Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական «դատավարությունը» չի ավարտվել. Բաքուն «իրավական բազա» է ստեղծել, որը չի ոչնչացվել

2025 թվականի հունվարի 17-ին Բաքվում սկսվել էր Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու մեղադրանքներով «դատավարությունը», որի ավարտը տրվեց 2026 թվականի փետրվարի 5-ին:

Եվ Բաքվի դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավճիռները, որոնցով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ, իսկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը՝ 20 տարվա ազատազրկման:

Այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը պետք է քաղաքական որոշում լինի, այնպես, ինչպես դատապարտումը, թերևս, ակնհայտ է: Այլ հարց է՝ ո՞ր պահին կամ ինչի՞ դիմաց Ադրբեջանը կկայացնի նման որոշում:

168.amգրել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն անմիջապես արձագանքել է Բաքվի դատարանի վերդիկտին՝ պահանջելով չգնալ ոչ մի մեղմացման, քանի որ, ըստ նրա՝ ««սեպարատիստները» թիվ մեկ սպառնալիք են»: Կամ, ինչպես նկատել է ադրբեջանցի նախկին պաշտոնյան, ներկա դրությամբ, չնայած ցմահ ազատազրկման դատավճիռներին, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները շարունակում են դիտարկվել որպես քաղաքական գործոն, որն ուղղված է կոնֆլիկտի շարունակմանը: Եվ այս համատեքստում Զուլգուֆարովը եզրակացրել է, որ՝ «և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ձեռնտու կլինի, որ նրանք մնան բանտում»:

Կարդացեք նաև

Բայց այս ամբողջ պատմության մեջ չպետք է անտեսել մեկ այլ կարևոր հանգամանք, ինչի մասին խոսել ենք «դատավարության» հենց սկզբից. Բաքվի «դատավարությունն» իրականում նաև Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի դեմ էր, եթե հաշվի ենք առնում «դատական նիստերին» քննության առնված նյութերի թեման, բովանդակությունը, կոնկրետ նպատակով ադրբեջանական մեղադրողների հարցադրումներն Արցախի նախկին ղեկավարներին, նրանցից և գործուղված «տուժողներից» կորզված ցուցմունքների շեշտադրումները:

Մասնավորապես, ինչպես հայտնել ենք, որ Բաքվի «դատավարության» ընթացքում անդրադարձ է եղել 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողություններին, 2020 թվականի հուլիսյան մարտերին, 44-օրյա պատերազմին առնչվող «Գյանջայի դեպքերին», վերջինի համատեքստում մեղադրական սլաքն ուղղվում էր Հայաստանի Հանրապետության դեմ՝ հատկապես ՀՀ զինված ուժերի և այդ ժամանակվա ռազմական ղեկավարության դեմ։ 

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի հոկտեմբերին էին Հայաստանից պահանջել հետաքննել Գյանջայի դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, այսինքն՝ այս թեման Բաքուն դիտարկել է ՀՀ պատասխանատվության տիրույթում:

Ավելին, 168.amհայտնել է, որ «դատական» նիստերից մեկի ժամանակ Բաքվում հրապարակվել էին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամանները. 44-օրյայից հետո ՊԲ արխիվը չի հանվել Արցախից: Նշենք, որ Բաքուն այդպես էլ չի հրապարակել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանից կորզված հարցազրույցները:

Այսինքն՝ առնվազն «դատավարության» ընթացքում Բաքուն հասցրել է բավարար «իրավական բազա» ստեղծել Հայաստանի դեմ, որը մի օր կարող է օգտագործել: Այսինքն՝ եթե անգամ մի օր քաղաքական որոշում կայացվի և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն ազատ արձակվեն և վերադառնան Հայաստան, ապա սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը մտածելու բան չի ունենալու և կարող է լիովին իրեն ապահովագրված համարել ադրբեջանական քաղաքական շանտաժից: Եվ սա՝ այն դեպքում, երբ որոշվել է միջազգային իրավական ատյաններից Ադրբեջանի դեմ գանգատները հետ կանչել: Կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն ասել, թե Ադրբեջանն էլ է հետ կանչելու իր գանգատները, չնայած նրան, որ ունենք Բաքվի «դատավարության» օրինակը, և ինչպես նշեցինք՝ պետական մակարդակով Հայաստանի դեմ «հավաքած» «իրավական բազան»։:

Բաքվի դատարանի որոշման համատեքստում ևս ադրբեջանական քարոզչամեքենան հիշեցրել է Հայաստանի պատասխանատվության մասին, ըստ որի՝ ռազմական և քաղաքական բոլոր որոշումները 30 տարի կայացվել են Երևանում: Բաքվի քարոզչամեքենան հերթական անգամ ավելի հեռուն է գնացել և դարձյալ պահանջել է ՀՀ նախկին նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Ի դեպ, ինչպես գրել էինք՝ սա ևս ռիսկային է Ալիև-Փաշինյան նախաստորագրած համաձայնագրում:

Իսկ ինչպես նշեցինք՝ Բաքուն վախեր ունի՝ Արցախին առնչվող կոնֆլիկտը կարող է շարունակվել, ընդ որում՝ աշխարհաքաղաքական կոնկրետ դերակատարների «թեթև ձեռքով»: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Ադրբեջանը շարունակելու է միջազգային հարթակում ցույց տալ, որ Արցախի դեպքում չի կարող աշխատել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որովհետև այն իրենից ներկայացրել է «ահաբեկչական կազմակերպություն»: Իզուր չէ, որ Արցախի հայաթափման գործողությունը Բաքուն անվանել էր «հակաահաբեկչական օպերացիա»: Հենց սա էր Բաքվի «դատավարության» տրամաբանության մեջ:

Բայց Բաքուն Հայաստանի Հանրապետության դեմ նաև «իրավաքաղաքական» առանձին այլ բազա է հավաքում՝ «արևմտյան Ադրբեջան» քաղաքական պրոյեկտի համատեքստում, որին չի կարելի քաղաքական առումով անլուրջ մոտենալ, երբ նույնիսկ Արտաքին հետախուզական զեկույցում է այն դիտարկվում տարածքային պահանջ Հայաստանի դեմ և խաղաղության օրակարգից դուրս:

168.amգրել է, որ Բաքվում ստեղծել են «արևմտյան Ադրբեջանին» վերաբերող վիրտուալ հանրագիտարանային ռեսուրս։ Այն ներառում է քարտեզներ, որոնք, մասնավորապես, ընդգրկում են «Երևանը և Գյումրին, մզկիթներ, գերեզմաններ և 1192 գյուղ»:

Բաքուն այս ճանապարհով փորձում է ապացուցել «ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության ժամանակաշրջանում հայ բնակչության զանգվածային վերաբնակեցման քաղաքականությունն այդ տարածքներում, «էթնիկ զտումների», «ցեղասպանության» և տեղի ադրբեջանական բնակչության տեղահանության պատմությունը, տեղանունների միտումնավոր փոփոխությունը, ինչպես նաև՝ տարածքի պատմական աշխարհագրությունն արտացոլող քարտեզների գիտական ​​​​ գնահատականը»:

Սա Ադրբեջանն արդեն մի քանի տարի շարունակ անում է նաև Baku TV-ի «արևմտյան Ադրբեջանի խրոնիկան» նախագիծ-շարքի միջոցով և տարբեր վկայություններում կամ ՀՀ-ի դեմ «ցուցմունքներում» արդեն անդրադարձել են Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն են հայտարարել, որ Ադրբեջանը, հղում անելով իր Սահմանադրությանը, հավակնում է ՀՀ տարածքների 60 տոկոսին:

Մասնավորապես, ըստ Փաշինյանի, «1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ»:

Ուշագրավ և գուցե առավել վտանգավոր է, որ Բաքուն սկսել է ՀՀ ինքնիշխան այս տարածքները՝ որոշ գյուղեր, «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի տրամաբանության մեջ համարել թյուրքական հող, այնպես, ինչպես Թուրքիան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակն ու Շուշին էր համարել թյուրքական աշխարհինը:

Այս ամենը վկայում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական կամ թյուրքական իրավաքաղաքական «դատավարությունը» դեռևս չի ավարտվել…

Տեսանյութեր

Լրահոս