Ինչ չպետք է անտեսի Քրիստինե Գրիգորյանը, ինչ պիտի հաշվի առնի Արարատ Միրզոյանը

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է 2026 թվականին առնչվող ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը: Բայց նախքան այդ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը հարկ է համարել նշել, թե  2025 թվականի հունվարին հրապարակված իրենց առաջին զեկույցում տեղ գտած գնահատականները և կանխատեսումներն անցնող տարում ապացուցել են իրենց ճշգրտությունը:

Հիբրիդային պատերազմի դաշտում…

168.am գրել էր, որ 2025թ. հրապարակված զեկույցում ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը  բավականին մեծ տեղ է հատկացրել տեղեկատվական ռիսկերին և հիբրիդային ճնշմանը: Եվ, այո, այդ առումով բավականին բուռն տարի էր անցածը: Ավելին, մենք նույնիսկ նկատել էինք, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ և շուրջ զարգացումների մասին էր անգամ զգուշացրել Քրիստինե Գրիգորյանի «կանտոռան»:

«Տեղեկատվական լցոնումները տեղի են ունենում ազդեցության գործակալների ակտիվացմանը զուգահեռ, որոնք, ի թիվս տարբեր մարդկային ու տեղեկատվական ռեսուրսների, հոգևոր ու մշակութային ինստիտուցիոնալ կառույցների շահագործմամբ փորձում են հանրության որոշ շերտերին գիտակցաբար կամ անգիտակցաբար ծառայեցնել արտաքին դերակատարների շահերին»,- նշվում է Արտաքին հետախուզական ծառայության առաջին զեկույցում, ինչը տեղ է գտել նաև օրերս հրապարակվածում, որտեղ էլ, մասնավորապես, նշվում է, որ ականատես ենք լինելու «գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացման»:

Կարդացեք նաև

«Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Այս դերակատարները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններում, ինչպես նաև բուն քվեարկության օրը հանրային անհնազանդության ակցիաների քողի ներքո սաբոտաժի գործողություններ կազմակերպելու համար։

Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»,- զգուշացնում է Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը:

Նկատենք, որ շատ հաճախ ոչ թե գործ ունենք կանխատեսման հետ, այլ զգուշացման, թե ինչ ուղղությամբ են իրենց ուժերը գեներացնելու իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է հիբրիդային մեղադրանքներին, դեռ հարց է՝ որքանով են դրանք եղել այդ տրամաբանության մեջ: Օրինակ, եթե լրատվամիջոցը մեկ անգամ ինչ-որ սխալ ինֆորմացիա է տարածել, արդյո՞ք դա հիբրիդային տրամաբանության մեջ կարելի է տեղավորել, ինչը փորձել է անել, այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունը: Իհարկե, ոչ:

Եվ դեռ չենք խոսում, որ քաղաքական-հասարակական շրջանակներից ամեն միտք չէ, որ հիբրիդային պատերազմի զենք է:  Եվ գուցե ուշացած սա հասկանալով է, որ Արտաքին հետախուզության ծառայության այս տարվա զեկույցում տեղ են հատկացրել՝ բացատրելու, թե ինչ ասել  է հիբրիդային պատերազմ, իսկ  Հանրային հեռուստաընկերության եթերում էլ Քրիստինե Գրիգորյանը հայտարարել է, որ կարծիք հայտնելը դեռ հիբրիդային հարձակում չէ: Այլ հարց է՝ ո՞ր դեպքում կարծիքը կորակվի կարծիք, և ոչ՝ հիբրիդային պատերազմ:

Ի դեպ, այս համատեքստում զեկույցում նշվում է, որ «հանրային դիվանագիտության, կրթական, սպորտային ու ճանաչողական միջոցառումների քողի տակ կազմակերպվում են գաղափարական պատրաստման և հավաքագրման գործողություններ, որոնց հետևանքով թիրախավորված խմբերը, հաճախ անգիտակցաբար մաս են դառնում արտաքին միջամտության առավել լայն սխեմայի»:

Իսկ «Կրթվելը նորաձև է» արշավը, Նիկոլ Փաշինյանի սպորտային, կրթական, համերգային միջոցառումները, որի ժամանակ երիտասարդների մեջ ներարկվում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, Ադրբեջանին և Թուրքիային ոչ «ռևանշիստական» աչքով դիտարկելն այլ տրամաբանության մեջ գաղափարական պատրաստում չէ՞: Սա հիբրիդային պատերազմ չէ՞ սեփական պատմության դեմ, ընդդիմախոսների: Դեռ չենք խոսում 2018թ. հեղափոխությունից հետո բանակի, զինվորականության դեմ պետական մակարդակով մղված հիբրիդային պատերազմի մասին, որն իրականում չի ավարտվել:

Հետաքրքիր է, բայցև հասկանալի, որ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում առանձին տեղ չի հատկացվում ՀՀ զինված ուժերի դեմ իշխանական հիբրիդային պատերազմի դրսևորումներին, ինչո՞ւ չէ՝ նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, արտաքին աղբյուրներում տարաբնույթ տարածվող ապատեղեկատվություններին, որոնք առնվազն բարոյահոգեբանական լուրջ ազդեցություն են ունենում բանակի, սպայի և զինծառայողների վրա:

Էսկալացիայի հավանականության մասին

Ինչ վերաբերում է ռազմական ռիսկերին: Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2026 թ. ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է համարում, քանի որ բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Քիչ հավանական են  համարվում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։ 

Բայց սրա կողքին Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցի համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ «երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները»:

Ավելին, Արտաքին հետախուզական ծառայությունն արձանագրում է, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։

Այսինքն, պետական մակարդակով ասվում է այն, ինչի մասին ոչ մեկ անգամ զգուշացրել ենք, այն է՝ «Արևմտյան Ադրբեջանը» զուտ ներքին սպառման համար հնչեցվող ձևակերպում և անմեղ խոսույթ չէ, ինչպես իշխանական որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել:

Ի դեպ, իր առաջին զեկույցում Արտաքին հետախուզական ծառայությունը նույնքան վտանգավոր էր համարել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, ինչն անտեսված է այս դեպքում գուցե նրա համար, որ այն վերանվանվել է «Թրամփի ուղի»: Եվ ոչինչ, որ թուրք-ադրբեջանական շրջանակները լիովին չեն հրաժարվել այդ եզրույթից, ավելին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ անունների փոփոխությունից ծրագրի էությունը չի փոխվել:

Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել հետևյալի վրա.

«Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ, դրանք ունեն մեծ ներուժ՝ մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից, տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով»:

Այսինքն՝ ինչպես խաղաղությունը, այնպես էլ էսկալացիան գին ունեն, հարցը՝ կողմերից ով, ինչ գին է վճարում, և արդյո՞ք բոլոր կողմերն են գին վճարում:

Իսկ հետախուզական կառույցն արձանագրել է նաև Ադրբեջանի ռազմական բյուջեի զգալի մեծացումը վերջին տարիներին: Մասնավորապես, հրապարակված զեկույցում արձանագրվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճի շարունակականությունը:

«Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում՝ իրականացվում առերևույթ այլ ոլորտների հաշվին։

Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների 2024-2026թթ․ հատկացումները համեմատվել են 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում՝ 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով։ 2026 թվականի դեպքում անգամ ոչ ռազմական ոլորտների հատկացումների որոշակի նվազում կա՝ 2025 թվականի հետ համեմատ, մինչդեռ ռազմական ոլորտի հատկացումները 2026 թվականի համար շարունակել են աճել»:

168.am-ը գրել է, որ 2026 թվականին Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմում են բյուջետային բոլոր հատկացումների մոտ 21%-ը՝ 8.7 միլիարդ մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար):

Մենք հայտնել ենք նաև, որ երկրի ռազմական բյուջեն Ալիևը մտադիր է նվազեցնել աստիճանաբար, և 2030 թվականին, օրինակ, ինչպես հայտարարվել է, այն կարող է հասնել 7,969 միլիարդ մանաթի (4,69 միլիարդ դոլար՝ մեկ ամիս առաջվա կուրսով):

Ադրբեջանական փորձագետների դիտարկմամբ, երկրի պաշտպանական ծախսերի առաջիկա 4 տարիների աստիճանական կրճատումը, ինչի մասին նշեցինք, չափավոր է, այսինքն՝ բնավ չի ենթադրում ռազմական պոտենցիալի նվազում, այն ընդամենը վկայում է արդիականացման ցիկլի ավարտի մասին: Իսկ եթե հաշվի առնենք նաև ռազմական արդյունաբերության զարգացմանը միտված Ալիևի ծրագրերը, նաև՝ տարբեր երկրների մասնակցությամբ, երբ Բաքուն իր «ձեռքում է» ունենում տարբեր զինատեսակների արտադրության տարբեր երկրների փորձված տեխնոլոգիաներ, հաստատ մտածելու բաներ Հայաստանն ունենում է ամեն դեպքում:

Ինչ վերաբերում է պատերազմի վարման ձևերին:

2025 թ. Արտաքին հետախուզական ծառայությունը նկատել էր, որ պատերազմի վարման ձևերը ենթադրելու են բարձր շարժունակությամբ, ինքնուրույնությամբ, որոշումների արագ կայացման հնարավորություններով օժտված ստորաբաժանումների կիրառում: Իսկ 2026-ին, ըստ կառույցի, անօդաչու համակարգերի տեխնոլոգիական զարգացվածությունը հնարավորություն կտա դրանք ներգրավել ավելի բարդ օպերացիաներում, այդ թվում՝ օպերատորի տեսանելիության գծից դուրս: Բացի այս, Արհեստական բանականությունը (ԱԲ), մեծ հավանականությամբ, կշարունակի սահմանափակել մարդու դերը ռազմադաշտում: Միաժամանակ, սակայն, նշվում է՝ ավանդական խոցման միջոցների և ավիացիայի դերը հակառակորդի նկատմամբ ընդգծված առավելության հասնելու մտահղացման իրագործման առումով, շարունակելու է մնալ որոշիչ։

Որքանո՞վ է վերը նշվածը  հաշվի առնում ՀՀ պաշտպանական գերատեսչությունը, այդ թվում՝  չանտեսելով Ադրբեջանի՝ ժամանակակից պատերազմի վարման ձևերը կարևորելու քաղաքականությունը: Բայց մենք խնդիր ունենք չանտեսելու Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության կանոնները: Օրինակ, օրերս  ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկում մի հետաքրքիր վերլուծության էր հրապարակվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասին, ով 44-օրյա պատերազմի օրերին ղեկավարել է Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT):

Ադրբեջանական վերլուծության մեջ նշվում է, որ Ֆիդանը կադրային դիվանագետ չէ և չի ներկայացնում փոխզիջումների և արարողակարգային քաղաքավարության դպրոցը: Այսինքն, նա համարվում է անվտանգային համակարգի «կադրային պրոդուկտ», և արտաքին գերատեսչություն ղեկավարելով, չի հրաժարվել ուժային կամ հետախուզական համակարգերին հատուկ մոտեցումներից, հետախուզական մտածելակերպից, այլ դրանք ընդամենը դիվանագիտական ձևով օրինականացրել է:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն ընկալե՞լ է, թե ինչ ասել է՝ գործ ունենալ, բանակցել  Թուրքիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի հետ, ով համարվում է Էրդողանի «գաղտնիքների պահապանը» և հնարավոր իրավահաջորդներից մեկը: Հարցը, թերևս, հռետորական է:

Տեսանյութեր

Լրահոս