«Մենք պարզապես խաբում ենք երեխաներին՝ ասելով, որ պատրաստում ենք նրանց կյանք մտնելուն». Շալվա Ամոնաշվիլի

«Ես սիրում եմ Թոմ Սոյերին, ոչ ստանդարտ, ինքը՝ մանկությունը խորհրդանշող այդ կերպարին»։

«Դասական մանկավարժությունը Ուշինսկին է, Պեստալոցցին, Կորչակը, Մակարենկոն, Կոմենսկին, ովքեր զարգացնում են մեծերի ու երեխայի ստեղծագործական փոխգործակցության ոգեղենությունը»։

Իսկ այսօր հաճախ մանկավարժությունն ավտորիտար, հարկադիր բնույթ ունեցող, խրախուսանքի և պատժի վրա հիմնված գիտություն է։ Եթե երեխան իրեն լավ է պահում` խրախուսում են, իսկ եթե վատ` պատժում են։ Մարդասիրական մանկավարժությունը փնտրում է այնպիսի ուղիներ, որ ավելի քիչ կոնֆլիկտներ լինեն ու շատ ուրախություն, քիչ բթացում, շատ հաջողություն։

Ուսումնառության ընթացքում մենք երեխաներին տասնյակ-հազարավոր հարցեր ենք տալիս։ Ուսուցիչը պատմեց, տնային աշխատանք հանձնարարեց, իսկ հետո հարցրեց, թե ով ինչպես կատարեց այն։ Չկատարողների համար գործում են անխուսափելի պատժամիջոցներ։ Խոսում ենք անհատականության մասին, սակայն չենք ընթանում այդ անհատականության հետ մարդասիրական հարաբերությունների ճանապարհով։

Կարդացեք նաև

Ընկերությունը, փոխօգնությունը, սրտակցությունն իսկապես այն է, ինչ չի հերիքում։ Ընտանիքը չգիտի, թե դա ինչպես անել, իսկ դպրոցն էլ հեռու է քաշվում դաստիարակությունից։

Ուսուցանումն ավելի թեթև գործ է։ Ֆինանսավորվում է դասը, պլանավորվում է առաջադիմությունը։ Ականավոր քիմիկոս ու մանկավարժ Դ. Մենդելեևն այսպիսի միտք էր արտահայտում՝ժամանակակից գիտելիքներ տալ չհղկված, անդաստիարակ մեկին, նույնն է թե՝ խելագարին սուսեր տաս։

Արդյոք մենք հենց դրանով չե՞նք զբաղվում։ Իսկ հետո տեռորիզմ ենք տեսնում։

Ներմուծեցին միասնական քննությունների համակարգը, օտարածին մի մարմին մեր կրթական աշխարհում, քանի որ դա անվստահություն է դպրոցի և ուսուցչի նկատմամբ։ Երեխային միասնական քննությունները խանգարում են աշխարհայացք ձևավորել, քանզի հենց այն տարիներին, երբ այն պետք է ձևավորվի ու զարգանա, երեխաները զբաղված են միասնական քննություններին նախապատրաստվելու աշխատանքներով, իսկ թե ինչ արժեքներով ու զգացմունքներով է երիտասարդը դպրոցն ավարտելու, կարևոր չէ՞։

Սակայն հիմքերի հիմքն ուսուցիչն է։ Սովորեցնելն ու դաստիարակելն արվեստ է, մեծի ու փոքրի նուրբ փոխգործակցություն։ Անհատականությունը միայն անհատականություն կարող է զարգացնել։ Սովորեցնել, ըստ երևույթին, կարելի է նաև հեռակա, իսկ ահա բարոյականություն զարգացնել հնարավոր է միայն կողքին գտնվելով։ Ռոբոտը չի կարող անհատականություն զարգացնել, անգամ, եթե նա գործի շատ տեխնոլոգիապես, անգամ, եթե ժպտա։

Իսկ ահա այսօր ուսուցիչները չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Պատկան մարմինները մեկ կողմ են բազմազանությանը, մեկ՝ ոչ, մեկ պարզեցնում են ծրագրերը, մեկ նոր, ավելի բարդ ծրագրեր ներմուծում կրթական համակարգ, մեկ 5-բալանոց գնահատման համակարգին են կողմ, մեկ՝ 10-ին։

Սուխոմլինսկին ասում էր, որ երեխաներին պետք է առաջնորդել մի ուրախությունից դեպի մյուսը։

Ուսուցիչներին շատ է անհանգստացնում հետևյալ հարցը. «Ի՞նչ անեմ, որ երեխաները դասս չխանգարեն»։ Իսկապես, ի՞նչ անել՝ մա՞տ թափ տալ, ձա՞յնը բարձրացնել, թե՞ ծնող կանչել։ Իսկ միգուցե այնպես անել, որ դասը հետաքրքիր լինի ու երեխային դուր գա։ Ուսուցիչն այստեղ մեծ ուժով է օժտված. կարող է արարել, կարող է և կործանել։

Ներկայումս դպրոցում միտում կա ուսուցիչներին մղել ստեղծագործական աշխատանքի։ Պետք է դրանից օգտվել։ Իսկ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում վերարտադրվում է ավտորիտարիզմը։ Մանկավարժության վերաբերյալ ոչ մի դասագրքում «սեր» բառը չկա։ Ստացվում է, որ երեխաներին ավտորիտար կերպով են դաստիարակել դպրոցում, Բուհը դա միայն ամրապնդում է, և նրանք՝ որպես ուսուցիչներ, նույն տրամադրություններով վերադառնում են դպրոց։ Ստացվում է, որ երիտասարդ ուսուցիչները հին մարդիկ են, իսկ հետո էլ մտածում են՝ ինչ անել, որ երեխան դասը չխանգարի։

Կան Աստծուց տրված ուսուցիչներ, ուսուցիչներ, ովքեր ծնված են ուսուցիչ լինելու համար. նրանց ոչ մի կերպ հնարավոր չէ փչացնել։ Բայց այդպիսիները յուրաքանչյուր դպրոցում 1-2 հոգի են, իսկ երբեմն՝ ընդհանրապես չկան։ Կարո՞ղ է արդյոք այդպիսի դպրոցը բացահայտել երեխայի խորությունը։

Ստեղծված է ուսուցչի ստանդարտ։ Իմ կարծիքով՝ չի կարելի ստանդարտիզացնել ստեղծագործական աշխատանքը, որպիսին ուսուցչի աշխատանքն է, սակայն, եթե արդեն սկսել ենք ուսուցիչներին ստանդարտների մեջ դնել, եկեք խոսենք նաև նախարարների, պատգամավորների ու մեզնից վեր եղած մնացած բոլորի մասին։ Մեզ համար շատ կարևոր է, թե նրանք իրենց ինչպես կպահեն։

Իսկ աշակերտների համար չի կարելի չափանիշեր սահմանել ու նրանց դպրոց ընդունել ինչ-որ թեստերի ու հարցազրույցների հիման վրա։ Բայց դա տեղի է ունենում, չնայած դպրոցները ստեղծված են երեխաների համար, և յուրաքանչյուր առողջ երեխայի դպրոցը պարտավոր է ընդունել։ Մենք իրավունք չունենք ընտրել հարմար երեխաների։ Դա հանցագործություն է մանկության դեմ։ Որևէ մասնավոր դպրոց իրավունք չունի ընտրություն կատարել երեխաների մեջ։ Դպրոցը մարդկայնության արվեստանոցն է, իսկ մեզ մոտ պատրաստում են ստանդարտ միասնական քննություններ հանձնողների։

Ինքս սիրում եմ Թոմ Սոյերին՝ ոչ ստանդարտ, ինքը՝մանկությունը խորհրդանշող այդ կերպարին։

Դպրոցն այսօր նպատակ չունի։ Խորհրդային դպրոցն ուներ. դա կոմունիզմ կառուցողներ պատրաստելն էր։ Միգուցե այնքան էլ խելացի նպատակ չէր, բայց նպատակ էր։ Իսկ ա՞յժմ։ Չկա այդ նպատակը։

Մենք չպետք է մեր երեխաներին դատապարտենք ինչ-որ կուսակցության ծառայելուն։ Կուսակցությունները փոխվում են։ Ուրեմն այդ դեպքում մենք ինչի՞ համար ենք դաստիարակում մեր երեխաներին։ Դասական դաստիարակությունն առաջարկում է մարդկայնությունը, ազնվականությունը, մեծահոգությունը, այլ ոչ թե՝ գիտելիքների հավաքածուն։ Իսկ այժմ մենք պարզապես խաբում ենք մեր երեխաներին՝ ասելով, թե նրանց նախապատրաստում ենք կյանքին։ Մենք նրանց նախապատրաստում ենք միասնական քննություններին։ Իսկ դա կյանքից շատ հեռու է։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

 

Տեսանյութեր

Լրահոս