ԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ Արաղչի
ԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցություններ սկսելու համար։ Այս մասին Iran թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ամերիկյան կողմից որևէ պատասխան չենք ստացել։ Հետևաբար, եթե նրանք իսկապես լուրջ են տրամադրված համաձայնագիր կնքելու հարցում, միանգամայն բնական է, որ առաջին հերթին նրանցից դիրքորոշման փոփոխություն ենք ակնկալում»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգներն այլևս հանրապետության հետ գործարքի կարիք չունի։
Արաղչին նաև նշել է, որ Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է ուղղակիորեն հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասին և կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համալիր ձեռնարկել։ Նախարարի խոսքով՝ ամերիկյան կողմից այս երկու պայմանների կատարման դեպքում Իրանը պատրաստ է քննարկել գործարքի նախագիծը և դրա իրականացումը։
«Մեր պահանջը միանգամայն հստակ է. Հորմուզի նեղուցը բացելու համար անհրաժեշտ է կատարել մեր առաջ քաշած յոթ պայմանները։ Իհարկե, եթե ամերիկացիներն ունեն որևէ առաջարկ կամ կարծիք այդ պայմանների կատարման վերաբերյալ, մենք պատրաստ ենք դրանք քննարկել։ Եթե Իրանի պահանջները կատարվեն, Հորմուզի նեղուցը կբացվի։ Նույնիսկ եթե անհրաժեշտություն առաջանա քննարկել այդ պայմանների իրականացման մանրամասներն ու եղանակները, մենք պատրաստ ենք բանակցությունների մեջ մտնել փորձագիտական մակարդակով»,- հավելել է նա։
Իրանը պատրաստ է նաև բանակցությունների հարստացված ուրանի պաշարների շուրջ, ընդգծել է Արաղչին։ Սակայն Թեհրանը պնդում է, որ միջուկային նյութերը չպետք է լքեն երկրի սահմանները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Արաղչին հայտնել էր, որ միջնորդների հետ խորհրդակցությունները Հորմուզի նեղուցի բացման երկօրյա ծրագրի շուրջ շարունակվում են, սակայն վերջնական արդյունք դեռ չկա։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Իրանը բանակցություններում համաձայնել է մինչև երկու օրով կրճատել նեղուցի բացման ծրագրի իրականացման ժամկետը։ Այդ ժամկետի կրճատումը յոթից երկու օրվա, ինչպես նշել է հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, բարի կամքի ժեստ է. եթե Վաշինգտոնը լրջություն ցուցաբերի, Թեհրանը կկարողանա իր պարտավորությունները կատարել երկու օրվա ընթացքում։

