Ո՞ՒՄ ԴԵՄ Է ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒՐԸ… ԱՄՆ 20 ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ, ՆՈՐ ՄԻՋԱՆՑՔԸ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՓՈՐՁԱԴԱՇՏ. ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյան է։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցից առաջ և հետո տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան փոխնախագահ Վենսի այցից առաջ: ArmeniaSputnik-ը հաշվել էր դրանց թիվը և գրել. «Գործնականում բոլոր չվերթերն իրականացրել են Boeing C-17A Globemaster III մինչև 77,5 տոննա ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Բացի այդ, Երևան և Բաքու են թռել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ուժերի համար նախատեսված մասնագիտացված ռազմատրանսպորտային ինքնաթիռներ՝ Lockheed Martin MC-130J Commando II-ը: Վերջիններս ևս երկու չվերթ են կատարել դեպի Վրաստան»։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնաթիռների մեծ մասը Երևան և Բաքու են ժամանել փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում. «Մասնավորապես, մեր դիտարկումը ցույց է տվել, որ Հայաստան է ժամանել 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Եվս 9 ինքնաթիռ մեկնել է Ադրբեջան։ Ինքնաթիռները ժամանել են հիմնականում ԱՄՆ-ի բազաներից՝ վերալիցքավորվելով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում»։ Վենսն Իտալիայի օլիմպիական խաղերին ժամանել էր 14 ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմի կազմում։ Սակայն ԱՄՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվությունը Հայաստան և Ադրբեջան նրա այցից առաջ քննարկման առարկա էր դարձել նաև Իրանի շուրջ լարվածության և նրա սահմաններին ուժեր տեղակայելու համատեքստում։ Այդ մասին հետագայում իրենց հարցազրույցներում խոսել էին նաև բրիտանացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Ալաստեր Կրուկը և իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին,  ասելով՝ ԱՄՆ-ը տեղակայվել է Ադրբեջանում և Հայաստանում, այնտեղ են ժամանել հատուկ նշանակության ստորաբաժանումներ:

Վահե Դավթյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

  • Օրեր առաջ տեղեկություն ստացանք այն մասին, որ ամերիկյան օդուժն ակտիվություն է ցուցաբերում թուրքմենական երկնքում: Սա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ կգործադրի Անակոնդայի մեթոդը: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար դիտարկվում են՝ որպես կարևոր հենակետեր, որոնք հետագայում կարող են օգտագործվել Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, և սա է պատճառը, որ Իրանից կոշտ դիրքորոշումներ են հասնում մասնավորապես նորանշանակ դեսպանի շուրթերով: 
  • Ակնհայտ է, որ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան հետապնդում է ոչ միայն տնտեսական, այլև նախևառաջ՝ ռազմաքաղաքական նպատակներ:
  • Եթե Վենսի հետ իսկապես 20 ռազմական օդանավեր են եկել, սա փաստացի նշանակում է, որ Հայաստանն օգտագործվելու է Իրանի դեմ: Եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա այդ հատուկ նշանակության ջոկատները, կարծում եմ, կտեղակայվեն Սյունիքում: Ես վաղուց եմ ասել՝ Սյունիքը կապամիլիտարիզացնեն, ռուսական զինական ներկայության հարցը կլուծեն, և Իրանի արձագանքը չի ուշանա: Տարածաշրջանում, այո՛, տեղի է ունենում անվտանգային ճարտարապետության տոտալ տրանսֆորմացիա, և այս պայմաններում մենք պետք է շատ զգույշ լինենք, չխառնվենք գերտերությունների շահերի բախմանը, այլապես շատ ծանր գին կվճարենք:
  • Եթե մեզ իզոլացնելու սցենարը գործի դրվի, Հայաստանը կարող է ձեռք բերել անկլավային պետության կարգավիճակ, ինչպիսին Լեսոթոն կամ Սան-Մարինոն է, թեև վերջիններս շրջապատված չեն թշնամիներով, ու մեր խնդիրը պետք է լինի դա թույլ չտալ: Այս պահին մեր խնդիրը պետք է լինի՝ չդառնալ Իրանի ու Ռուսաստանի դեմ գործիք, թույլ չտալ ամբողջովին պարալիզացնել հյուսիս-հարավ ուղղությունը: Նայե՛ք՝ ինչ է կատարվում իրանական «Չաբահար» նավահանգստի հետ, երբ ԱՄՆ-ի ճնշմամբ Հնդկաստանը հրաժարվեց ներդրումներ անել այնտեղ, և սա այն դեպքում, երբ «Չաբահարը» խոշոր տրանսպորտային հանգույց էր Դելիի համար: Հյուսիս-Հարավը, որին ինտեգրվելը մեր շահերից է բխում, զիջում է նոր մեգատրանսպորտային նախագծին: Այս սուրն ուղղված է Հնդկաստանին, որից մենք զենք ենք ձեռք բերում, և այն մեզ է հասնում Իրանով, Ռուսաստանի և Չինաստանի դեմ:

  • Միջին միջանցքը տրանսպորտային հանգույց է, որը Կենտրոնական Ասիան պիտի կապի Եվրոպայի հետ: Բայց գալիս է Թրամփը, ստեղծում TRIPP-ը ու խառնում բոլոր խաղաքարտերը: Թրամփը, դիրքավորվելով այստեղ, վերահսկում է այն էներգատրանսպորտային հաղորդակցությունները, որոնք տեղակայված են այստեղ, կամ որոնք նախատեսվում է ձևավորել: 
  • Եթե Անդրկասպյան գազամուղը կյանքի կոչվի, դա նշանակում է, որ Եվրոպան ավելի անկախ է դառնում Թրամփի գազային նպատակներից, ինչը ոչ մի կերպ չի բխում նրա գեոէներգետիկ շահերից:
  • Հայաստանը գետնի վրա, իրականում ոչ մի տնտեսական շահ TRIPP-ից չի ունենում: Բաց սահմանները դեռ տնտեսության ակտիվացման ցուցիչ չեն: Հարավային Կովկասում անգամ տրանսպորտային ամբողջական ապաշրջափակումը որակյալ զարգացման չի բերելու, եթե երկիրդ տանում ես ապաինդուստրիալիզացման և ունես թույլ ինստիտուտներ:
  • Ալիևը ներքին գաղութականացում է իրականացնում Նախիջևանի նկատմամբ: Նրա նպատակն է՝ Նախիջևանի Սահմանադրությունից հանել Հանրապետության ինքնավարության բաղադրիչը, որը պայմանավորված է Թուրքիայի ու Ռուսաստանի հետ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի հիշատակությամբ ու երաշխավորությամբ: Սա նրան թույլ կտա ներքին կյանքում վերարտադրվելու լավ հնարավորություններ պահպանել:
  • Երկրորդ խնդիրը, որը լուծում է Ալիևը, բացի Նախիջևանի միլիտարիզացիայից, գեոքաղաքական է: Նախիջևանը չունի արդյունաբերական պոտենցիալ, գյուղատնտեսական Հանրապետություն է՝ մոտ 450,000 բնակչությամբ: Այսինքն՝ Նախիջևանը չունի տնտեսական այն պոտենցիալը, որ իմաստ ունենար տրանսպորտային ապաշրջափակմամբ զարգացման հույս ներշնչել: Նախիջևանով նա ապահովում է ելք դեպի Թուրքիա ու Պակիստան՝ դրանից բխող հետևանքներով:
  • Ադրբեջանն այսօր կյանքի է կոչում Ջաբրայիլ-Նախիջևան բարձրավոլտ գծի նախագիծը: Ընդամենը վերջերս Ադրբեջանը շահագործման հանձնեց մոտ 1300 վատտանոց ջերմաէլեկտրակայան, որը Ջաբրայիլից էներգիա արտահանելուն է միտված: Աշխարհաքաղաքական երրորդ բաղադրիչը գազատրանսպորտային հաղորդակցությունն է: Անդրկասպյան գազամուղը, որը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է հստակեցնել Կասպից ծովի իրավական կարգավիճակը, վերջինս ընդունված է, սակայն դեռ չի վավերացվում Իրանի կողմից: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպան 2027թ.-ից իսպառ հրաժարվելու է ռուսական գազից, սա նրա համար հույժ կարևորության նախագիծ է: 
  • Մեծ հավանականությամբ՝ խոսքը սիմվոլիկ քայլի մասին է՝ արտաքին խաղացողներին ցույց տալու համար, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ը ունի ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական նպատակներ:
  • Վենսի այցով արձանագրվեց այն փաստը, որ նախորդ վարչակազմի հետ կնքված «123» համաձայնագրի իրականացման շուրջ կա կոնսենսուս, բայց դա չի նշանակում, որ մենք ինչ-որ բան ստանում ենք, ու ԱՄՆ-ը կարող է արդեն տեխնոլոգիաներ մատակարարել Հայաստան: Խոսքն ընդամենը տեխնոլոգիաների տրամադրման արգելքի հանման մասին է:

  • Գուցե զուգադիպություն է, բայց դեռևս տարիներ առաջ ԱՄՆ նախկին դեսպան Միլսը ևս խոսեց 9 միլիարդ դոլարի մասին, որն իբր կօգներ Հայաստանին ազատել ռուսական էներգետիկ կախվածությունից: Այսինքն՝ 9 միլիարդանոց միֆն այսօր կրկնվում է: Մեծ հաշվով՝ սա նպատակ ունի փակել հայկական ատոմակայանը: Որտեղի՞ց է Հայաստանը վերցնելու այդ գումարը: Ամենայն հավանականությամբ, եթե այս սցենարը կյանքի կոչվի, դա կլինի վարկային միջոցներ, որոնք ԱՄՆ-ը կտա Հայաստանին՝ իրենցից դրանք գնելու համար: Այս ռիսկերը կարծես թե գնահատում են նաև Հայաստանի իշխանությունները: 

Հիշեցնենք. Երևանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ավարտին են հասցրել քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության բանակցությունները։

«Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասաց Վենսը։ Նա հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է փոքր մոդուլային ռեակտորներին՝ ընդգծելով ամերիկյան կողմի վստահությունը Հայաստանի նկատմամբ։

«Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Կրկնում եմ՝ սա այն դեպքն է, որ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր»,- ասաց Վենսը՝ ընդգծելով այդ հարցում Նիկոլ Փաշինյանի դերը։

Վենսի այդ հայտարարությունից հետո իշխանական ողջ խմբակը և մերձիշխանական շրջանակները սկսեցին ԱՄՆ չունեցած մոդուլային փոքր ռեակտորների և ԱՄՆ-ՀՀ այդ նախաձեռնության գովքն անել: Այն դեպքում, երբ նույնիսկ ամերիկյան մասնագիտական շրջանակներն են հայտարարում, որ փոքր մոդուլային ռեակտորներ ունեն Ռուսաստանը և Չինաստանը, իսկ ԱՄՆ-ը ունի ձախողված փորձ: Նույնիսկ ամերիկյան հեղինակավոր CNN-ն է այդ մասին ծավալուն հոդված ներկայացրել՝ փաստերով և մասնագիտական կարծիքներով հիմնավորված:

 «Փորձագետները նախազգուշացնում են, որ SMR-ների ընդհանուր արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան սովորական կայաններինը, բայց դրանք դեռևս շատ թանկ են, ինչը նշանակում է, որ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի գինը շատ ավելի բարձր կլինի, քան քամու, արևի կամ գազի էներգիան: Դրանց գործարկումը նաև երկար ժամանակ է պահանջում: Ամբողջ աշխարհում գործում է ընդամենը երեք SMR, և դրանցից ոչ մեկն ԱՄՆ-ում չէ: Մեկը գտնվում է ռուսական լողացող կայանի վրա՝ Սիբիրի ափերին, իսկ մյուս երկուսը՝ Չինաստանում: Այն, թե արդյո՞ք SMR-ների շուրջ ստեղծված աղմուկը հիմնավորված է, պարզ կդառնա միայն դրանք կառուցելուց հետո, և մրցավազքն արդեն սկսված է»,- ասված է CNN-ի հոդվածում: 

  • Բայց… Վենսի այցի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Մեծամորի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի աշխատանքները հնարավոր է երկարացնել մինչև 2046թ.: Այս քննարկումներն արվել են բացառապես ռուսական «Ռոսատոմի» հետ ու առաջ են բերվել նրա կողմից: Ինչո՞ւ այդ հայտարարությունն արվեց, որովհետև ԱՄՆ-ում այսօր չկա գեթ մեկ մոդուլային ատոմային ռեակտոր: Բացի դրանից, դրանք ունեն մեծաթիվ խնդիրներ՝ կապված նախևառաջ էլեկտրաէներգիայի ինքնարժեքի հետ: 
  • ԱՄՆ-ը փորձում է այստեղ դիրքավորվել մոդուլային ռեակտորների ոլորտում, որովհետև ԱՄՆ-ը Հայաստանը դիտարկում է որպես փորձադաշտ՝ իրենց տեխնոլոգիանեը փորձարկելու համար: 
  • Երկրաբան, ակադեմիկոս Ալոյանի աշխատության մեջ ճշգրիտ նշված են ուրանային դաշտերը, և Դիլիջանի ու Վանաձորի հետ մեկտեղ՝ նշված է նաև Սյունիքը:

  • BlackRockհամարվում է ամերիկյան խոշորագույն ներդրումային ընկերություն ու ստվերային բանկ: Այն պայմանագիր է կնքում ադրբեջանական SOCAR-ի հետ՝ փոխգործակցության մասին: Դրանից օրեր անց Թուրքիայում ձեռք է բերում SOCAR-ի նավթային տեմինալը՝ Էգեյան ծովի ափին, որը Թուրքիայի համար շատ կարևոր նշանակություն ունի. այն երրորդն է իր նշանակությամբ Թուրքիայում: Բացի դրանից, BlackRock-ը 12% ներդրում է անում AECOM ընկերության մեջ և ունի ահռելի ազդեցսություն անգամ տնօրենի նշանակման հարցում: Եվ ահա AECOM-ը գալիս է ու ներգրավվում TRIPP-ի մեջ: Փաստացի տեղի է ունենում նոր կոնֆիգուրացիայի ձևավորում՝ Կենտրոնական Ասիայից՝ Կասպից ծովով, Կովկասով ու Թուրքիայով դեպի Եվրոպա՝ երթուղի, որում այլևս դիրքավորվելու է Վաշինգտոնը: Այստեղ մենք ընդամենը կապող օղակ ենք, որը կարող էր ստանալ որոշակի դիվիդենտներ, եթե գոնե ունենար զարգացած տնտեսական ու անվտանգային համակարգեր ու կարողանար հասնել նրան, որ ապաշրջափակվեին տրանսպորտային բոլոր ուղիները:
  • Թուրքմենստանում առաջիկայում կլինեն լուրջ զարգացումներ: Հիշենք, որ աշխարհում ապացուցված գազի պաշարների քանակով Թուրքմենստանը 5-րդ տեղում է: Տարիներ առաջ նման փորձ արվեց Ղազախստանում, որը ձախողվեց ոչ այնքան ՀԱՊԿ-ի ներգործությամբ, որքան ԱՄՆ-ի ու Աստանայի միջև համաձայնությամբ: Ղազախստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն, բայց նժարն ավելի շատ թեքվում է դեպի Արևմուտք: Թուրքախոս պետությունների կազմակերպության մեջ լինելը ևս սահմանում է Ղազախստանի առաջնահերթությունները:
  • ԱՄՆ-ի վերջերս ընդունված ազգային անվտանգության դոկտրինում կարևորագույն տեղն է զբաղեցնում Մոնրոյի դոկտրինը: Ու թեև նշվում է, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է հանդիսանում Լատինական Ամերիկան, ինչպես տեսնում ենք, Եվրասիան ու Կովկասը մասնավորապես ևս տեղավորվում են նրա հետաքրքրությունների մեջ:
  • Այն, որ ԱՄՆ-ը ռազմական սցենարի պոտենցիալ է ցույց տալիս ու ասում, որ պատրաստ է Իրանին հարվածել, չի նշանակում, որ այդ հարվածը հասցվելու է: Դա ճնշման գործիք է: Այսօր տեղեկություն ստացվեց, որ Իրանը դեմ չէ ուսումնասիրել ու պայմանագրեր կնքել ԱՄՆ-ի հետ իր ընդերքի նավթի ու գազի պաշարների մասով: Իրանը տնտեսական համաձայնությանն ուղղված քայլ է անում: Տպավորություն է, որ Իսրայելն ամեն կերպ ձգտում է ԱՄՆ-ին ներքաշել իրանական էսկալացիայի մեջ, մինչդեռ ԱՄՆ-ը հարցը փորձում է  լուծել դիվանագիտական ճանապարհով: Նեթանյահուին Իրանին հարվածելը շատ պետք է իր զրոյին հավասարեցված վարկանիշին կենդանություն տալու համար:
  • Իրանի համար չինական ուղղությունը խիստ կարևոր է: Չինաստանն Իրանի ածխաջրածինների համար 1 ներկրողն է, գազի ու նավթի արդյունահանման կարևորագույն ուղղությունը: Հաշվի առնելով Վաշինգտոն-Պեկին համագործակցության նշմարվող հեռանկարը՝ չեմ բացառում, որ Չինաստանը կփորձի զիջումներ ստանալ Իրանից:
  • Չինաստանն ունի քաղաքական ու տնտեսական հավակնություններ Ռուսաստանի հետ: Վերջերս Չինաստանում հրապարակվեց քարտեզ, որտեղ ռուսական Ուսսուրիյսկի շրջանն ամբողջությամբ ներկայացված էր՝ որպես չինական: Սրա հետ մեկտեղ՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվում է երկխոսության որոշակի պլատֆորմ: Չմոռանանք, որ չինական էլիտաների մեջ քիչ չեն պրոարևմտյան դիրքորոշում ունեցողները:
  • Եկեղեցու դեմ արշավի սցենարը Սահակաշվիլու օրոք գործադրեցին Վրաստանում. չստացվեց: Մեթոդաբանությունն ու անգամ հռետորաբանությունը նույնն է: Ինչպես մեզ մոտ են եկեղեցականներին մեղադրում ռուսական КГБ-ի ագենտ լինելու մեջ, այնպես էլ Վրաստանում Սալոմե Զուրաբիշվիլին էր անում: Հայաստանի պարագայում եկեղեցին այն կառույցն է, որն աշխարհում ցանցային կերպով ապահովում է ոչ միայն մեր հոգևոր կոդի պահպանումը, այլև պետականության ապահովումը՝ որպես սուբյեկտ:

  • Իշխանություններին հունիսին այնքան հեշտ չի լինելու հաղթել, որքան 2021-ին: Գլխավոր խնդիրը մեր հասարակության մի հսկա զանգվածի՝ ընտրություններին մասնակցելուն պատրաստ չլինելն ու իներտ կեցվածքն է: Գլխավոր խնդիրը պետք է լինի հունիսին կայանալիք ԱԺ ընտրություններում բարձր մասնակցություն ապահովելը, որը հնարավորություն կտա, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի:
  • Տնտեսական փուչիկը պայթել է, և առաջիկա մեկ տարում մենք տնտեսական լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:
  • Եվրոպական միությունից 14 միլիոն դոլար փող է գալու մոլդովական սցենարով հիբրիդային հարձակումները կանխելու համար: Այդ գումարը բաշխվելու է տարբեր ՀԿ-ների ու մերձիշխանական մեդիայի միջև: Քաղտեխնոլոգիական շերտը կկարողանան ապահովել: Ժողովուրդը, բացի ընտրություններից, ի՞նչ գործիք ունի իրավիճակ փոխելու: Հետխորհրդային երկրների փորձը ցույց է տվել, որ փողոցային պայքարները հաջողություն են ունենում, եթե դրանք տեղի են ունենում արտաքին ուժային կենտրոնների հետ փոխգործակցությամբ: Ես ասում եմ՝ գնա՛ ընտրությունների, այլ կերպ այս փուլում իշխանություն փոխել ես չեմ պատկերացնում:
  • Անգամ, եթե ունեն ռազմավարական շատ խորքային տարաձայնություններ, իրական ընդդիմադիր ուժերը տակտիկական առումով պարտավոր են ձևավորել մեկ միասնական ճակատ:
  • TRIPP-ում ես բացառում եմ Ռուսաստանի հետ բանակցությունները, որովհետև այն աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որն ուղղված է Ռուսաստանի ու նրա դաշնակիցների դեմ:
  • Ստեղծված կոնֆիգուրացիայում Խաղաղության խաչմերուկը ֆանտաստիկայի ժանրից է:
  • Ռուսաստանի հետ երկաթուղային կոնցեսիոն պայմանագիրը կասկածի տակ է դրվում: Նույնը վերաբերում է գազային հաղորդակցություններին: Հայաստանում արդեն հայտարարում են, որ անցնելու են Ադրբեջանից գազ ներկրելուն: Սրանք երկարաժամկետ և սողացող ռազմավարություններ են, որոնք ապահովելու են մեր էներգետիկ համակարգի ապառուսիֆիկացումը: Սա նշանակում է՝ Հայաստանը պետք է պատրաստվի ցուրտ ձմեռների, ինչպես ասում էր ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք, 2024թ. նոյեմբերին ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում՝ «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերը հայտարարել էր, որ

ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է մտածեն՝ ինչ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, հետագա բարգավաճմանն ու անվտանգության ապահովմանն աջակցելու համար: «Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը խաղաղությանը: Թեև դա քաղաքական առումով ցավոտ է լինելու, իսկ Մոսկվան էլ փորձելու է սաբոտաժի ենթարկել գործընթացը, սակայն Երևանի և Անկարայի միջև կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղությունն օգուտ կբերեն երեք երկրին էլ: Եթե նախագահ Էրդողանն ու վարչապետ Փաշինյանը քաջություն ու տեսլական դրսևորեն, հայ-թուրքական կարգավորմանը կարող է նախորդել Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագիրն և հեշտացնել կնքումը: Անվտանգային դիվիդենտներից զատ, Հայաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել իր տնտեսական գործընկերներին ու նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից»,- ասել էր նա՝ ավելացնելով՝ «Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին, իսկ մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր տևական աջակցությունը»:

  • Էներգետիկ ազատականացումը խիստ շուտ էր մեզ համար. մենք անվտանգային այնպիսի պայմաններում չենք գտնվում, որ մեր էներգետիկ շուկան ազատականացնենք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս