«Ինչպես կարող է մարդն օկուպացնել մի տարածք, որտեղ ծնվել է ինքը, ծնվել են իր երեխաները, և որտեղ հուղարկավորվել են իր նախնիները»․ Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում ԼՂ հակամարտության կարգավորման մասին

«Մեզ համար ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափի վերականգնումը քմահաճույք և նախապայման չէ»,- այս մասին քիչ առաջ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում իր ծավալուն ելույթին հաջորդած հարց-պատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ նոր կառավարության մի շարք մոտեցումների։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրեց, որ ադրբեջանական կողմի հետ ընդհանուր պատկերացում չունեն ԼՂ հակամարտության կարգավորման նրբությունների, մեխանիզմների մասին։ Սակայն, որպես դրական հանգամանք, նա նշեց այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անկեղծ քննարկման մթնոլորտ է ձևավորվել, որն արդեն իսկ լավ է։

Ըստ Փաշինյանի, հայկական կողմի ընկալմամբ այսօր կարևորագույն մի քանի հարց կա, որոնց պետք է պատասխանեն խաղաղության օրակարգն ուժեղացնելու համար։ Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը կարգավորման խաղաղ գործընթացին։

Փաշինյանի պարզաբանմամբ, հայկական կողմի քայլերն ուղղված են նրան, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում վերականգնվի երկխոսությունն Ադրբեջանի և ԼՂ-ի միջև։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ԼՂ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի է ունեցել նաև ուղիղ հանդիպում, այդ պրակտիկան եղել է, ԼՂ-ն շատ երկար ժամանակ միշտ ներգրավված են եղել բանակցային գործ։ Նա նշեց, որ 1998 թիվն են ասում շատերը, սակայն, ըստ Փաշինյանի, մինչև 2018 թիվը ԼՂ ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացին։

«Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ դառնալուց առաջ եղել է ԼՂՀ ընտրված նախագահը, դրանից հետո՝ Սերժ Սարգսյանը, ով եղել էր Ղարաբաղի առաջնորդներից մեկ։ Բանակցային ողջ գործընթացի ընթացքում ԼՂ-ն եղել է բանակցային սեղանի շուրջ, մեր խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի ԼՂ-Ադրբեջան այդ երկխոսությունը չընդհատվի»,- ասաց նա։

Ի պատասխան թուրք պատգամավոր Այդինի՝ բանակցային ձևաչափի վերականգնման վերաբերյալ հարցին, ՀՀ վարչապետն ասաց, որ հայկական կողմը բացարձակ ֆորմատի փոփոխություն չի պահանջում ու ակնկալում։

Նրա վստահեցմամբ, այն ձևաչափը, որի շրջանակում տեղի են ունենում քննարկումները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է։ «Երբ մենք հիմա նայենք պատմությանը, թե ինչ է ԵԱՀԿ ՄԽ-ն, ինչպես է ստեղծվել, ենթադրվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին, ոչ միայն ենթադրվել է, այլև տեղի է ունեցել։ Մենք դնում ենք բանակցային ֆորմատի նույն ձևաչափում հարցի քննարկումը շարունակելու խնդիր, կա պարզ խնդիր, սա մեզ համար նախապայման չէ, քմահաճույք չէ։ Ուղիղ հակառակն է, մենք ասում ենք՝ ուզո՞ւմ ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում։ Եթե ուզում ենք, ինչպե՞ս ենք պատկերացնում կարգավորում ԼՂ հարցի՝ առանց ԼՂ-ի։ Հաճախ օգտագործվում է «օկուպացիա» բառը, բայց ներկայումս ԼՂ-ում բնակվող մարդիկ ծնվել են ԼՂ-ում, նրանց պապերն են ապրել այնտեղ, պապերի պապերը, պապերի պապերի պապերը, և կարող ենք շարունակել։ Ինչպե՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ծնվել է ինքը, որտեղ հուղարկավորված են իր նախնիները, և որտեղ ծնվել են իր երեխաները։ Ամեն կոնֆլիկտի պետք է նայել իր էության մեջ։ Հասկանալի է, որ կան նրբություններ, մեր առաջարկն է՝ նստել սեղանի շուրջ բոլոր կողմերով, քննարկել բոլոր կողմերը»,- պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս հարցին իր պատասխանին Փաշինյանը միացրեց նաև հաջորդ հարցը, թե ում է պատկանում Ղրիմը՝ խուսափելով տալ հստակ պատասխան։ Նա նշեց, որ մշտապես պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ։

Եվ վերջին հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի ընդունում, որ ՀՀ-ում լինեն ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ գործիչներ, որովհետև ինքն իրեն հայաստանամետ գործիչ է համարում։

«Դա նշանակում է, որ մենք պետք է մեր հարաբերությունները կառուցենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ և փորձենք կարգավորել մեր հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս