Ի՞նչ է առաջարկում Օ՛Բրայենը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այժմ էլ Բաքվում է

Մինչ այս գիշեր ամերիկյան Ատլանտայում կայացավ ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդների՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ներկայիս նախագահ Ջո Բայդենի առաջին հեռուստաբանավեճը ներկայիս նախագահի համար խիստ մտահոգիչ արդյունքներով, աշխարհի ուշադրությունը սևեռելով դեմոկրատական ճամբարում Բայդենին փոխարինելու անհրաժեշտության մասին խոսակցությունների վրա, ամերիկյան դիվանագիտությունը շարունակում է իր դինամիկ աշխատանքը Հարավային Կովկասում։

Շաբաթներ առաջ Երևանում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը, որն իր այցի ընթացքում ունեցավ բարձրաստիճան հանդիպումներ, հարցազրույցներ, մասնակցեց Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ նիստին, արձանագրելով՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը կբարձրացնեն նոր՝ Ռազմավարական Գործընկերության հանձնաժողովի մակարդակի։ Երևանում նա նաև խոսել էր ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կնքելու անհրաժեշտության մասին, նշելով, որ առանց դրա հնարավոր չէ, խոսելով ավելի գլոբալ պրոյեկտների մասին, ինչպիսին Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով հաղորդուղիներն են։

Օ՛Բրայենն ամերիկյան դիվանագիտական կորպուսի այն գործիչն է, ով հաճախակի խոսում է Միջին միջանցքի և դրա մաս կազմելիք, այսպես կոչված, Զանգեզուրի ճանապարհի մասին, թեև շեշտում է՝ որոշողը հայկական կողմն է, սակայն ամերիկյան կողմի դիրքորոշումն ակնհայտ ադրբեջանական պրոյեկտի օգտին է։

ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, երկու օր առաջ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադարձել է Բաքու նախատեսվող այցին։

Կարդացեք նաև

«Մենք շատ հստակ ենք խոսում նախագահ Ալիևի հետ․ խաղաղություն հաստատելու ժամանակն է։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի հարցն է, որն ակնկալում է, որ իրեն հարգեն՝ որպես համաշխարհային առաջնորդի, որն ընդունում է COP-29-ը։ Դա ամբողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է։ Բոլոր այդ երկրներն այժմ արտահանում են իրականացնում միայն Չինաստանի կամ Ռուսաստանի միջոցով: Որպեսզի նրանք այլ ելք ունենան, նրանք պետք է աշխատեն Ադրբեջանով:

Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ, հնարավոր շատ ավելի մեծ ճանապարհը կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով: Եվ այդ առումով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին և 90-ականներից ի վեր գոյություն ունեցող սարսափելի հակամարտությանը։ Եվ մեր ուղերձն այն է, որ ժամանակն է հաստատելու խաղաղություն։ Եվ միայն այդ պարագայում մենք կարող ենք լուծել պատերազմի հետ կապված շատ խնդիրներ։ Մենք Ալիևի հետ խոսել ենք նաև մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտության մասին։

Դա զրույցի պարբերական թեմա է, ներառյալ՝ պետքարտուղար Բլինքենի՝ վերջերս նրա հետ ունեցած խոսակցությունը։ Ես ևս կբարձրաձայնեմ այդ հարցն առաջիկա հանդիպմանը»,- մանրամասնել է Օ՛Բրայենը։

Ի դեպ, Երևանում նա իր հարցազրույցներից մեկում խոսել էր նաև միմյանց առջև հավելյալ պահանջներ դնելու անթույլատրելիության մասին։

Հունիսի 10-ին երևանյան կատարած այցից շաբաթներ անց, այսօր ԱՄՆ փոխպետքարտուղարը Բաքվում է, որտեղ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն ասել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին։

Ամերիկացի դիվանագետը կարևորել է ամերիկա-ադրբեջանական համագործակցությունը և հանդես եկել երկկողմ կապերը ռազմավարական մակարդակի հասցնելու օգտին: Այս համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) գործունեությունը: Ալիևը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ է քննարկվել: Հանդիպմանն ընդգծվել է նաև Ադրբեջանի «կարևոր դերը» Եվրոպային էներգառեսուրսներով ապահովելու գործում:

Օ’Բրայենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը աջակցություն կցուցաբերի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հարցում:

168am-ի աղբյուրների համաձայն, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, որն իրեն դիրքավորել է՝ որպես ամերիկյան կողմից միջնորդ, գործարք է առաջարկում, որի էությունը կայանում է նրանում, որ այս փուլում ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը կանեն մեկական զիջում և կհրաժարվեն կարևոր դիրքորոշումից։

Ըստ մեր աղբյուրի, Հայաստանի դեպքում դա Զանգեզուրի ճանապարհի հարցում արմատական դիրքորոշման թուլացումն է, իսկ Ադրբեջանի դեպքում՝ ՀՀ Սահմանադրական փոփոխությունները հենց այս փուլում պարտադրելու դիրքորոշումը, որը թույլ կտա Խաղաղության համաձայնագիրը ստորագրել արդեն իսկ համաձայնեցված տեսքով, անցնելով արդեն Միջին միջանցքի՝ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հատվածի շուրջ քննարկումներին։

Ամերիկյան կողմը, ըստ մեր տեղեկությունների, կփորձի նաև զսպման կամ անվտանգային ինչ-որ մեխանիզմներ կիրառել ավելի բարձր վստահության համար, սակայն վերջնարդյունքում Բաքուն դրանք կընդունի՞, թե՞ ոչ, պարզ չէ։

Վերջին տարիները ցույց տվեցին, որ աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում Բաքուն կարողացավ բանակցային տարբեր հարթակներից ստանալ այն, ինչ Ադրբեջանին հարկավոր է՝ փոխարենը չկատարելով ստանձնած պարտավորությունները և չկրելով պատասխանատվություն միջազգային հանրության առջև, քանի որ փոփոխվող միջնորդ կենտրոնների համար կարծես էական էլ չէ, որ լուծումները լինեն հավասարակշռված և չլինեն միայն Ադրբեջանին գոհացնող։ Սրան զուգահեռ՝ Հայաստանին ու Ադրբեջանին Օ՛Բրայենն առաջարկում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մեկ մակարդակ ավել, ինչը դիվանագետն ուղիղ հայտարարում է՝ փորձելով գործընթացը և հետո ռեգիոնը մտցնել ամերիկյան և արևմտյան հովանու ներքո։

Ակնհայտ է նաև, որ ՀՀ իշխանությունները կարծես դեմ չեն ԱՄՆ պետքարտուղարության վերոնշյալ սցենարին, սակայն Ադրբեջանի դեպքում ամեն ինչ չէ, որ պարզ է, քանի որ ամերիկա-ադրբեջանական բանակցություններն ավելի ծանր են առաջ ընթանում և պետքարտուղարի մակարդակով միջամտությունների և գործընթացի առաջմղման անհրաժեշտություն է առաջանում։

168am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ ամերիկյան կողմի ջանքերը ռեգիոնալ նոր ստատուս-քվոն սեփական հովանու ներքո մտցնելու ուղղությամբ՝ ակնհայտ են։

Ըստ նրա, այդ ջանքերը մասամբ հաջողվում են, քանի որ կողմերի բանակցությունները, հատկապես՝ առանց միջնորդների, ընթանում են բավականին բարդ ու ծանր։

«Եվ կողմերի տեսանկյունից բարձրաստիճան միջնորդությունն օգտակար է ինչ-որ համաձայնություններ կորզելու տեսանկյունից, սակայն ամերիկյան կողմն առաջին հերթին ԱՄՆ շահերն է հետապնդում, թիրախավորելով Ռուսաստանին ու Իրանին, բոլոր պայմանավորվածությունների հիմքում տեսնելով ՌԴ ազդեցության թուլացման նպատակը։ Բնականաբար, դրան է ձգտում ԱՄՆ-ը, որը ռեգիոնի աշխարհաքաղաքական պատկերի լիակատար փոփոխությանը կարող է հանգեցնել, ինչին էլ ամեն առիթով դեմ է արտահայտվում Իրանը։ Իրանը, իհարկե, ավելի ակտիվ դիրքորոշում ուներ և իր միջնորդությունն էր առաջարկում ամիսներ առաջ, դա շարունակություն չունեցավ, և ՀՀ-Ադրբեջան բանակցությունների վերջնական փուլում ԱՄՆ-ը շեշտակիորեն ցանկանում է մուտք գործել գործընթաց և իր շահերն առաջ մղել»,- ասաց նա։

Վերլուծաբանը դժվարանում է ասել՝ ինչ շարունակություն կունենան ամերիկյան ջանքերը։ «Եթե Բաքուն, որը չի ցանկանում միջնորդներ, ընդունի այս միջնորդությունը, ապա շատ բան կանխատեսելի կդառնա, այս այցն այդ առումով, կարծում եմ, ցուցիչ կլինի»,- հստակեցրեց նա։

 

 

Տեսանյութեր

Լրահոս