Ալիևի վտանգավոր և խորամանկ առաջարկը՝ Փաշինյանին

Մինչ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը փորձում է հանրությանը «վաճառել» խաղաղության չհաստատված, փխրուն և խոցելի օրակարգը, ավելին՝ քննադատել ընդդիմախոսների՝ Սահմանադրության այս կամ այն կետն իրենց «հարմարեցնելու» մտադրությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում, նաև առանձին՝ France 24-ին տված հարցազրույցում ոչ կառուցողական քաղաքական պահվածք է դրսևորել և շարունակել առաջ տանել իրենց՝ ՀՀ սահմանադրության և «արևմտյան Ադրբեջանի» տրամաբանության մեջ նախապայմանները:

Նախապայման N1 կամ՝ Ալիևի «կարմիր գիծը»

Ալիևը նախ ադրբեջանական հեռուստաալիքներին է ասել, որ՝ «Հայաստանի Սահմանադրությունում պետք է կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, հենց այդ փոփոխությունները կատարվեն, կարող են հաջորդ օրն էլ խաղաղության պայմանագիրը ստորագրել»: Այսինքն, որքան շուտ տեղի ունենան սահմանադրական փոփոխությունները, այնքան շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիրը:

Իսկ խոսքը, բնականաբար, Սահմանադրությունից Անկախության հռչակագրի մասին դրույթը հանելն է, որը Բաքուն ընկալում է՝ որպես իր նկատմամբ տարածքային պահանջ:

Կարդացեք նաև

Նույն պնդումն ավելի ուշ նա արել է նաև ֆրանսիական լրատվամիջոցի հետ հարցազրույցում՝ ասելով, որ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը պետք է իրականացնի որոշակի ֆորմալ գործողություններ: Այսինքն, Ալիևը համաձայնել է France 24-ի լրագրողի դիտարկման հետ, որ ՀՀ սահմանադրությունը (Անկախության հռչակագիր, Արցախ-Հայաստան վերամիավորում) պարունակում է Արցախի հետ կապված տարածքային պահանջ, և այն «կարմիր գիծ է» իր համար, և մինչև այդ պահանջը չհանվի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի:

«Հայաստանի սահմանադրության մեջ, որը վաղուց է ընդունվել՝ Ղարաբաղի «օկուպացիայի» ժամանակ, հղում կա Հայաստանի Անկախության հռչակագրին, որտեղ կետ կա, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին: Դա տարածքային պահանջ է Ադրբեջանին: Դա պետք է փոխվի: Ես տեղյակ եմ, որ Հայաստանը պլանավորում է անցկացնել հանրաքվե: Եվ երբ սա իրականացվի, ոչ մի խոչընդոտ չի լինի խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար»,- շեշտել է Ալիևը France 24-ի հետ հարցազրույցում:

Մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ Նիկոլ Փաշինյանն ինքը ևս շահագրգիռ է՝ բացառելու ՀՀ սահմանադրությունից Անկախության հռչակագիրը, թեև ոչ մեկ անգամ հայտարարել է, թե ՀՀ սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում, և Սահմանադրությունը փոխելու իր քաղաքական ցանկության և պարտադրանքի պատասխանատվությունը «դրել» է դարձյալ ժողովրդի վրա, թե ժամանակն է, որ ունենանք ժողովրդի կողմից իրապես ընտրված և «լեգիտիմություն» ունեցող Սահմանադրություն, որը կբավարարի նաև ժամանակակից աշխարհի, այս դեպքում ճիշտ կլինի ասել՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները: Մի առիթով 168.am-ը մանրամասն ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի «սահմանադրական ռևոլյուցիաները»: Իհարկե, իշխանության ներկայացուցիչները շարունակում են ասել, որ Սահմանադրությունը Բաքվի պահանջով չեն փոխում, և, որ այն որևէ խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն իրականությունն այլ է:

Փաստ է՝ Ալիևը շարունակում է շանտաժի և նախապայմանների լեզվով խոսել ՀՀ իշխանությունների հետ, և սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի սահմանադրության մեջ հստակ տարածքային պահանջներ կան Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչն ընդունում է նաև Նիկոլ Փաշինյանը, ինչի վտանգների մասին խոսել է տարբեր առիթներով, բայց Հայաստանը սահմանադրության փոփոխության պատասխան պահանջ չի ներկայացրել երբեք:

Նախապայման N2 կամ՝ «արևմտյան ադրբեջանցիների» «իրավունքը»

Բազմիցս գրել ենք՝ «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի հեղինակն Ալիևն է, և այն մաս է կազմում Բաքվի պետական քաղաքականության: Այս մասին դեռ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ՝ 2020 թվականի հունիսի 19-ի ԱԽ նիստում, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում…»,- մասնավորապես, նշել էր նա:

Պատերազմից հետո տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, ավելի ուշ՝ նաև Արտաքին հետախուզական ծառայությունը սկսեցին պարբերաբար խոսել «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի իրական ռիսկերի մասին: Այլ հարց է՝ որքանով ենք գործնականում դա լուրջ ընդունում և դրան հակազդելը պետական քաղաքականության բաղադրիչ դարձնում: Իսկ Ալիևը հետքայլ չի արել նաև այս հարցում:

«Հազարավոր ադրբեջանցիներ կան, որոնք դեպորտացվել են ժամանակակից Հայաստանի տարածքից, «ենթարկվել էթնիկ զտման», բայց ՀՀ կառավարությունը երբեք որևէ առաջարկ չի արել նրանց վերադարձի հետ կապված: Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է դիտարկել փոխադարձության տեսանկյունից: Վերադարձի իրավունքն ունիվերսալ իրավունք է, և, իհարկե, Ադրբեջանն անպայման հետ կհարգի այս իրավունքը, եթե մենք ստանանք համապատասխան խնդրանք։

Բայց միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մենք 30 տարի պատերազմի մեջ ենք եղել Հայաստանի հետ, և նրանք 30 տարի «օկուպացրել են մեր տարածքը», ակնկալում ենք նույնատիպ վերաբերմունք հարյուր-հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ: Նրանց մենք անվանում ենք «արևմտյան ադրբեջանցիներ», որոնց հնարավորություն պիտի տրվի վերադառնալ այսօրվա Հայաստանի տարածք»,- France 24-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

Այսինքն, Ալիևը «փոխադարձություն սկզբունք» ասելով՝ նկատի չունի արցախցիների վերադարձ, երբ օկուպացված Արցախում մնացած հայերին վերջերս ճանապարհեցին Հայաստան, և ոչ էլ նկատի ունի Բաքվի փախստականների վերադառնալու հնարավորությունը, նա, ըստ էության, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը Հայաստան դիտարկում է փոխհատուցման տրամաբանության մեջ:

Բավականին խորամանկ քաղաքական քայլ, որին արդյո՞ք չի տրվի ՀՀ իշխանությունը, արդյո՞ք չի խաղարկի, օրինակ, նշելով, որ նյութական փոխհատուցման փոխարեն՝ սա վատ առաջարկ չէ: Այս իշխանությունների դեպքում որևէ բան հնարավոր չէ բացառել:

Ի դեպ, գրել ենք, որ երեկ Երևան եկած ադրբեջանական պատվիրակության կազմում է նաև մեկը, ով ստորագրել է «արևմտյան Ադրբեջանին» առնչվող ԱՄՆ փոխնախագահ Վենսին ուղղված նամակի տակ:

Այստեղ տեղին է ուշադրություն հրավիրել մի դրվագի վրա. այս օրերին ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի փորձագետները Կիրանցի հատվածում, հատելով սահմանազատված և սահմանագծված տարածքը, հանդիպել են հայ սահմանապահներին, կատարվել են որոշ ընթացակարգեր, բայց կարծես իրենց նվաստացած չեն զգացել, այդ դեպքում՝ ինչո՞ւ է «Թրամփի ուղի» նախագծի դեպքում խնդրահարույց համարվել ադրբեջանցիների ուղիղ շփումը հայ սահմանապահների հետ:

Իսկ Ալիևը Մյունխենում անդրադարձել է նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին դատապարտելուն և նրանց ներում շնորհել-չշնորհելու խնդրին, ինչը Բաքվի բռնապետը, լինելով ռազմական հանցագործ, մերժել է՝ նշելով, թե «մարդկության դեմ նրանց կատարած հանցագործությունը նույնիսկ ավելի ծանր ու վատն էր, քան Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների կատարածը»:

Իսկ ՀՀ գործող իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի դեմ բոլոր հայցերը հետ վերցնել միջազգային իրավական ատյաններից, և վստահեցնում են՝ մի օր բոլոր գերիները վերադառնալու են… Գուցել, բայց այն դեպքում, երբ Ալիևը ցանկանա, ինչի համար հաստատ լուրջ «գին» է որոշվելու…

Տեսանյութեր

Լրահոս