Տեր հայր, կասեք՝ ի՞նչ դեր ունի կնքահայրը
Տեր Հրաչյա քահանա Գյոզալյան

«Սուրբ Մկրտությունը հոգևոր ծնունդ է, որը տեղի է ունենում եկեղեցու արգանդից՝ Սուրբ Ավազանից: Կնքահայրը Հայ Եկեղեցում համարվում է հոգևոր հայր: Լույս աշխարհ բերող ծնողը պատասխանատվություն է կրում իր զավակի դաստիարակության համար, որ արժանի զավակ լինի: Հոգևոր հայրը պատասխանատվություն է կրում Աստծո առջև, որպեսզի մկրտվողը ճշմարիտ քրիստոնյա դաստիարակվի:
Կնքահայրերը ֆիզիկական ծնողներին հավասար անձնավորություններ են: Մկրտության ժամանակ կնքահայրը ստանձնում է իր սանիկի հոգևոր դաստիարակությունը, որ նա ամրապնդվի աստվածճանաչողության ճանապարհի մեջ: Հոգևոր հայրը կապող կամուրջն է եկեղեցու ու ընտանիքի և պետք է մշտապես առաջնորդողը լինի դեպի Աստված: Կնքահայր չեն կարող լինել անչափահասները, այլադավանները, ընտանիքի անդամներից հայրը, պապը, եղբայրը:
Ցանկալի է, որ նա լինի ոչ արյունակից անձնավորություն: Ի դեպ, նա չի կարող փոխվել, ինչպես մարդու ծնողները: Հիշենք՝ ով հավատա և մկրտվի, կփրկվի. այս սուրբ խորհուրդը՝ Մկրտությունը, կատարվում է հոգու փրկության համար»:



