30-ների հարցով: Դրանք կառավարության ծրագրերով իրականացվում են: Դրանք բոլորը պաշտպանական բյուջեից են, բայց առանձին որոշումներ են կայացվում, քանի որ մեր պետության համար դա բավականին մեծ գումար է, ուստի առանձին որոշումների կարիք կա»,- շեշտեց ԳՇ պետը:

Արտակ Դավթյանն այս համատեքստում նշեց, որ հավասար պայմանների դեպքում Հայաստանի Զինված ուժերը նախընտրում են գնել տեղական արտադրողների թողարկած սպառազինությունը:

Ըստ նրա՝ առաջիկա տարում մեծացնելու են տեղական արտադրողներից գնումները: Մասնավորապես` խոսքը վերաբերում է կապի և օպտիկական սարքերին, զինամթերքի որոշակի տեսակներին և նորոգվող զինամթերքին:

Սա, ըստ Արտակ Դավթյանի, ձեռնտու է այն առումով, որ այս դեպքում հայտնաբերված թերություններն ավելի արագ են շտկվում:

Տեսանյութեր

Լրահոս