Փաշինյանի «պատմագիտական» թեզերը, իրականությունը և Ալիևի նյութական օգուտը

Նախընտրական քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը հայերի թվի մասին «պատմական» թեզեր է առաջ քաշել՝ պնդելով. «Այսօրվա Հայաստանի տարածքում 1045 թվից այս կողմ՝ մինչև 1918 թիվը, պետություն չի եղել, ժողովուրդ: Հայկական պետություն չի եղել: Պատկերացնո՞ւմ եք, Բագրատունյաց թագավորության անկումից հետո այսօրվա մեր Հայաստանի տարածքում հայկական պետություն չի եղել, մոնղոլ-թաթարներ են եղել, եկել են, գնացել են, գաղթել են, խառնվել են, մենք ենք գաղթել և այլն, և այլն: Բայց այս տարածքում եղել են պետություններ, այս տարածքում երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա:

Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ: 1000 տարի, դուք պատկերացնո՞ւմ եք, դա ինչ է: Եթե մենք պետք է վերադառնանք ինչ-որ տեղ, հրահրում ենք էդ ինչ-որ տեղին, որ նրանք էլ ասեն՝ մենք էլ վերադառնում ենք ստեղ։ Որովհետև փաստ է, մենք չենք կարա ասենք ․․․ Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոսը հայություն է։ Նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկմանը Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմանը, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, դա պատմական փաստ է», նշել էր.

«Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիևն այդքան հեռու չգնար պատմության գիրկը: Քանի որ, երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեի հետ, Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում չկար որևէ պետություն, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է՝ այդքան հեռու գնալ, որովհետև ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել, օրինակ, մ.թ.ա. 405թ., բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է»:

Կարդացեք նաև

Այնուհետև նա շարունակել էր.

«Պարոն նախագահ, այնքան էլ կառուցողական չէր, բայց ես կասեմ, որ Տիգրան Մեծի ժամանականերում մեր ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու ազգ կար՝ հայեր և վրացիներ: Եվ ոչ միայն Տիգրան Մեծի ժամանակներում, այլ նաև Բագրատունիների, Արշակունիների ժամանակներում: Դա կարելի է գտնել պատմության ցանկացած գրքում»:

Իհարկե, այստեղ չենք մոռանում լրագրող Փաշինյանի պատմական «միֆերը», քննադատական հոդվածները, և շատ տարիներ առաջ գրված հետևյալ միտքը.

«Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին:

…Ախր էս երկիրը տեր չունի, և մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը, մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին: Կամ, որ մեր դեպքում ավելի ճիշտ է ասել՝ չենք ուզում, որ ուրիշը տեր լինի: Եվ, իսկապես, ինչի պիտի մերը լինեն Ադրբեջանի 7 շրջանները, որ մի քանի գեներալ երկաթգծի ռելսերը վաճառեն իրանցիների՞ն, որ բնությունը ոչնչացնեն և որպես գերան արտահանե՞ն, որ գործարանները քանդեն վաճառե՞ն: Մարդիկ լեգենդներ են պատմում Զանգելանի, Ֆիզուլիի այգիներից, մրգերից: Ո՞ւր էր էդ միրգը, Հայաստանում մեկը տեսե՞լ է դրանից այդ տարածքների «ազատագրումից» հետո…»:

Թե ինչ եղավ 2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ բոլորս տեսանք: Սկզբում Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այնուհետև հայտարարեց, թե չի հանձնի բանակցային սեղանին դրված շրջանները, որ չասեն՝ դավաճան է, թեև մտածում էր այնպես, ինչպես վերը հիշատակված հոդվածում: Դե, հետո էլ սկսվեց 44-օրյա պատերազմը, և կորցրեցինք ավելի շատ տարածք, քան դրված էր բանակցային սեղանին: Եվ ստացվեց, որ Ադրբեջանն այս ամենից ավելի շատ շահեց: Այսինքն, Փաշինյանի այն պնդումը, թե 2020 թվականի արդյունքում վերարթնացում է ունեցել, սովորական մանիպուլյացիա է, նա միշտ մտածել է այնպես, ինչի մասին այսօր արդեն բաց է խոսում՝ զրկելով Ալիևին գիտնականներ վարձելու հնարավորությունից, որ կեղծեն պատմությունը և շրջեն այն իրենց օգտին:

Փաշինյանի նախկինում և ներկայում բուն պատմական պնդումներին հիմա չենք անդրադառնա, այն կթողենք պատմաբաններին, ինչո՞ւ չէ՝ իր թիմակից պատմաբան-պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ով ժամանակին իր աշակերտներին շատ ճիշտ սովորեցնում էր, թե ովքեր են ադրբեջանցիները, կամ, ինչպես ինքն է որակել՝ կովկասյան թաթարները, ինչպես են ներթափանցել մեր տարածաշրջան:

Ինչ վերաբերում է նրան, որ «Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոսը հայություն է, նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել», ապա մինչ այս մասնագետներն արդեն ապացուցել են, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Առկա տեղեկություններով, ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի ժամանակ՝ 1989 թվականին, ՀԽՍՀ տարածքում բնակվող հայերի թիվը եղել է նրա ասած ցուցանիշից ավելի՝ 93,3 տոկոս։ Դրանից առաջ ԽՍՀՄ-ում մարդահամար արվել է 1979 թվականին, և այդ մարդահամարի ժամանակ էլ պարզվել է, որ հայերի թիվը ՀԽՍՀ տարածքում եղել է 89,7 տոկոս:

Aniarc.am-ի ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ եթե 1931-ին Խորհրդային Հայաստանը ուներ 1 միլիոնից մի քիչ ավելի բնակչություն, ապա 1989-ին՝ 3,4 միլիոն:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։

Մենք ի պատասխան՝ ապացույցներ էինք ներկայացրել, թե ինչ թիվ են կազմել հայերը Շուշիում տարբեր ժամանակներում և ինչի արդյունքում են ադրբեջանցիների թվերն աստիճանաբար ավելացել, այս փաստն անտեսել չի կարելի:

Օրինակ, տարբեր տեղեկություններով, 1886-ին Շուշի քաղաքի բնակչության 56.7 տոկոսը կազմել են հայերը, 43.3 տոկոսը՝ թաթարները: Արդեն 1926-ին հայերի թիվը Շուշի քաղաքում կազմում է 1.8 տոկոս, թյուրքերինը՝ 96 տոկոս:

Հիշեցնենք, որ 1920 թ. մարտի 23-26-ը Ադրբեջանի զինված ստորաբաժանումները Շուշիի թաթարական հրոսակախմբերի հետ կազմակերպեցին և իրականացրին տեղի հայկական բնակչության ջարդ։ Տարբեր աղբյուրներում նշվում է մինչև 8-10 հազար սպանվածի մասին: Բնականաբար, սա հանգեցրել է հայաթափման:

Սակայն Հադրութի շրջանում, տարբեր տեղեկություններով, 1939-ին հայերը կազմել են բնակչության 95.7 տոկոսը, ադրբեջանցիները՝ 2.7, 1959-ին այստեղ բնակվող հայերի թիվը հասել է 93.3 տոկոսի, ադրբեջանցիներինը՝ 6.1 տոկոսի:

1970-ին հայերի թիվը մի քանի տոկոսով նվազել է՝ 87.5, ադրբեջանցիներինը՝ ավելացել՝ 10.4: Եվ արդեն 1979-ի տվյալով Հադրութի շրջանում հայերը կազմել են բնակչության 84.4 տոկոսը, ադրբեջանցիները՝ 15.1: Այս մասին՝ այսքանը:

Սակայն այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ Արցախյան առաջին պատերազմից հետո Բաքուն միջազգային բոլոր հարթակներից հայտարարում էր ավելի քան 1 միլիոն փախստականի և բռնի տեղահանվածի մասին:

6 տարի է անցել 44-օրյա պատերազմից, որի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցան արցախյան զգալի տարածքներ, իսկ մոտ 3 տարի է, ինչ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, բայց օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարել, որ դեռ 85.000 մարդ են վերաբնակեցրել, ընդ որում, հնարավոր է՝ իրականում ավելի քիչ:

Իսկ ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, վերաբնակիչներից շատերը կարճ ժամանակ անց ցանկանում են վերադառնալ Բաքու, որտեղ 30 տարի բնակվել են:

Իսկ երեկ հայաստանյան լրատվամիջոցները հաղորդեցին, թե Ալիևի օգնականը հայտարարել է՝ «Հայաստանից արտաքսվել է 300 հազար ադրբեջանցի»:

Իրականում այդքան էլ այդպես չի ասվել:

«Ադրբեջանը բնակարանով է ապահովել շուրջ 300 հազար ներքին տեղահանված անձանց, ովքեր տուժել են հակամարտության և երկրի տարածքների «օկուպացիայի» հետևանքով։ Այդ ժամանակահատվածում Ադրբեջանի կառավարությունը ներքին տեղահանվածներին և փախստականներին ցուցաբերել է հնարավոր աջակցություն՝ ապահովելով նրանց բնակարանով, հասանելի սննդով և այլ սոցիալական ծառայություններով: Այս մարդկանց գլխավոր պահանջը եղել է վերադարձը հայրենի հողեր և այնտեղ անվտանգ ու արժանապատիվ պայմաններում ապրելու հնարավորությունը»,- ասել է նա:

Այն, որ Բաքուն չի հրաժարվել «արևմտյան Ադրբեջան» պետական քաղաքական ծրագրից, դա անվիճելի է, ընդ որում, այն չի դիտարկում՝ որպես հայելային պատասխան ՀՀ-ում հնչող ինչ-ինչ հայտարարությունների, այլ ադրբեջանցի փախստականների վերադարձը դիտարկում է զուտ մարդու իրավունքների համատեքստում:

Այս տարվա փետրվարին 168.am-ը՝ «Ալիևի վտանգավոր և խորամանկ առաջարկը՝ Փաշինյանին» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշվում է ինչ-ինչ նրբությունների մասին:

Սակայն, որքան էլ «300.000 ադրբեջանցիների» թեզը տարբեր շրջանակներից տարածվի, այդ թվում՝ ադրբեջանական, մենք պետք է շեշտը դնենք հետևյալի վրա՝ որտեղի՞ց այդ թիվը, արդյո՞ք այդքան ադրբեջանցի է ՀՀ-ում բնակվել, քանի որ այն իրականությունից, թերևս, հեռու է: Եվ հենց այս պատճառով նաև պետք է անհնարին դիտարկվի նրանց վերադարձը, պետք է լինեն ճկուն և փաստարկված՝ թույլ չտալու և՛ իշխանություններին, և՛ Բաքվին մանևրելու և սուտ բռնելու հնարավորություն: Եվ որքան էլ ՀՀ իշխանություններն ասում են, թե պետք է մոռանալ հայ փախստականների մասին, բայց ճիշտ պահի պետք է շրջանառել Ադրբեջանից հայ փախստականների թիվը, Արցախից բռնի տեղահանվածների թիվը, և հիշեցնել՝ նախկինում ադրբեջանական թեզն ավելի քան 1 միլիոն փախստականի մասին:

Ւ դեպ, տարբեր հաշվարկներով՝ նույնիսկ «օկուպացված տարածքների» 20 տոկոս թիվն է վիճելի եղել:

Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է օգնել Ադրբեջանին՝ խնայել ֆինանսական միջոցներն օտարերկրյա գիտնականներ վարձելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031