Ալիևը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ համակարգված նոր գործընթաց է սկսում. թիրախում են նաև Երևանն ու Գյումրին
Օրերս «Հետքը» հրապարակել էր իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթեր այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը պաշտոնական Բաքվի, ավելի կոնկրետ՝ այդ երկրի նախագահի աշխատակազմի հոգեզավակն է, իսկ նույնանուն կազմակերպությունն ընդամենը ծրագրի խամաճիկ կատարողն է, իրավական տեսանկյունից՝ Ալիևի աշխատակազմին ծառայություններ մատուցողը:
«Հետքը»-ն իր հետաքննության մեջ ներկայացրել է, թե Ալիևը որքան ֆինանսական միջոցներ է հատկացրել Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնող «Արևմտյան Ադրբեջան» պետական քաղաքական ծրագրից բխող միջոցառումների իրականացման նպատակով:
Եվ այս հրապարակումից օրեր հետո Բաքվում տեղի է ունենում «Արևմտյան Ադրբեջանին» վերաբերող վիրտուալ հանրագիտարանային ռեսուրսի շնորհանդեսը:

Այն իբր արտացոլում է ««Արևմտյան Ադրբեջանի» բնական և աշխարհագրական պայմանները, պատմական աշխարհագրությունը, հնագիտությունը, էթնոգրաֆիան, քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական և մշակութային պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, «այս ուսումնասիրությունը շոշափում է «Արևմտյան Ադրբեջանում» ադրբեջանցի ժողովրդի բնակավայրերը, կրոնական և պատմական հուշարձանների ներկայիս վիճակը»:
Ավելին, ներկայացնում է «ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության ժամանակաշրջանում հայ բնակչության զանգվածային վերաբնակեցման քաղաքականությունն այդ տարածքներում, «էթնիկ զտումների», «ցեղասպանության» և տեղի ադրբեջանական բնակչության տեղահանության պատմությունը, տեղանունների միտումնավոր փոփոխությունը, ինչպես նաև՝ տարածքի պատմական աշխարհագրությունն արտացոլող քարտեզների գիտական գնահատականը»:
Այսինքն, ինչպես Բաքվի «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի» ղեկավարությունն է նկատել, փորձ է արվում «Արևմտյան Ադրբեջանի» մասին «ճշմարտությունը» գիտական հենքով ներկայացնել՝ «պատմական ճշմարտությունների համակարգված և հետևողական տարածման գործընթացը շարունակվելու է»:
«Արևմտյան Ադրբեջանին» վերաբերող վիրտուալ հանրագիտարանային ժողովածուն ներառում է քարտեզներ, որոնք, մասնավորապես, ընդգրկում են «Երևանը և Գյումրին, մզկիթներ, գերեզմաններ և 1192 գյուղ»:
Նշենք, որ այս տարվա նոյեմբերի 3-ին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանն Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ցարական Ռուսաստանի քարտեզներում չկա Սևանա լիճ, կա Գյոյչա», որ դրանք իբր արտացոլում են «պատմական ճշմարտությունը», ինչն իրենք «պիտի ուսումնասիրեն և հանրահռչակեն»: Եվ սա «իրավունք» էր տվել Ադրբեջանի ղեկավարին պնդելու, որ իրենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով պետք է վերադառնան իրենց «պատմական տարածքներ», և, որ այս առումով հիմնական խնդրի լուծողը պետությունը պիտի լինի:
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին «Արմենպրեսի» հետ հարցազրույցում Փաշինյանը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի սահմանադրության կամ սահմանադրական պահանջների հետ կապված՝ նշելով.
«1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության»:
Նույն արձանագրումն արդեն 2025 թվականի ապրիլին արել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունն է՝ ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի»,- Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկմանը հայտարարել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Իսկ արդեն դեկտեմբերի 28-ին կազմակերպված հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանը նրան դիտարկում-հարցադրում է ուղղում՝ «ընդդիմախոսներն ասում են, որ դա շատ վատ է, որովհետև Ադրբեջանը խոսում է 300.000 ադրբեջանցիների գալու մասին, օգտագործում է խաղաղությունից առաջվա խոսույթը՝ «Զանգեզուր» և այլն, ավելին, Ադրբեջանը զինվում է, իսկ մենք աչք ենք փակում այս ամեն ինչի առաջ, բենզին ենք բերում, որով ֆինանսավորում ենք ադրբեջանական բանակը», ՀՀ ինքնիշխան տարածքի 60 տոկոսի նկատմամբ ադրբեջանական պլաններից տեղյակ Արարատ Միրզոյանն արձագանքել է.
«Նորից ու նորից սա այն մանիպուլյացիաներից մեկն է, եթե կուզեք, հիբրիդային հարձակումներից մեկն է, ապատեղեկատվություններից մեկն է, որը կիրառվում է այսօր մեր դեմ և կիրառվում է` նպատակ ունենալով տորպեդահարել և՛ խաղաղության գործընթացը, և՛ առհասարակ Հայաստանի զարգացման հեռանկարները։ Բենզինի այդ ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Մյուսը, իհարկե, չեմ ուզում ասել, որ բոլոր խնդիրները լուծված են, դա կլինի ինքնախաբեություն, դա կլինի հասարակությանը խաբել։ Ի վերջո, ակնհայտ է՝ հիմա կան Բաքվի բանտերում պահվող անձինք։
Շարունակաբար, այս կամ այն մակարդակով, այս կամ այն իրադարձության շրջանակներում լսում ենք «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը։ Սրանք խնդիրներ են, որոնք դեռ ենթակա են լուծման։ Խաղաղությունը հաստատված է, համագործակցության փորձերը կան, դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը և հումանիտար հարցերն էլ ենթակա են հասցեագրման, և նաև «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը, մենք համարում ենք դա մեր տարածքային ամբողջականության դեմ խոսույթ։ Այնպես որ, դեռ ճանապարհ կա անցնելու, բայց պետք է գնալ այդ ճանապարհով»:
Այսինքն, իշխանությունները մանիպուլյացիա և հիբրիդային պատերազմ են որակում իրենց ընդդիմախոսների զգուշացումները՝ փորձելով ադրբեջանական բենզինով և թուրք-ադրբեջանական տանդեմի սիմվոլիկ քայլերով շեղել հասարակության ուշադրությունն «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթից բխող վտանգներից, թեպետ շարունակում են ընդունել, որ այն ՀՀ տարածքային ամբողջականության դեմ է, և, որ այստեղ չհաղթահարված խնդիրներ և ճանապարհ ունեն:
Այս դեպքում հայտարարել, որ խաղաղությունը հաստատված է, արդյո՞ք հենց սա հիբրիդային պատերազմ չէ սեփական պետության, պետական անվտանգային, քաղաքական, տնտեսական շահերի և ժողովրդի դեմ: Իհարկե, այդպես է, քանի որ հիբրիդային պատերազմի դասական սահմանման մեջ, բացի այն, որ նշվում է, թե՝ հիբրիդային պատերազմը թշնամական գործողության տեսակ է, որտեղ հարձակվող կողմը չի դիմում բուն ռազմական մեթոդների, այլ ճնշում է հակառակորդին գաղտնի օպերացիաների, դիվերսիաների, կիբեռպատերազմի համադրված գործողությունների միջոցով, այլ նաև՝ աջակցում է թշնամու տարածքում գործող «ապստամբներին»:
Հիմա արդյո՞ք սեփական ժողովրդի դիմադրողականությունը և ինքնապաշտպանական բնազդը տարատեսակ մեթոդներով թուլացնելը, Ադրբեջանին իրականությունից դուրս և չափազանցված խաղաղասեր ներկայացնելը չի տեղավորվում հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ:
Խոսքը, բնականաբար, պատերազմի կոչեր անելու մասին չէ, բայց առնվազն համարժեք պատասխան պետք է լինի Բաքվի ոչ ռազմական պետական քաղաքականությանը, ինչի մասին նշեցինք:
Այսինքն, Հայաստանը ևս պետք է պետական մակարդակով և համակարգված ցույց տա աշխարհին, որ Ադրբեջանի ներկայացրած «գիտական ճշմարտությունը» հեռու է պատմական իրականությունից:
Այսինքն, առաջարկում ենք այն, ինչ ժամանակին անում էր պատմաբան Սուրեն Պապիկյանը. նա ավագ դպրոցների աշակերտներին դասախոսություններ էր կարդում, թե իրականում ովքե՞ր են ադրբեջանցիները՝ «կովկասյան թաթարները», ինչպե՞ս են թափանցել մեր տարածաշրջան:
Մինչդեռ այսօր Սուրեն Պապիկյանի հարազատ կուսակցությունը և քաղաքական առաջնորդը կասկածի տակ են դնում հենց այս պատմությունը, փորձում վերափոխել այն, ինչպես մեր հակառակորդները. մի՞թե սա հիբրիդային պատերազմ չէ Հայաստանի Հանրապետության դեմ:
