Բաժիններ՝

ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցի ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություններին. Թրամփ

Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն չի ունենա Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դեմ ուժային գործողություններին, դրանով կզբաղվեն տարածաշրջանային դերակատարները: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:

«Մենք կպարզենք՝ արդյոք նրանք (ՀԱՄԱՍ-ը) իրենց լավ են պահում…. Եթե նրանք իրենց լավ չպահեն, մենք դրանով կզբաղվենք», – ասել է ԱՄՆ ղեկավարը։ Նրան խնդրել են մեկնաբանել իր հայտարարությունն այն մասին, որ եթե Գազայում սպանությունները շարունակվեն, ապա «մենք ստիպված կլինենք մտնել» այնտեղ։

«Ես չեմ ասել՝ ով կմտնի (խմբ.՝ պաղեստինյան անկլավ)։ Ինչ-որ մեկը կմտնի, բայց դա մենք չենք լինի։ Կան մարդիկ, որոնք գտնվում են այնտեղ, շատ մոտ, և նրանք շատ հեշտ կկատարեն դա», – ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նման քայլերը կիրականացվեն Միացյալ Նահանգների «հովանու ներքո»: 

Ավելի վաղ Թրամփը ՀԱՄԱՍ-ին մեղադրել էր Գազայում մարդկանց սպանելու համար և սպառնացել նոր ուժային միջոցներ ձեռնարկել արմատական ​​շարժման դեմ: 

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել հրադադարի վերաբերյալ ամերիկյան ծրագրի շուրջ։ Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է բոլոր ողջ մնացած 20 պատանդներին, ինչի դիմաց Իսրայելն ազատ է արձակել գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալի։ Կողմերի միջև զոհվածների մարմինների փոխանակումը դեռ շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս