Ալիևը չի փակել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի դուռը. Հայաստանի դեմ «իրավաքաղաքական», «պատմագիտական» բազա է ստեղծվում, փոխհատուցման չափ է որոշվում
Մեր հրապարակումներում պարբերաբար ահազանգել ենք, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ «դատավարությամբ» (որն իրականում Հայաստանի դեմ էր) ադրբեջանական «դատավարությունը» մեր երկրի դեմ չի ավարտվել. Բաքուն «իրավական» կամ «իրավաքաղաքական» բազա» է ստեղծել և շարունակում է ստեղծել, այդ թվում՝ «արևմտյան Ադրբեջան» քաղաքական պրոյեկտի համատեքստում:
Սրան չպետք է անլուրջ մոտենալ, երբ նույնիսկ Արտաքին հետախուզական զեկույցում է այն դիտարկվում տարածքային պահանջ Հայաստանի դեմ և խաղաղության օրակարգից դուրս: Իսկ լուրջ վերաբերվելը չպետք է սահմանափակվի զուտ հայտարարություններով, այլ պետք է իրական փաստերից կազմված իրավարար ծրար և բազա հավաքել ադրբեջանական թեզերի դեմ:
Օրինակ, վեր հանել մարդահամարի տվյալները՝ տեսնելու, թե 1989 թվականին քանի ադրբեջանցի է ապրել Հայաստանում, իսկ տարբեր տվյալներով՝ այդ թիվը մոտ 8 տասնակ է եղել, կամ՝ արդյո՞ք երբևէ 300.000 ադրբեջանցի ապրել է Հայաստանում, քանի որ նման որևէ փաստ չկա, թեպետ 10 ադրբեջանցու վերադարձն էլ վտանգ է Հայաստանի դեպքում, որն ունի ժողովրդագրական և անվտանգային խնդիրներ (դեռ մի կողմ ենք դնում, որ նման բանը չի կարող միակողմանի լինել):
Իսկ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձն Ալիևը դիտարկում է մարդու իրավունքների կոնտեքստում, ուստի չի պատրաստվում քաղաքական այս ծրագրից հետքայլ անել, ինչի մասին հստակ ասել է այս տարվա փետրվարին France 24-ին տված հարցազրույցում՝ նշելով.
«Հազարավոր ադրբեջանցիներ կան, որոնք դեպորտացվել են ժամանակակից Հայաստանի տարածքից, «ենթարկվել էթնիկ զտման», բայց ՀՀ կառավարությունը երբեք որևէ առաջարկ չի արել նրանց վերադարձի հետ կապված: Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է դիտարկել փոխադարձության տեսանկյունից: Վերադարձի իրավունքն ունիվերսալ իրավունք է, և, իհարկե, Ադրբեջանն անպայման հետ կհարգի այս իրավունքը, եթե մենք ստանանք համապատասխան խնդրանք։
Բայց միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մենք 30 տարի պատերազմի մեջ ենք եղել Հայաստանի հետ, և նրանք 30 տարի «օկուպացրել են մեր տարածքը», ակնկալում ենք նույնատիպ վերաբերմունք հարյուր-հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ: Նրանց մենք անվանում ենք «արևմտյան ադրբեջանցիներ», որոնց հնարավորություն պիտի տրվի վերադառնալ այսօրվա Հայաստանի տարածք»:
Բայց այս նույն մարդու իրավունքը՝ հիմնված միջազգային նորմերի վրա, որի մասին խոսում է Ալիևը, վերաբերում և դե յուրե տարածվում է նաև Բաքվի հայ փախստականների, Արցախից բռնի տեղահանված հայերի վրա: Բայց Նիկոլ Փաշինյանն այս էջը փակել է և համոզում է, որ դրանով փակել է նաև «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի ճանապարհը՝ մոռանալով, որ Ալիևն ինքն այդ «դուռը» չի փակել, և շարունակում է դրա լեգիտիմացման ուղղությամբ աշխատանքներ տանել: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանից գնացած ադրբեջանցիները հիմնականում փոխանակել են իրենց տները, գուցե նաև փոխհատուցումներ ստացել: Եվս մեկ կարևոր դրվագ. պետք է հասկանալ՝ Հայաստանից գնացած ադրբեջանցիների քանի՞ տոկոսն է այսօր կենդանի, քանի՞ տոկոսն է մնացել Բաքվում, քանի որ կան տվյալներ, որ նրանցից շատերը կարճ ժամանակ հետո հեռացել են Բաքվից և տեղափոխվել Ռուսաստան, կամ այլ երկիր, քանի որ Բաքվի ադրբեջանցիները նրանց չեն ընդունել, համարել են «հայաֆիկացած»: Այսինքն, Հայաստան հնարավոր վերադարձողների մեջ կարող են լինել ՀՀ-ում չծնված և երբևէ չապրած ադրբեջանցիներ, և մենք ունենալու ենք, ըստ էության, պատմության կրկնություն, թե ինչպես է ժամանակին օկուպացված Արցախի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Շուշիում, ավելացել ադրբեջանցիների թիվը:
Մենք այս համատեքստում՝ «Ալիևի վտանգավոր և խորամանկ առաջարկը՝ Փաշինյանին» վերտառությամբ հոդված ենք հրապարակել փետրվարին, որտեղ անդրադարձել ենք վերևում հիշատակված Ալիևի հարցազրույցում խաղարկված «փոխադարձություն սկզբունքին», որի մասին նույնիսկ ՀՀ իշխանությունները չեն խոսում: Այսինքն, եթե Հայաստանը չի օգտվում իր իրավունքից, որին, իհարկե, Բաքուն չի համաձայնի, դա չի նշանակում, որ Բաքուն չպետք է փորձի այն առաջ մղել:
Վերադառնանք «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտից բխող գործողությունների պլանին:
168.am-ը գրել է, որ Բաքվում ստեղծել են «արևմտյան Ադրբեջանին» վերաբերող վիրտուալ հանրագիտարանային ռեսուրս։ Այն ներառում է քարտեզներ, որոնք, մասնավորապես, ընդգրկում են «Երևանը և Գյումրին, մզկիթներ, գերեզմաններ և 1192 գյուղ»:
Բաքուն այս ճանապարհով փորձում է ապացուցել «ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության ժամանակաշրջանում հայ բնակչության զանգվածային վերաբնակեցման քաղաքականությունն այդ տարածքներում, «էթնիկ զտումների», «ցեղասպանության» և տեղի ադրբեջանական բնակչության տեղահանության պատմությունը, տեղանունների միտումնավոր փոփոխությունը, ինչպես նաև՝ տարածքի պատմական աշխարհագրությունն արտացոլող քարտեզների գիտական գնահատականը»:
Սա Ադրբեջանն արդեն մի քանի տարի շարունակ անում է նաև Baku TV-ի «արևմտյան Ադրբեջանի խրոնիկան» նախագիծ-շարքի միջոցով և տարբեր վկայություններում կամ ՀՀ-ի դեմ «ցուցմունքներում» արդեն անդրադարձել են Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն են հայտարարել, որ Ադրբեջանը, հղում անելով իր Սահմանադրությանը, հավակնում է ՀՀ տարածքների 60 տոկոսին:
Մասնավորապես, ըստ Փաշինյանի, «1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ»:
Ավելին, մի վտանգավոր միտում էլ կա. եղել են դեպքեր, երբ Բաքուն ՀՀ ինքնիշխան այս տարածքները՝ որոշ գյուղեր, «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի տրամաբանության մեջ համարել է թյուրքական հող, այնպես, ինչպես Թուրքիան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակն ու Շուշին էր համարել թյուրքական աշխարհինը:
Ի դեպ, այն, որ «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի հեղինակն Ալիևն է, և այն մաս է կազմում Բաքվի պետական քաղաքականության, դեռ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ՝ 2020 թվականի հունիսի 19-ի ԱԽ նիստում, հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
«Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում…»,- մասնավորապես, նշել էր նա:
Այսինքն, այս նախագծի իրականացումը եղել է, բայց դրա իրականացումը գործնականում թողնվել է որոշակի փուլի համար, դեռ որոշակի «գիտական-իրավական փաստահավաքության» կարիք կա:
Եվ այս տրամաբանության մեջ հունիսի 3-ին Բաքվում անցկացվում է «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով միջազգային գիտական կոնֆերանս: Իսկ սրանից առաջ հայտարարվել է նաև, որ հունիսի 18-19-ին էլ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում է տեղի ունենալու «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոնը, որի կազմակերպիչներն են Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, Կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը:
Նշվել էր, որ համաժողովյան մասում գիտնականները, հետազոտողները և հասարակական գործիչները զեկույցներ են ներկայացնելու «Արևմտյան Ադրբեջանի» իրողությունների, պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների վերաբերյալ։
Իսկ այսօրվա համաժողովի շրջանակում Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Էլչին Բաբաևը լրագրողների հետ զրույցում նշել է.
«Պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական, էկոլոգիական և աշխարհագրական հիմնախնդիրների ուսումնասիրությունը միասնական համատեքստում լուրջ ջանքեր է պահանջում: ժամանակակից դարաշրջանի իրադարձությունները հաստատեցին նաև, որ արդարությունը կարող է ապահովվել իրավական և դիվանագիտական մակարդակում»:
Եվ սա այն դեպքում, երբ Ալիևը ժամանակին մշտապես դժգոհում էր, որ Արցախի հարցում չի գործում միջազգային իրավունքը, որ իրենց իրավունքները հաշվի չեն առնվում: Թեպետ հիմա էլ դժվար է ասել, որ միջազգային իրավունքն այսօր հաղթում է ուժին:
Ամեն դեպքում, Բաքվում անցկացվող «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակում Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիայի ղեկավար Անար Բագիրովը պնդել է.
«Միջազգային իրավունքը հստակորեն ճանաչում է փախստականների և բռնի տեղահանվածների՝ հայրենի հողեր վերադառնալու իրավունքը։ Ադրբեջանի «օկուպացված տարածքների ազատագրումն» (չակերտները.- Մ.Պ.) ի ցույց դրեց Հարավային Կովկասում արդարության լիակատար վերականգնման հնարավորությունը»։
Թուրքիայի մեջլիսի Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմն էլ շեշտել է, որ «արևմտյան Ադրբեջանի» դեպքում վեճը զուտ աշխարհագրական չէ»
«Դա հարյուր-հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր արժանապատիվ և անվտանգ վերադառնալու իրավունքի հարցն է։ Մենք գիտենք, որ այն տարածքներում, որոնք այսօր կոչվում են Հայաստան, պատմության ընթացքում ապրել են ադրբեջանցիներ։ Այս աշխարհագրությունը, որը ձգվում է Երևանից մինչև Գյոյչա (Սևան), Զանգեզուրից (Սյունիք) մինչև Դարալագյազ (Վայոց ձոր), մեր պատմական և հոգևոր ժառանգության անբաժանելի մասն է։ Այստեղ են գտնվում մեր նախնիների գերեզմանները, մշակույթի հետքերը, հիշողություններն ու արմատները»։
Այրիմը շարունակել է, որ այս ամենի հիմքում է «իրենց հայրենիք վերադառնալու մարդկանց իրավունքը, որտեղ նրանք ծնվել են, որովհետև պատմական հիշողությունը հնարավոր չէ ջնջել»: Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է ոչ միայն ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունը, այլև պատմական իրական փաստերը, որ պատերազմ չլինի, բայց հակառակորդն իր «սուրը չի դրել պատյան», ընդամենը պատերազմն այլ փուլ է տեղափոխել:
Իսկ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ «շուրջ 300 բնակավայրերից վտարված ադրբեջանցիներին հասցվել է նյութական վնաս՝ 2,5 միլիարդ դոլարի չափով՝ անհատական տնտեսություններին, և 17,5 միլիարդ դոլարի չափով՝ հասարակական տնտեսություններին», և այլն:
Ավելին, նա պնդել է, թե «ադրբեջանական մի շարք գերեզմանատների տարածքներում կառուցվել են արդյունաբերական օբյեկտներ, իսկ երեք գերեզմանատների տեղում էլ ստեղծվել են ջրամբարներ»։
Իսկ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան, չնայած նրան, որ արդեն իսկ ստեղծվել է «արևմտյան Ադրբեջանին» վերաբերող վիրտուալ հանրագիտարանային ռեսուրս, «արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ երկհատորանի հանրագիտարան է պատրաստում, քանի որ սրանից առաջ Ալիևն ադրբեջանցի գիտնականների, մտավորականների առջև խնդիր էր դրել՝ մեծ աշխատանք տանել անկախ Ադրբեջանի պատմությունն ուսումնասիրելու և պրոպագանդելու ուղղությամբ, և Ադրբեջանը 2026 թվականի համար ավելացրել էր ոչ միայն ռազմական, այլև միջազգային հարաբերություններին և դիվանագիտությանը տրամադրվող բյուջեն, որպեսզի Բաքվի «պատմագիտական» թեզերը միջազգային հարթակում լեգիտիմացվեն:
Եվ ներկա դրությամբ, «արևմտյան Ադրբեջան» համայնքը մոտ 120 նամակ է ուղարկել միջազգային կառույցներին և նրանց ղեկավարներին:
Այսինքն, Ալիևն «արևմտյան Ադրբեջան» քաղաքական պլանի «դուռը» չի փակել, որքան էլ Նիկոլ Փաշինյանն այն փակ համարի: Եվ մեր դեպքում կամ կոնկրետ վերլուծությունը զուտ քաղաքական հայտարարություն չէ, այլ փաստերի արձանագրում, ինչը պետք է հաշվի առնի նաև ընդդիմությունը և գործի փաստարկված, հակասցենարներ մշակի, որովհետև իրենք ևս գործ ունեն կամ գուցե ունենալու են Ալիևի և Էրդողանի հետ:



