Մակրոնը Երևանում. Ֆրանսիան «մոտենո՞ւմ է» Հայաստանին բոլոր ազիմուտներով

Վերջերս «Եվրոպական» գագաթնաժողովի աղմուկի ներքո Երևան էր այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բացի վառ կերպարներից, տպավորիչ լուսանկարներից և Շառլ Ազնավուրի երգերի համատեղ երաժշտական կատարումից, երկու երկրների առաջնորդները ստորագրեցին «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հռչակագիրը, որը նախատեսում է արտաքին քաղաքական բավական սերտ գործընկերություն՝ հող ձևավորելով նաև ռազմա-հետախուզական փոխգործակցության համար:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանն առընթեր Եվրոպայի հարցերով պատվիրակ նախարար Բենժամեն Հադդադը ստորագրել են «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանն առընթեր Եվրոպայի հարցերով պատվիրակ-նախարար Բենժամեն Հադդադը փոխանակվել են նամակներով (ֆրանսերեն և հայերեն)՝ արհեստական բանականության, կիբերանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Նույն Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար-պատվիրակ Ալիս Ռյուֆոն փոխանակել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի պաշտպանության նախարարության միջև ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտությունների, մշակումների և նորարարությունների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը նույնպես խորհրդանշական է Երևանի և Փարիզի միջև զարգացող փոխգործակցության համատեքստում: Բացի այդ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը և «SOFEMA» խմբի վարչական խորհրդի նախագահ Ֆրեդերիկ Տիսերանը նախաստորագրել են Հայաստան ռազմական հանդերձանքի մատակարարման պայմանագիրը:

Փարիզը ռազմական հրահանգիչներ կուղարկի հայ զինծառայողներին հետևակային մարտի, լեռներում մարտական գործողություններ վարելու և բարձր ճշգրտության հրաձգություն ուսուցանելու համար: «Փաթեթը» ներառում է լրացուցիչ սարքավորումներ հայկական հատուկ ստորաբաժանումների համար, ինչպես նաև «Safran» արտադրության բազմաֆունկցիոնալ օպտիկական համակարգեր՝ հետախուզության և հետախուզական տվյալների հավաքագրման հնարավորությունների ընդլայնման համար։

Նախատեսված են երկու երկրների սպաների միջև փոխանակման ծրագրեր, ներառյալ՝ այցելություններ «École Spéciale Militaire de Saint-Cyr» և «Saint-Maixent» ռազմական ակադեմիաներ: Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը կկցվի ֆրանսիացի խորհրդական։

Ակնկալվում է «Airbus H145» տեսակի վեց ուղղաթիռների մատակարարում, որոնք երկշարժիչավոր բազմատարր մեքենաներ են՝ հագեցած հինգթևանի հիմնական պտուտակներով և «ֆենեստրոն» տիպի պոչաթևերով, և ընդունակ են փոխադրել մինչև տասը մարդ։ Դրանց ռազմականացված տարբերակը՝ H145M-ը, կարող է կրել սպառազինության մոդուլային համակարգեր, չնայած տեղեկություններ չկան այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը կստանա «ռազմական» տարբերակը:

Փարիզը նաև նախատեսում է Հայաստանին մատակարարել 36 «Սեզար» ինքնագնաց հրետանային համակարգ, որոնք պատվիրվել են հունիսին «Եվրոսատորի 2024» պաշտպանական ցուցահանդեսում, ինչը բավարար է երկու հրետանային գումարտակ հագեցնելու համար: Այս ժամանակակից համակարգերը, որոնք մարտական փորձարկումներ են անցել Ուկրաինայում, ունեն մոտ 40 կիլոմետր հեռահարություն, ունակ են րոպեում վեց կրակոց արձակել: Յուրաքանչյուր տեղադրման արժեքը կազմում է 3-4 միլիոն եվրո: Պայմանագիրը ներառում է նաև 155 մմ զինամթերք։ Փոքր երկրի ՀՕՊ-ը կհամալրվի Thales-ի արտադրության Ground Master 200 ռադիոտեղորոշիչ երեք համակարգերով, որոնք կարող են մինչև 250 կմ հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի անօդաչու թռչող սարքեր կամ ինքնաթիռներ: Այս ռադարներին ուղեկցում է MBDA-ի հետ «Միստրալ-3» ՀՕՊ համակարգերի գնման մտադրության նամակ, որը, ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, նախատեսված է Հայաստանին «ամենաարդյունավետ ՀՕՊ» ապահովելու համար:

Համաձայնագիրը տարածվում է նաև նորարարության, կիբերանվտանգության և արհեստական ինտելեկտի վրա։ Մատենադարանի և Ֆրանսիայի Ազգային գրադարանի միջև մշակութային գործընկերությունը եզրափակում է համագործակցության ավելի լայն շրջանակ:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Ֆրանսիական «Razel-Bec SAS» ձեռնարկության միջազգային տնօրեն Ալեն Բեսոնը և գլխավոր տնօրեն Լորան Ֆայան, ֆրանսիական «VINCI Construction Grands Projets» ձեռնարկության ներկայացուցիչ Ժան-Ֆիլիպ Սալլան և տնօրեն Ֆիլիպ Տավերնիեն հուշագիր են փոխանակել Հյուսիս-Հարավ գծի Բագուշատի թունելի կառուցման վերաբերյալ։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենարը փոխանակել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանում պետական քաղաքականության վարկավորման նոր բազմամյա ծրագրի մասին» փոխըմբռնման հուշագիրը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը փոխանակվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի միջև» փոխըմբռնման հուշագրով:

Իր հերթին՝ վերաֆինանսավորող վարկային կազմակերպության «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենարը փոխանակվել են «Հայաստանի Հանրապետությունում մատչելի բնակարաններով ապահովման զարգացման մասին» հուշագրով:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության փոխղեկավար Բերտրան Վալկենարը փոխանակվել են «Ամերիաբանկի» և հիշյալ գործակալության (Proparco) միջև տնտեսական համագործակցության աջակցության և մասնակցության վարկային ֆինանսավորման պայմանագրով: Նույն ընկերության հետ նմանատիպ պայմանագիր է կնքել «Էվոկաբանկի» գլխավոր տնօրեն Կարեն Եղիազարյանը:

Վերջապես, FlyOne Armenia ընկերության գլխավոր գործադիր տնօրենը և Airbus ընկերության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի նախագահ, վաճառքի գծով տեղակալը փոխանակել են երկու (առայժմ) A-321-200 NX տիպի քաղաքացիական օդանավերի առքուվաճառքի պայմանագիրը։

Իհարկե, ստորագրված փաստաթղթերի առատությունն ամենևին չի նշանակում նախանշված ծրագրերի անհապաղ (և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում) իրականացում, մանավանդ որ, դրանց ֆինանսավորման ծավալները հայտնի չեն, ինչպես նաև բացակայում է ռազմական բարեփոխումների որևէ հստակ ծրագիր։ Civilnet-ը «Մակրոնի այցը Հայաստան բացահայտում է եվրոպական խոստումների սահմանները» խորագրով հոդվածում գրում է. «քաղաքական հայտարարությունների և տարածաշրջանային ուժերի հավասարակշռության ցանկացած իրական փոփոխության միջև կա հսկայական բաց, որ ուշադիր մշակված ելույթներն ու ժեստերը չեն կարող կամուրջ դառնալ… Վիզայի ազատականացումը լավ է հնչում: Բայց կոնկրետ ի՞նչ են առաջարկում Ֆրանսիան և եվրոպացիները տնտեսական կորուստները փոխհատուցելու համար, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանի հետ աստիճանական խզման արդյունքումԿայունության և դիվերսիֆիկացիայի մասին խոսակցությունները համոզիչ չեն հնչում՝ առանց դրանց աջակցող լայնածավալ, կայուն ֆինանսական մեխանիզմների»: Հեղինակի խոսքով՝ հայկական բանակին «Ցեզար» ինքնագնաց հրետանային միավորներ, «Թալես» ռադարներ և «Միստրալ-3» հրթիռներ մատակարարելն իր ներկայիս տեսքով, որը անհամապատասխան է ժամանակակից պատերազմի իրականությանը, «նման է «Ֆորմուլա 1»-ի մեքենա տալուն վարորդական իրավունք չունեցող մեկին»:

Այնուամենայնիվ, «փարիզյան երազողներին», կարծես թե, այս ամենը չի անհանգստացնում՝ նույնիսկ չնայած լոգիստիկայի ոլորտում անխուսափելի խնդիրներին. օրինակ, մեկ «Կեսար» համակարգի տեղափոխման համար կպահանջվի բեռնատար ինքնաթիռ, որի թռիչքի թույլտվությունը Վրաստանի և Թուրքիայի օդային տարածքում դեռ պետք է ստանալ։ Այնպես որ, հազիվ թե պատահական զուգադիպությամբ, Մակրոնի վարչակազմը «մոտենում է» Հայաստանին (և ընդհանրապես՝ Կովկաս-Կասպյան տարածաշրջանին) Հնդկական օվկիանոսի ավազանի կողմից, որտեղ ֆրանսիական գաղութային կայսրության մոտ մնում են բազմաթիվ կղզային կալվածքներ՝ դրանց հարող ջրային ընդարձակ տարածքներով, որտեղ տեղակայված են նաև մետրոպոլիայի ռազմակայանները, որոնց հարում են Ջիբութիի (նախկին ֆրանսիական Սոմալի) օբյեկտները։

1984 թվականից (փաստացի՝ 1982 թվականից) գործում է փարիզցիների նախաձեռնած «Հնդկական օվկիանոսի հանձնաժողովը»՝ ֆրանսիական տարածքների, նախկին ֆրանսիական Մադագասկարի, Կոմորյան կղզիների, նախկին բրիտանական Մավրիկիոսի և Սեյշելյան կղզիների կազմով։ 2024 թվականից Սեյշելներում և ֆրանսիական Մայոտեում հիշյալ հանձնաժողովի շրջանակներում գործում է ռազմաքաղաքական «Օպերատիվ համակարգման տարածաշրջանային կենտրոնը» (RCOC), որը Փարիզի առաջնորդությամբ համակարգում է այդ հանձնաժողովի անդամ երկրների ռազմածովային ուժերը և, ընդհանուր առմամբ, անվտանգության միջոցները՝ Հնդկական օվկիանոսի ջրային տարածքում անվտանգության ապահովման համար…

Ալեքսեյ Բալիև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930