Քաղաքական որոշում է, չեն մարսել. մի օր Գիտությունների ակադեմիա ունենալու ենք, բայց այսօր լռողներն այնտեղ չեն լինելու.  Հովակիմ Զաքարյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսոլոգ, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում խոսեց Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին, արշավը ԳԱԱ-ի նկատմամբ համարեց քաղաքական:

«Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) կամաց-կամաց զրկվում է ինքնավարությունից։ Վերջին տարիներին բանը հասավ այնտեղ, որ ԳԱԱ-ն չէր կարող լրացնել սեփական թափուր տեղերը, որովհետև դրանք պետք է կառավարությունը հաստատեր։

ԳԱԱ նախագահության ու ինստիտուտների միջև կապը միայն այն էր, որ այդ ինստիտուտների ղեկավարներին հաստատում էր ԳԱԱ նախագահությունը։ Ես միշտ ասել եմ, որ սրա վերջը լինելու է այն, որ այդ ինստիտուտները ձեր ձեռքից տանելու են, ու այդպես էլ եղավ։ Ակադեմիան ցույց տվեց, որ ինքն ունակ չէ բարեփոխվելու։

Ես չեմ տեսել, որ Ակադեմիան ակտիվ քայլեր ձեռք առնի իրավիճակը շտկելու համար։ Այս օրենքը թղթի վրա մի քանի տարվա կյանք ունի։ Բայց ի սկզբանե Ակադեմիայի ճակատագիրը որոշված էր։

Կարդացեք նաև

Ես ասել եմ՝ Ակադեմիայի դեմ կայացվել է քաղաքական որոշում, ու դու չես կարող ապաքաղաքական կեցվածքով պահել այն։ 2020թ․պատերազմից հետո ԳԱԱ նախորդ նախագահությունը պահանջեց գործող իշխանության ղեկավարի հրաժարականը, ու դա չէր կարող մոռացության մատնվել։ Դրա համար էլ Ակադեմիայի վերաբերյալ կայացվեց քաղաքական որոշում»,- ասաց երիտասարդ գիտնականը:

Հիշեցնենք, 2025թ. սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովը քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագիծը, որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց սեպտեմբերի 11-ին։

Այս նախագծով Գիտությունների ազգային ակադեմիան դառնալու է խորհրդատվական մարմին, այսինքն՝ ակադեմիայի կարգավիճակը նվազեցնում և դարձնում են հասարակական կազմակերպություն։

Նախագիծը խորհրդարան էր ներկայացրել Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե՝ «ԳԱԱ-ն խորհրդատվական և փորձագիտական կարևոր նշանակություն կունենա»։

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2023-ի կեսերից ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ էր դրել այս նախագիծը, իսկ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առանձնացվել էին բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման 6 ուղղություններ: Այս համատեքստում էլ որոշվել է փոխել ԳԱԱ ներկայիս կարգավիճակը։

Վերջինս նշեց՝ որոշները կարծում են՝ գիտությունը միայն համալսարանական կրթությունն է՝ մոռանալով, որ տասնյակ զարգացած պետություններ կան, որտեղ գիտությունը նաև հենց այս ինստիտուտներն են։

Հովակիմ Զաքարյանը համոզված է՝ այս վիճակը խորքային արմատներ ունի, և ներկայիս արձագանքներն էլ համարժեք չեն:

Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորն ինչո՞ւ մի նախադասությամբ կարծիք չի հայտնում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանում կրթություն չկա։ Ինչո՞ւ չեն խոսում ԳԱԱ նախագահը, քարտուղարը։

Ակադեմիան ստեղծվել է ծանր ժամանակներում, գործել 80 տարի։ Միակ կառույցն է, որ անկախությունից ի վեր կարողացավ պահել իր մի 30-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտները, ու ինչո՞ւ հիմա իրենք չեն արտահայտվում, անհասկանալի է։ Միգուցե կո՞ղմ են, միգուցե «ազատվեցի՞ն կազմակերպչական հոգսից»։ Տարիքով մարդիկ են, ես դա հասկանում եմ, վաղուց պիտի գնային վաստակած հանգստի, բայց գոնե խոսեին, որևէ կարծիք արտահայտեին…

Վստահ եմ՝ երբ երկրում իշխանության փոփոխություն լինի, գան ազգային իշխանություններ, Ակադեմիան անպայման վերականգնվելու է, բայց այսօր լռողներն այդ Ակադեմիայում չեն լինելու, որովհետև գոնե չլռողներն այդ մասին հիշելու են ու իրենց հիշեցնելու են…»,- ասաց Հովակիմ Զաքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս