Հիշեք՝ հայ լինելու համար 22 տարի առաջ այս օրը Գուրգեն Մարգարյանն ադրբեջանցի ոճրագործի կողմից քնած ժամանակ սպանվեց
22 տարի առաջ այս օրը՝ 2004թ. փետրվարի 19-ին, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր անգլերենի դասընթացների ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Եվ հենց այսօր Եվրոպայի սրտում նա քնած ժամանակ կացնահարվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։
Ադրբեջանցի մարդասպանը ևս մասնակցում էր դասընթացին ու կանխամտածված սպանությունը կատարել էր սառնասրտորեն, լավ պլանավորված ձևով: Մի քանի տարի հունգարական բանտում պատիժը կրելուց հետո նա արտահանձնվեց Ադրբեջանին՝ Իլհամ Ալիև-Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան գործարքի արդյունքում, իսկ Բաքվում նրան դիմավորեցին որպես ազգային հերոսի՝ դրանից բխող բոլոր առավելություններով:
Դրանից հետո Հայաստանը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որը վերականգնվեց արդեն ՔՊ-ական իշխանության օրոք, առանց նախապայմանների:
Գուրգեն Մարգարյանի ահազարհուր սպանությունից 22 տարի անց Ռամիլ Սաֆարովը շարունակում է իր հայրենիքում լինել օրինակ, այն հայրենիքում, որը աշխարհին փորձում է համոզել, որ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու դիրքերից է հանդես գալիս:
Վերջերս Ադրբեջանը գնդապետի զինվորական կոչում շնորհեց դաժան մարդասպան Ռամիլ Սաֆարովին, նրա համար, որ նա քնած ժամանակ կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին: Հայաստանի կառավարությունից ոչ մի խոսք, ոչ մի արձագանք, ոչ մի բողոք՝ ուղղված Փաշինյանի հայրենակից Ալիևի այդ քայլին (Թրամփն էր այդպես կոչել):
Ալիևը պետական պարգևներ է շնորհում նրան՝ խրախուսելով հայատյացությունը, նոր եկող սերնդի մեջ մտցնելով հային ատելու, հային սպանելու ձգտումն ու դրա համար ցկեանս խրախուսվելու հեռանկարը: Ավելին, Ալիևի քարոզիչները, որոնց ՔՊ-ական, դրսից ֆինանսավորվող քաղհասարակություն կոչվածը Հայաստան է տանում-բերում ադրբեջանցիների, որոնք հայտարարում են, որ ռամիլսաֆարովները պետք է ազատ ելումուտ անեն Հայաստանով՝ առանց հայի երես տեսնելու…

Սա հերթական վիրավորանքն էր մեր պետության ու հայ ժողովրդի նկատմամբ։
Իսկ Հայաստանի իշխանությունը «հավատում է», որ Ադրբեջանի հետ այս պայմաններում խաղաղություն հնարավոր է, որովհետև նրան դա պետք է վերընտրվելու համար:
Հիշեք, երբեք մի՛ մոռացեք:



