ԱՉՔՈՎՍ ԵՄ ՏԵՍԵԼ ՇՈՒՇԻԻ ՎՐԱ ԿՐԱԿԱԾ «ԻՍԿԱՆԴԵՐԸ». ՄԵՐ ԶՈՐՔԸ ՊԱՏԱՆԴ Է. Ո՞ՒՐ Է ՄԱՍՍՈՎԿԱ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԱԾ-Ն. ԱՎԵՏԻՔ ՔԵՐՈԲՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական քվե» կուսակցության վարչության անդամ, 2018-2020թթ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանն է:

Արդեն քանի օր է՝ Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում և Ամասիա համայնքում, ադրբեջանցիներ են ազատ ելումուտ անում, տեսանյութեր անում և տարածում՝ ադրբեջաներենով ներկայացնում վայրը՝ գրելով, թե շուտով վերադառնալու են «հայրենի օջախներ»: Պարեկային ծառայության մեքենան հանգիստ մոտենում է, ոչ մի գործողություն չի արվում: Այդ նույն անձինք (և ոչ միայն) ժամանակ առ ժամանակ տեսանյութեր են հրապարակում Երևանից, տարբեր բնակավայրերից: Ո՞ւր է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), ինչո՞վ են զբաղված, և ի՞նչ կանեին Ադրբեջանի համապատասխան իրավապահ մարմինները և նրանց ԱԱԾ-ն, եթե հանկարծ Բաքվում որևէ հայ հայտնվեր, տեսանկարահաներ և տարածեր՝ ասելով, որ Բաքվի հայկական Արմենիքենդ թաղամասում 250 000 հայ է ապրել, և այլն, և այլն: Ողջ կմնա՞ր այդ հայը:

Մի բան պարզ է՝ Ամասիայում մարդիկ սարսափի մեջ են… 

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

  • Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, թշնամական պետության ներկայացուցիչները բացարձակ ազատ չէին շրջի մեր երկրում, նկարահանումներ չէին կատարի ու օգտագործի քարոզչության նպատակներով: Եթե իշխանությունը զբաղված լիներ պետության, այլ ոչ կարգալույծ նախկին քահանաների համար մասսովկա ապահովելով, այսպիսի բան չէր լինի, չէր լինի նաև Աջափնյակի երեկվա սահմռկեցուցիչ դեպքը… Փաստորեն ոստիկանությունն ուղիղ հրաժարվում է կատարել իր պարտականությունները: 
  • «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթի շրջանակներում Ադրբեջանի բռնապետը շարունակ աճող թվեր է ներկայացնում Հայաստան իբր վերադարձող ադրբեջանցիների: Մեր տեղանուններն են կոչում ադրբեջանական անուններով: Եթե ԱԱԾ-ն իր տեղում լիներ, այս պայմաններում կկատարեր շուրջօրյա ուժեղացված ծառայություն: Բայց մենք չգիտենք՝ ինչ են անում իրենք այնտեղ ու ինչ չեն անում: Չգիտենք, օրինակ՝ ինչու պատերազմի ժամանակ աշխատանքից ազատվեց հակահետախուզության պետ Լևոն Շահումյանը, ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, այլ պաշտոնյաներ: Ու հիմա մեր սուրբ հողը ոտնատակ են տալիս ադրբեջանցիները, և արձագանք չկա… 
  • Եթե սրանք մնան իշխանության, Ալիևի պահանջած 300.000 թիվը կդառնա մեկ միլիոն, ու մեկ էլ մենք կտեսնենք, որ իսկապես ապրում ենք «Արևմտյան Ադրբեջանում»: Բացառված չէ, որ այդ 300 000 ադրբեջանցիները կոմպակտ ապրեն 300 բնակավայրերում, ոտները կպնդացնեն ու տեղաբնակներին կվռնդեն այդտեղից: Սա իրենց ձեռագիրն է: ԽՍՀՄ օրոք էլ են այդպես վարվել: 2026թ. ՀԽՍՀ տարածքը կազմել է 31 000 ք/կմ-ից ավելի, 1988-ին՝ 26.000-ից մի փոքր ավելի: Բայց մեր կառավարությունը, մասնավորապես, հենց Նիկոլ Փաշինյանը, արդեն նաև հայկական բնակավայրերն է կոչում ադրբեջանական անուններով: Նախիջևանը, օրինակ՝ ՀՀ կառավարության կայքում գրված է Նախջևան: Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունն Արցախի՝ մեր ինքնության ու մշակութային ժառանգության ոչնչացման հարցում գործընկեր է Ադրբեջանին: Սա ցեղասպանությանը հավասար գործողություն է:
  • Վերջերս Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխեց ու վերացրեց Նախիջևանի ինքնավարությունը: Այս տրամաբանությամբ նույն կերպ Ադրբեջանից է գալիս մեր Սահմանադրությունը փոխելու ու Անկախության հռչակագիրը հանելու պահանջը: Հայաստանի Հանրապետության տարածքը փոքրացել է, ու եթե մենք անտարբեր լինենք սրա նկատմամբ, նշանակում է՝ մասնակից ենք իշխանության հակահայկական գործողություններին:

  • Ադրբեջանցիները Հայաստանի ամբողջ տարածքը գրավելու պլանն ունեն: Թուրքերն Արցախը մեզնից պոկելու պլանը 100 տարի փայփայել են, այսօր Արցախում գեթ մեկ հայ չկա: Այսօր Դադիվանքի գլխին խաչ չկա, Գանձասարը, Ամարասն ու մեր մյուս սրբավայրերը գտնվում են թուրքի սապոգի տակ: Եթե մենք իրական խաղաղությունը նվաճելու մեր կարողությունները չվերագտնենք, վաղը մենք կբռնենք գաղթի ճանապարհը:
  • Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում կան բնակավայրեր, որոնք դատարկվում են, որովհետև մարդիկ զրկված են իրենց արոտավայրերից, հողերից: Մեր օկուպացված տարածքներում, մեր հողերում ադրբեջանցիներն այնպիսի ամրաշինական կառույցներ են սարքում, որ ցանկացած պահի թշնամին երբ ուզի, մի ժամում մի գունդ կբերի ու կտեղակայի այդտեղ:
  • Այդ մարդը՝ Սուրեն Պապիկյանը, ՊՆ նախարար է 2021թ.-ից: Իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում մեր տարածքներից Ադրբեջանին են հանձնել 200 կմ-ից ավելի տարածք: Հիմա մեր այն զորքը, որի տեղակայման վայրը շրջապատված է ադրբեջանական դիրքերով, ինչի մասին ես խոսել եմ, Ադրբեջանի պարտադրանքով շարունակում է այդտեղ մնալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեր զորքը մնա պատանդ:
  • Կուտականի դիրքերում պայքար է եղել, եղել են զոհեր, բայց այսօրվա իշխանությունն ուրացել է մեր հայրենակիցների, քույրերի ու եղբայրների, բազմազավակ մայր Գայանեի արյունը: Մեր իշխանությունը հաշտ է դրա հետ:
  • Ես չեմ ուզում, որ իմ երեխաներն ապրեն այնպիսի Հայաստանում, որի տարածքներն ասպատակվում են ադրբեջանցիների կողմից, այնպիսի Հայաստանում, որի իշխանությունն ուրացել է Ցեղասպանությունն ու մեր պատմական հիշողությունը:
  • Ես անձամբ ճանաչում եմ Աղաբեկյան Դավիթին, ով այդ ոճրագործության օրը քնած էր Գուրգեն Մարգարյանի կողքը ու պիտի լիներ Ռամիլ Սաֆարովի հաջորդ զոհը: Դավիթը պատահաբար է կենդանի մնացել: Ի դեպ, այսօր Գուրգենի հիշատակի օրն է: Պատկերացրեք այն արցախցիների վիճակը, ում որպես հարևան՝ բերում են ապրելու վայրագություն կատարած ադրբեջանցիներին: Մեր հանրությունը կուզի՞ ապրել այդպիսի Հայաստանում, երբ, օրինակ, մեզնից մեկը մի օր արթնանա ու տեսնի, որ իր վերևի հարևանը հայ երիտասարդին կենդանի գերի վերցնելուց հետո սպանած ադրբեջանցի է: Ես հաշտ չեմ դրա հետ:
  • Այս իշխանությունն ունի պայմանավորվածություններ, որոնք մեր ժողովրդից թաքուն են պահում: Հիշենք Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, երբ պարզվեց, որ դրանից զատ՝ այլ թուղթ էլ կա: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այլևս չի գործում, գործում են մեզնից թաքուն պահվող փաստաթղթեր: 2024թ. Տավուշում ադրբեջանցիներին հանձնվեցին տարածքներ, փոխարենը՝ մենք ստացանք Ամոթի պատ, որի տակ տանում ու նկարում են իրենց հանցանքը կիսելու պատրաստ անձանց:
  • Հնդկական զենքի ձեռքբերման բանակցությունները սրանց ձեռքբերումը չէ, նախկին իշխանությունների օրոք են սկսվել զենքի ձեռքբերման բանակցությունները, ես նույնիսկ 2017-ին Հնդկաստանում եմ եղել, ինքս ներկա եմ եղել:
  • Մեր իմացած խաղաղությունը տարբերվում է սրանց խաղաղությունից: Դա այն խաղաղությունն է, որը մեզ հնարավորություն է տալու կառուցել հարատև պետություն, որի վրա հարձակվելուց առաջ թշնամին երկար պիտի մտածի:
  • Չզարմանաք, որ մի օր Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարի՝ ես չգիտեի՝ ինչ է կատարվում: Սա այս իշխանության ձեռագիրն է:
  • Շուշիի վրա կրակած «Իսկանդերն» աչքովս եմ տեսել: Ինչո՞ւ էր ճանապարհ թողնվել, որ Մեծ Թաղերը գրավելուց հետո հասնեն Շուշի, ո՞վ էր տվել Շուշին թողնելու հրամանը, ի՞նչ էր Շուշիում անում ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանը: Ես չգիտեմ՝ «Իսկանդերով» ինչու Շուշիին հարվածեցին… 

Այս մարդիկ պլան ունեին մեծաթիվ կորուստներով վախեցնել ազգի աչքը, որ հաջորդ պատերազմի ընթացքում ոչ ոք չուզենա գնալ, կռվել: Պլան ունեն թուլացնելու, ոչնչացնելու հայոց պետականությունը: Այս իշխանության օրոք մենք անընդհատ պատերազմ ենք ունեցել, ու այս իշխանությունն էկոնոմիկայի նախարարի բերանով սպառնում է  պատերազմով, եթե իրենք չվերընտրվեն…

  • Բացարձակ սուտ էր ասում Փաշինյանը, երբ 44-օրյա պատերազմի օրերին հայտարարում էր, թե 200.000 պահեստազորային է զորակոչվել: Ես այդ ժամանակ այդ թեմայով վեճ եմ ունեցել: Այդ 200.000-ն այն մարդիկ էին, ում հեռախոսին պարզապես զանգ էր գնացել…
  • Ինքնիշխանությունն ինչքան հնարավոր է, այս իշխանությունը զիջել է: Սրանք մոռանում են, որ մեր վերաբերյալ կայացվող որոշումներին իրենք մասնակցություն չունեն, միայն կանչում են իրենց, որ ստորագրեն: Այլապես մեզ չէին նետի TRIPP-ի 26%-անոց թուլափայը: Ինձ մոտ կա վստահություն, որ TRIPP-ի մասին մենք ամեն ինչ չգիտենք և չգիտենք՝ էլ ինչ պարտավորություններ է վերցրել իր վրա Նիկոլ Փաշինյանը: Մենք չգիտենք՝ ինչու և ինչ վստահությամբ է Թուրքիան խոսում «Զանգեզուրի միջանցքի» ու թյուրքական աշխարհի վերամիավորման մասին:
  • Ինչ վերաբերում է ամերիկյան ԱԹՍ-ների հետախուզական կարողություններին, մեր տեղական ընկերությունները շատ մոտ են դրանք պատշաճ մակարդակով սարքելուն: Ուղղակի պետք է համապատասխան քանակի պատվեր: Ամերիկյան ռազմական օգնությունը մեզ նոր չի հասնում, ժամանակին մեզ նաև ռադիոկապ են տվել: Այնպես որ, սա նոր բան չէ: Ամերիկյան ԱԹՍ արտադրող ընկերություններն, արդեն 2 տարի է՝ մեր դուռը ծեծում են, որ գնենք, ու այսօր դա իրականություն դարձնելը կարող է նաև ընտրություններում Փաշինյանին աջակցություն հայտնելու ձև լինի: Հիշեք՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսն ինչ ասաց՝ երկարատև կայուն համագործակցության հույս ունեն: Այո՛, կարող են համագործակցել Հայաստանը հայաթափելու, պետությունը հետևողականորեն թուլացնելու գործում:
  • Այս վարչախումբը երբևէ հետամուտ չի լինելու հայկական շահի պաշտպանությանը:
  • Բացե՛ք սրանց նախընտրական խոստումներն ու կհամոզվեք, թե ինչքան սուտ են սրանք խոսել, ու այսօր էլ փորձում են քվե ստանալ՝ խոսելով խաղաղության մասին, որն իրական խաղաղության մասին չէ:
  • Ամրաշինական աշխատանքների մասին այն գովազդային տեսահոլովակը, որն օրերս ցույց տվեց Սուրեն Պապիկյանը, քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ, որովհետև պետական ու ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ էր դրանով հայտնում:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցից առաջ և հետո տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան փոխնախագահ Վենսի այցից առաջ: ArmeniaSputnik-ը հաշվել էր դրանց թիվը և գրել. «Գործնականում բոլոր չվերթերն իրականացրել են Boeing C-17A Globemaster III մինչև 77,5 տոննա ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Բացի այդ, Երևան և Բաքու են թռել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ուժերի համար նախատեսված մասնագիտացված ռազմատրանսպորտային ինքնաթիռներ՝ Lockheed Martin MC-130J Commando II-ը: Վերջիններս ևս երկու չվերթ են կատարել դեպի Վրաստան»։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնաթիռների մեծ մասը Երևան և Բաքու են ժամանել փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում. «Մասնավորապես, մեր դիտարկումը ցույց է տվել, որ Հայաստան է ժամանել 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Եվս 9 ինքնաթիռ մեկնել է Ադրբեջան։ Ինքնաթիռները ժամանել են հիմնականում ԱՄՆ-ի բազաներից՝ վերալիցքավորվելով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում»։ Վենսն Իտալիայի օլիմպիական խաղերին ժամանել էր 14 ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմի կազմում։ Սակայն ԱՄՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվությունը Հայաստան և Ադրբեջան նրա այցից առաջ քննարկման առարկա էր դարձել նաև Իրանի շուրջ լարվածության և նրա սահմաններին ուժեր տեղակայելու համատեքստում։ Այդ մասին հետագայում իրենց հարցազրույցներում խոսել էին նաև բրիտանացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Ալաստեր Կրուկը և իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին՝  ասելով, որ ԱՄՆ-ը տեղակայվել է Ադրբեջանում և Հայաստանում, այնտեղ են ժամանել հատուկ նշանակության ստորաբաժանումներ:

  • Ջեյ Դի Վենսն այսօր դիտարկվում է՝ որպես ԱՄՆ հաջորդ նախագահ: Նրա հետ բազմաթիվ տրանսպորտային միջոցներ են գնում-գալիս: Չեմ կարող ասել՝ Վենսին ուղեկցող ինքնաթիռներով ինչքան մարդ ու ինչ են բերել, բայց ինչ-որ բան բերել են: Իրանի վրա ճնշումը մեծացել է, և դժվար թե ինչ-որ բան չբերեին Իրան-Հայաստան սահմանը վերահսկելու համար: Իհարկե, փոքր տարածք է, 40 կմ, բայց դա էլ է կարևոր իրենց համար: Այս վարչախումբն ամեն ինչ արել է, որ Հայաստանը դառնա աշխարհաքաղաքական շահերի բախման տարածք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս